ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,

Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,

Շառաչել ես դու հին հողում Արարատյան

Մինչև հնչյունը քո դարձել է գիր։

Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,

Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…

Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,

Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։

Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։

Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝

Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ

Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։

Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,

Եվ զրահ ես եղել և զորավիգ,

Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,

Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։

Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,

Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,

Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,

Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։

Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,

Ճախարակի թելն ես մերթ ոլորել,

Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,

Անտունիներ անտուն և հորովել...

Մաքրությունն ես առել արեգական շողի,

Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,

Արձագանքն ես եղել մեր մարտական փողի

Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։

Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում

Շրթունքների վրա իմ սերնդի,

Եղբայրական բոլոր լեզուների երթում

Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։

Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,

Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,

Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,

էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։

Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,

Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,

Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի

Հավիտենից ի վեր և առհավետ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

 

Պարիսպներով շրջապատված

Բերդի պես էր ձեր տունը հին.

Գյուղի մեջ, բայց գյուղից զատված

Մի դղյակ էր հեքիաթային։

 

Ես մեր բակից ամեն անգամ

Նայում էի ձեր դղյակին...

Եվ նախանձում էի անգամ

Կտրին իջած կաչաղակին։

 

Տենչում էի հավքի թևով

Հասնել մի օր երկրորդ հարկին,

Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ

Արժանանամ ես այդ փառքին։

 

Նայում էիր հաճախ ինչպես

Տասնհինգօրյա լուսինն ամպից

Եվ չքանում վայրկենապես

Երկրորդ հարկի պատշգամբից։

 

Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,

Կրակված էր իմ սիրտն անբիծ,

Ու նայելով չէր կշտանում

Երկրորդ հարկի պատշգամբից։

 

Անցնում էի ես ձեր դռնով,

Մնում էի գիշերն անքուն,

Եվ մի օր էլ դափ ու զուռնով

Ձիավորներ եկան ձեր տուն...

 

Նոր առավոտ բացվեց գյուղին,

Ժպտաց գյուղին արևն անշեջ,

Մնացել է ձեր տունը հին

Նոր շենքերի ստվերի մեջ։

 

Բոլորեցին ու կյանք դարձան

Որքան կային երազ ու տենչ,

Մխրճվել է կտուրն իմ տան

Երևանի երկնքի մեջ։

 

Փաթաթեցի իմ մատներին

Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,

Առա անգամ Կարպատների

Գագաթները ոտքերիս տակ։

 

Աստղերի հետ վեճի մտած

Բարձունքները ելա փառքի...

Բայց ինձ համար անհաս մնաց

Պատշգամբն այն երկրորդ հարկի։

ԿԳԱՄ

 

Եթե մինչև անգամ

Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,

Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Ուր էլ լինեմ, կգամ:

Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,

Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,

Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,

Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ

Մենության մեջ լացող երգիդ վրա:

 

Եթե մինչև անգամ

Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես

Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,

Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,

Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,

Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,

Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,

Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...

Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,

Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

 

Եթե մինչև անգամ հազար սարի ետև

Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,

Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,

Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,

Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

Անակնկալ դարձիս իրողությամբ—

Քո տան ու քո հոգու տարողությամբ,

Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:

Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ

Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,

Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

 

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,

Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,

Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:

Գետնի տակից կգամ,

Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,

Կգամ ու թափ կտամ

Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

 

Ես չիմացա, թե ինչու,

Դու չիմացար, թե ինչպես

Պատահեցին մեկ-մեկու

Մեր երազներն - առանց մեզ:

 

Պատահեցին մեկ-մեկու

Ու կանչեցին ինձ ու քեզ,

Ես չիմացա, թե ինչպես,

Դու չիմացար, թե ինչու:

 

Դու չիմացար, թե ինչպես,

Ես չիմացա, թե ինչու

Բուրմունք փռեց ծաղկի պես

Դաշնությունը մեր հոգու:

 

Ես էությամբ դարձա դու,

Դու էությամբ դարձար ես,

Ես չիմացա, թե ինչպես,

Դու չիմացար, թե ինչու:

 

Խառնվեցին երկու “ես”

Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,

Դու չիմացար, թե ինչպես,

Ես չիմացա, թե ինչու:

 

Բայց չներեց բախտը մեզ,

Ես դարձա ես, դու էլ՝ դու,

Դու չիմացար, թե ինչու,

Ես չիմացա, թե ինչպես:

 

Ու բախվեցինք մեկ-մեկու,

Ու հեռացանք մշտապես,

Եվ չիմացանք, թե ինչու,

Եվ չիմացանք, թե ինչպես:

ՕՐԸ ՄԹՆԵՑ

 

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ

Դեզերի ուսին

Մի կաթնահունց երկնակամար,

Մի ծերատ լուսին…

Մեկը մեկից ամաչելով,

Եվ զուսպ, և հավաք,

Նստում էին մերոնք կարգով՝

Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում,

Մինչև պապը գար,

Մինչև բակում Ծաղիկ եզան

Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին

Նստում էր շուքով,

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում

Շերեփը իր հին,

Գդալները բնազդաբար

Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին

Գերանին առնում,

Եվ սյունն ի վար գլոր-գլոր

Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,

Լավաշ ու սամիթ

Աշխատավոր մի գերդաստան՝

Պարզ ու միամիտ:

Հիմա այդ մեծ գերդաստանից

Ոչ մեկը չկա…

Ես եմ մնում լոկ իբրև հուշ

Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունս կամաց-կամաց

Փոխվում է լացի:

ՊԱՊԸ

 

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է:

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

 

Հայաստա՛ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծեռի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

 

Հիշում եմ լքված մի թոնիր,

Բերանին մամռոտած մի խուփ,

Մամռոտած որմի խոռոչում

Մասրենու վարսաթափ մի թուփ,

Աշխարհի քարերին մաշված,

Աշխարհից խռոված մի ցուպ,-

Եվ հեռվում ինչ-որ ուշացած

Ձիերի դոփյուն եմ հիշում:

 

Արևոտ մի սար եմ հիշում,

Ճակատին ձյունի պատառիկ,

Սարն ի վար բարակ մի առու-

Շուրթերին հայրեն ու տաղիկ,

Ցորենի կանաչ արտի մեջ

Առվույտի կապույտ մի ծաղիկ

Եվ արտի եզրին՝ մենավոր

Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հոգնել եմ

 

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,

Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,

Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց

Հոգնել եմ արդեն:

 

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,

Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,

Կշտամբանքներով ռմբակոծվելուց

Հոգնել եմ արդեն:

 

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,

Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,

Ամեն պարողի ծափահարելուց

Հոգնել եմ արդեն:

 

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,

Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,

Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց

Հոգնել եմ արդեն:

 

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,

Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,

Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,

Հոգնել եմ հոգնել:

ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի

Ես չիմացա թե ի՞նչու,

Դու չիմացար թե ի՞նչպես

Պատահեցին մեկ-մեկու

Մեր երազներն—առանց մեզ։

 

Պատահեցին մեկ-մեկու

Ու կանչեցին ինձ ու քեզ,

Ես չիմացա թե ի՞նչպես,

Դու չիմացար թե ի՞նչու։

 

Դու չիմացար թե ի՞նչպես,

Ես չիմացա թե ի՞նչու

Բուրմունք փռեց ծաղկի պես

Դաշնությունը մեր հոգու։

 

Ես էությամբ դարձա դու,

Դու էությամբ դարձար ես,

Ես չիմացա թե ինչպե՞ս,

Դու չիմացար թե ի՞նչու։

 

Խառնվեցին երկու «ես»

Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,

Դու չիմացար թե ի՞նչպես,

Ես չիմացա թե ի՞նչու։

 

Բայց չներեց բախտը մեզ,

Ես դարձա — ես, դու էլ՝ դու,

Դու չիմացար թե ի՞նչու,

Ես չիմացա թե ի՞նչպես։

 

Ու բախվեցինք մեկ–մեկու,

Ու հեռացանք մշտապես,

Եվ չիմացանք թե ի՞նչու,

Եվ չիմացանք թե ի՞նչպես։

ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ

 

Եթե ես մի օր աշխարհից գնամ,

Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,

Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,

Հոգին առնելու առանց պատճառի։

 

