Գինու կավը ի՞նչ մեղք ուներ, տեր Աստված

Որ թափեցիր իզուր տեղը, տեր Աստված

Ես խմեցի դու՞ հարբեցիր, տեր Աստված

Հողը բերնիս, սուտ ե՞մ ասում, տեր Աստված

Գինուս կուժը դու կոտրեցիր, աստվա՜ծ իմ.

Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա՜ծ իմ,

Իմ ալ գինին դու թափեցիր, աստվավծ իմ.

Ե'ս եմ խմում` դո՞ւ հարբեցիր, աստվա՜ծ իմ:

 

 

Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա'ն,

Պատկե'ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա'ն,-

Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ - աշխարհում,

Մինչ մեզ նորից նետեն սնդո'ւկն անէության:

 

 

Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա

Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,

Ուրիշների սրտի հալը հարցրա,

Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա:

 

 

Ես չգիտեմ՝ նա´, ով տվեց ինձ շունչ - հոգի.

Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.

Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի´կ տվեք –

Ձեր ապառիկ Դրախտը ձե՜զ լինի, հոգի´

 

 

Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,

Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,

Քանի ականջ, աչք ու լեզու տեղո´ւմ են դեռ,

Էն գլխից կո´ւյր և հա´մր ու խո´ւլ պիտի լինես:

 

 

Հավեժության գաղտնիքը մութ ոչ դո'ւ գիտես և ոչ էլ` ե'ս,

Ոչ դո'ւ կարող ես վերծանել գրերն այս մութ, և ոչ էլ` ե'ս.

Իրականը` քողի ետև եղած զրո՜ւյցն է միայն,-

Երբ քողն ընկնի` էլ չե՜նք լինի այս աշխարհում ոչ դո'ւ, ոչ` ե'ս:

 

 

Երեկ գիշեր բրուտի մոտ մտա մի ծեր,

Տեսա երկու հազար խոսուն ու լուռ կժեր.

Նույն հա'րցն էին տալիս նրանք. - «Ո՞ւր եք, ասե'ք,

Կուժ սարքողնե'ր, կուժ ծախողնե'ր, կուժ առնողներ'...»:

 

 

Գինետանը հարցում արի ես մի ծերից.

«Ի´նչ լուր,- ասի,- այս աշխարհից մեկնողներից...»

«Խմի՜ր» – ասաց,- մեզ պես քանի՜սն են գնացել,

Եվ նրանցից դեռ չի՜ դարձել ոչ ոք նորից:

 

 

Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին,

Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին,

Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին,

Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`... աչքերը փակեցի՜ն...

 

 

Մի ռենդ* տեսա` խանի սեմին նստած մոլոր,

Ոչ գյավո´ւր էր, ոչ` մուսուլմա´ն հավատավոր,

Ոչ ճշմարիտ շարիա´թ ուներ, ոչ էլ` հավա´տ,-

Կա՞ր Այս ու Այն կյանքում Սուֆի այդքան հզո՜ր:

 

 

Դուք ասում եք կա դրախտում մի հուրի,

Ես ասում եմ` ինձ բավական է գինին:

Վերցրո՛ւ ինչ տրված է ու թող ապառիկը.

Թմբուկի աղմուկն էլ է հեռվից հաճելի:

 

 

Ե՛կ, սիրելիս, գինուց առնենք հավատք եւ ուժ,

ու թող ցրվի վիշտը որպես մեգ ու մշուշ,

ե՛կ, արբեցած, խինդով զարկենք փարչերն իրար,

քանի մեզնից չեն պատրաստել գավաթ ու կուժ:

 

 

Ե՜կ, արբենա՜նք, արշալույսն է վարդաբուրում,

քարին զարկենք եւ մոռանանք պատի՜վ, անո՜ւն,

մեզնից վանենք տառապամիտ կյանքն անիմաստ,

եւ ըմբոշխնենո սեւ վարսերի հրաշքն անհուն:

 

 

Ա՜խ, երանի մի վայր լիներ անդորր, մեղմիկ,

ուր լիովին մտածմունքից խաղաղվեինք,

բյուր երանի հազար տարին գեթ մի անգամ

հողի կրծքից աշխարհ գայինք որպես ծաղիկ: