21:01 Ինչու՞ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց և ոչ հողից:

 

 

Բազմաթիվ պատճառներով:

Նախ, որպեսզի իրեն տղամարդուն հավասար չկարծի, այլ իրեն պահի իբրև ոչ համահասակակից և ոչ համահողակից:

Երկրորդ, որ անփույթ չլինի մարդու նկատմամբ և չլինի անհնազանդ, այլ ինչպես նրա կողը, իբրև նրա մարմին հնազանդ լինի գլխին:

Երրորդ, ինչպես խոսելը գլխին է տրված, այդպես էլ լռելը կողինն է, այսինքն կինը պետք է լուռ լինի ամուսնու իշխանության տակ:

Չորրորդ, որպեսզի իրեն տկար չկարծի, այլ ինչպես կողոտ և հաստակող ենք ասում ըմբիշին, այդպես էլ ուժեղ լինի կինը տան գործերը տնօրինելու մեջ:

Հինգերորդ, կողը երիկամների պահողն ու շրջապատողն է, որից առաջ է գալիս ցանկությունը, թեպետ չի շարժում նրան, սակայն կրում է նրա ազդեցությունը:

Վեցերորդ, չստեղծվեց գլխից ու ոտքից, այլ մեջտեղից, որ մարդկանց համար դաս լինի կնոջը ոչ թե գլխին հավասար պատվելու և ոչ էլ իբրև ոտք անարգելու, այլ չափավոր նրան պատվի արժանացնելու:

Յոթերորդ, կողը պարունակող կառուցվածք ունի, որ նշանակում է, թե կինը ամուսնու տան և ունեցվածքի պարունակողն ու ժողովողն է:

Ութերորդ, կողը իր կեռ լինելով՝ ցույց էտալիս կնոջ նենգ ու երկմիտ լինելը, այսինքն ամուսնու դեմ ըմբոստ լինելը:

Իններորդ, ինչպես որ կողը երեսը դեպի փորը ողորկ է և նրբամաշկ, սակայն մեջը փուչ է և մրուրախառը, այդպես էլ ամուսնու նկատմամբ ցուցադրվող նուրբ սերը միայն երեսից է, իսկ սրտում դառնության մրուրն է:

Տասներորդ, ինչպես որ կողն է զորությունը իր մեջ քաշում և թիկունքնին տալով՝ նրան ամրացնում, այդպես էլ կինն է ամուսնու փառքն ու ունեցվածքը սեփականելով, շատացնում ու ամրացնում իրեն:

Եվ կոչվում է կին, նախ որովհետև իր ամուսնուց ծնվեց:

Երկրորդ, կին, իբրև մարդու «կես»:

Երրորդ, կին, իբրև «կող», այսինքն մեկ զորություն:

Չորրորդ, կին, որովհետև «կենդանիից» ստեղծվեց:

Հինգերորդ, կին, իբրև «կողաբույս» կամ «կողածին»:

Վեցերորդ, կին, իբրև ամուսնու «կայան» և հանգիստ:

Յոթերորդ, կին, իբրև թե ամուսնու զորության և հարստության «կրող»:

Ութերորդ, կին, իբրև ամուսնու «կցորդ» և օգնական բոլոր գործերում:

Իններորդ, կին, որ նշանակում է թույլ և տկար: Եվ տկար է երկու պատճառով. նախ, որ չունի այրական ուժեղություն, ինչպես բոլոր կենդանիների էգերը: Երկրորդ, որովհետև կինը ձախ կողմից արարվեց, իսկ մարդու ձախ կողմը թույլ է:

Տասներորդ, կին, իբրև «կյանք», որովհետև ինչպես կյանքով է հարատևում, այդպես էլ մարդկային ցեղը կնոջ ծնելով է հարակնոջ ու կհարատևի մինչև աշխարհի վախճանը: Այս պատճառով էլ կնոջ անունով կոչեց իր կյանքը, որովհետև նա է բոլոր կենդանիների բազմացնողը, ծնողը և մայրը:

 

 

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Հարց - Ըստ կարգի է հարցնում. ինչու նախահայրերը երկարակյաց էին, իսկ մենք սակավակյաց:

Պատասխան - Աստվածագետները ասում են, թե կյանքի յոթ դարերի վերակացուները յոթ աստղերն են, որ կոչվում են մոլորակներ:

Արդ, առաջին դարում, որի իշխողը Երևակն էր, մարդիկ երկար էին ապրում, որովհետև երևակը երկար է ընթանում իր ճանապարհը՝ կենդանակերպը անցնելով երեսուն տարում:

Այնուհետև ըստ կարգի վերջին դարի իշխողը Լուսինն է, որի պատճառով մարդիկ սակավակյաց են, որովհետև նա իր ուղեծիրը անցնում է երեսուն օրում:

Իսկ վարդապետները ասում են, թե նման չենք նախահայրերին ոչ կյանքի տևողությամբ, ոչ էլ վաստակով: Նրանք երկար էին ապրում, որովհետև շատ էին բարիք գործում, շատ էին նրանց ծնունդները, իսկ մենք՝ պակաս, որովհետև այն կարճացնում են չարիքները և մարդկանց շատությունը:

Այլ պատճառներ էլ կան. նրանք չունեին գրավոր օրենքներ, ուստի անհրաժեշտ էր, որ եկար ապրեին, որպեսզի բնական օրենքներով կրթեին իրենց զավակներին ու ազգերին:

Իսկ այժմ ամեն մեկը ուսանում է Աստծո գրված պատվիրանը և ոչ թե իր նախահայրերինը:

Եվ մյուս պատճառը, որի մասին Սաղմոսում ասում է մեկնիչը. «Անձն իմ մերձեցավ հողին»: Այժմ ծերացել է մեր բնությունը և գնում է դեպի հող: Իսկ նախնիները մեր պատանի էին և առույգ բնությամբ, որի պատճառով երկար էին ապրում:

Հարց -Մարդու կյանքի տևողությունը կանխորոշված է, թե պատահական են երկար ու կարճ ապրում:

Պատասխան - Յուրաքնչյուր մարդու կյանք կանխորոշված է Աստծո մոտ, և ոչ ոք չի կարող անցնել նախատեսված սահմանը, ըստ այդմ՝ «սահման դրեց, և չեն անցնում»:

Սակայն մեղքը պակասեցնում է և թույլ չի տալիս հասնելու նախատեսված սահմանին, ինչպես որ մշակի վարձը մինչև երեկո աշխատելու համար է տրվում, իսկ եթե հիվանդանում է, կամ այլ բան է պատահում, վարձը չեն տալիս և հանում են մշակությունից:

Եվ պետք է իմանալ, որ մեղքը երբեմն էլ երկարացնում է կյանքը, որպեսզի տառապի, ինչպես Կայենը:

Եվ ինչպես այն, որ խոստացավ Եգիպտոսում չորս հարյուր տարի թողնել իբրև ծառա, սակայն երեսուն տարի ավելացրեց ժողովրդի մեղքերի պատճառով:

Երբեմն էլ կարճում է կյանքից, ինչպես Նոյի ժամանակ, որովհետև նրանց խոստացավ հարյուր քսան տարի, սակայն նրանց չարագործությունների պատճառով պակասեցրեց:

Երբեմն էլ արդարությունն է երկարացնում կյանքը, ինչպես Եզեկիայինը, երբեմն էլ կարճացնում է, ինչպես Օվսիայինը:

Եվ սրանք էին կյանքը երկարեցնելու ու պակասեցնելու պատճառները, այսինքն՝ արդարությունը կամ մեղքը, ինչպես ցույց տրվեց: