ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

 

Ափ մը ցորյան ափերուդ մեջ

Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.

Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս

Թող մաճակալ բազուկներեդ

Քըսան ցուլի արյուն անցնի,

Եվ եղևնի քու հասակեդ

Քըսան տունի սյունը կանգնի.

Ու երբ թիվովը մատերուդ

Սերմանես քու սերմընցուն`

Հընձես թիվո՜վն աստղերուն:

 

Ափ մը ցորյան գըլուխդ ի վար

Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,

Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.

Թող ճակատիդ վըա գըրվի

Հարյուր սաղմոս իմաստության,

Եվ ուսերուդ վըրա դըրվի

Տապանակը ըզգաստության.

Ու երբ հոտիդ օր մ'այցելես`

Թող քու ափիդ գարիին

Հազա՜ր ոչխար երկարին:

 

Ափ մը ցորյան մազերուդ մեջ

Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,

Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.

Թող այտերուդ վըրա շողան

Ամեն գարուն նո՛ր կակաչներ,

Եվ աչքերուդ մեջը լողան

Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.

Ու երբ տընկես ճյուղ մ'ուռիի

Ամեն ապրիլ դուն տեսնես

Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:

 

Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ

Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,

Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.

Թող անկողնիդ ակոսին մեջ

Հասկ մը ծըլի` լըման շարքով,

Եվ օրորած օրոցքիդ մեջ

Արշալույսնե՜ր նընջեն փառքով,

Ու երբ կըթես քառսուն երինջ

Դույլերուդ մեջ մակըրդի

Կաթը` արծաթ, դալն` ոսկի:

 

Ափ մը ցորյան, ափ մը ցորյան

Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,

Մեր գըլխուն ալ թող որ տեղա.

Թող չըսառի՜ արևն աշնան

Մեր մազերուն ձյուներուն մեջ.

Չը մարի՜ մեր մոմն իրիկվան

Ժամուն մարմար սյուներուն մեջ`

Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`

Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,

Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա:

ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

 

Ձորերուն մեջ, սարերուն վրա կ'արածեր

Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.

Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ

Մեն մի քայլին` շուշան վրա կոխելու:

Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ

Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.

Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն

Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.

Ան միշտ կ'երգեր, ու երգն իր

Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,

Իր ըզգեստիկը կապույտ

Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.

Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`

Քարացա՛ծ օձ` որ իր մաքուր ձեռքին մեջ

Դեղձիի ճյուղ մը եղավ:

 

Երբ վըտակին եզերքեն

Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`

Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան

Իր ետևեն կը քալեր.

Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե

Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:

 

Բայց իրիկուն մ'ան հովտեն ձայն մը լըսեց`

Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.

Երգ մ'էր կարծես, այնքա՜ն աղվոր և դյութիչ`

Որուն իր ուլը ճերմակ

Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.

Նոր երգ մ'էր ան` որ կ'ըսեր.

“Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,

Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:

Թզենիին շուքին տակ,

Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:

Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.

Իմ շունչիս տակ` թե ուզեմ`

Գետեն արծա՛թ կը հոսեն

Եվ հեղեղները` ոսկի.

Հասած տեղն իմ համբույրիս

Կ'անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.

Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,

Եվ կույսերն ալ` թագուհի:

Ես քու զոհիդ արյունեն

Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,

Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ'արածես.

Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր”:

Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,

Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.

Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:

Հետո դյութված` ցուպն առավ

Ու քըշեց ուլը ճերմակ`

Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:

Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թզենին, և կը զգա՞ս

Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի

Ըզգըլխիչ հոծ բույրերով

Գըրկեր է քեզ: Զոհդ ըրե՛:

Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`

Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն

Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:

Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.

Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ

Պիտի ուլն իր ողջ մընա,

Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:

Ան` մահն ի՛նչ էր` կ'անգիտանար, ու երգե՜ց.

Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ

Հաճույքներեն` զոր կու տա

Զոհագործումը անձին.

Երգեց գարունն հասակին,

Դաշնակույթունն իր էության, և առանց

Ուլին կապույտ աչքերուն

Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,

Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,

Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց.

Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`

Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:

 

Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,

Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.

Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`

Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր

Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.

Խոտերուն մեջ ցուպն հագավ

Իր նախկին բնույթը օձի.

Լուսինն իջավ լեռնեն վար,

Եվ ինք մութին մեջ, սարսռուն,

Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`

Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով

Իր թաց աչքերը շըփեց,

Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,

Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ:

ՄՇԱԿՆԵՐԸ

 

Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,

Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:

Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.

Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:

 

Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.

Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:

Գըլուխն իրենց, զոր կ'հակեն առջևը սուրբ խորանին,

Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:

 

Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված

Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:

Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:

 

Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կ'օծե,

Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.

Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:

 

 

ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

 

Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց

Սերմերն: Արտերս այս գիշեր

Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…

– Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,

Քըրտինքիս ցողը վըրան:

 

Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են

Տե՛ս, ցորեններն աղածրի:

Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…

– Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,

Եզիս շողիքը վըրան:

 

Կը փողփողին արտավարե արտավար

Կարծես կանանչ մոմիկներ:

Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն…

– Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,

Արևուն շողը վըրան:

 

Կը զարդարե ամայությունը հողին

Մատղաշ ծաղի՛կը հացի.

Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…

– Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,

Մատերուդ բույրը վըրան:

 

Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,

Հոն միսմինա՜կը ծաղկեր…

–Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,

Բերեք անկե ծաղիկներ,

Բերեք վարդգույն ծաղիկներ,

Հընձվորին հո՜ւյսը վըրան:

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

 

Հովե՜ր կ'ացնին.

Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.

Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:

Գեղադալար կողերն ի վար բըլուրին

Ծովե՜ր կ'անցնին:

 

Հովե՜ր կ'ացնին.

Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`

Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:

Գոգին մեջեն ալետատան հովիտին

Ծովե՜ր կ'անցնին:

 

Հովե՜ր կ'անցնին.

Ու ցորյանին պատմուճանները ծըփուն

Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:

Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին

Ծովե՜ր կ'ացնին:

 

Հովե՜ր կ'անցնին.

Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ`

Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:

Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին

Ծովե՜ր կ'անցնին:

 

Հովե՜ր կ'անցնին.

Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:

Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն`

Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին

Ծովե՜ր կ'անցնին,

Հովե՜ր կ'անցնին:

ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

 

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող

Անձրևը չէ՛ ասիկա:

Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն

Լուսացընցուղ կը տեղա:

 

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,

Տեղատարափ կը թափին,

Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն

Անդաստաններն ու այգին:

 

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,

Եվ կը տեղա ադամանդ.

Կը լուսանան կույր աղբերակներն ու կ'երգեն

Իրենց ծընունդն արգավանդ:

 

Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ

Մեծ կաթիլներ շափյուղա,

Լի արևով, ցընծությունով, կապույտով,

Ծիծաղներով սատափյա:

 

Մարգերը թաց կ'արտաշընչեն զովություն…

Կը լըվացվին գառնուկներ…

Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,

Կը լեցնե գյուղն ու եթեր:

 

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ

Իմ ցորյաններս համեցող

Նոր ուժերով հորդահոսա՜ն կ'ընձյուղին

Կայլակներու մեջ ի լող:

 

Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,

– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –

Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,

Եզնորդ մը ` նման լուսինին:

ՎԵՐԱԴԱՐՁ

 

Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,

Լուսնակ ճամբով,

Ո՛վ գյուղակներ, գյուղակներ.

Ձեր բակերուն մեջ ամեն

Թող գամփըռներն արթըննան,

Եվ աղբյուրները որեն

Դույլերու մեջ քրքըջան.

Ձեր տոներուն համար դաշտեն` մաղերով

Վարդ ենք բերեր` խաղերով:

 

Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,

Սարի ճամբով,

Ո՛վ հյուղակներ, հյուղակներ.

Եղջյուրներուն դեմ եզին

Թող ա՛լ բացվին ձեր դուռներ,

Թոնիրը մխա, պըսակվին

Կապույտ ծուխով կըտուրներ.

Ահա ձեզի հարսերը` նո՜ր մանչերով`

Կաթ են բերեր` փարչերով:

 

Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՜ւյսն երգելով,

Արտի ճամբով,

Ո՛վ մարագներ, մարագներ.

Ձեր պատերուն մեջ խավար

Թող նոր արև նըշողե,

Երդիկներուն վրա դալար

Լուսնակն ալյուր թող մաղե.

Ահա ձեզի բերեր են խար` խուրձերով

Հարդը` անույշ ուրցերով:

 

Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,

Կալի ճամբով,

Ո՛վ ամբարներ, ամբարներ.

Փեր մութ ծոցին մեջ հըսկա

Թող բերկրության շող ցաթի.

Սարդոստայնը ձեր վըրա

Թող ըլլա քող մ'արծաթի.

Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով

Ցորե՜նն` հազար պարկերով:

ԱՄԲԱՐՆԵՐ

 

Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական.

Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած:

Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան

Աշուններուն պըտղալից և արտերուն մանգաղված:

 

Հո՛ն է վիգը թըխահատ, հո՛ն է գարին իլաձև.

Հո՛ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար

Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև

Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար:

 

Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն

Սարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ:

Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն

Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ:

 

Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած`

Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան…

Իրենց առջև, մըշտարթու, թավ պոչին մեջ ծըվարած,

Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման

 

 

ԱՂՈՐԻՔ

 

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,

Նըստած կանանչ խորը ձորին.

Աղաղակե՛ երգըդ խորին

Դեպի լուսնակն արծաթածիր:

 

Դուն դողդոջուն տընակ մըն ես

Ալյուրոտած պատերով` ուր

Կարծես կու լան հիազարհուր

Ջըրանույշներ հագած բեհեզ:

 

Միշտ կը հըսկե մեջըդ արթուն,

Աղորեպանը ճեփ-ճերմակ.

Եվ ըստ պետքի` մեղմ կամ արագ`

Կը լարե սի՛րտըդ բաբախուն:

 

Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ

Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,

Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.

Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:

 

Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ

Իր ծըփանուտ բաշեն բըռնած:

Ջըրվեժն ահեղ երգի փոխած

Պոռթկա վիհեն վար գահավեժ:

 

Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր

Ջաղացքներուն ճերմակ ճամբեն

Աղոնն իրենց քեզ կը բերեն…

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր:

 

Ցորեններ թող ալյուր ըլլան

Պորտին մեջ ժիր երկաններուն`

Որոնք բռնված տենդով մ'անհուն

Կը մըռըլտան ու հիռ կու գան:

 

Ցորեններ թող ըլլան փոշի

Զիրար գըրկող քարերուն տակ.

Զիրար կըրծող ժայռերուն տակ

Ցորեններ թող ըլլան նաշիհ:

 

Մինչև լեցվին շարան շարան

Պարկերն, ու վե՛ր կանգնին նորեն.

Եվ սայլերն ալ ճըռվողելեն

Ոսկի թողած լույսով դառնան:

Անդաստան

 

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությու՜ն թող ըլլա․․․

Ոչ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին

Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`

Օրհներգությու՜ն թող ըլլա:

 

Արևմտյան կողմն աշխարհի

Բերրիությու՜ն թող ըլլա․․․

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

 

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատությու՜ն թող ըլլա․․․

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդի.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`

Բերկըրությու՜ն թող ըլլա:

 

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերություն թող ըլլա․․․

Ծաղկի` մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի`

Սիրերգությու՜ն թող ըլլա:

Հայր, օրհնե՜

 

Հայր իմ, օրհնե՜. ժամը հասավ. պիտի երթամ.

Նոր կյա՛նք մ`ինծի կը սպասե

Պատմությունն ես թողուցի. նոր արյուն

Երակիս մեջ կը վազե։

 

Հառա՜ջ,հառա՜ջ. - գըլուխս ետ չե՛մ դարձըներ.

Երկընքես վա՛ր թող իյնան

Անվիշտ կյանքիս ամեն աստղեր.հոգըս չէ՛.

Անցյալս իջնա թող դամբան։

 

Օհ, ինծի՛ ինչ թե կը փետեմ վարդին թերթ,

Եվ փուշին կյանք կու տամ միշտ,

Թե գրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվին.

Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

 

Ամեն խայտանք ջախջախեցին սըրտիս մեջ.

Չեմ վախենար սև ծըծեծել.

Վանք մըտնող կույս մեմ՝ որ խըզված իր վարսեր՝

Անխիղճ անհոգ, կը դիտե՜…

 

Հա՜յր, ես կերթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ

Մազերուդ զիզ կտանին,

Վաստակաբեր ոսկըրներուդ, ծեր սըրտիդ

Եվ սերուդ կենդանի.

 

Բավական է.- աշխատեցար, կըրեցիր,

Ամեն նետի հարվածի

Վահան եղար ինծի համար. հոգիտ է՝

Որ հոգվույս մեջ կը հածի։

 

Իմ արյունս է գողացած քու քըրտինքեդ.

Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։

Հոգիտ, Կաղնի՜, երբ կուրծք կուտար մըրըրիկին՝

Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

 

Կը մեծանայի :-Հարկ է հիմա ա՛լ հանգչիս

Եվ ես քեզի հաջորդեմ…

Խոնջե՜նք, խոնջե՜նք. կուզեմ կըռվիլ, աշխատիլ,

Ելլել կյանքին, կյանքին դեմ…

 

Հայր իմ, օրհնե՜. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.

Թող մատերդ կաթի վայր

Աղոթքդ՝ եկած հոգվյուդ պայծառ խորանեն։

Վերջին ժամն է. օրհնե՜, հայր։

Հաշիշ

 

Սիրտը լեցուն է բանտին խավարով.

Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.

Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝

Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։

 

-«Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,

Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,

Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-

Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։

 

Օ՜ն, հաշիշ բերեք»։- Եվ ան կը ծըխե,

Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.

Կը հոսի երազ ջըլերուն մեջե.

Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։

 

Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝

Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.

Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝

Աստղեր բերելու խոստումով ճարտար։

 

Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝

Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.

Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,

Ազատ է և տեր՝ ցընորքներուն մեջ.

 

Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվոր

Կամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-

Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝

Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։

 

Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վար

Իր մանկան խաղին կը ժըպտի հիմա.

Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հար

Երկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։

 

Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝

Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.

Թերևս (ո՞վ գիտե) կը լըրացնե ան

Համբույր մ՚ատենով թողված կիսկատար։

 

Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.

Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։

Մի՛ արթընցընեք, քանզի ապահով

Զինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։

 

Թողեք քընանա.- թող հաշիշին մեջ

Սև շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։

... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,

Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով.

 

Հյուսե խընդություն մը անըրջական

Իր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.

Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ ան

Խաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։

Ձոն

 

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.

— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…

— Քեզի ընծա՜, հին հայրենիք —

Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.

Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

 

 

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.

— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —

Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…

— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —

Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

 

 

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.

— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —

Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…

— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —

Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.

Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

 

 

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.

- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –

Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…

- Քեզի ընծա՜, մայր կարևեր -

Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.

Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

 

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…

- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -

Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Կակաչներ Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։ Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։ Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։ Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։ Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ՛, բո՜ց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։ Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։ Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։

ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ ԱՌԶԵՎ

 

Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՛ւխը նյութին

Կապույտ զենիթը սևցուց.

Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն

Ոչընչացումն էր գըծուծ։

 

Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագին

Գույքերուն մեջ դիմակաց,

Հիմակ անոնց թույլ մոխրին հետ կը խաղա՝

Հեգնող շըշուկ մը ձըգած...

 

Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն

Սին փոշիին հանդիման.

Կու լա՜. անգո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վ

Պիտ ջանար մարել ան...

 

Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝

Ավերին մեջ կը շըրջի.

Մանկան համար ողջ շապիկ մ՚ան կ՚որոնե՝

Եվ կամ կըտոր մը քուրջի։

 

Տարաբա՜խտ մայր, կաթին գունատ փըթթումին

Պատըսպարան չը մընաց.

Հանկարծ ոտքին կը զարնըվի սարսուռով՝

Օրոցքեն փայտ մը, խանձա~ծ։

 

Ո'հ, դաժա~ն բոց, ատիկա բույն մ՚էր սիրո՝

Որ քանդեցիր ղայրույթով.

Հոն, տըժգունած զույգ մը շըրթունք վրայե վրա

Կը ծըծեին սեր, գորով։

 

Արդ, մոխրին տակ խեղճերուն կյա՛նքն է թաղված

Ա'լ դամբան մ՚է հյուղն իրենց.

Բախտն, որուն աչքն արդեն կապած է Աստված.

Փոշի, կըմախք հոն ձըգեց։

 

Ըսե, ո'վ Տեր, հիմա դեպ ո՞ւր պիտ՚ երթան

Այդ թըշվառնե'րը լալկան.

Դու որ անոնց տընակն առիր, հույսն առիր,

Օ~ն, ըսե, ո՛ւր պիտ՚ երթան...

 

Գեթ անձնըվեր գութ չը տրվիր մարդերուն՝

Որ անոնք հոն կըծկըվին,

Որ մարդկային սըրտերու մեջ՝ գեթ անոնք

Խորշ մը գըտնան ջերմագին։

 

Ո՞ւր պիտ՚ երթան։ էրիկն արդեն հիվանդոտ,

Սիրտ մ՚ուրկե ողբ լոկ կ՚ելլե.

Կինը, վատուժ, պինդ շըղթայված իր վըզեն

Նիհար, փոքրիկ թևերե։

 

Ո՞ւր պիտ՚ երթան. Գահավեժի մը վերև

Իր կյա՞նքը մին կախելու,

Թե, հուսահատ, մյուսն անպատիվ տան մը մեջ

Մաքուր սերն իր ծախելու։

 

Ո՞ւր պիտ՝ երթան սև նոճի այդ ծաղիկներ

Ճակատագրեն հողմավար,

Ծուխեն, բոցեն այդ քըշվածները շըլմոր,

Վերքի շիթերն այղ թըշվառ։

 

...Ե՞րբ, պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ.

Եղբայրությունն Մարդկության

Ե՞րբ իր շըղթան պիտի ձըգե, սըրտե սիրտ՝

Մեծ համբույրովն՝ հաղթակա՜ն։

 

Ե՞րբ հըրկիզյա'լը չըքավոր, հուսաթափ,

Մոխրին վըրա ինչքերուն,

Ցուրտ, վիթխարի Լըքումին տեղ պիտ՚ գըտնա

Տիեզերական Օգնությո՜ւն։

ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ

 

Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,

ՈՒրվականի պես կ'անցնիս.

Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե

Տերևաթափ վարդենիս:

 

Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող

Շունն` որ վըրադ կը հաչե՜.

Կամ կը լըսեմ քընիս մեջեն ձայնն հազիդ`

Որ ծոցդ աղվոր` կը տանջե:

 

Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի.

Իրանդ հովեն կը դողա.

Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո'ւյր,

Եղյամն իբրև շափյուղա:

 

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին

Ջուրն անոնց մեջ կը ճողպա.

Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե

Սըրիկա մը անոպա:

 

Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ.

Ցամքած է ձեթն ալ ճրագին.

ՈՒ դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ

Լույսին համար ու կյանքին:

 

Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ

Վար իջնել, քո'ւյր դալկադեմ,

Քո'վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,

Եվ հըծծել. - "Քեզ կը սիրեմ:" -

 

Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագույն,

Կը սիրեմ կուրծքըդ քանդված`

Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել

Արտույտի պես սըրարբած:

 

Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ,

Եվ ոսկորներդ ուժասպառ.

Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած,

Մազերուդ սուգն` ուսեդ վար:

 

Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա

Տատրակի պես տարագիր,

Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,

Եվ ազգանունս անբասիր.

 

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ,

Եվ քողն ըլլալ պատիվիդ,

Կրանիդե բազուկիս տակ պաշտպանել

Սեռըդ ու գեղըդ անժըպիտ:

 

Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,

Ինչ որ խլեցի մարտերով.

Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող

Հաղթանակիս վարդերով:

 

Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,

Արևուն տակ չըհազաս.

Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քույր,

Դուն գործատուն ա'լ չերթաս:

ԱՆԴԱՊԱՀԸ

 

– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:

Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:

 

Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`

Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:

 

Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:

Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:

 

Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ’ածե սըրինգ.

Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:

 

Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.

Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:

 

Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ’ավրեն անդ ու անդաստան.

Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:

 

Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ

Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:

 

Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ’հալածելով`

Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ’հաղթ ծնոտով:

 

Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ’աղաղակե.

– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:

ՀՈՒՆՁՔ

 

Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.

Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:

 

Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն

Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:

 

Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.

Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:

 

Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,

Ցորեններուն մեջ իբր արծաթ կ’ընկղմվին, դուրս կ’ելլեն` ոսկի:

 

Հասկեր կ’իյնան շարվեշարան, և կ’արյունին կակաչներ լուռ.

Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:

 

Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.

Ալիք կ’ըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:

 

Ու կ’ընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.

Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:

 

Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.

Առվակ մ’հեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:

 

Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,

Կ’ըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:

 

Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,

Եվ կ’օրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:

 

Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն

Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:

 

Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի

Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:

 

Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,

Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:

 

Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին

Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:

 

Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,

Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կ’երթան:

 

Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,

Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:

 

Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած

Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:

ՍԱՅԼԵՐԸ

 

Գյուղի ճամբայեն սայլերը կ’երթան

Հունձքով բեռնաբարձ:

Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`

Ճաճանչներ հագած:

 

Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,

Կը խըթանեն մերթ

Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,

Կողը լուսաշերտ:

 

Գոմեշներ, համառ, ետև կարկառած

Իրենց մութ լեզուն`

Կը քանդեն որան` որ կը հեղեղվի

Իրենց նուսերուն:

 

Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ

Իրիկնադեմին`

Նոր պըսակ կ’ըլլան պըսակին վըրա

Անոնց եղջյուրին:

 

Ճամբան, արտերեն կալերը մինչև,

Կը ծըփա հասկով`

Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն

Զըվարթ կըտուցով:

 

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,

Որուն եզերքին

Արյուն կը ծորե չափազանց հասուն

Փոշոտ մորենին:

 

Սայլրեը կ’երթան, անդորրության մեջ

Աղաղակելո՜վ…

Կը տանին արև, հըրդեհ կը տանին

Հըսկա դեզերով:

 

Կը տանին հեղեղն ահա լեռնացած

Քըրտինքի, Հույսի,

Որ լուծեն մինչև անիվներուն վրա

Առատ կը հոսի:

 

Կ’երգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ

Կողը եզերուն…

Ջինջ անհունին մեջ զիրենք կ’օրորե

Ցունցը դեզերուն:

 

Կ’երգեն ճըպուռին, մանգաղին նըման,

Կ’երգեն հովի պես,

Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն

Հունձքը ծովի պես:

ՃԱՐԱԿՈՒՄ

 

Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած

Սըրինգ կ’ածեմ.

Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,

Ես կ’արածեմ:

 

Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն

Մակերեսին.

Կը ծավալե խոզանններուն մեջեն հեզիկ

Կաթը լույսին:

 

Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,

Կը ծըփծըփա.

Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն

Շաղե՜ր կու լա:

 

Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,

Որոնք կ’արծին

Ցորյաններուն ծիղն` ոռոգված մեղրերուն մեջ

Ծիր Կաթինին:

 

Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն` առվեզերքի

Թուփերուն մեջ`

Ուր մոզին իր դունչը մըխած` կը բըզըքտե

Խոլորձը գեջ:

 

Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ

Ինձ կ’երևան.

Գոմեշներուն բիբերն ահեղ` աստղերուն տակ

Մերթ կը շողան:

 

Կ’ընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ

Միշտ ելևէջ:

Ճերմակ եզը, կարծես կուռք մ’է, ձուլված լուսնին

Արծաթին մեջ:

 

Կը ճարակի՜ն, հովուն տըված թավ պոչերնին.

Եվ կը խըմեն

Իրեն մազոտ ու բաբախոտ ականջներով

Սըրնգիս ակեն:

 

Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց` մինչև

Կանանչանան,

Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛

Մարագի նման:

 

Եվ ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին

Մեծազանգված,

Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,

Դունչը դըրած:

 

Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա

Իջնե սարեն,

Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ

Եղջյուրներեն:

ԽԱՉԲՈՒՌ

 

Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:

Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր,

Փեթակներուս մեղրամոմերը դեղձան

Լույս ու արցունք են հոսեր:

 

Դո՛ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս`

Որոնց տըվիր անմահությունը դրախտի.

Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը` Արշալույս,

Որ խըրճիթիս կը ժըպտի:

 

Դո՛ւն, Խաչաբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,

Ընդունե՛, Մա՜յր: Բյուր հասկերուս մեջ ասոնք

Կը նազեին կույսերու պես շիկահեր,

Արևահե՛ղց և ատո՛ք:

 

Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,

Լուսնեն հնձված ճառագայթի պես` ինկա՜ն:

Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով`

Անոնց շարքերը լըման:

 

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,

Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`

Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,

Մեր ակոսներն են խըմեր:

 

Իր հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի:

Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,

Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,

Պաղատանքն իմ թոռներուն:

 

Մա՛յր, Խաչաբուռն այս օրհնե՜. և տուր արտերուս

Ամառն` ոսկի, ինչպես գարունը` մարգրիտ.

Որքան ամբարքըս լի ըլլան` ջահեր լույս

Պիտի տան խորանիդ:

 

Ըրե այնպես` որ – նման հի՜ն օրերուն–

Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես`

Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ` այլ սարսռուն

Կակաչներ` մեր սըրտին պես:

ԿԱԼԵՐ

 

Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն

Հովանիին տակ էշիս`

Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե

Աղու ծընոտը ուսիս:

 

Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի

Ճերմակ ալիք մ’արևու`

Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան

Եկեր է հոն տաքնալու:

 

Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,

Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:

Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա`

Սև կարկըտան մ’է լայնշի:

 

Շինականն իր կահն ու կազմածը բերած`

Հոն հիմներ է նո՜ր գյուղակ…

Հեռուն` լըքված իր մամռապատ շեմին վրա

Կը հըսկե գամփռը մինակ:

 

Կալերուն մեջ դեզը` ծեփված արևով`

Կարծես տընակ մ’է ոսկի:

Տերևախիտ ծառին զով շուքը կ’ըլլա

Առագաստ մը նոր հարսի:

 

Ու ես նըստած հովանիին տակ էշիս

Կ’երգեմ քաջերը հողին`

Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար`

Կը կըրթեն ցուլը` կամին:

 

Կ’երգեմ հոտաղն` որ կը հարթե կալատեղ

Լողքարի՛ն զինքը լըծած,

Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր

Կուրծքին վըրա` պատըռտած:

 

Կ’երգեմ հարսերն` որ հինան դեռ մատերնուն`

Կը մաղեն ժիր ժիր գարի.

Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն

Կարծես շիթեր գոհարի:

 

Կ’երգեմ մշակներն` որ սայլերուն կատարին

Աստվածներու պես կանգուն`

Երկժանիով կատաղորեն կը քանդեն

Ճակատն հըսկա դեզերուն:

 

Կա՜մը կ’երգեմ` որ կը նավե շուրջն հունձքին

Իբրև հրագույն լիճի վրա,

Հետո ցորե՜նն աշխարհածուփ` որ արդեն

Հարդերուն մեջ կը լողա:

 

Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ

Այդ սըրբագույն վաստակին.

Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ

Մըղեղներուն մեջ դեզին:

 

Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր

Ըլլալ Պա՜նը կալերուն,

Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ

Իրենց երգերը անհուն:

ԿԱԼԵՐՈՒ ԳԻՇԵՐ

 

Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած`

Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե:

Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:

Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե:

 

Կ’երգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին

Կ’ըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր:

Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին`

Կ’արթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ:

 

Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին`

Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.

Ու կ’արբենամ գինիովն Անհունի մեծ կարասին`

Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ:

 

Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,

Նավաբեկիլ – թե հարկ է – կըրակներուն մեջ վերին.

Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք`

Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին:

 

Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության,

Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով,

Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,

Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով:

 

Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն.

Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,

Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն`

Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր:

 

Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի,

Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին,

Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի

Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:

ԿԱՄՆԵՐԳ

 

Կամ կը քըշեմ վաղվան հույսով`

Արևն առած ճակտիս վըրա:

Հորիզոնը, անհուն լույսով

Իմ աչերուս մեջ կը լողա:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր:–

 

Կը թըռչըտի շուրջը կալին

Իշամեղուն, բռնկած գոհար,

Ու թափ տալով խըռպոտ տաղին`

Լըծկանն առաջ կը մըղե հաչ:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր:–

 

Վարոցըս սուր, հըսկա մասուր,

Հոտված` սըրտեն անտառներուն

Իմ ծույլ եզիս կողեն հաստույր

Մերթ կը քաղե կաթիլ մ’արյուն:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր:–

 

Հորձանքին մեջ աշխետ հունձքին

Ես կը լողամ երգերուս հետ.

Մըղեղներուն հետ միասին

Կ’ըմպեմ խարին հոտն ափավետ:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր:–

 

Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ,

Ու մըշակներն ալ` ծարավի.

Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,

Թան աղբյուրին մեջ կը պաղի:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր:–

 

Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր,

Որ օծեցի քեզ կուպրերով,

Զինեցի պորտըդ սևավոր

Կայծքարե սուր ակռաներով:

– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.

Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր:–

 

Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,

Մըշուշին մեջ մըղեղներուն,

Անհունորե՜ն կ’արշալույսնա:

…Զվարթությո՜ւն խըրճիթներուն:

– Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն,

Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…

ՄԻՋՕՐԵ

 

Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ`

Արևուն տակ կը հևա:

Կը նընջե մեն մի մըշակ:

Քարայրին մեջ հեռակա

Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ:

 

Միջոցին սիրտն` հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված`

Կը բաբախե հազի՜վ հազ:

Լըռության մեջ շողարծարծ

Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.

Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված:

 

Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին`

Արծաթահյուս քողի տակ

Կապույտին մեջ, առանձին,

Կ’երթա ամպ մը կաթնորակ

Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին:

 

Կ’ընդունի հողն իր սըրտին մեջ` իր սըրտեն ճեղքելով`

Լույսին նիզակն արյունոտ:

Աղբյուր մը հոն, ծառին քով,

Կը հեծեծե նըվաղկոտ`

Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:

 

Գոմեշներ` լուծը լըքած` ճահիճին մեջ կը պառկին

Իրենց բերնեն հոսելով

Թելերն արծաթ շողիքին:

Սայլերն, անդին, դեզին քով,

Հըսկա ցռուկներ ցըցած` դատարկությա՛ն կը նային:

 

Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճըպուռին պես մինակ`

Կատարներուն վրա մընաս.

Անդորրին մեջ անապակ

Դուն քու երգով արբենաս`

Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ս-մինակ:

ԳՈՒՌԸ

 

Իրիկվան մեջ, գյուղին քով,

Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ:

Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,

Աստղը` բյուրեղ արցունքով:

 

Խորհուրդին մեջ ըստվերին

Կընունքի ջինջ ավազան մ’է կարծես ան`

Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսնկան`

Տըղու մը պես նորածին:

 

Հոգնաբեկ խումբն եզներուն

Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ`

Ուրկե կը հոսի, ճապաղելով, ջուրն անփույթ`

Մարգերուն տակ` պըսպըղուն:

 

Կողեր կողի դեմ ահա՛,

Եվ գավակներ գավակներու կ’ընդհարին.

Հանկարծ մոլուցք մ’եղջյուրներու ահագին

Կը տատանի գուռին վրա:

 

Միահաղույն կ’երկարեն

Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած

Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած`

Հավերժորե՜ն կը խըմեն:

 

Կ’ըմպեն ալիքն անապակ,

Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.

Ու չե՛ն խըրչտիր լուսնկայեն` որ մերթ մերթ

Կ’լողա իրենց բերնին տակ:

 

Կը վերցընեն երբեմն, հա՛գ,

Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…

Կը սորսորա իրենց դունչեն` քարերուն`

Ջուրը, երակ առ երակ:

 

Անդեորդն, հոն, մահակին

Վըրա կըռթնած` կը սուլե երգն հեշտօրոր,

Մինչև վետ վետ ցամքե հեղուկը բոլոր,

Մընա մամուռն` հատակին:

 

Կ’երթան հետո, օրորուն,

Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.

Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,

Զանգակն իրենց վիզերուն:

 

Ու երբ դարձյալ գան առտուն

Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին

Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,

Եվ արցունքովն աստղերուն:

ԵՐՆՈՒՄ

 

Իրիկվան մեջ հովերն հևուն

Երբ դուրս կ’ելլեն քարայրներեն`

Մեկ ծայրեն մյուսը կալերուն

Ա՛լ կամնըված հունձքը կ’երնեն`

Հըծծելով երգն Աշխատության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

 

Հարս ու աղջիկ, պարմանիներ,

(Ժըպտուն վարդեր մասուրի քով)

Իրենց ձեռքին հոսելիներ

Կը ճեղքեն թեղն, հույսերու բով.

Ու կը պոռթկա երգն հաղթական.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

 

Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ

Ելլող իջնող բազուկներու…

Հեղեղներ են` որ հապշտապ

Վեր կը նետվին` սաթ տեղալու.

Ու կ’եռա երգն ալետատան.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

 

Հովեր կ’անցնին, խարտիշահեր,

Թողլով որ վա՛րը երկարին

Հարդգողի լույս ճանապարհներ`

Ու սարյակներ կը թափառին`

Սուլելով երգը ցընծության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

 

Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,

Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…

Ցորենին հետ, հատիկ հատիկ,

Կը թափի ցողն իրիկվան գեջ:

Ու կ’ըղձա երգն երանության.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:–

 

Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.

Հարսերն ոսկի քողեր առնեն,

Եվ ցորյանի ձուլվին սարեր`

Զոր գա լուսնակն օրհնել վերեն`

Պիտի նվաղի երգն աղվական.

–Երնե՛, էրան, երնե՛, էրան.

Հարդը քեզի, մեզի ցորյան:

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

 

Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,

Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,

Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,

Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:

Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`

Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,

Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`

Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:

Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ

Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:

Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ

Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.

Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`

Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:

Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ

Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:

Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում

Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:

Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,

Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես

Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:

Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`

Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`

Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց

Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`

Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…

Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման

Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.

Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`

Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:

Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.

Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե

Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`

Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:

Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…

Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:

Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`

Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:

Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.

Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.

Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ

Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.

Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`

Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:

Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,

Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.

Ու իր հատուկ ճախրանքեն կ’առնու հով մ’ա՛յնքան ծավալ,

Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ

Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ

Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:

Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,

Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:

Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.

Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,

Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,

Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված

Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`

Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:

Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`

Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.

Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`

Որոնց քամին թափընդթափ կ’երթա մաել սըրսըփուն

Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,

Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:

Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`

Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…

Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`

Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:

Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`

Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,

Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի

Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:

Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`

Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.

Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ

Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,

Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`

Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:

Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…

Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,

Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,

Օ՜հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն

Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,

Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:

Ո՜ ՏԱԼԻԹԱ

 

Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի

Կապելադ, ո՛ Տալիթա:

Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ

Մատերդ ի վար պըղպըջա:

 

Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,

Ունիմ ձեռքեր քընքշենի.

Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`

Որ բանվորներ կ’ընդունի:

 

Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին

Դիմաներկեր կը շաղվեն.

Կը ծըցընեն Ծերակույտի անդամներ

Տըռփանքներով տարորեն:

 

Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ.

Իրենց կավատն է` ոսկին.

Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք

Տան շընիկեն կը սպառին:

 

Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե

Ծունկիս վրա` թույլ տալով

Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան

Բումբերըդ` սև գուլպայով:

 

Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,

Եվ թող շեմին վրա երգե

Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,

Բիբերը զուրկ կըրակե:

 

Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես

Գավաթին մեջ բյուրեղյա,

Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`

Մինչև որ սերս հասուննա:

 

Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր

Նավաստիները կոպիտ,

Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին

Աչքերուդ մեջ` ու ծոցիդ:

 

Այսօ կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ

Ինչպես զինվոր մը արբուն.

Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես

Սիրտըս` նուռի պես հասուն:

 

Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված

Սերըս առջևըդ պղծել,

Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան

Գարեջուրով մը ծախել:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

 

Մորճագըմբեթ բաղանիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի,

Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով,

Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ

Հուրիներուն ետևեն` որոնք դանդա՜ղ կը մըտնեն:

Բոլոր մե՛րկ են ու չըքնա՛ղ, – թևերն իրենց ծալլեր են

Լանջքերուն վրա հոյաշեն` որոնց վրա կըդիզվին

Կույտերն րենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ:

Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.

Սրտերուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ

Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.

Աստղերուն պես` լողացող մառախուղին մեջ աղոտ`

Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կ’արձակեն,

Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե

Մարմինն իրենց` որ պըտղիլ կը սկըսի ա՛լ քրտինքով:

Հուրիները կը լոգնա՜ն. Պորտաքարին կիզանուտ

Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կ’երազեն:

Լուսացընցուղ գըմբեթեն` արևուն շողը ճերմակ

Ներս կը մաղվի` մարգարտյա հորդ անձրևի մը նըման.

Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մ’արծաթյա,

Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին

Ըսպածանին` որ կըպած է զիստերնուն լոռի պես,

Ա՛լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.

Եվ մազերնին, հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,

Ուրկե երբե՛մն կ’իյնան գոհարներու հատիկներ,

Օ՜, ծամե՜րն այդ, ծամե՜րն այդ, որոնցմով ա՛լ կը ծփա

Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար

Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով:

Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով

Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն

Կ’երթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ

Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ:

Անոնք երբեմըն կը զգան նըվաղումներ, ու երբեմն

Հանկարծակի կը սարսռան` երբ գմբեթեն կը կաթի

Ցուրտ ցող մ’իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ:

Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն

Իրար ետև կը բացվին` աղմըկահույզ կարկաջով.

Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ,

Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.

Ջուրը կ’հորդի ամեն կողմ, ջուրը կ’երգե քաղցրահունչ.

Հուրիները կը լոգնա՜ն. Գուռերուն շուրջ հավաքված

Գանո՛վայի Շընորհներ, կարծես իրար կը փարին,

Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին

Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա`

Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրեն:

Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կ’ընդլայնին`

Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին:

Ոսկի թասերը ահա քարերուն վրա կը հընչեն,

Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճաթին`

Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ:

Կը քըրքըրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,

Ծաղկահյութով զանգըված` զոր մեր նախնիք կ’ուտեին:

Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում:

Լանջերն անով կ’օծանվին, ու կ’ըլլան նման փրփուրի.

Անոր խյուսովը պաղուկ, և լըպըրծուն շաղախով

Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն

Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ:

Կ’եռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտելի.

Կը փըրփըրին օճառներն` Մաքրություններն անգամ մ’ալ

Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր,

Ջուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,

Կ’հոսի կ’երթա` կոյուղին իսկ բուրումով լեցնելու,

Գո՜րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,

Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե կը տանի

Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,

Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն

Արձաններուն կենեղուտ` որոնք այլևս ուժաթափ

Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպես.

Գուռերն հե՛ղ մ’ալ կը հորդին, բաղնիքն հեղ մ’ալ կ’աղմկի

Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մ’ալ կ’լողնան հուրիներն:

Կը բըռնըկի մորթերնին վարդի մը պես բոցավառ.

Եվ նըվաղուն բիբերով, թասերն` իրենց գըլուխին,

Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն րենց ծիծերուն`

Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ,

Անգայտացած շոգիով, կակաչներու պես բոսոր…

Օ՜, գանգուրներն հորդառատ` իրենց կուրծքին վրա մերկ,

Օ՜, գանգուրները խըխում, կաթիլնեով ծանրացած,

Որոնք բոբիկ ոտքերնուն` սատափ ցողեր կը ծորեն…

Ինչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն`

Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք…

Թող համբուրեմ մատերնիդ` զոր դուք այսօր կը թաթխեք

Հինաներու գուշին խորն` իբր արյունոտ սըրտի մեջ,

Թող համբուրեմ մազերնիդ` կընդրուկներով օծանուտ`

Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա,

Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,

Եվ լա՜նջքը ձեր` որ փաղփուն մանյակներով ոսկեշար

Ամուսնական անկողնին նըշողուն ջա՛հը կ’ըլլա.

Թող համբուրեմ պորտը ձեր` ուր ծըրարած կը ծածկեք

Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան:

Ձեր տուներն այժը՛մ կ’երթաք գահարներով բեռնավոր…

Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան…

Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:

Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն

Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին.

Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.

Ավելցած մասն այն հացին` զոր դուք բաղնիք կը տանիք,

Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,

Թող արձակե՛ բուրումն իր`տարաշխարհիկ համեմով,

Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին

Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,

Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ’անցնի

ԳՐԳԱՆՔ

 

Անոր որ պիտի գա…

Ափը լճակին մենավոր`

Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`

Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն:

Նըռենիին տերևներուն տակ բոսոր,

Նուռի մը պես ճեղքըված,

Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս`

Կարոտը սե՜րս արյունեց.

Եվ ամիսներ բովանդակ

Եղնիկի պես լացի գոհար արցունքներ

Ափը լճակին մենավոր:

 

Ու վերջապես ան եկավ

Այգիներեն քաղցրաբույր`

Ու ողկույզներն, ըստինքներու պես լեցուն,

Հողին վրա կը կախվին,

Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ

Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,

Շուշաններու պարտեզեն`

Ուր տատրակներն Անմեղությո՛ւնը կ’երգեն`

Ան վերջապես ա՛լ եկավ:

 

Ո՛վ վարսագեղ հովվուհիս,

Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,

–Գալու համար իմ սիրույս–

Լըքեց անթիվ գառնուկներն իմ մոլորուն.

Եվ զարնելով փարախին դրան քարին վրա

Խորտակեց սրինգը տոսախ

Խենթի մը պես կողկողագին ողբալեն,

Ո՛վ վարսագեղ հովվուհիս:

 

Երբ նես մըտավ իմ շեմես,

Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին

Կարկառեցին դեպ անոր,

Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին:

Եվ շունս հըլու, փորին վըրա սողալով,

Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ.

Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,

Ան ներս մըտավ իմ շեմես:

 

Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,

Զի ծոթրիններ ծորեցան

Պատմուճանին քըղանցքեն,

Զի արևով օծված ոսկի մազերեն

Բուրյան մեղրեր ծորեցան.

Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`

Թափթըփեցան ասուպներ.

Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:

 

Մեզ գըրգարան շինեցի.

Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`

Հարդարեցի մեր անկողինն հիմենի.

Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ

Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`

Մեր գըլխուն տակ բարձ եղան.

Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,

Աղվամազով տատրակներու դունչերուն

Մեզ գըրգարան շինեցի:

 

Վարդերուն վրա փըրփրեցավ

Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային,

Հընդկաստանի յուղերով

Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.

Եվ ծալերուն մեջ մարմինին` իր բոլոր

Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:

Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,

Օշնանի պես պըղպըջուն

Վարդերուն վրա փըրփրեցավ:

 

Ու քընացավ կուրծքիս վրա…

Օ՜, մատերս իմ` որ ժամերով լողացին

Մազերուն մեջ հորդառատ.

Օ՜, բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`

Խըմեց սափորն իր սըրտին:

Իրար հյուսված, մենք բաղեղներ խանդակաթ.

Ծաղիկներուն միջև հեղ մ’ա՛լ ծաղկեցանք:

Ան քընացավ կուրծքիս վրա…

 

Կարապներն ա՛լ թուխս նըստան.

Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց

Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.

Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ

Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:

Մերին սըրտերն ունկընդիր

Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.

Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,

Կարապներն ա՛լ թուխս նըստան:

Ո՛Վ ԼԱԼԱԳԵ

 

Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.

Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,

Այգիիս մեջ ման եկա

Պըտղաբերձ օր մը աշնան:

Մայրամուտին շողերուն տակ դալկահար

Ծառերն էին ոսկեձույլ:

Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն

Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:

 

Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…

Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`

Երկայնքն ի վեր ցանկերուն`

Կը կըթեին սարբինան.

Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ

Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…

Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,

Եթովպուհին խընձորենին կը թոթվեր

Ծիծերն ի վար, գոգին մեջ:

Հոն, տըղաներ խառնածին`

Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`

Կը ժողվեին ընկույզներ:

Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,

Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն

Որթատունկի սաղարթներով է պսակեր,

Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ

Ողկույզներու դեզերով

Եվ ալիքով գինիի:

Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր

Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…

 

Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,

Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,

Այն ծանր ամիսն հղությանդ,

Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:

Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ

Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն

Կը ծորեին շիթ առ շիթ

Հույզերը` նման արցունքի:

Քու համբուրված մարմինի պես ծանրակիր

Հողն էր թըրջված, էր կպչուն

Քաղցուներով և մեղրով:

Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր

Դեղձենին քե՛զ նըմանակ,

Քու ծիծերուդ նըմանակ

Ողկույզներն այն լեցուն էին` ապագա

Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:

Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին…

Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված

Խազմուզին բարկ բուրումեն:

Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած

Մինչև իրենց պորտին տակ,

Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով

Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:

Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ

Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ

Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ

Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,

Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–

Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,

Հավերժակա՛ն կյանքերով:

Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու

Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ

Կը պոռթկային տերևներուն ներքևեն.

Ու բուրումներն աշունին

Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.

Ու այգին, լի պըտուղներով բազմազան,

Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ

Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,

Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,

Կը սպառեր հողն ու ավիշները հողին:

Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ

Խոստովնիլ, Լալագե՛)

Ես ունեցա ընդվըզումներ արյունի:

Ու ցանկացա արեգակին, հողին պես

Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.

Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–

Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն

Կը քաղեիր, ու հետո

Կը խածնեիր լիաբերան հեշտանքով

Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`

Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`

Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –

Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն

Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,

Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,

Համբուրեցի՛…

 

… Բայց դուն ինչո՞ւ կ’արտասվես:

Այն հեռավոր աշունին

Բուրումներուն մատնըչությանը համար,

Ո՛վ աշնագեղ Լալագե,

Արտասվել չա՜րժեր այսօր:

«ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…»

 

Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս

Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,

Համբուրեմ խաժ երակներն

Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,

Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ

Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,

Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա

Անփութորեն լեցուցած`

Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն

Քըրտինք մ’առատ քունքերեդ ի վար հոսեցավ,

Եվ կուսությունըդ մեռավ

Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,

Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ

Մե՜ղրը ծորեց, դուն եղար

Հեզահամբույր, լըռակյաց,

Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`

Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե

Բույնին վըրա շինվելիք…

Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ

Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ

Կը բաժնըվի կյանքըդ և դուն

Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:

Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ

Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս

Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`

Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ

Եվ սերն է մեր երկուքին:

… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,

Դո՛ւն որ անհուն գորովով

Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ

Ոսկրի մ’համար կը քամես,

Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն

Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,

Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր

Թաղարներեն շուշանի`

Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:

Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես

–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–

Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`

Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…

ՀԻՆ ՍԵՐ

 

Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,

Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն`

Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր

Օր մը գըլուխը հանվույն:

 

Անոնք սաստիկ կը դողդոջեն` իբր ըլլան

Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.

Բայց քովերնին` ցուպե՛րն իրենց լոկ կը մնան

Խոտին վըրա` գըրկըված:

 

Չունին այլևս հըրդեհումներն արյունին.

Անոնց հոգին համբույրի երգը չունի.

Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին

Սերմերը` նման շուշանի:

 

Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն

Կը նվաղի` չըթափանցած դեռ սըրտին.

Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն

Անոնց ծոցին մեջ ցըրտին:

 

Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ’անմեղ

Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած`

Կը փըշրի՜ սիրտն` իբրև բաժակ մը բյուրեղ

Հանկարծ կրակին դեմ ճաթած:

 

Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.

Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված`

Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե

Վայրկյան մ’հազի՛վ արծարծած:

 

Ու հիմակ այս գարնանային իրիկունն`

Երբ կը բուրեն կինամոնները բըլրան`

Կ’իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`

Հին աղոթքի մը նման:

 

Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,

Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,

Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`

Եվ իրարու կը ժպտի՜ն…

ՎԵՆԵՏԻԿ

 

Ծավի՛ Վենետիկ, փառապա՛նծ Տիկին,

Զոր Իտալիան գինով սընույց,

Եվ Արևելքն իր զարդերով անգին,

Պըճնեց վեհ ճակատդ ու ոտքերըդ լույծ:

 

Ադրիականին բամբիշն ես հավետ,

Զարդարված` ջուրե ժապավեններով,

Լիտոյի արևն, ելլելով ծոցեդ,

Թագ կ’ըլլա գըլխուդ և կ’ընկըղմի ծով:

 

Կը հեղու երկինքն, իբրև սիրահար,

Աստղե՛ր գըրկիդ մեջ, աստղեր մազերուդ,

Ծովն առջևդ սըփռե՜ր է գորգ ու գոհար.

Զույգ կապույտի մեջ Երա՜զ մ’ես կապույտ:

 

Կըռթնած` բարձերուն վըրա փըրփուրե`

Որքա՜ն թովիչ ես, երգն ալքերուն լուրթ

Երբ որ կ’ունկընդրես, ո՛վ Քաղաք ջուրե,

Ո՜վ Լափյուրինթոս քայլերու պանդուխտ:

 

Ունիս ճամբաներ նեղ ու օձհոլով,

Կեսը սալաքար, և կեսը ալիք.

Հոն կըրնանք, ընկերս ու ես, խոսելով

Երթալ, ես` ոտքով, նավակի մեջ` ինք:

 

Անիվն անոնց մեջ ակոս տողած չէ.

Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր սերմանած.

Ձըկնորսին սանդա՛լն հըզոր կը հընչե

Հո՛ն, ուր ճեմեց Տոժն օր մը սիգընթաց:

 

Անթիվ կըղզիներ, շենքեր վըրանին,

Կոր կամուրջներով են շըղթայարկված:

Կարծես կուզ ուղտերն են կարավանին`

Անապատին մեջ ժայռերու փոխված:

 

Կը լվա ջուրն հի՛մը տուներուն գեջ`

Փոշի առ փոշի ծեփը լիզելով,

Երկու կըղմինտրի անջրպետին մեջ

Կ’ածե սլականջն ի՛ր ձուերն ալեխռով:

 

Պատուհաններուն տակ ջրանցներ շափյուղա

Հայլի են կարծես` զոր ծովն է հըղեր,

Ուր աստղերուն մեջ, լուսնին քով, կըրնա

Վենետկուհին իր դեմքը զետեղել:

 

Որմերուն ըստվերն հևհև կը նազի

Ալիքներուն վրա, ալիքն` որմերու:

Տունը ջուրին մեջ նորեն կը սկըսի,

Միշտ քայքայելով` առանց փըլչելու:

 

Դըռներուն խոնավ շեմը կոնտոլ մ’է.

Անզույգ Քաղաքին անզո՛ւյգ կարկուրա,

Որ գիշերվան մեջ` ճակտին կը կըրե,

Միակ աչք մ’հրեղեն, փայտե՛ կիկլոպա,

 

Որ լորտուի պես սև, սողագընաց,

Կամուրջներուն տակ կը սահի կ’անցնի,

Ինչպես զըղջումին տակ մե՛ղքն ամոթխած…

Ա՛յս տարբերությամբ` որ մեղքն աչք չունի:

 

Ահա Մեծ-Ջըրանցդ, ո՛վ Քաղաք-դըշխոդ,

Որ կոր երիզով քեզ կը պարուրե,

Իբր Ադրիականն իր թևը կապույտ

Վիզըդ անցըներ` որ թուշդ համբուրե:

 

Սուրբ Մարկո՛սն ահա, թանգարան անհուն

Գեղարվեստներու, բրածո սուրբերու.

Անոր կից պալա՛տն ահա Տոժերուն.

Խորանը գահեմ քայլ մըն է հեռու:

 

Ահա Փիոմպիններն` որոնց տակ հավետ

Այսօր կը մընչեն տատրակնե՛ր հըլու.

Երնե՜կ քեզ անկմանդ մեջ իսկ, ո՛վ Վենետ,

Բանտերդ են փոխված թըռչնո բույներու:

 

Եվ ա՛յլ տաճարներ, ա՛յլ ապարանքներ,

Կոթողներ կրոնքիդ, հանճարիդ հըսկա.

Ալիքներ անոնց առջև կ’երգեն դեռ

Փառքդ անցյալ` գըրված ծովերուն վրա:

 

Ու Հառաչանքի կամուրջն ավասիկ,

Կամուրջն` որուն վրա, իրիկնադեմին,

Երգը լըսեցի ջուրերուն հեզիկ`

Երբ կու գար աչքերս համբուրել քամին:

 

Կանգնած` արևուն առջև մայրամուտ`

Սերտեցի գույներ, շողեր մեղմընթաց.

Քու եկընքիդ մեջ և քու ջուրերուդ`

Հոգիս նըկարչի վըրձին մ’էր գըտած,

 

Ո՜րքան ալիքներ, ալիքներ լաժվա՜րդ,

Ալիքներ նարի՜նջ, հակի՜նթ ալիքներ…

Ո՛վ Վենետիկդ իմ, Լըճակըդ զըվարթ

Թիցիանոյի երանգապնակն էր:

 

Պիտի քընարս իմ քեզ հիշե հավետ,

Քու փառքըդ մուրճի, փառքըդ վըրձինի.

Պիտի հիշե և՛ խուցն այն տըխրավետ

Կանանչ ջրանցին վրա սուրբ Գարմինիի:

 

Իր պատուհանին ձողերուն առջև

Էր` որ ես լացի, նայելով լուսնին,

Կամքըս բանտարկված: Հոն սիրտս հևիհև

Ըմպեց հեռացող երգը ձըկնորսին:

 

Դարձյալ անկից է` որ ես առջի հեղ

Տեսա Լինտան, կույսն ատամներով բրինձ,

Որ նըստած իր հոր նավակին մեջտեղ`

Կը հյուսեր ուռկան մ’ու կը ժըպտեր ինձ…

ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

 

Ձորերուն մեջ, սարերուն վրա կ’արածեր

Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.

Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ

Մեն մի քայլին` շուշան վրա կոխելու:

Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ

Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.

Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն

Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.

Ան միշտ կ’երգեր, ու երգն իր

Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,

Իր ըզգեստիկը կապույտ

Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.

Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`

Քարացա՛ծ օձ` որ իր մաքուր ձեռքին մեջ

Դեղձիի ճյուղ մը եղավ:

 

Երբ վըտակին եզերքեն

Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`

Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան

Իր ետևեն կը քալեր.

Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե

Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:

 

Բայց իրիկուն մ’ան հովտեն ձայն մը լըսեց`

Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.

Երգ մ’էր կարծես, այնքա՜ն աղվոր և դյութիչ`

Որուն իր ուլը ճերմակ

Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.

Նոր երգ մ’էր ան` որ կ’ըսեր.

«Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,

Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:

Թզենիին շուքին տակ,

Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:

Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.

Իմ շունչիս տակ` թե ուզեմ`

Գետեն արծա՛թ կը հոսեն

Եվ հեղեղները` ոսկի.

Հասած տեղն իմ համբույրիս

Կ’անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.

Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,

Եվ կույսերն ալ` թագուհի:

Ես քու զոհիդ արյունեն

Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,

Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ’արածես.

Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր»:

Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,

Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.

Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:

Հետո դյութված` ցուպն առավ

Ու քըշեց ուլը ճերմակ`

Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:

Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թզենին, և կը զգա՞ս

Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի

Ըզգըլխիչ հոծ բույրերով

Գըրկեր է քեզ: Զոհդ ըրե՛:

Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`

Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն

Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:

Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.

Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ

Պիտի ուլն իր ողջ մընա,

Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:

Ան` մահն ի՛նչ էր` կ’անգիտանար, ու երգե՜ց.

Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ

Հաճույքներեն` զոր կու տա

Զոհագործումը անձին.

Երգեց գարունն հասակին,

Դաշնակույթունն իր էության, և առանց

Ուլին կապույտ աչքերուն

Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,

Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,

Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց.

Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`

Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:

 

Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,

Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.

Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`

Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր

Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.

Խոտերուն մեջ ցուպն հագավ

Իր նախկին բնույթը օձի.

Լուսինն իջավ լեռնեն վար,

Եվ ինք մութին մեջ, սարսռուն,

Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`

Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով

Իր թաց աչքերը շըփեց,

Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,

Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ:

ԱՆԱՀԻՏ

 

Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար

Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:

Կուգա լոկ բույր մը համպար

Խորխի` զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

 

Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր: Ձիս կ’արծի,

Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած`

Կըտղուցեն խոլ կը խաձի:

Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված:

 

Անհետացան անդարձ խորեն անտառին

Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր

Ծիծերըդ` վինը Վրույրին:

Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ:

 

Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՛չ մեկ վիթ

Նիզակահար` կը ներկե ծունկդ արյունով:

Թանգարանին մեջ անդրիիդ

Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:

 

Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,

Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:

Ահա կ’ծագի լուսնկան,

Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:

 

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ

Լույս կը հոսի աղբյուրին մեջ` ուրկե խմող

Եղնիկին դունչը նամեդ

Եվ եղջյուրները կ’օծվին ոսկեշող:

 

Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար

Կը զգաստանան. գինիին տաշտը կի’իյնա

Բագուսուհվույն ուսեն վար:

Կ’աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա:

 

Կապարճըդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`

Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…

Կյանքն անտառին կը շարժի.

Ձեռքիդ ջահեն վախցած` գայլերը կ’ոռնան:

 

Կ’երազե դաշտն. ու կոկոնները վարդին,

Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,

Բերանիդ պես կը բացվին:

Կ’եռա ավիշն այգիին մեջ վաղեմի:

 

Կ’հոսես ծիծերդ, կ’անցնիս կ’երթաս, բայց մարդիկ

Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ’ընդունին:

Քանդած են հովն ու ալիք

Մեհյա՛նըդ իսկ քերսոնեսի ափունքին:

 

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված

Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,

Ու բագինիդ վրա նըստած`

Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ:

Մուսային

 

–«Թևերս, ուղիղ դէպ ի բարձունքըդ վըսեմ`

Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր:

Կը տրոփէ մէջս երգերու սաղմն. կը սպասեմ,

Ե՞րբ պիտ’ տըրուի անոր ծնուցիչ քու համբոյր:

 

Երգե՜լ կ’ուզեմ. - թող սարսըռայ բընութիւնն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`

Մանկան առջի բընազդական դըպչելուն.

Եւ կեանքը թող շըրթունքիս վրայ լուծանի:

 

Երգե՜լ կ’ուզեմ. - որոտներն ի՞նչ կ’ըսեն մեզ,

Կ’առնէ խօսք մ’հովն ամպէն, հովէն ալ` ջաղաց,

Բա՛ռ ունի աստղն. - երգել, երգե՛լ կ’ուզեմ ես,

Զի կը խօսին երգով Բնութիւնն ու Աստուած:

 

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես յարիլ,

Իմ անհունիս մէջ այդ անհունը թաղել,

Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,

Եւ գլուխս` Էին գաղտնիքներուն դէմ բախել:

 

Գըրված է Սէրն` վարդին, Հավատքն` աստղին վրայ,

Զանոնք հեգել կ’ուզեմ քընարի շըրթունքով,

Կ’ուզեմ բնութիւնն յօրինել քօղ մը ծաղկեայ`

Մտածման ամէն ձև իր ներքև քօղելով:

 

Տո՛ւր, ո՛վ Մուսա, տո՛ւր այդ քընարըդ բըռնած,

Պիտ’ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլայ ան`

Ուր գաղափարն պիտի բնակի զերդ Աստված,

Վեհ գաղափարն աչքերով բո՜ց, թռիչքով լա՜յն:

 

Անոր վըրայ պիտի հալի խանդն հոգւոյս,

Անոր վըրայ պիտի սիրտս յար քըրտընի,

Ինչպէս կարմիր և սարսըռուն արշալո՛ւյս

Մը` սէզերուն, հասկերուն վրա գարունի:

 

Պիտի այդ քնարը կապէ իմ շըրթներուն

Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,

Եւ պիտի այդ համբույրն ըլլայ բուռն, անհուն,

Համբույրին պէս` տըրուած ծովէն եզերքին:

 

Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ`

Մարմնավորուած իմ արիւնէս, շարժումէս,

Ներշընչելով տողեր, փուշի ակօսներ,

Ուր, հողմակոծ, պիտ’ ծըլի վիշտն աղէկէզ:

 

Պիտի մռընչեն զարհուրանքները կյանքին`

Մէ՛ջը սուզած` արդարութեան, բարութեան.

Սըրբազա՜ն քնար, պիտ’ լարերն իր մըկըրտուին`

Մարտիրոսուած եղբայրութեան աւազանն:

 

Ո՛վ սուրբ Մուսայ, Մուսայ մատաղ, լանջաբաց,

Կարծես դու նո՛ր ձըգած աստղէ օրոցքդ հուր.

Ո՜վ վարդ կոյս, դո՛ւ, ժողովուրդին խոստացուած,

Լայն սէրերո՜ւ դու խոստացուած քնարըդ տո՜ւր:

 

Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ`

Գիրկը՛դ կու գամ երազելու առանձին.

Մէկդի թողած եմ, ժըպիտ, խաղ ու պարեր,

Նորընծայ եմ գաղափարի աշխարհին:

 

Թևերս, ուղիղ դէպի բարձունքըդ վըսեմ`

Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր:

Կը տրոփէ մէջս երգերու սաղմն. կը սպասեմ,

Ե՞րբ պիտ’ տըրուի անոր ծնուցիչ քու համբույր»:

 

Այսպես ըսի: Եւ պատասխանն աղէկէզ`

Մուսան` վերէն հովին յանձնեց դէպ ինծի.

–«Տենչիդ ըզգո՜յշ, այս քընարս է շինուած, տե՛ս,

Սև նոճիէ, փթթում մահուան աւիշի:

 

Թըշուա՜ռ հոգի, անոր լարերն են բերուած

Փետըռտըուած գանգուրներէն որբերուն.

Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց,

Ուր որ կ’երթայ ոտքը բոպիկ` խեղճութիւնն:

 

Հեռո՜ւ ասկէ. - գիտցած ըլլաս` որ այս քնար`

Քամահրանքով պիտ’ անտեսեն ձերիններ. -

Զի օտարին ոսկւո՜յն քով իսկ` ձեր գոհար`

Աչքերնուդ շո՛ղ մըն ալ, ըստէպ, չի ցայտեր:

 

Պիտի գոցէ իրենց ալիքը բուստերդ,

Եւ փուշերու, եղիճներու մոխիրով

Պիտի թաղեն կայծերն հոգոյդ բոցակերտ`

Նըւագներուդ ողբը քեզի՜ դարձնելով:

 

Հեռատեսէ՛. ապագադ խիստ մըթին է.

Հեռատեսէ՛. գերեզման մ’է ապագայդ. -

Խանձարուրէդ պիտի օրոցք մը չելլէ.

Պիտ’ չը գըտնես միջոց թռիչքիդ համեմատ:

 

Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մօ՜րդ չեղած.

Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասէ.

Արևմուտքի մէջ ծաղիկներդ ընձիւղած

Պիտի խորշակն Արևելքի ազազէ:

 

Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն`

Խընդի արևը չէ սըփռած իր շէկ բաշ.

Հոն կը շըրջի Աբովեանի մ’հէգ ուրուն,

Հոն Դուրեանն է լացած, տըխրած Պէշիկթաշ:

 

Ի՛նչ կ’ուզես քնա՜րն, որուն շանթերը մէջի`

Պիտի հաճո չը մըռնչեն շատերուն.

Որուն վրայի քողն է սև քող մը խեղճի,

Թէպէտ ըլլայ մէջն արշալոյս մը շողուն:

 

Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտէ՜.

Այս` վէրքերու գործի մըն է, այս է հուր.

Ապագայդ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:

Ես, անյողդողդ, ըսի անոր.

– Ըլլա՛, տո՜ւր:

Լոյսը

 

Դուն կը փայլիս մեծութեան եւ զոհագործումին համար։ ( Ռիկ-Վետա )

 

 

 

Կ'երթամ աղբի՜ւրը լոյսին…

Ուղին երկա՛ր է. սալարկուած է ուղին

Կայծքարերով, ցանկուած ՝ մուրտի փուշերով.

Ուղին շեղ է ճառագայթի մ ' հանգունակ։

Անկէ կ'ելլեմ ՝ յենլով դողդոջ ծունկերուս,

Եւ ծունկերէս, զոր գամեցին եղբայրներս,

Արիւնըս տաք կը բըխի ։

Հեւքն է ՝ կուրծքիս, թարթիչներուս վրայ ՝ փոշին։

Սիրտըս սափորն է դատարկ,

Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…

Լոյսն աղուոր է, բարձրութեան մէջ ՝ հոսանուտ,

Խոնարհումին մէջ ՝ արդար ։

Օր մը տեսայ էութենէն մաս մը սուրբ

Մօրս հոգւոյն մէջ ճաճանչագեղ, եւ ցաթած

Մեր գիւղակին մէկ վաղեմի հերոսին

Հողակոյտին վրայ դալար ։

Միջօրէին ՝ զայն տեսայ

Որ ՝ նըման մեծ թիթեռնիկի մ ' ըսպիտակ ՝

Կը քալէր գաղջ պատուհանիս քարին վրայ,

Որ մայթերէն կամ աղծապիղծ ճամփայեն,

Ներողամիտ գըթութեամբ,

Կը հոսէր նոր կըթուած կաթի մը պէս եղկ,

Որ իրիկունն, հորիզոնէ հորիզոն,

Կ'երիզանար գետերու պէս յակինթի,

Կամ կը կազմէր, երկինքներուն վրայ խաղաղ,

Անըրջական աւազաններ, որոնց մէջ

Կը բռընկէին նունուֆարէ կըղզեակներ ։

Զայն ես տեսա՜յ , - եւ հոգւոյս մէջ արթընցաւ

Պանդուխտի տենչ մը անորոշ եւ լըլկիչ

Դէպ ի գաւառ մ ' անծանօթ, լի արեւով.

Եւ արդ կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…

Լոյսն է Մըտքիս հարսը, աղջիկն ՝ Աստուծոյ.

Ան գինին է Տիեզերքի բերկրութեան,

Որ իրիկուն մը, կողէն դուրս Յիսուսին,

Հեղեղօրէն հոսեցաւ,

Ներումի պէս հոսեցաւ, վա՛րը, Մեղքին

Սեղանին շուրջը հաւաքուած մարդերուն

Անյուսութեան ըսկիհներուն մէջ դատարկ ։

Լոյսը արիւնն է բնութեան,

իշերուան թագն, ու պատմուճանն է օրուան.

Աստուածային Ակնին է ՝

Որ, երկունքի մէջ մեռած մօր մը նման,

Կը ստեղծէ իր վախճանելու ժամանակ,

Ակնին ՝ հրեղէն բիբերով,

Որուն հոգին ամէն գարուն կը տրոփի

Հիւլէին մէջ եւ մարդկային մըտածման,

Որուն համար զոհերով դեռ կը մըխան

Նուիրական ափերը յորդ անգէսին ։

Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…

Լոյսը մարմարն է երկնային հանքերուն.

Որով Արուեստն, անմահական երազով,

Կը քանդակէ ձիւնամարմին աստուածներ ։

Իր ծոցին մէջ կը ծընին

Մռայլ Տանդէներն ու Հոմերները հըսկայ,

Իր ծոցին մէջ իմաստութիւնը երգ մ ' է ՝

Զոր գիշերուան մէջ խորին

Բանաստեղծները կը խըմեն աստղերէն ՝

Որ նուագեն ցերեկուան մէջ ՝ Մարդերուն ։

Ան ամէնո՜ւն զինքը կու տայ, ամէնո՜ւն

Կը բաժնուի, եւ կը մընայ անբաժան

Նըշխարքին պէս. - ան նըշխարքն է ՝ որ կ'իջնէ

Ամէն առտու, սեղաններուն վըրայ մեր,

Մարդեղութեան արիւնլուայ խորհուրդին ։

Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին…

Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ

Պէտք է որ ա՛յսպէս քալեմ.

Քանի՞ անգամ պէտք է իյնամ, կարեվէր,

Ճանապարհիս վրայ բացուած

Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.

Չըգիտե՜մ ես . - միայն թէ, ո՜վ եղբայրներ,

Ո՛վ խաչ հանող եղբայրներ,

Թողուցէք զիս ճամբորդութեանս մէջ մինակ,

Ա՛յնքան մինակ եւ ա՛յնքան լուռ, որ լըսեմ

Տրոփը սըրտիս, զոր ընտըրած նուագս է

Նուագներուն մէջէն բիւր.

Արեւով լի եւ արեւները տանող

Ուղիիս վրայ մի՛ սըփռէք

Ձեր շուքը, մռայլ թեւի մը պէս ուրուրի ։

Եւ ոչ ալ զիս կանչեցէք

Խընճոյքներուն ձեր զուարթ ՝

Ուր բոզութիւնը կը զարնէ նուագարան ։

Ընդունա՜յն է խոստանալ

Սըրտիս կոյսեր, - սիրտըս սափորն է դատարկ,

Ու ես կ'երթամ դէպի աղբի՜ւրը Լոյսին։

Մայիս Մէկ

 

Քընարս այսօր, կըտըրտելով լարերն իր,

Ձե՜զ կը կանչէ Արևելքէն Արևմուտք,

Ո՛վ դուք

Հացի՛ զոհեր, որ ունիք միշտ արևու

Պասուք:

 

Այս առաւօտ` գըտա հասակըս թաղուած

Հեղեղին մէջ շուրջըս ծաղկած վարդերուն.

Եւ կանգուն`

Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր

Բույներուն:

 

Ինծի՛ եկէք, ես կախարդն եմ Մայիսին. --

Ձեր քըրտինքը ես կ’ընեմ գոհար ցօղն անգին

Վարդին.

Կը հեղում ձեր ոսկորներուն մէջ ցամքած`

Արփին:

 

Ինծի՛ եկէք գործատունէն` ուր երկար

Շաղուեցիք դուք մեր Աշխարհին ցեցակեր

Նո՛ր հիմեր.

Փուռէն` որ ձեր գըլխուն, սըրտին վրայ` մոխիր

Է ցաներ:

 

Ինծի՛ եկէք նաւարանէն` ուր կռեցիք

Նաւեր, վաղուան ձեր դագաղները պողպատ։

Ելէ՛ք արդ

Աղիքներէն հողին, ճահճին արգանդէն,

Դա՜շտն ու ա՜րտ:

 

Ինծի՛, ինծի՛ եկէք այս օր բոլորնիդ.

Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լոյս`

Որ ձեր խիւս

Ցեխերէն իսկ կը շաղուեմ նո՛ր Մարդկութիւն

Եւ նո՛ր Յոյս:

 

Հերի՛ք հիւծաք նըկուղներուն մէջ խոնաւ,

Եւ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,

Օդի,

Եւ ժանգի պէս երկաթներուն փարեցաք,

Նօթի՜:

 

Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակէ սալին վրայ.

Մըխուած մընան թող ատամները սղոցին`

Հեցին.

Կոճղին խըրուած` թող խէժերէն ժանգոտի

Կացինն:

 

Ի՛նչ փոյթ թէ որբ մընայ շարժիչ մեքենան,

Եւ գործատան մէջ ճիւաղներ սողան լուռ.

Ի՛նչ փոյթ ո՛ւր

Դառնայ ճախրակն, ու խորտակուին լոյծ փոկերն

Ընդհանուր:

 

Դե՛հ քրրտնաբոյր ձեր շապիկներն հանեցէք.

Թող ճենճոտած ձեր գըտակները նետուին

Հնոցին.

Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն

Բոցին:

 

Ինծի՛ եկէք, եկէք ինծի՛, Եղբայրնե՛ր,

Ձեր ամենուդ այսօր տօնն է Մայիսի,

Վասըն զի

Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արեան լոկ

Կը խօսի:

 

Զեփիւռն ահա,՛-- ո՛վ տառապեալ հոգիներ,

Ձեր կուրծքերուն բացէ՛ք վէրքերն` իր անգին

Խունկին.

Աղբիւրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լոյսին

Հակին:

 

Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևէ

Ձեր կոշկոճուած ձեռքերուն վրա արիւնոտ.

Եւ կարօտ

Կը զգայ մայրին` որ գըրկէք զինք թևերով`

Վիրոտ:

 

Ահա Արե՜ւն, Արե՜ւն ահա. լոկ ձեզի՛

Այս օր կ’նայի. կը համբուրէ միայն ձե՛ր

Ճակատներ.

Ան` բոլոր միւս ճակատներուն վրայ իշխող

Է թըքեր:

 

Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ

Փողոցներէն պէտք է անցնի լոկ այս օր

Ձե՛ր թափօր,

Դրօշներ ծըփան, ծաղկին յոյսեր, և գոռայ

Շեփոր:

 

Հանգի՜ստ երգեն թող ձեզ բոլոր արծիւներ.

Հանգի՜ստ երգէ քընարս, որուն, ձեզ համար,

Իբրեւ լար,

Ես արծիւի տըւի այս օր աղիքներ՝

Որ գոռար։

 

Թող ձեր շեմերը ողողուին վարդերով։

Երբ գայ լուսինն ու իր բիբերը բոցէ

Յածէ՝

Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն

Օծէ…։

ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

 

Գրասեղանիս վրայ, սա

Սկաւառակին մէջ կայ բուռ մ ' հող , բերուած հոն

Հայրենիքի դաշտերէն:

Նուէր է ան . - Զայն ինձ ձօնողը կարծեց

Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու

Թէ կու տար իր պապերունն ալ միասին:

Զայն կը դիտեմ . - մերթ ժամեր

Բիբերս անոր վրայ յառած կը մնամ

Լո՜ւռ եւ թախծո՜տ, իբր այդ հողին մէջ յուռթի

Նայուածքս արմատ արձակէր : -

Կը մտածեմ . - Գուցէ իր գոյնը բոսոր

Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն .

Վէրքերու սպունգ մ ' ըլլալով

Խմած է մաս մը կեանքի, մաս մ ' արեւու .

Եւ իբր տարր անպաշտպան

Կարմիր հող մ ' է եղած, հայ հող մ ' ըլլալուն:

Գուցէ իր մէջ կը բաբախեն տակաւին

Դարերը հին-հին փառքին,

Կայծն ամրակուռ սմբակներու որոնց գոռ

Արշաւանքն օր մը ծածկեց

Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:

Կ'ըսեմ . - Իր մէջ դեռ կ'ապրի

Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,

Կեանքս իմ , քու կեանքդ , ու տուաւ ,

Կարծես ձեռքով գիտակից ,

Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով

Կիրք մ ' Եփրատէն առնուած,

Սիրտ մը կամշոտ , թաքստոց

Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւռըն սիրոյ:

Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ ' հին ՝

Հին դիւցազնի եղած փսոր մը գուցէ ՝

Կոյսի մ ' աղուոր արցունքով .

Հիւլէ մը կայ Հայկէն , փոշի մ ' Արամէն,

Անանիայէն բիբ մը դէտ ՝

Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.

Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,

Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,

Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,

Կ՚ոգեզինէ - եւ աստղերու ինչպէս ցանն

Անհունութեան մէջ կապոյտ -

Փոշիներովն իր հրաբորբ

Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգէ :

Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ

Սարսուռով մ ' յորդ , ա՛յն սարսուռով ՝ որ մտքին

Հերկերուն վրայ աւելի՛

Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:

Ու կը զգամ անցքն ուղեղէս

Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր

Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.

Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ

Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիտ՚ չընէր

Եթէ մարմնոյս աճիւններն

Օր մը մահէն վերջ հովերուն մէջ գտնար.

Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ

Մնացած մեր յաղթ պապերէն,

Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,

Սիրտս սեղմած մագիլներով անծանօթ,

Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկագին

Ժամու մը մէջ ժպիտներու, սէրերու,

Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին

Զիս հապըշտապ կը մղէ

Մերթ լալու, մերթ մռնչելու,

Եւ զինելու բռունցքս, հոգիս բռունցքիս մէջ:

Հորս բանտի մեջ

 

Դեռ փոքր էի. եկա քեզի մի նավոր,

Մութ զըդանիթ մեր այցի:

Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ես ազատ

Մեշտեղ բանտի և մահճի:

 

Լուր տըվին քեզ․ եկար առջևը դըրան

Վանկապատ՝ որ - ոճիր-

Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:

Երկար անխոս, վըշտակիր :

 

Որքան նիհար էի և որքան աչքերդ

Ծարավ էի արևու.

Մորուքիդ տակ կարծես ոսկրի վրա բուսած.

Ով հայր, մեռել մէիր դու:

 

Նըշմարելուտ պես զիզ ժըպտիլ ըսկըսար․

Բայց այդ ժըպիտը բարի,

Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած

Լըճի մը վրա արտոսրի:

 

Կարկռեցիր սև վանդակին ետևե

Շըրթունքներդ իմ շըրթներուն․

Բայց իրարու անոնք ավաղ չըհասած՝

Մեր համբույրին դողդոջուն՝

 

Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:

Ոհ, պիտի որչապ քեզի

Բաղձաի տալ ընգրկումին մը մեջ տաք՝

Ազատ աշխարհը դուրսի,

 

Եվ մի փոքրիկ բիբերս քու բիբերուտ

Տեղալ երկնքին անսահման,

Սըրտես սըրտիդ պարապել բոլոր օրերս այն,

Որ արևու տակ անցնեմ:

 

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ

Պիտի լեցնել ուզեի,

Կամ ճիղմ հասակս ու ապագան հասագիս

Պիտ՝ հոն թաղել ուզեի:

 

Ով տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի

Սև վիպակները մեր տան,

Հաննիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ

Լըռության մեջ գիշերվա․

 

Ըսի թե մեր տանիքի վրա, լուսնի տակ,

Բուերը պար կը բըռնեն,

Թե այս տարի մեր վարդենին չորացավ

Գերեզմանատան խորշակեն:

 

Կը լըսեիր զիզ եվ հարցում կըընեիր,

Երբ հըրաման մը վայրի,

Կույր հըրաման մըեկավ ըզմեզ բաժնելու․․․

Դարձար առանց համբույրի․․․

 

ՈՒ ես երկար ետևեդ պիշ նայելով,

Հայր իմ, մինակ, հոն լացի.

Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր

Սիրտս աչքերես քամեցի:

 

․․․Ով կյանք սիրո, լանջ քըտինքի, սիրտ փուշի

Ցեխի նետված սըրբություն,

Արևուն բորբ հոսանքներու դեմ գոցված,

Ով երակներ ազազուն:

 

Տեսա՝ որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան

Եղեռնի մեջ, արտալած,

Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ

Եվ Հիսուսներ թըքնըված: