ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

 

Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային

 

 

Իմ մահվան օրը կիջնի լռություն,

Ծանր կնստի քաղաքի վրա,

Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,

Կամ լուր աղետի` թերթերում գրած:

Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,

Բարեկամուհու նման տխրատեսք,

Լուրը կշրջի փողոցները նախ,

Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...

Իբրև ծերունի մի թերթավաճառ`

Հուշիկ քայլերով և համարյա կույր,

Կշրջի բոլոր տներն անպատճառ

Ու կհայտնվի ամեն մի բակում:

Ստվերի նման, սահած տնից-տուն,

Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,

Կկանգնի, ինչպես դժնի լռություն`

Տարածված ամբողջ քաղաքի վրա:

Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,

Բոլորի սրտում կկանգնի հանկարծ

Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,

Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

 

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,

Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,

Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով

Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,

Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,

Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`

Մնացել են լոկ վկա անտարբեր

Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-

Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,

Որպես ընդհանուր աղետից սարսած`

Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ

Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...

Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,

Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-

Ելնելով անցած օրերիս նաշից,

Իմ ուրվականը պիտի սավառնի:

 

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,

Անցորդներն` իրար անծանոթ անգամ,

Աչքերում իրար և հայացքներում

Պիտի միևնույն թախիծը կարդան...

 

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով

Պիտի միևնույն սուգը հաղորդեն,

Երգերիս հանդեպ անսահման ներող,

Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...

Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,

Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,

Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,

Եվ թախիծը խոր հուշս կողողե:

 

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,

Գլուխը թեքած պատկերիս վրա`

Կնայի մի կին աչքերիս տխուր,

Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:-

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.-

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

 

 

ՊԱՏԳԱՄ

 

Նոր լույս ծագեց աշխարհին.

Ո՞վ այդ արևը բերեց:--

 

Ահա ոսկյա մի արև՝

ճառագումով իր հրե՝

Այգաբացի պուրպուրե

 

Նժույգների վրա հեգ՝

Նոր աշխարհին ու մարդուն

Հղում է լույս զվարթուն,

Նոր աշխարհին ու մարդուն

Ո՜վ բերեց լույսն այս արթուն,

Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,

Հրակարմիր, հրավարս,

Ադամանդյա լույսը այս:-

 

Կքած կյանքի բեռի տակ,

Խոր գերության ընդերքում,

 

Իմաստության մի գետակ

Հիմարության համերգում--

Քանի՜ տարի, քանի՜ դար

Վկայեցիր անհերքում...

 

Ափերին այն խավարտչին,

ՈՒր հայրենիքն էր մեր հին,--

Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,

Որ գերության անհաղորդ՝

Լուրթ՝ հոսելով դարից-դար՝

Մթության մեջ այն համառ

Այս այգաբացն էր կրում,

Հո՜ւր այգաբացն այս հեռու՝

Հնուց պահած իր ջրում

Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...

 

Կքած կյանքի բեռի տակ՝

Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

 

Ահա վառվում է մեր նոր

Հաղթանակի լույսը բորբ.

Լվանում է նա հիմա

Վառվող ոգին մեր անմահ,

Չքնաղ արև'ն այդ արի,

Վառված հրով աշխարհի...

Չկա՜ ուրիշ արև է'լ.

Նա' է միայն, որ դարեր

Անմար՝ պիտի արևէ'...

 

Լույսով վառված սակայն այդ՝

Նժարներից հիմա մենք

Հիմարությամբ չթափենք

 

Իմաստությունն այն արար.--

Մեր անցյալի խորամիտ

Է'ջն այն արդար ու ռամիկ՝

 

Մեծահանճար ու վարար...

Եղիշե Չարենց

 

Բազմել է ցարերի գահին

Թիֆլիսի նեղճակատ կինտոն,

Խրոմե սապուգներ հագին

Եւ գահը արել է ֆայտոն:

Նստել է քշում է բռի,

Վարգում է, ոտնում է անցնում,

Տիրան է, Ներոն է բռնի,

Սփռում է արյուն ու արցունք:

Լռել են ձայները «ի զեն»,

Դառել են կեղծած հիացում,

Նորավոր երկիրը հյուսկեն

Ժայթքում է իր մեջ մակածում,

Որ հետո ահավոր պարպի,

Խլացնի որոտներն ապեղեն,

Եւ ինչպես միջուկը պայթի,

Հուրհրա լավան հրեղեն:

Շառաչի, հորդանա, հորդի,

Արնաներկ գահի վրայով,

Զի բավ է արևներ մորթի

Այս կինտոն սարդի ճակատով:

Օ՜, երբ է Մըսըրը եղել,

Մեր հիմքում նման հոր փորող,

Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,

Ինչպես այս հարճորդին կարող:

Սև կառքի կառապան լկտի`

Բազմել է ցարերի գահին,

Լափում է որձակը մտքի,

Զրկում է մեզ հունդից ազգային:

Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,

Կավատի դավից անտեղյակ,

Արև էր, դառել է մահիկ

Աշխարհոմ մնացել մենակ:

Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ,

Իջնում է ազգիս երեկոն,

Եղավ մեզ չլսված մի նեռ,

Թիֆլիսի նեղճակատ կինտոն:

 

 

ՇԱՄԻՐԱՄ

 

 

Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝

Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

 

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի

Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:

 

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,

Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

 

Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին,

Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

 

Մտի´ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝

Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

 

Ո´չ վեճ է էլ հարկավոր, ո´չ պատերազմ մահառիթ---

Արքաների համար նոր--- բավական է մի ժպիտ.---

 

Միայն ակնարկ մի թեթև--- և կտրվեն նրանք քեզ,

Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.---

 

Կգան մեկ-մեկ ու սիրով --- ու կտանջես նրանց դու

Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

 

Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,

Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

 

--- Բայց կլինի մի գիշեր --- ու հմայքով նաիրյան

Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

 

Նորի´ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի---

Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:

 

Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին---

Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:

 

Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,

Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:

 

Նա կմեռնի, որպէս զոհ--- բայց չես հաղթի դու նրան.

Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ ---

 

 

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

 

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.

Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝

Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:

Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝

Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.

Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.

Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,

Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,

Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.

Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր

Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.

Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.

Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:

ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,

Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...

- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս

Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,

Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.

Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -

Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

 

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,

Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,

Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -

Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

 

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,

Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,

Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -

Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

 

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,

Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -

Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -

Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

 

Կա հոգեկան անհունության մի վայրկան,

Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,

Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան

ՈՒ դառնում են ուղևորները ճամփից

Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար

Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր,

Սիրտս վառել է կրակները անմար'

Հին երազները ու կարոտները հրե:

Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում

Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք,

ՈՒ կլինի հանդիպումի երազում

Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:

ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին,

Լույս կվարեք մառախուղում ու մուժում

ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,

Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:

***

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.

Նայել պահվող ճամփաներին անանուն

ՈՒ երազել խնդություներ արևառ:

Նայել կանաչ հովիտներին՝ արևի

Իրիկնային երանգներով շղարշված,

Խմել լուսե երանգները վերևի՝

Երջանկացած ու հարբած:

Ականջ դնել ցորենների շշուկին

Եվ սպասել, որ շշուկները բուրեն

ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին

ՈՒ երազները մեղմորեն օրորեն:

Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,

Աչքերս հառել հուրհրատող երազին,

Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,

Երանգների պես իրիկվա երազի:

Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,

Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_

Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան

Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

 

 

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...

Սիամանթո

 

ՄՈՒՏՔ

 

Քերթության ոլորապտույտ ճանապարհներով

Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,

Սիրտս կիզած բազում արևների հրով,

Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,

Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,

Ահավորված, ինչպես բարձր լերան առջև -

Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,

Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ...

Արդ՝ մանուկ եմ ես նորից, ե՛ւ անուժ, ե՛ւ դողահար,

Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,-

Լեզվիս վրա կսկիծ, ե՛ւ ջերմություն, ե՛ւ վահր՝

Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած:-

 

Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,

Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր,-

Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,

Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե:-

 

Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող

Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,

Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,

Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:

 

Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,

Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,

Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով

Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ...

 

Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ

Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,-

Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ,-

Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ...

 

Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,

Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,

Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված

Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ:-

Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,

Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,

Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,

Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին:-

 

Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,

Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ -

Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,

Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ...

 

Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝

Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ -

Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթության Պառնաս,

Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես:-

 

Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,

Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ,-

Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական

Թող դարերի՛ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ:-

 

Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,

Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե -

Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից

Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե:-

 

Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,

Որ ուղեցույց են հայցում, ե՛ւ առաջնորդ արդար, ե՛ւ կորովի հանճար -

Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը -

Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար...

 

Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,

Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,-

Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,

Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը:-

 

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,

Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,

Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,

Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ:-

 

Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,

Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,

Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան,-

Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ:-

 

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով

Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,

Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,

Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի...

 

Ա

 

Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-

Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ

Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ

Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:

Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,

Անուղի, ինչպես մոլորված երկու կույր կամ անօգ մանուկ:

Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե՛ մոտիկը մեր, թե՛ հեռուն,

Միևնո՛ւյն լռությունն անհուն:

 

Խտանում է մեր դեմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր

Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ:-

Մոտենում ենք մենք ժայռերին - և տեսնում ենք վիթխարի ծառեր,

Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ:-

 

Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,

Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,-

Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-

Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած:-

 

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.

Մոտենում է մեկը. դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.

Եվ ահա - ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-

Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա:-

 

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն

Քայլերով, կանգնում է մեր դեմ,- ուրվական է կարծես նա ցավի.-

Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,

Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:

 

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝

Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.

Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրա,

Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

 

«- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,

Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.

Բայց չքնաղ հայրենիքը քո - ինձ համար հայրենիք չդարձավ,

Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,- չբուժեց իմ սիրտը ցավից:

 

Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,

Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.

Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,

Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին:-

 

Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,

Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.

Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,

Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:

 

Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,

Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս,-

Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝

Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս:-

 

Եվ երգս իզուր չհնչեց:- Հայրենի եզերքից քո լուրթ

Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու -

Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,

Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու:-

 

Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր

Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին,-

Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,

Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»

 

Ասաց - և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,

Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած,-

Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,

Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:

 

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից

Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ:-

Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,

Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում... Եվ անձայն անցանք մենք առաջ:-

 

Բ

 

Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,

Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,

Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,

Եվ թվում են ծառերն անտառի - սարսափից քարացած դեմքեր:

 

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -

Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,

Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,

Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:

 

Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,

Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:

Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան

Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:

 

Խարույկի շուրջը թափված՝ մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,

Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան:-

Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր -

Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:

 

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար

Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,

Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝

Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:

 

Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.

Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.

Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.

Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:

 

Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,

Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,

Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝

Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.

 

«- Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,

Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր,-

Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,

Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը - և հա՛ր առկայծե:

 

Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքված,

Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,-

Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.

Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն:-

 

Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.

Իմ քնարը, գրիչն իմ հատու - սրբազան մրրի՛կ սերմանեց,-

Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա -

Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք»...

 

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,

Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.-

Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,

Եվ խարույկը չէր բորբոքում... Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

 

«- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,

Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-

Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,

Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»

 

Այսպես նա կանչեց,- և ահա, անտառի խորքից ելնելով,

Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.

Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.

Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:

 

Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ շառաչուն երգի փոխարեն՝

Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.

Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,

Եվ գաճաճն սկսեց պարել - խելագար, խնդությամբ անծիր...

 

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն,

Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի ներքո,

Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման մշտարթուն,

Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու երգով:-

 

Իսկ ծառի ճյուղերից կախած կմախքները այն չորացած,

Շարժելով ծնոտներն իրենց՝ սկսեցին ամեհի կափկափել,-

Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ մոռացած,

Սկսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել...

 

Գ

 

Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,

Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով,-

Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդյուն,

Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով ու ճիչով:

 

Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,

Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին բացած,-

Եվ այդպես երկար վազելով - դուրս եկանք հանկարծ անտառից,

Եվ փռվեց աչքերիս առջև - ամայի, ընդարձակ մի բացատ:

 

Ողողված կարմրավուն լույսով - ձգվում էր բացատն ընդարձակ,

Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ:-

Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,

Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր:

 

Մենք նայում էինք բլուրին՝ աչքներս սարսափից չռած,

Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առույգ.

Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ,

Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական խարույկ:-

 

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն այդ թեք,

Քայլեցինք ուղիով այդ ոլոր,- և ահա, բլուրին չհասած,

Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդեմ,

Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած:

 

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞,- դժվար էր որոշել իսկույն:-

Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև,

Մնում էր մի պահ իր տեղում - և հանկարծ թռիչք էր անում,

Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորե՛խն է թռչում տեղից տեղ:

 

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր առաջ -

Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կույտ.

Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար,

Իսկ հետո - իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ:

 

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կույտին -

Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղ՝ երկաթյա մեքենա,

Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,

Իսկ սրտի փոխարեն - կրծքում պողպատյա զսպանակ դրած:

 

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝

Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.

Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց -

Եվ այսպես նա խոսեց՝ ներք-ից ցասումով նայելով մեր վրա.

 

«- Ո՜վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի,-

Նայեցե՛ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր տեղից.-

Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի

Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված թիթեղից:-

 

Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,

Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ.

Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ

Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»:

 

Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,

Տիրում էր այնտեղ բռնություն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կյանք անազատ.

Գնացին նոքա՝ սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,

Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:

 

Հանելով բարբարոս հորդաներ - նա քանդեց մեր շեները բոլոր,

Մեր մանկանց արյա՛մբ արբեցավ՝ թաքնըված որջում արքունի,-

Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին դիմելով,

Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արյունից:

 

Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,

Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց,-

Եվ խփեց - խորտակեց նա ինձ... Իսկ Արքան կենդանի մնաց,

Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր...

 

Եվ մնա՜ց նա կենդանի... Կենդանի՜ նա մնաց... Վա՛յ ինձ...

Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած անկատար...

Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝

Ես կյանքից ընդմիշտ հեռացա... Եվ չունե՜մ հանգիստ ու դադար»...

 

Ասաց - կափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,

Աչքերից շանթեր արձակեց,- և հանկարծ թռչելով տեղից,

Սկսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,

Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի:-

 

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ վայում,

Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում ցավի,-

Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,

Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքերով կավիճ:

 

Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան երկու այր,

Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա նշան.

Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,

Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի դրոշակ:

 

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն հոլին,

Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ,-

Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի -

Սկսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել:

 

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ անում՝

Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ կամ բյուրեղ -

Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,

Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր:

 

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն¦,- ձայնում էր կանչով շառաչուն,

Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն տարածած,

«Խա՜ն Բա՜ն ո՜տ, Խա՜ն Բա՜ն ո՜տ, Բա՜ն ո՜տ»,- ձայնակցում էր նրա հառաչին

Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած:

 

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ

Սկսեց թուլանալ, հանդարտել,- և ահա ընկավ ուժասպառ.

Ցնցվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն ահագին,

Բայց նա էլ հանդարտվեց ահա... Եվ տիրեց լռություն անբառ:-

 

Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի

Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին,

Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,

Եվ լսեց աղմուկ, ոտնաձայն - ներքևից, անտառի խորքից:

 

Լսելով ձայնը շեփորի - վեր թռավ տեղից հոլաձև

Այն կմախքը կամ մարդը կրկին՝ ճակատին արնաթոր վերքեր,-

Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին, նա լսեց,-

Եվ քամու նման սրընթաց - երեքով սլացան ներք-:

 

Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,

Ձայնում էր բլուրի գլխից, ինչպես կոչ, երթի աղաղակ,-

Եվ լսվում էին ներքևից, անտառից - ճիչեր ու կանչեր,

Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ:

 

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,

Տագնապով, ինչպես ահազանգ,- և ձայնին նրա զուգահեռ՝

Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,

Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու ջահեր...

ՍՈՄԱ

 

 

Текст:

(Նոր Ուղղագրութեամբ)

 

I

 

Որպես քուրմը Գանգէսի,

Կարոտակեզ, սիրակեզ -

Կեանքս տվե՜լ եմ լույսիդ

Եւ երգում եմ քեզ

Քե՜զ եմ երգում այս կարմիր

Աշխարհում հիմա,-

Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,

Խելագա՜ր սոմա՛:

 

II

 

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,

Ու սիրտս - գարուն,

Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում

Այս չար աշխարհում:

Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ

Քո դէմքը հրե,-

Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,

Ով որ քեզ սիրե:

 

Ու սիրտս տված մահի անուրջին,-

Մա՜հ էի տենչում,-

Բայց տեսայ հանկարծ քո դէմքը վերջին

Այս աղջամուղջում:

 

Քո դէմքը տեսա, որպես սրբազան

Մի զոհաբերում.

Քո դէմքը տեսա աշխարհասասան

Այս հրդեհներում:

 

Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց

Հրդեհի պարին,-

Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,

Վառվող աշխարհին...

 

 

III

 

Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,

Երկնային մի քույր,

Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին

Թույն, թախիծ ու բույր:

 

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում

Բույսերը բոլոր.

Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում

Քաղցր ու ահավոր:

 

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,

Գինի հրակեզ,

Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -

Ցանկանում ենք քեզ:

 

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում

Դու, որպես գինի,-

Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,

Որ այս աշխարհում քո կամքը լինի...

 

IV

 

Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,

Սրբազան դու սեր,

Ոգեվորության դու քա՜ղցր գինի,

Երկունքի գիշե՜ր:

 

Արշալույսների սրբազան արգանդ,

Ոգու Կաթն Ծիր.

Արեվից առաջ դո՛ւ երկնից անցար,

Ոսկի փռեցիր:

 

Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,

Դու - ազատությո՜ւն,

Դու - վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,

Դու - ոգու խնդում:

 

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,

Հոսում ես արագ,

Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում

Վառվում ես յանկարծ, դառնում ես կրակ:-

 

Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնվի՜ թող այն

Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,

Երբ մարդու սրտում առաջին անգամ

Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար...

 

Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,

Սրտից ծփալով - անցար աշխարհին,

Եւ կյանքը այս չար, այս կյանքը տխուր

Հանձնեցիր հրին:

 

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.

Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.

Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում

Մեզ մխիթարել...

 

Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,

Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.

Օրհնվի՛ թող քո անունը նորից,

Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:

 

Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.

Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,

Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.

Բռնկվի՛ր կրկին ու կրկին անգամ,

Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,

Խելագա՜ր Սո՛մա...

 

V

 

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում

Մխացել է դա՜ր ու դարե՜ր,

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում

Քանի՜ ոսկի ջահ է վառել...

Քանի՜ ոսկի ջահ է վառել...

Երկրի մուԺում,

Քանի՜ ոսկի ջահ է վառել

Կյանքի փոշում:

Դա՜ր ու դարեր մեր սրտերում

Վառվել է վառ,

Բայց հրդեհվել չի կամեցել

Աշխարհը վառ:

 

Ով չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -

Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:

Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.

Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում:

ինիդ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝

Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

 

Ու գիշերի թանձր մթում -

Հրե մի սուր -

Դուրս է թռչում գերեզմանից ՝

Վառվում է զուր...

Սո՛մա, գինիդ, որով հարբել,

Խենթ ենք հիմա -

Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ

Երկունք ու մահ.

Մա՛հ է տվել ու գերեզման,

Հող ու անհուն -

Որ դուրս թռչի, ազատ վառվի -

երեզմանում...

Ու չեր վառվում դա՜ր ու դարեր

Աշխարհը քար.

Հիմա վառվեց...Խե՜նթ ենք մենք էլ

Ու խելագար:-

 

Պա՜ր ենք բռնել խելագար,

Հրդեհում ենք ու վառում -

Այն ամենը, ի՛նչ որ կար

Հազարամեա աշխարհում:

 

Ու արյունը մեր ՝ խառնված հրին ՝

Վառվում է ագահ,-

Ու լույս է տալիս վառվող աշխարհին

Դեմքդ հեռակա:

 

VI

 

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,

Եւ մեր շուրջպարում - հրդեհի պարում

Հէքյա՛թ է կեանքը, ուր մարդը - կրակ:

 

Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում

Կյանքերը մեր կարեվեր,

Ու վառվում է աղջամուղջում

Ողջակիզվող սիրտը մեր:

 

Ամբոխները զրահապատ

Ծափ են զարկում ու պարում,

Ջա՛հ է դարձել ամեն մի մարդ

Կրակապատ աշխարհում:

 

Ու պար բռնած ու խելագար

Ե՜րգ ենք ասում կրակին -

Ու վառվում է աշխարհը քար

Մրրիկներում կրակի:

 

Կիրակի է կյանքն հիմա -

Ջահազարդվա՜ծ, կրակուն -

Ու պարում են կյանք ու մահ

Սո՛մա, քո սուրբ կրակում...

 

VII

 

Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,-

Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,-

Զվարթ ու սեգ,

Եկեք, մտե՛ք շուրջպարը մեր -

Եկե՜ք, եկե՜ք:

 

Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում

Երկինք հասած կրակը թեԺ.

Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի

Ողջակիզվող ու հրակեզ:

Ով որ եկավ – պետք է իր հետ

Ողջակիզվող մի սիրտ բերի-

Եկե՛ք, հսկա պարը մտեք

Աշխարհային հրդեհների:

 

Ու ծավալվի՛ թող

Աշխարհովը մեկ

Հրդեհը մաքրող,

Բոցը հրաշեկ:

 

Կյանքը հնամյա,

Որ մխում է զուր -

Թող մոխի՛ր դառնա

Ու անցնի իզուր

 

Հո՛ւրը թող մնա,

Հրդե՛հը հոգու,

Ու հրաշք դառնա

Սո՛մա, խոսքը քո:

 

VIII

 

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ

Ամբոխները ահագին,

Որ կյանքը հին ու սնամէջ

Ողջակիզեն կրակին:

 

Ու հուրն ընկած, անդարձ, անել,

Այրըւում է կյանքը քար -

Ու հրդեհում պար են բռնել

Ամբոխները խելագար:

 

Ու արյունը մեր, խառնված հրին,

Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան -

Ու Ժպտում է քո դեմքը աշխարհին

Այս հրդեհներում աշխարհասասան...

 

IX

 

Թվում է հիմա կյանքը իմ հոգուն

Մի ոսկի տեսիլ.

Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն

Հիմա՛ եմ հասել.

Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ քո կրակում

Վառվում եմ ես էլ...

 

Կը վառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ

Ու զոհաբերում,

Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ

Որ չունի մարում -

Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես

Այս չար աշխարհում...

 

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,

Բայց քա՜ղցր է այնքան.

Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես

Ու վաղը չկամ.

Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի

Տիեզերական:-

 

Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում -

Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլո՜ր գալիք արշալույսներում:

Այրած երգեր

 

Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,

Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,-

Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով

Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:

Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին

Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,

Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,

Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,-

Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ

Մի երեկո գրած նվագների տակից

Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ

Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:

Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու

Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած,

Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,

Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:

Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.

« - Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,

Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,

Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-

Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,

Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,-

Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,

Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»․․․

Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,

Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,-

Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում

Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:-

Երբ դադարեց քո ձայնը այն երեկո - հանգիստ

Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,

Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝

Ես այրեցի երգերըս մի երեկո գրած․․․

 

 

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՃՐՈՒՀԻՆ»

ՇԱՄԻՐԱՄ

 

 

Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝

Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

 

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի

Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:

 

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,

Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

 

Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին,

Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

 

Մտի´ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝

Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

 

Ո´չ վեճ է էլ հարկավոր, ո´չ պատերազմ մահառիթ---

Արքաների համար նոր--- բավական է մի ժպիտ.---

 

Միայն ակնարկ մի թեթև--- և կտրվեն նրանք քեզ,

Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.---

 

Կգան մեկ-մեկ ու սիրով --- ու կտանջես նրանց դու

Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

 

Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,

Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

 

--- Բայց կլինի մի գիշեր --- ու հմայքով նաիրյան

Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

 

Նորի´ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի---

Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:

 

Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին---

Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:

 

Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,

Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:

 

Նա կմեռնի, որպէս զոհ--- բայց չես հաղթի դու նրան.

Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ ---

 

1920

Օ՜, մարդ աստծո,

Դրախտի Ադամ,

Ու դժոխքի դեւ,

Եղիշե Չարենց:

 

Կարդում եմ ահա

Տողերդ մահվան բորբոսով դեղին,

Վերջին օրերիդ խոհերը մռայլ որպես մղձավանջ,

Ահով պահ տված հայրենի հողին:

 

Կարդում եմ ահա,

Եվ յուրաքանչյուր քո բառ ու տողից

Սարսափից սառած հայացքիս հանդեպ

Հառնում է գունատ որպես մագաղաթ,

Կամ եգիպտական որպես մի մումիա

Դեմքդ անբասիր ու եղերական,

Եվ անապատի նման ճաքոտած շուրթերով կապույտ,

Մրմնջում ոճիր մի զարհուրելի:

 

Կարդում եմ ահա,

Եվ թվում է թե

Խավար վիհերից Արարատ Լեռան,

Թե խռով հոգուս մթին խորշերից,

Մի ծծմբաբույր ծուխ է բարձրանում

Ծանր ու թանձրամած,

Ծածկում ամեն ինչ:

 

Խուլ դղրդում է ընդերքը լեռան,

և Նզովա՞նք է դա, ո՞ղբ է, թե՞ հառաչ և

Դղրդում է խուլ ու հանկարծ, մեկեն

Որպես նրա խուլ խառնարաններից ժայթքող

հրաբուխ,

Ծանր ու շառաչուն շղթաների մեջ

Հառնում է հզոր

Մեր առասպելի արքան Արտավազդ,

Եւ բոցերի պես գազազած ու գիժ

Ժայթքում են ժահրոտ գամփռերն իր հովազ

Եվ ժայռերի դեմ ահեղ փշրելով

Շղթա կրծոտող ժանիքներն իրենց,

Մեր հազար տարվա զայրույթն են հաջում

Արյան լճերում աներազ ննջող

Աշխարհի վրա:

Արթուն եմ արդյո՞ք,

Թե՞ զառանցում եմ մղձավանջի մեջ...

O՜, դու մեր երգի անիծյալ արքա,

Օ՜, մեր դարերով շղթայված ոգու

Կապանքը կրծող ժեռաժանի շուն,

Եղիշե Չարենց:

Այդպես, ճիշտ այդպես

Ազատն Մասսյաց վիհերից խավար

Ժայթքեցիր մի օր,

Որ ավերակաց մեր թագավորես,

Եվ մեր առանական լեզվով բարբարոս

Դարեր երազած մեր նոր հարության

Այգը շեփորես,

Եվ վաստակես... ի՞նչ,

Արարման վայե՞լք...

Դառն է խորհուրդը հավիտենության,

Հավերժով դյութված արեւելքի մոգ,

Եղիշե Չարենց:

 

Արյուն է կաթում

Պողպատաճիրան, ոճրագործ դարի

բոլոր մատներից,

Դար, որ ճառագեց լույսի խոստումով

Եվ արդարության,

Եվ սակայն եկավ իրեն մկրտեց

Արյան լճերում ազգ ու ցեղերի,

Որոնց մեջ, ավա՜ղ,

Ամենաառատ, ամենաձրի արյունն իմ ցեղի

արյունն էր արդար,

Ծննունդը լույսիդ ինչպե՞ս չանիծեմ,

Քսաներորդ դար:

 

Ինչպե՞ս չանիծեմ, եւ ինչպե՞ս ցնծամ,

Որ քո լույսերում հարության հույսով

Ճախրանքի ելած մեր գուսաններին

Մահվան տեսիլներ լոկ բերիր ընծա,

Ժայռին զարկելով նրանց երազող

անգերը քնար,

Եւ թողիր, որ մի ամբողջ ժողովուրդ,

այլերից քշված հոտի պես անտեր

Թիարան գնար:

 

Եւ ինչպե՞ս, ասաþ, ինչպե՞ս Օրհներգեմ

Եվ շռայլաշող ու մեծադղորդ

Այգն այն փրկար,

Որին նաիրյան հանճարդ հորդուն

Ողջակեզ տարար,

Եւ որը ճամբիդ նշավակության ու

չարչարանքի

Գողգոթա դառավ:

 

Եւ ինչպե՞ս, ասա,

Ա՜յս ասղաթռիչ, տիեզերահեն արհավիրքի դեմ

- դար, որ արարեց

Դեր-զոր ու Աշուիտս ու Հիրոսիմա,

Եւ իր արնահեղ ալեբախումով

Մի օր ափ նետեց

Իր փառքը երգող խիզախ նավազիդ

Մարմինը մեռած -

Ինչպե՞ս չդառնամ

երեզմաններում մազերս փետող

ուժկան մի պառավ,

Ու չմրմնջամ նզովք ու անեծք,

Օ, Մարդ արարած,

Դրախտի Ադամ

Ու դժոխքի դեվ,

Եղիշե Չարենց:

 

Աշխարհը, այո,

Վաղուց է դարձել մի փոքրիկ փողոց,

Բայց այս փողոցը նման չէ, ավա՜ղ,

քո երազածին:

Այստեղ ոչ միայն բաժակ չեն զարկում

Միմիանց կենաց հայն ու չինացին,

Այլեւ հազիւ է բարեւում փոքրիկ

փողոցում այս նեղ

Եղբայրն եղբորը իր արյունածին:

Եւ խելագարված ամբոխներն, այո,

Արեգակներ են շպրտել ի վեր,

Եւ երկինքներից արեգակներ են պոկել

անհամար,

Ու կախել շքեղ առաստաղներից ապարանքների,

Բայց մեծահանճար պատասխանների

դարում ան-դադար

Ինչպե՞ս հարց չտալ,

Մարդկային հոգու հորիզոնները

Այդ ե՞րբ են եղել

Այսքան լուսառատ ու այսքան խավար:

Այդ ե՞րբ է եղել Աստծու գահին

Մարդն այսքան մոտիկ, ու այսքան հեռու:

Այդ ե՞րբ են եղել քաղաքները մեր

այսքան բազմամարդ,

Եվ քաղաքներում բնակվող մարդիկ

այսքան մենավոր:

Այդ ե՞րբ են եղել հաղորդակցության

ցանցերն այսքան խիտ,

Եվ մարդիկ իրար այսքան անհաղորդ,

Ճանապարհները այսքան լայնահուն

եւ անհանգրվան,

Սովահարների բանակն այսքան մեծ՝

դաշտերն այսքան լի,

Անցյալն անհաստատ, ներկան անստույգ,

Ապագան այսքան անիմանալի,

Մարդն այսքան ազատ ու այսքան գերի,

Եվ ե՞րբ է եղել կյանքում ամեն ինչ

այսքան կատարյալ ու այսքան թերի

Օ՜, ժամանակի սեւեռուն իմ հարց,

Եղիշե Չարենց,

Դառն է խորհուրդը ժամանակների:

 

Եվ անգամ դարում այս մեծահանճար

պատասխանների

Ամեն պատասխան ծնում է նոր հարց,

Ամեն անսահման դառնում է մի նոր

սահմանափակում,

Ամեն հաղթանակ՝ մի նոր պարտություն,

Ամեն մի նոր սեր նյութում է մի նոր

թույն ատելություն,

Ամեն ճանապարհ տանում է դեպի մի նոր

փակուղի,

Ամեն մի թռիչք դեպի նոր անկում,

Դեպի նոր նահանջ՝ ամեն հարձակում,

Եվ այսպես անվերջ տարուբերվում է

Հողագունդն այս հին,

Երկու բեվեռով կախված կեռերից

հարցականների:

 

Ու եդեմական Ադամից մինչեւ Եղիշե Չարենց

Ու Տերունական Եղիցի Լույսից

Մինչեւ լուսաբաղձ Սևակն Պարույր,

Մենք մեր արյունից ու մեր մարմնից

Խավարումի դեմ վառել ենք խարույկ,

Եվ միշտ ըմպելով մեզ բաժին ընկած

բաժակը դաժան,

Հավատացել ենք միամտաբար լավին ու

բարուն:

Ու հիմա կրկին,

Ու հիմա նորեն,

Ո՜վ դու նաիրյան երգի Արտավազդ,

Ագռավի քարում անժառանգ փակված

Ո՜վ Սասմա Մհեր,

Եւ պորտի վրա հավերժ սողացող

օձերից խայթված,

Օ՜ Վիշապաքաղ կործանված Վահագն,

Եղիշե Չարենց,

Բորբոսից դեղնած թղթերիդ փոշում,

Սև տագնապներից վառված անտառի՝

Հավիտյան սառած մոխիրների տակ

Ես որոնում եմ, որոնում համառ,

Անկոր հավատքի անթեղված մի կայծ,

Ջրհեղեղային տեղումների տակ

մարած օջախի

Դեռ վառ մնացած մի կտոր ածուխ,

Որ բորբոքեմ ու տաքացնեմ հոգիս

Անհավատության աշխարհակործան

գիշերում այս ցուրտ:

 

Ու որոնում եմ անմար հավատքի մենավոր

մի աստղ

Քո մեծ դառնության ծովում ալեծուփ,

Որ ցույց է տալիս ճամբան փրկության,

Ու որոնում եմ

Երկնքիդ անաստղ խավարը ճեղքող

հավատքի ասուպ,

Որ նարեկացու բոց հառաչանքով

Լուսավորում է խավարը հանկարծ

Եւ մխրճվում է կողը Աստծու:

Ու որոնում եմ

Թղթերիդ ծամված ծվենների մեջ

Մի վաղնջական հավատքի մասունք,

Որ կոմիտասյան աճյունի պես սուրբ

Վերադառնում է անապատներից

ծով տառապանած,

Ու անթեղվում է հայրենի հողում,

Որ մի օր հառնի որպես հոգու հաց,

Իր քաղցող ցեղին,

Եւ ամենեցուն:

 

Օ՜, մարդ արարած.

Օ՜, բարի Չարենց

Դու կատարյալի, լավի, արդարի

Անկատար, կիսատ, գլխատված իմ քուրմ,

Օ՜, դու պատմության հազարգլխանի

իշատիչներից ծվատված իմ սուրբ,

Ծվատված իմ հող,

Շվատված երկիր,

Ծվատված ծվեն ծվատված երգի,

Ո՜վ դու իմ մարվող հավատքի մասունք...

Ա՜խ, ի՞նչ եմ ասում,

Ա՜խ, ի՞նչ եմ ասում,

Կուրծքս ճեղքվում է արյուն է հոսում,

Արյուն,

Որ հորդում ու հեղեղում է

Փտած թղթերիդ աղճատված լեզուն...

Ողբամ քեզ Չարենց,

Ու ողբամ զքեզ

Իմ որդեկորույս մայր եղերաբախտ,

Իմ հայ ժողովուրդ...

 

Եւ հանկարծ հառնած

Տողերից այս մութ ու խառնիճաղանճ,

Որպես դարերի արնոտ մշուշից,

Օձի մոգությամբ

- Ինչպես նկարից սարյանական և

Որ աչքերի մեջ պահում է - թույն -

իմաստություն,

Դու նայում ես ինձ,

Նայում ես համառ,

Եւ շունչս հատում:

Ու հայացքը քո

Պատասխան հայցող հայացքիս հանդեպ

Մռնչում է խուլ, ու շաչում որպես

արյունոտ մի հարց.

- Բայց միթե՞, ավա՜ղ, միթե՞ չկա վերջ

Լացին մեր աղի,

Տառապանքին մեր այս թույն ու լեղի,

Ու միթե՞ չկա

Մեր եղերական ողբին այս ավարտ:

Ես ողբն եմ ատել, և գովերգելով

Ատել եմ անգամ մեր աղոթք դարձած

Երգը ողբաձայն,

Ատել եմ վերքը մեր արյունաքամ,

Ատել եմ խարխուլ խուղերը մեր խեղճ,

Եվ սրբությունն եմ ատել անաղարտ,

Եվ խնդությունը բարեխիղճ ցեղիս,

Որ ժառանգել եմ ես ինքս էլ, ավա՜ղ,

Իմ խեղճությունն եմ ատել ես վհատ:

Ու եթե կյանքում վերուստ սահմանված

Դերեր կան անխախտ՝

Դերը դահիճի և դերը զոհի,

Բայց ո՞վ ասաց թե մարդը հավիտյան

Պիտի իր դերին իր կյանքը զոհի,

Զոհվողի դերն եմ ատել հավիտյան,

Բայց ժառանգել եմ ես էլ, -

Օ՜ զավեշտ հավիտենական, -

ավաթը զոհի:

 

Եւ հարցականը քո հայացքի մեջ

բռնկվում մեկեն,

Դառնում է պատգամ անգութ ու դաժան:

 

- Եթե չենք կարող վերուստ սահմանված

օրենքների մեջ մեր մատը կոխել,

Սակայն կարող ենք, և պարտավոր ենք

դարեր խաղացած խաչ բարձրացողի մեր

դերը փոխել: -

Եւ սա է, Չարենց,

Քո կախաղանի պատգամը վերջին,

Որ մեր ականջին

Որպես արթնության աքաղաղի կանչ

դեռ պիտի հնչի,

Մինչեւ...

Մինչեւ ե՞րբ:

 

Ու մինչ այդ,

Մինչ այդ,

Պիտի ընդունենք,

Որ այս աշխարհի մանրեների պես աճող

մեղքերը լվալու համար

Ջրհեղեղ է պետք,

Ու ջրհեղեղում աշխարհակործան պիտի

խեղդվեն, խեղդվեն բազում ու բազմահազար

անմեղ մանուկներ:

 

Ու մինչ այդ,

Մինչ այդ

Պիտի ընդունենք,

Որ իրենց բազում ու բազմաբարդույթ

մեղքով մեղկացած հին պալատներին

նոր ու զորավոր արքաներ են պետք,

Եւ այս նորերին վեր մագլցելու համար

ոսկորե սանդուղքներ են պետք

տառապանքների բեռան տակ կորված

բազում ուսերի:

 

Ու մինչ այդ,

Մինչ այդ,

Պիտի ընդունենք,

Մաքսավորներով ու չարչիներով ճոխ-

ապականված հին տաճարներին

նոր ու զորավոր աստվածներ են պետք

մտրակը ձեռին,

Եւ Հուդաներ են հարկավոր սրանց մատնելու

համար,

Եւ բորոտներ ու դիվահարներ են հարկավոր

սրանց՝ բիճ թե կուսածին այդ աստվածների:

 

Ու մինչ այդ,

Մինչ այդ,

Պիտի ընդունենք,

Որ շքեղազարդ սքեմի համար ու սաղավարտի

համար սսկեզոծ

մեղկ ու մեղսական մարմիններ են պետք,

եւ գանգեր են պետք նենգ ու դավադիր,

որ դրանք կրեն իրենց գագաթին,

եւ ուսերն ի վար:

 

Ու մինչ այդ,

Մինչ այդ,

Պիտի ընդունենք,

Որ սրան օծման ու թագադրման համար

մերկիրան մարգարեներ են պետք ու հարկավոր,

որ դավաճանվեն ու խաչ բարձրանան

Փշե պսակը գունատ ճակատին:

 

Դու ջրհեղեղում խեղդամահ դառած

մեր անմեղ մանուկ,

Դու գահ մագլցող ինչ որ ճիվաղի

ոսկորե սանդուղք,

Դու սրբագործող քո խարազանով

տաճարը մտած

տկլոր մարգարե,

Եւ դու փշազարդ մեր գունատ ճակատ,

Պսակազերծող մեր պսակավոր,

Եվ դու անբասիր ու եղերական

մեր "Առեք-Կերեք"

Դրախտի Ադամ,

Ու դժոխքի դև,

 

I.

 

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին,-

Հրանման հոգիներին:-

Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-

Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-

Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`

Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն:-

 

II.

 

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:

Արևը բորբ` մայր էր մտնում արևմուտքում:

Դաշտի վրա փռովել էր մուժ արյունամած`

Թույն էր կարծես` բորբ արևի սրտից քամած:

Արևը, թէժ` մայր էր մտնում արևմուտքում-

Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում:

Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա-

Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա:

Ու արտերը, ալեծածան, վառովել էին

Արեգակի կարմիր փայլով իրիկնային:-

Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած`

Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ:-

Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի-

Ծով էր կարծես` մշուշի մէջ իրիկունի:

 

III.

 

Արևի տակ իրիկնային, իրկնային հրով վառված`

Այդ հին դաշտում կռւում էին ամբոխները խելագարվա'ծ:

Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`

Եկել էին նրանք նորից` լուսավառված ու կրակոտ:

Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր,-

Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:

Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնավ,

Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ:

Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր

Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:

Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ`

Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրօշ:

Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի`

Բերել էր իր մկաններում բեղմնաւորված ույժը հողի:

Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի-

Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների…

Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ`

Անծիր դաշտում այդ հավաքված` նրակք կռվի էին ելել:

 

IV.

 

Մայր էր մտնում իրիկնային արևը` թեժ լույսով վառված-

Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված:

Դաշտն էր դեմը, փռված էր նա` շառագունած ու արևուն,-

Ու հետևում, ճամբի վրա հսկա քաղաքն էր երևում:

Ծո՜յլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված`

Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըված:

Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին-

Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մէջ իրիկնային:

Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում`

Հետըզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում:

Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի

Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.

Արևի դեմ փայլում էին հրաբոսոր`

Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…

Եւ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ`

Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական:

Ծուխ չէր ելնում նրանց փողից` չէին փնչում երկինքն ի վեր.

Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ:-

Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե-

Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե:

 

V.

 

Իսկ քաղաքից դէպի հարաւ` ահատեսիլ ու յաղթական`

Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական:

Լսւում էր մերթ շոքեկառքի սուլոցը սուր հեռու մուժում-

Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…

Ճչում էր սուր, յուսակտուր, ու յուսահատ ձայնը նրա,

Որպես անդարձ մահի մի լուր տարածւում էր դաշտի վրա:-

Ցրված էր նա, կայարանը, հսկայ ու յաղթ, նրանց առաջ-

Ու հանգույցից կայարանի, դաշտովը մէկ լայնատարած`

Դէպի հիւսիս, դէպի հարաւ, ւ արևմուտք ու արևելք-

Ուղիները երկաթաձիգ ձգուել էին ամէնուրեք:-

Երակների պես երկաթէ քաղաքամոտ կայարանից`

Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգուել էին ուղիները երկաթաձիգ:

Երակների պես երկաթէ` ամուր գրկած կուրծքը հողի`

Սեղմըւելով հետզհետէ` փախչում էին գաղտնագողի…

Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում-

Կայարանը, որպես մի հարց, որպես հսկայ մի քարացում:

Ուղիների ճամբամիջում հանգույց էր նա կարծես կապված-

Ու անզիջում կռւում էին ամբոխները խելագարված:

Կարծես նետված մի յաղթ ձեռքով` աշխարհային կամքին հլու`

Գնո՜ւմ էին կռուո՜վ, երգո՜վ կայարանը գրաւելո՛ւ:

 

VI.

 

Կռւում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:

Դէմը քաղաքն էր տարածուել` հազարամեայ մի թշնամի:

Սֆինքսի պես հսկայական, շէկ ծծերը դրած հողին`

Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին:

Ու կայարանը` յաղթանդամ, իրիկնային կարմիր մուժում,

Յաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն:

Յաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի`

Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:

Ու գծերի մոտ երկաթէ, դէպի հիւսիս. դեպի առաջ`

Ձգուել էին ալիքաձև խրամատներ գետնատարած:

Թշնամին էր պահուել նրանց ալիքաձև գետնափորում

Ու մատներով արիունոտված դէմը փռված դաշտն էր փորում:

Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած`

Կրակում էր գաղտնագողի, նենգ ձեռքերով արյունոտած:

Կռւում էին` մոտենալով, մոտենալով հետզհետէ:

Պայթում էին զրընգալով հրանօթները երկաթէ:-

Ե՜րգ էր կարծես կռիւը այդ, որ զրնգում էր մայրամուտում.

Նայես` թռաւ մի հրանօթ ու թունդ պայթեց խրամատում…

 

VII.

 

Կռւում էին, ու կռուելով անցնում էին նրանք առաջ:

Ու դաշտերում իրիկնային մա՜հն էր քրքջում համատարած:

Երգում էր նա` երգը խառնած հրանօթի զրնգունին,-

Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռւում էին:

Ե՜րգ էր սիրտը ամէն մէկի, երգ էր հայեացքը կրակոտ.

Վառւում էր սիրտը ամէնքի, որպես կարմիր մի առաւօտ:

Ե՜րգ էր կարծես արևը հին` իրիկնային լույսով վառված-

Եւ երգելով կռւում էին ամբոխները խելագարված...

 

VIII.

 

Եւ երգում էր մէկը` հզօր, հուժկու ձայնով ահեղագոչ,

Գո՜վքն էր երգում կռուի ելած, արիացած իր ընկերոջ:-

Որպես բազէ` երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ-

Եւ երգելով կռւում էր նա` լուսաժպիտ ու ահարկու:

Երգում էր նա: Մայր էր մտնում արևը հին` կարմիր քուրայ:

Եւ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա:

Զա՜նգ էր կարծես, զնգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանայ-

Բորբ կարօտով անծայրածիր, կրակելով երգում էր նա:

 

IX.

 

"Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ,

Մենք մեր սիրտն ենք բերել նորից` յուսավառված ու կրակոտ.

Այնտեղ հիմայ կռիւ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,-

Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդէպ` կարմիր դրօշ:

Արյունաքամ մա՜յր է մտնում հազարամեայ արևը հին.

Արյունավառ ժպտում էմ եզ այս աշխարհը իրիկնային…

Ու խնդասիրտ կռւում ենք մենք, ե՜րգ ենք ասում, կռւում հիմի.

Կուրծք է տուել աշխարհը ողջ` հազարամեայ մի թշնամի…

Բայց անվհատ կռւում ենք մենք, ու մահը` սէգ, ժպտում է մեզ-

Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարօտակէզ,-

Անողոք է երթը այս սէգ, ինչպես կարմիր կարօտը մեր-

Կրակեցէ՛ք, կրակեցե՛ք, խելագարված իմ ընկերներ…"

 

X.

 

…Մայր էր մտնում իրիկնային արևը` թէժ լույսով վառված:

Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարված:

Աչքերի մէջ` կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ`

Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կռւում էին նրանք:

Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ-

Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկված ու վտարված:-

Մութ էր արդէն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,

Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրաւեցին…

 

XI.

 

Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:

Մութ է հիմա, թանձր խավար:

Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված,

Խռնուել են հազարանուն ամբոխները խելագարված:

Գիշերնի մէջ չեն երևում յաղթ կամարները երկաթէ`

Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատէ:

Սպասում են` աչքներն յառած խավարամած հեռուներին`

Մութը իջաւ համատարած, մինչ կայարանը վերցրին:-

Սպասում են, որ մինչև լույս գոնէ մի քիչ հանգստանան

Ու առաւօտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան:

Աչքերն յառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքէն`

Սպասում են առաւօտին, որ կռիւը շարունակեն:

Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռւում էին

Մօ՜տ էր թւում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...

Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ-

Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց:

Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան-

Ու առաւօտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան:

 

XII.

 

Ու մթի մէջ հազարամեայ, գիշերի մէջ խորը, անհուն`

Խռնուել են նրանք ահա երկաթուղու կայարանում:

Դաշտն է դէմը, խավարակուռ ձգված է նա:

Չկայ մի ձայն, չկայ քամի, մութ է հիմա:

Դաշտն է դէմը` անծիր, անծայր մի զանգված խավարամութ,

Ուր նստել է անաչք, անլույս խորհրդաւոր կասկածը մութ:

Շնթռկել է որպես մի շուն, որ խավարն է հսկում հիմի,-

Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի:

Մութն է նստել կասկածը հին ու աչքերով խավարամած

Նայում է նա կայարանին, որ կանգնած է նրա դիմած:

Շարժըւում է մութը կարծես ու խավարով իր աչքերի-

Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների:

Ու տագնապով անլռելի, հայեացքներով անթարթ լարված`

Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված:

Լուրթ աչքերով խորը, տխուր-մո՜ւթն են դիտում նրանք անհուն-

Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…

 

XIII.

 

Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնված`

Լուրթ աչքերով արևակամ – դաշտն են դիտում խավարամած:

Մո՛ւթ է դէմը, ու խավարում, որ բացուել է, որպես անդունդ`

Երևում է հեռո՜ւ – հեռո՜ւն կարմիր լույսով վառուող մի գունդ:

Աչքերի դէմ մթնակալած, հայեացքների դէմ ակընդէտ -

Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թւում, կարմիր մի կէտ:

Գիշերի մէջ – կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառւում է նա`

Գիշերի մէջ վառել են, որ զօրքը պատրաստ արթուն մնայ:

Անծայրածիր մթում հեռուի կարծես կարմիր գլուխ է շան-

Վառել են այն, որպես կռուի ու տագնապի ազդանշան:

-Քաղաքն է այն հազարամեայ, ուր տագնապ ու տենդ կայ հիմի

Պահուել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի,

Ու կրակը այդ կարմրակէզ – ահանշան ու վիթխարի –

Մի արնագույն կէտ է կարծես ուղեղի մէջ խելագարի:

Բռընկուել է յույսով յետին, հոգեվարքի տենդով վառված –

Ու նայում են կարմիր կէտին ամբոխները խելագարված…

 

XIV.

 

Գիշերի դէմ խավարամած, աչքերն յառած կարմիր կէտին`

Ամբոխները խելագարված սպասում էին առաւօտին:

Ու վառւում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ

Կէտը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:

Սուր մխուել է նրանց սրտում, որպես մի թէժ, կարմիր բևեռ-

Թույն է լցնում, ու բորբոքում, ու երազներ աշխարհաւեր…

Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամեայ-

Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:

Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն-

Ու աչքերը միլիոնաւոր թո՛ւյն են թքում, արյուն ու թույն:

Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի-

Ու վառւում է լուրթ աչքերում` արյունալից ու կատաղի:

Ու աչքերը արյունամած անթարթ յառած կարմիր կէտին`

Ամբոխները խելագարված սպասում էին առաւօտին:

 

XV.

 

...Գիշերի՛ դէմ գիշեր է մութ խավարամած նրանգ հոգին,

Որ կարօտով մի կրակոտ սպասում է առաւօտին:

Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր-

Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր` անծա՛յր, անծի՜ր:

Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ-

Հազա՜ր բողբոջ կայ կրակոտ, ու արշալույս, ու առաւօտ:

Նրանց ձգված մկաներում ո՛յժն է նստել խոնաւ հողի-

Եթէ ուզեն` արևներին նոր տե՛մպ կը տան ու նոր ուղի…

Եթէ ուզեն` արեգակնե՜ր կը շպրտեն երկինքն ի վեր.

Եթէ ուզեն` վա՛ր կը բերեն երկինքներից արեգակներ…

Եթէ ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառված…

Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված...

 

XVI.

 

Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առաւոտին:

Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը յետին:

Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առաւոտի-

Ու վառւոմ է վերջին լույսով կրակը այն կարմիր կէտի:

Նօսրանում է խավարն ահա, գունատւում է հետզհետէ-

Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրէ մի թև:

Ու սուրում է հեռուներից առաւօտովայ կիսամթում-

Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն:

Շարժըւում է խավարը թէն ու հեռևում խավարամած

Երևում է քաղաքն արդէն` մութ, անորոշ մի զանգըված:

Յաղթ շէնքերի պատերը յաղթ որոշւում են հետզհետէ,

Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթէ…

Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարօտը վառ,

Երկինքներում լուրթ աչքերի վառւում է տենդը հոգեվար...

Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին-

Ու վառւում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին…

-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,

Պիտի թափե՜ն նրա վրա հազարամեայ մաղձը իրենց:

Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն-

Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն:

Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում,

Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն:

Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,

Որ կյանքը հին, որպես փյունիկ, չբարձրանա՜յ մոխիրներից…

Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի

Դէպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների…

 

XVII.

 

…Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան

Կարմիր վառուեց արևը բորբ, որպես կռուի ազդանշան,

Երբ բռնկուեց արևելքում արևը` նոր լույսով վառված-

Դո՜ւրս նետուեցին կայարանից ամբոխները խելագարված...

Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,

Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում,

Կրկէսի պես մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար-

Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...

Աչքերն յառած հեռո՛ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին`

Արևավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին.

Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված`

Դէպի Արե՛ւն էին գնում ամբոխները խելագարված...

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

 

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,

Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,

Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-

Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,

Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -

Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին

Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ

Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

***

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -

երեզմանիս մարմար քարին կմնա:

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.

Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,

Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին

Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

 

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,

Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.

Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,

Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

 

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.

Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.

Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -

Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

 

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,

Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.

Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

***

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

 

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

 

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

ՔԱՄԻՆ

 

Քամին,

Աշնան քամին

Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա

Հավաքել է մի

Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին

Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

 

Քամին, Աշնան քամին

Հռնդում է հիմա.

Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար

Սարսափահար դարձած նախիրների նման:

 

Քամին, Աշնան քամին...

Քաղաքը գորշ ու մութ:

Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,

Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

 

Փողոցները երկա՜ր,

Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,

Փողոցները, որ կան,

Փողոցների ներկան,

Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-

Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

 

Քամին,

Աշնան քամին

Մոլորվել է ասյտեղ.

Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:

Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել

Քամին,

Աշնան քամին...

 

Հռնդում է,

Փնչում,

Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.

Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,

Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-

Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

 

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,

Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,

Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,

Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-

Քամին, աշնան քամին հարձակվում է ահա

Անօգնական կքած բուլվարների վրա:

 

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,

Ցնծոտիներ հագած պառավների նման,-

Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,

Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

 

Ծառերը ծե՜ր, հիվանդ,

Ծառերը ծուռ ու չոր,

Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.

Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց

Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-

Երբե՛ք,

Երբե՛ք,

Երբե՛ք...

 

Օ, գթացե՛ք հիմա.

Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,

Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,

Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

 

Օ, գթացե՛ք հիմա.

Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-

Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`

Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –

Քամին,

Աշնան քամին...

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման

ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

 

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև

ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

 

ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,

Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,

Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

 

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝

Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.

Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-

Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես

Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -

Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ

Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:

Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,

Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,

Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում

Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:

Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,

Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,

Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան

Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:

Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,

Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,

Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -

Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:

Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -

Ու լուսավոր առավոտները իմ հոգու

Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,

Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:

ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար

Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,

Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար

Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,

Իմ երգիչի երազներով ու հրերով,

Անհրապույր իմ օրերի երգով մթար

Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-

Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,

Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-

Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ

Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:

Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի

Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

***

Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք:

Ես գալիս եմ ահա- դարերից...

Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ

Ու երգերը ցնդած օրերի:

Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.

Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...

Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում

Ես թաղել եմ թևերս արնաքամ:

Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն

Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ:-

-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն,-

Պոռնիկի պեզ ընկած, աղոթքի պես հեզ...

***

Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան`

Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար

Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ

Եվ - մաքուր ցորյանի նման - գրում ես հնչյուններ հայրենի...

 

 

***

Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով

Քացի չեմ տալիս իմ ընկերներին,

Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով

Եվ տարիներով "ընկածի" դերին

Եղել ենթակա և ընտելացել...

Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ

Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել,

Այլ,- վատ եղբայրներ,- էշի ոտներով...

 

***

Չնչին, ինչպես Արարատին նետած քար`

Դավերը սև մարդուկների այդ անկար -

Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`

Վայր են թափվում համայնացած քո կամքով -

Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,

Ինչպես անհաս Արարատին նետած քար...

***

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

 

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

 

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Հայաստանին

 

Հազար ու մի վերք ես տեսել, - էլի´ կը տեսնես,

Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

 

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի

Չհավաքված բերք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

 

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,

Հազար տարվա հեք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

 

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,

Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

 

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,

Հազար ու մի երգ ես տեսել, - էլի´ կը տեսնես