Եթե ես մի օր աշխարհից գնամ,

Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,

Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,

Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։

 

Եթե ես մի օր աշխարհից գնամ,

Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,

Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,

Ճշտելով տեղն ու տարազը տառի։

 

Եթե ես մի օր աշխարհից գնամ,

Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,

Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու

Եվ շնորհելու կոչումն անճարի։

 

Եթե ես մի օր աշխարհից գնամ,

Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,

Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,

Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։

ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

 

Հացից խռոված երեխայի պես,

Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:

Քունս թռցրել, բայց արի ու տես,

Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

 

Ամենքի համար ամեն ինչ արել,

Նստել արածիս վարձին եմ նայում.

Գժված գլուխս ափիս մեջ առել,

Անցած օրերիս դարձին եմ նայում:

 

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

 

Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,

Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։

Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,

Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

 

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,

Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,

Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,

Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։

 

Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա

Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել...

Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.

Միտք եմ անում... ու չեմ կարող լուսաբանել։

ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ

 

Յոթ անգամ կանչեց աքլորը թառին,

Բողարը բակում յոթ բերան հաչեց,

Յոթ անգամ խփեց կայծակը սարին,

Յոթ անգամ սարում պախրան բառաչեց։

Յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց,

Յոթ սարսուռ դարձավ սիրտը յոթ հարսի,

Յոթ թամբած նժույգ բակում վրնջաց,

Յոթ ճռինչ հանեց դուռը դարբասի։

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,

Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից,

Յոթ բանակ եկավ, սարը պաշարեց,

Ու յոթ ձիավոր սլացավ գյուղից։

Յոթ հորդաների յոթ կողմից թռած

Յոթ ձիավորը յոթ մրրիկ թվաց,

Յոթ ամպրոպ թվաց կայծակը գրկին,

Յոթ սարսափ կախեց թշնամու գլխին...

Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր սարում,

Յոթ օր, յոթ գիշեր արյուն ու հրդեհ,

Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր վարում

Յոթ ձիավորը յոթ բանակի դեմ...

Յոթերորդ օրը չքվեց թշնամին,

Վերջին զինվորն էր փեշերը ծալում,

Յոթերորդ օրվա իրիկնաժամին

Միայն յոթ նժույգ վրնջաց սարում...

Հայրը յոթ երազ տեսավ այն գիշեր,

Յոթ երազի մեջ յոթ ատամ քաշեց,

Յոթ երազի մեջ յոթ պատան մաշեց,

Յոթ մազե կամուրջ անցավ այն գիշեր,

Յոթ անգամ խաչվեց, մինչև սևակնած

Գիշերը մաշվեց, քաշվեց ու գնաց։

Գիշերը մաշվեց... Եվ լուսաբացին

Յոթ նժույգները կանգնեցին բակում,

Մթնած բողարը նայեց դարպասին

Ու երկինքն ի վեր մորմոքեց թաքուն...

Մայրը յոթ անգամ տեղում թփրտաց,

Հետո ձեռները մնացին ծոցում,

Յոթ հարսի կրծքից վիշտը ծկլթաց,

Յոթ մանուկ զարթնեց յոթ օրորոցում...

Եվ յոթ անգամ յոթ տարի է անցել,

Եվ յոթ աշխարհ է մաշվել աշխարհում,

Եվ յոթ աշխարհ է թևերը բացել,

Եվ յոթ բանակ է մոռացվել սարում...

Եվ յոթ ձիավոր ննջում են սարում,

Եվ յոթ անգամ յոթ թոռները նրանց

Տարին յոթ անգամ յոթ խարույկ վառում,

Տարին յոթ անգամ լալիս են լռին,

Տարին յոթ անգամ թեքվում անմոռաց

Յոթ ձիավորի յոթ մամուռ մաշած

Յոթ նվիրական գերեզմաններին։

ԵՍ ԹՈՂԵԼ ԷԻ

 

Իմ երազների ծվենները տաք

Եվ ես թողել էի

Բարձունքի ծաղկած ծառերի վրա:

Հովերը եկան, հովերը տարան,

Հողմերին տարան

Իմ երազների ծվեննրը տաք:

Եվ ես իզուր եմ որոնում հիմա

Իմ երազների ծվենները տաք՝

Բարձունքի ծաղկած ծառերի վրա:

Եվ ծառերի տակ:

 

Իմ ծիծաղների ծփանքները տաք

Ես թողել էի

Գետափի կապույտ քարերի վրա:

Անձրևը եկավ, անձրևը տարավ,

Ծովերին տարավ

Իմ ծիծաղների ծփանքները տաք:

Եվ ես իզուր եմ որոնում հիմա

Իմ ծիծաղների ծփանքները տաք ՝

Գետափի կապույտ քարերիվրա

Եվ քարերի տակ:

 

Իմ արցունքների հատիկները տաք

Ես թողել էի

Գերեզմանոցի սալերի վրա:

Մազարմատներ են արձակել նրանք

Ծլել են նրանք- սև սալերի մեջ,

Եվ կանաչ- կանաչ մամուռ են դարձել

Իմ արցունքների հատիկները տաք՝

Գերեզմանոցի սալերի վրա

Եվ սալերի տակ:

 

 

Ի՞նչ արած մարդ եմ

 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն.

Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,

Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,

Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ

Դեռ թիապարտ եմ:

Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,

Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,

Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,

Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:

Հավիտենության լծորդն եմ անդուլ,

Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,

Փոթորիկներ են եռում հատակիս,

Թեև երսից այսպես հանդարտ եմ:

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,

Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ...

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է

Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ:

ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ

 

Ձէ, աշխարհի սարերի մեջ

Չուներ հավասարը —

Հարգանքը մեծ ու սիրտը մեծ

Աղոթարան սարը:

Չգիտեիր ո՞վ էր թռչում —

Դո՞ւ, թե ճանապարհը,

Երբ զարթնում էր ու չէր ննջում

Աղոթարան սարը:

 

Հավք ուզեիր, նա քեզ կտար

Մեկի տեղ հազարը,

Հավքի բույն էր փեշից–կատար

Աղոթարան սարը:

 

Ծաղիկ ասես, ծաղիկներով

Կպահեր աշխարհը...

Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը:

Հյուրը հանկարծ ծարավ մնար,

Իզուր չէր հուսալը,

Սրտից աղբյուր կհաներ նա՝

Աղոթարան սարը:

 

Մտածե՞լ ես դու երբևէ,

Թե ի՞նչն է պատճառը,

Որ դարձել է բախտիդ բևեռ

Աղոթարան սարը:

 

Ինչի՞ց է, որ չի սպառվում

Երգի քո պաշարը,—

Լոկ նա գիտե այս աշխարհում —

Աղոթարան սարը:

 

Նրանից է սնունդ առնում

Քո երգերի ծառը...

Բայց դու արդեն չես բարձրանում

Աղոթարան սարը:

 

Սարսռում է ինչ-որ ձորում

Գերեզմանիդ քարը,

Նայում, գլուխն է օրորում

Աղոթարան սարը:

 

Տարին օր է, օրը՝ տարի,

Դու տես գլխիդ ճարը,

Էլ կածանը քեզ չի տանի

Աղոթարան սարը:

ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ

 

Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,

Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:

Կտուրին բարղու ստվերն էր քնում,

Եվ շեմքի վրա քնում էր շունը:

 

Կիսարթուն քամին կտուրից թոչում,

Ցանկապատին էր հենում կռնակը:

Անթեղի վրա կատուն էր ննջում,

Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:

 

Բակում փուլ գալիս և առոք-փառոք

Որոճում էին օրհնած եզները:

Տան կտուրի տակ արթուն էին լոկ

Հողոտ, մղեղոտ մեր երազները:

 

Ամոան գիշերը գլուխը հակում,

Ծնկները գրկում ու մտածում էր...

Իսկ երազները աչք էին փակում,

Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:

 

Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,

Բարդու շրշունր, շունը, գիշերը,

Իսկ հողի վրա խշխշում են լոկ

Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը:

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

 

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,

Քարե արցունք է, քարե ժպիտ,

Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,

Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

 

Քարերի վրա քարե վագրեր են,

Ուր-որ է պիտի պատռեն իրար։

Քարե երգեր են, քարե վանքեր են,

Քարե հավքեր են քիվերն ի վար։

 

Քարե մրրիկ է ու քարե բուք է,

Քարե բողոք է ու քարե բերդ,

Քարե շեփոր է, քարե թմբուկ է,

Քարե թափոր է, քարերի երթ...

 

Քարե ընդվզում, քարե տանջանք է,

Քարե ավար է, առևանգում...

Քարե զարմանք է ու զարհուրանք է,

Քարե թռիչք է, քարե անկում։

 

Քարե ամպրոպ է ու ծիածան է,

Քարե լծկան է ու քարե մաճ.

Քարե մագաղաթ, քարե մատյան է,

Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

 

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,

Որ մեզ քարերը տվիր նվեր,

Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,

Ու երկարում է քարերն ի վեր։

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Գլխիվայր են ծառերն աճում,

Եվ ջրվեժներն ալեփրփուր

Դեպի երկինք են շառաչում։

 

Սարը սարից ամպ է խլում,

Ջուր է խմում ձորը ձորից,

Երկնքի մեջ արտ է ծլում,

Ու երկինք է բուսնում հողից...

 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

 

 

ԼԵՌՆԵՐԴ ԳՆՈՒՄ...

 

Լեռներդ գնում, մտնում են երկինք,

Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում:

Խավարն է խրտնում բարձրության ահից,

Խորության ահից աստղերն են քրտնում։

 

Լեռներդ կանգնել սարահարթերին,

Իրարից ամպ ու ստվեր են խլում,

Եվ որձաքարե սաղավարտներին

Հավիտենության աստղեր են կրում։

 

Ցուրտ ամպրոպների շնչին են խառնում

Աշխարհաստեղծման թեժությունը դեռ —

Եվ կայծակների թառեր են դառնում

Ապառաժներիդ եղջյուրները կեո։

 

Կիրճերիդ խորքում անանցանելի՝

Զրվեժ են դառնում, փրփուր ու ավազ—

Նախապատմական քարանձավների

Խորհուրդը պղտոր ու քրտինքը պարզ։

 

Քո կիրճերից ջուր խմելու համար

Ամպերը յոթ սև քրտինք են թափում,

Եվ ընկուզենու արմատը համառ

Յոթ յոթգլխանի ժայռ է շաղափում։

 

Լցվել եմ քեզնով ու երգ եմ ասում...

Բայց ոչ լեռներիդ բարձունքն անառիկ,

Ոչ էլ կիրճերիդ հատակն է հասնում

Իմ ծղրիդային երգը միօրիկ։

ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ

 

Քույրս մասուր է քաղում,

Օգնականը ես եմ։

Հայրս աղուն է աղում,

Օգնականը ես եմ։

Մայրս ալյուր է մաղում,

Օգնականը ես եմ։

Տատս խմոր է շաղում,

Օգնականը ես եմ։

Պապս կախան է կախում,

Օգնականը ես եմ։

Հոգնել է բոցն օջախում,

Օգնականը ես եմ։

Ով ինչ անի մեր թաղում,

Օգնականը ես եմ...

Վերջ - հոգեվարք ու թաղում.

Օգնականը ես եմ...

Տեսնենք ինձ ո՞վ է թաղում.

Ո՞վ կա... Տանը ես եմ,–

Օգնականը ես եմ։

 

ՋՈՒՐՆ ԱԿՈՒՆՔԻՑ ՉՀԵՌԱՆԱ

 

Ջուրն ակունքից չհեռանա,

Երկրի վրա ծով չի լինի,

Բայց ակունքը թե մոռանա,

Աշխարհի սրտով չի լինի։

 

Ջրի նման դու աշխարհ եկ,

Որ ջուրը քեզ չտանի, երգ։

ԻՆՁ՝ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինձ՝ վախենալու խիզախությունը,

Ինձ՝ տառապանքի ուրախությունը,

Ինձ՝ այս կածանի մտերմությունը,

Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։

Ինձ՝ այս քարափի ընկերությունը,

Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը...

Մնացածը՝ ձեզ,

Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։

 

ՔԻՉ Է ՄՆՈՒՄ...

 

Քիչ է մնում թե մանկանամ,

Ելնեմ նորից, Գյազբել գնամ,

Նորից մանուկ գիշերի հետ

Խաղամ աստծու փեշերի հետ...

Քունս տանի, մի քիչ ննջեմ,

Երազիս մեջ երկինքն հնձեմ...

Ամպը բռնեմ լծեմ կամին,

Ճիպոտ անեմ լեռան քամին,

Քշեմ, էլ բան չհարցնեմ,

Հարդագողը հարդ դարձնեմ,

Հարդից ջոկեմ աստղ ու լուսին

Ու տուն բերեմ լուսը-լուսին։

ՈՒՐԻՇ ՁԿՆԵՐ ԵՆ ՋՐՈՒՄ

 

Ուրիշ ձկներ են ջրում,

Ուրիշ ջրով են ջրում

Սիրած մարգերս։

Ուրիշ հավքեր են թռչում,

Ուրիշ ցողեր են թրջում

Հոգնած ոտքերս։

Ուրիշ աչքեր են լալիս,

Ուրիշ ձեռքեր են գալիս

Սեղմում ձեռքերս։

Ուրիշ լավեր են քայլում,

Ուրիշ ցավեր են այրում

Ուրիշ վերքերս։

Ուրիշ մամուռ է քարին,

Ուրիշ ամպեր են սարին,

Ո՞ւր են ամպերս։

Ուրիշ մեղքեր եմ քաշում,

Ուրիշ հոգսեր եմ մաշում,

Ուրիշ է բեռս։

Ուրիշ ակներ են բացվել,

Ուրիշ աշխարհ են անցել

Ծանոթ ակներս։

Իմ տարեկից աշխարհից

Լոկ սարերս են մնացել

Ու քարափներս։

Քանի մահի եմ վկա,

Ո՞ւր է կորել ու չկա

Ծույլ Գաբրիելս։

Ետ դառնալու ճար կա՞ որ,

Տեսնես ո՞ւմ էր հարկավոր

Այսքան ապրելս։

ՍԱՐԵՐ

 

Հազար շապիկ մաշած սարեր,

Իրար ծոցում

Իրար կարոտ քաշած սարեր,

Քարոտ սարեր, խավոտ սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

 

Իրար բաշից կախված սարեր,

Աստծո փեշից կախված սարեր,

Բարձրիկ սարեր, քաղցրիկ սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

 

Հազար որոտ լսած սարեր,

Ամպերի մեջ մրսած սարեր,

Թրջված սարեր, թրծված սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

 

Գլուխ գլխի քնած սարեր,

Արևի մեջ շիկնած սարեր,

Օրհնած սարեր, հոգնած սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

 

Հազար ամպրոպ տեսած սարեր,

Հազար ճամփորդ տեսած սարեր,

Փորձված սարեր, փոխված սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

 

Խոսք-աղոթքի կարոտ սարեր,

Մարդու ոտքի կարոտ սարեր,

Սարոտ սարեր, ցավոտ սարեր,

Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։

ԱՄՊՐՈՊ

***

Երկնքում բամբյուն ու բոց,

Երկնքում կայծ ու կռիվ...

Բախվում են խորթ ու խռով

Ամպերը խռիվ-խռիվ։

 

Խրվում են իրար երախ,

Խրտնում են իրար գրկից,

Թռնում են իրար թիկունք,

Բռնում են իրար բկից։

 

Չոքում են իրար կրծքի,

Ճեղքում են իրար ճակատ,

Կտրում են իրար լեզու,

Ջարդում են դաստակ ու մատ։

 

Հոգնում են որոտալուց,

Քրտնում են, ջուր են դառնում,

Փլվում են երկրի վրա,

Ամեն ինչ իրար խառնում։

 

Կարկուտը ուշաթափված

Ընկնում է լեռան բաշին,

Կայծակը բլրին խփում,

Պոկում է գլխի կաշին։

 

Ամպրոպ է խմում քամին,

Հարբում է լիրբը լրիվ,

Հեգնում է, ում պատահի,

Բորբոքում վեճ ու կոիվ։

 

Ծառերը բռնում նրան,

Ասում են,— ինչքա՞ն մրսենք,

Մի ոռնա, ամբարտավան,

Բան ասա, թող բան լսենք։

 

Եվ քամին խոսք է խոսում.

— Ամպրոպ է, ինչքան ջանա,

Արևը քիթը հանի՝

 

Ամեն ինչ կվերջանա։

 

***

Աստված գիտե, թե ինչ արավ,

Իրար տվեց, իր մեջ առավ

Խութն ու խոռոչը,

Երկար ժամ էր, թե կարճ տարի,

Չհասկացանք այս աշխարհի

Այոն ու ոչը...

 

Ջուրը տվեց հողին ծարավ,

Տիղմ ու փրփուր ծովին տարավ,

Այս էր ամբողջը...

Գետի վրա ու կածանի

Թրթռում է ծիածանի

Կտրված պոչը...

ԿԱՐՈՏԵԼ ԵՆ

 

Հորոտ-մորոտ ծաղիկները

Կարոտել են իմ ձեռքերին,

Կարոտել են իմ ոտքերին

Հորոտ, մորոտ կածանները։

Վայրի, բարի այս հավքերը

Կարոտել են իմ երգերին,

Կարոտել են իմ ականջին

Այս շշուկներն ու ձայները...

Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ,

Հետո դառնամ առնեմ նրանց

Ժպիտներն ու արցունքները,–

Առնեմ, դնեմ քո վերքերին,

Որ դու նորից թեթևանաս,

Ապաքինվես ու լավանաս,

Եվ համբուրես, և համբուրես

Հորոտ, մորոտ այս լեռները,

Թռվռալով թողնես գնաս

Քեզ կարոտած,

Քո կարոտած հեռուները։

 

ԱՌԱՆՑ ՈՐՈՏԱԼՈԻ

 

Քեզ բախտն ուր էլ տարավ,

Մտքով քո տանն էիր...

Դու կիրճերում փրփրած

Քո Որոտանն էիր,

Եվ որոտում էիր

Առանց կայծակ տալու։

 

Քո նախաստեղծ, վայրի

Գեղեցկության դիմաց

Մի նոր գեղեցկություն

Գտար... Եվ դու հիմա

Կայծակներ ես տալիս

Առանց որոտալու...

ԱՆՁՐԵՎ

 

- 1 -

 

Ամպը կախվել է ամպից,

Ամպամած օր է.

Վերը երկինք է մթին,

Ներքևը՝ ձոր է:

 

Ինչ-որ տագնապ է ձորում,

Ինչ-որ սարսուռ է...

Ուշաթափվել է առուն,

Եվ ուռին լուռ է:

 

Հավքը թևերն ամփոփել,

Կարծես մրսում է,

Ու՞մ և ինչու՞, չգիտե,

Բայց սպասում է:

 

Քամին քարայրն է մտել,

Փշաքաղվել է, -

Քարայրի հոնքը ծռվել,

Աչքը շաղվել է:

 

Շանթը զարկել է ամպին...

Ա՜խ, վիրավոր է,

Արյունաքամ կլինի

Ամպը ուր-որ է:

 

- 2 -

 

Ի՞նչ կատարվեց... Երկնքում

Քանդուքարափ է:

Ամպերը փուլ են գալիս,

Տեղատարափ է:

 

Կապույտ մրրիկ է պայթել,

Կապույտ մշուշ է...

Ուռին ուզում է փախչել,

Բայց արդեն ուշ է:

 

Ուռին ճչում է կարծես.

-Հասե՜ք. աղետ է:-

Առուն ուշքի է եկել

Եվ արդեն գետ է:

 

Որոտում է ձորն ի վար,

Հոսում է ինքը,

Ինքը-Նորին Մեծություն,

Փլված երկինքը:

 

Ծառս է լինում և խառնում

Ամպն ու ալիքը

Եվ ծովերին է տանում

Այս արհավիրքը:

 

- 3 -

 

Հոգնած ամպի մի պատառ

Քարափի հոնքին՝

Ծիածանի թևի տակ

Ավանդեց հոգին:

 

Հավքը բախվեց ուռենուն...

Ոստերից նրա,

Մոլորակներ թափվեցին

Քարերի վրա:

 

Ելավ քամին քարայրից,

Է՜խ, դու գիժ քուռակ,

Թավալ տվեց խոտերում

Ու մտավ պուրակ.

 

Ինչե՜ր արավ պուրակում,

Պարզ է ինչ կանի,-

Թրջված ու թավ մի պուրակ,

Մի քուռակ քամի...

 

Քացով տվեց ծառերին

Եվ շյուղահարեց,

Հրճվեց, թրջվեց, փռշտաց

Ու նորից պարեց:

 

Հանկարծ խրտնեց՝ պուրակում

Մոլորված ամպից,

Քառատրոփ սլացավ,

Ընկավ քարափից...

 

Վերը երկինք է վճիտ,

Ներքևը ձոր է,

Ամեն ինչ թարմ է այնպես,

Ամեն ինչ նոր է:

Ինչ արած,մարդեմ....

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,

Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

 

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,

Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,

Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ

Դեռ թիապարտ եմ։

 

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,

Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,

Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,

Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

 

Հավիտենության լծորդն եմ անդուլ,

Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,

Փոթորիկներ են եռում հատակիս,

Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

 

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,

Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ...

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

 

Ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-

Մի լույս կմարի հինգերորդ հարկում,

Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

 

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,

Մանուկներն էլի կխաղան բակում,

Կանաչներն էլի ցողով կթրջվեն,

Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

 

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,

Կժպտան նորից աչքերը քո ջինջ,

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Եվ չի պակասի աշխարհում ոչինչ

ԿԱՆՉ

 

Անց կացավ օրըս, արևավորըս,

Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,

Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,

Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:

 

Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,

խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,

Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -

Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:

 

Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,

Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,

Փախել է քունըս, կանչում է տունըս,

Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու

 

Կա մի օրենք, որի վրա

Դեռ շատ պիտի խորհենք...

Ո՞վ է դրել հիմքը դրա,

Ո՞վ է դարձրել օրենք:

ՈՒղեկցում է ահը մահվան

Մեզ ծննդյան պահից,

Եվ մեզ ավաղ, մահն է միայն

Փրկում մահվան ահից:

Ախ, սերունդներ աշխարհ չեկած,

Որ կանգնած եք հերթի,

Գտեք մեկին, որ մի հնարքով

Այդ օրենքը հերքի:

 

Մի բարակ-բարակ թախիծ,

Որ բարակ մի ծուխ է կարծես,

Փռվել է տան կտուրին,

Կտուրից իջել պարտեզ

 

ՈՒ եկել, եկել, եկել,

Բացել է դուռն ու մտել ներս...

Եվ գիտե՞ք ինչ է ասում.

_Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...

 

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած` ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

 

 

ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ...

 

Ուրիշ ամպեր են նստել սարերին,

Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,

Ուրիշ աչքեր են նայում արևին։

Միայն սարերն են նույնը մնացել,

Միայն քարերն են նույնը մնացել,

Միայն արևն է նույնը մնացել։

Դու ամպի նման փարվիր սարերին,

Մամուռի նման ծաղկիր քարերին,

Հրճվիր արևով, նայիր արևին։

Արևին նայող աչքերն համբուրիր,

Սարերին փարված ամպերն համբուրիր,

Քարերին ծաղկած մամուռն համբուրիր,

Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր...

Համբուրիր ճամփան անցավորներիղ,

Հիշատակները մերձավորներիդ,

Խոնարհվիր նրանց շիրմաքարերին...

Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու,

Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝

Փնտրել անհնարն ու անկարելին։

Հայաստան ասելիս

 

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…

Կմնամ, կլինեմ այսպես: