ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ...

 

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ

Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ

Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,

Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան

 

Պտտեցնում եմ մատլս և... փոխարեն թելի

Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :

Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,

Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս

Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

 

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում...

 

Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով

Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝

Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

 

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,

Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,

Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով...

 

Ու ես մտածում եմ, որ հիրավի

Ժամացույցից պիտի շինել շաքար

Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում

Իբրև անքնություն փարատող դեղ

Եվ հայելուց... պիտի կոշի~կ կարել,

Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

 

Իսկ սեփական անձի արտացոլման համար

Ձեզ հայելի պե՞տք է

Ինձ Հայելի պետք չէ

Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,

Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`

Ծառաբնի՛ վրա,

Քո ափի՛ մեջ,

Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...

 

 

Նամակ

 

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը..."

 

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաև ... մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...

 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

Անծանոթուհուն

 

Ես մտածում եմ.

ԿԱնցնի մի շաբաթ,

Ու ես վերստին կտեսնեմ նրան,

Ում հանդիպեցի առաջի~ն անգամ,

եվ մի – երկու բառ փոխանակեցինք`

Չծանոթացած:

 

Կտեսնեմ նրան

Ու կասեմ §դու¦-ով.

 

-Թույլ տուր տամ մի հարց,

Բայց շատ եմ խնդրում,

Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:

Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,

Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,

Անվե~րջ – անդադա~ր ժպտացել:

Ինչու±:

 

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ ինձ ասես`

Ես գոհ կմնամ,

Իսկ եթե շիկնես`

Առավե°լ ևս:

Իսկ եթե շիկնես`

Կշարունակեմ.

-Երկու փոսիկիդ,

Որ կա երեսիդ,

Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել

Հմայքի ծովո~վ:

 

Ես նո°ր հասկացա,

Թե ոնց է լինում,

Որ հողագնդի կլոր կողերից

Ծովերը երբեք չեն թափվում ներքև,

Ու չեն դատարկվում այն փոսիկները,

Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...

 

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ որ ասեսէ

Ես գոհ կմնամ:

Միայն... միայն թե դու չնկատես,

Որ հանկարծ ես քեզ`

Անծանոթուհուդ,

Դիմել եմ §դու¦-ով:

 

Թե չնկատես`

Ես այնժամ կասեմ.

-Դե~ , անունդ ասա...

 

Միանգամից

 

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.

Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,

Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,

Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,

Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:

Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.

Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

 

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,

Հենց այսպես է, ինչպես որ կա:

Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,

Թե ես ի՞նչ եմ գերադասում,

Ի՞նչ եմ ուզում

Ու երազում,

Ես կասեի.

- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...

 

«Գժվել»

Եվ ինձ լսելով`

Կարող են ասել.

"Գժվե՞լ է, ի՜նչ է":

Իսկ ես էլ կասեմ.

"Այո', գժվե՜լ եմ,

Ինչո՞ւ չգժվել":

Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:

Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:

Առանց գժվելու` չկա շահած մարտ:

Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:

Մինչև չգժվի` ջուրը չի եռա,

Կեղև չի պատռի հատիկը նռան:

Ծառե՞րն են փթթում`

Գժվա՜ծ են անշուշտ:

Երկիրն է պտտում`

Գժված է անշուշտ...

Սերմերը մինչև կարգին չգժվեն`

Բերք չե'ն դառնալու:

Թաթերը մինչև կարգին չգժվեն`

Ձեռք չեն դառնալու:

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`

Ե'րգ չեն դառնալու...

Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...

 

 

Դ ՈՒ

 

Դ՛ու՝

երկու տա՜ռ,

Դ՛ու՝

հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

 

Դ՛ւ՝

երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

 

Դ՛ւ՝

երկու տա՜ռ

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանւմ

Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

 

Դ՛ու՝

երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում՝

Փոշիացած հերոսների

Դասակին եմ ընկերանում...

 

Դո՛ւ՝

երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնւմ ես ինձ ու հեռանում՝

Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղւնի մեջ ու գերանում...

 

Դ՛ու՝

երկու տա՜ռ,

Դ՛ու՝

հասարա՜կ մի դերանուն...

ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

 

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն:

Իսկ ես չունե՞մ

 

Ու ջնջում եմ

էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,

Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»

(Փող ունենամ՝

Կհասկանամ

Առանց և այդ լամպագրի)...

 

... Ու բացում եմ

Փակ դռները գիշերային խանութների.

Ընդամենը հարկավոր է ծխելու բան,

Որ կուզեյի ինձ վաճառեր

Ա՛յն աղջիկը,

Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,

Որի անունն անհայտ է ինձ,

Որի սիրտը փակ է իմ դեմ`

Ինչպես խանութն այս լեփլեցուն,

Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,

Ես չգիտեմ,

Բայց կուզեի,

Շա~տ կուզեի,

Որ նա սիրել կարողանար

Նաև... տգեղ տղամարդու...

 

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն

Իսկ ես չունե՞մ

 

... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,

Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...

... Բաց եմ անում

Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`

Իրենց թաքուն պոեզիայով,

Որ կուտակվել Է դարեդար...

 

... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,

Որ միշտ փակ են եղել իմ դեմ

Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,

Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,

Բայց լեմ ասի նաև այսօր,

Այսօ՛ր,

Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...

... Ներս եմ մտնում

Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,

Որ կինն ունի՝

Երբ այդ կինը

Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,

Այլև շա~տ լավ է հասկացել,

Թե չի սիրում ինչի՛ համար:

Ա՛յն կինը, որ գիտի մի բան

Եվ չգիտե ևս մի բան.

Նա չգիտի,

Որ աշխարվում

Կարելի է ապրել նաև առանց սիրո,

Եվ լա՛վ գիտի,

Որ երբևէ,

Ի~նչ էլ լինի ու չլինի՝

Անկարող է դավաճանել...

 

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն

Իսկ ես չունե~մ...

ԱՊՐԵԼ

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,

թե ինքըդ քեզ արհամարհես

ու համառես,

քեզ հետ վիճի՛,

քեզ չզիջի՛,

համբերատար քեզ հետ խոսի՜,

հակառակո՛ւմ քեզ համոզի

ինքը... հզոր Հանրությունը...

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ ուրիշի խինդով խնդաս,

Որ ուրիշի ցնծությունով

Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

 

Լինես, մնաս ամենքի հետ,

Նրանց կամքին հպատակվես,

«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,

Նրանց ցավով լուռ տապակվես:

 

Տրվես նրանց լույսի նման

Եվ չխաբես՝ հույսի նման:

Արշալույսի նման բացվես

նրա՛նց համար,

Վերջալույսի նման բացվես

նրա՛նց համար:

Թե լաց լինես՝ նրանց համար,

Թե բաց լինես՝ նրանց համար:

Եվ հա՜ց լինես նրանց համար՝

հոգևոր հա՛ց,

Քեզ նրանցով կյանքում զինես

Եվ նրանցով կյանքում լինես

ոգևորվա՜ծ:

Եվ նրանցով կյանքում լինես

թույլ կամ ուժեղ,

Եվ նրանցով կյանքում լինես

բույլ կամ մժեղ:

Թշվառ՝ ինչպես անապաստան,

Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

 

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,

Որ նրանց հետ մթնես - ամպես,

Եվ նրանց հետ շանթարձակվես.

Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,

Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.

Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝

Ինչպես նամակ և կամ բացիկ...

 

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,

Կյանքդ խառնել նրանց կյանքին,

Տառապանքդ՝ տառապանքին,

Ջանքդ՝ ջանքին,

Ցանքդ՝ ցանքին,

Եվ ենթարկվել նրանց կամքին,

Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-

Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

Դու մի’ հարցրու.“Սիրո՞ւմ ես ինձ”:

 

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,

Դու էլ հիշի’ր,

Որ երբ իզուր հարց չեն տալիս`

Սուտ պատասխան չե~ն ստանում:

Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,

Այլ մտածիր,

Թե ջրհորի մութ խորության չափման համար

Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ

Քո ուզածից շա~տ ավելին:

 

 

Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,

Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի:

Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր,

Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

 

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,

Ես` մի հմուտ աշխարհագետ,

Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ

Բազմախոստում տեղանքը քո:

Ու խոսում է մեջս կրկին

Մոլի ոգին հետազոտման.

Ուզում եմ քեզ անգիր անել,

Մտքով գծել քարտեզը քո,_

Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:

Եվ առավել լավ չէ՞ արդյոք,

Որ մարդու ո՜տքը սայթաքի,

Քան թե լեզո՛ւն:

Ուրեմն արի ոչ թե խոսենք,

Այլ մտովին քայլենք առաջ

Այս անծանոթ ճանապարհով,

Մինչեւ հասնենք հանգրվանի`

Հեքիաթական ինչ-որ մի տեղ,

Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,

Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,

Եվ լինենք կույր` կրակի՛ պես,

Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`

Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,

Այլ կծկըվո՜ւմ,

Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,

Դառնալով համ մեր բերանում,

Մեր լարաթափ ջղերի մեջ,

Շփոթահար մեր դեմքերին...

 

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.

“Սիրո՞ւմ ես ինձ”:

Ե՛ս քեզ հարցնեմ`

Պտասխանիդ չսպասելով,

Այլ օգնելով, որ ստանաս

Նախկին տեսքըդ աստվածուհու,

Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,

Որ դեռ չուներ գծված քարտեզ:

Եվ իմ հարցին ի պատասխան

Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.

“Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:

Իսկ դու օգնում ես հագնըվել:

Դու ուրի՛շ ես:

Սիրո՜ւմ եմ քեզ”...

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...

 

Մենակություն բառից դողդողուն է օդը իմ սենյակի:

ՈՒ ես հասկանում եմ,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

 

...Երբ աչքերն են սառում՝

Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ մարդ է գալու:

Բայց դա եթե սուտ չէ,

Ապա բարություն է,

Որ ծնվել է միայն խեղճությունից:

Իմոնք էլ են սառում:

Սակայն դու չե՜ս գալու:

Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:

Եվ օդը սենյակիս

Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝

Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,

Թե վիհերը գուցե նրա համար են լոկ.

Որ մարդ ներքև նետվի:

 

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,

Որ մարդ ներքև նետվի՝

Այդ դեպքում ես

Ինչպե՞ս անեմ.

Կու՛ժ չեմ,

Կուժկոտրու՜կ եմ.

Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվու՜մ եմ,

Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,

Ինչպես թուղթն է հոգնել իմ ժանքերից՝

Հեռվից հեռու ասել քեզ երկու բառ,

Որ կարող է նու՛յնքան ինձ թարգմանել,

Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը...

 

Սուտ կա, որ ճիշտ արժե:

ՈՒ ես հավատում եմ մեր հնարած ցտին,

Թե չենք կորցնի իրար:

 

Վախ կա, որ մահ արժե:

ՈՒ ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,

Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

 

ՈՒ վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:

Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,

Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

 

Բայց հոգնել եմ արդեն

Եվ հոգնել եմ այնքան,

Որ չեմ զգում ոչի՜նչ,

Ցա՛վ չեմ զգում անգամ:

 

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

 

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,

Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.

Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,

Վատըդ թողած՝ լավըդ թվել,

Հավատացրել, հավատացել,

Թե իմ առաջ դուռ ես բացել՝

Չտեսնըված, չեղած մի դուռ։

Սակայն ի՞նչ եմ ես ստացել

Այդ ամենին ի տրիտուր։

 

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։

 

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,

Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։

Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։

Ճիշտ ճամփից ես միայն շեղել։

Սուտ խոստումով կապել ես ինձ,

Մանկան նման խաբել ես ինձ,

Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։

Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,

Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

 

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

 

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,

Որ դու... որ դու նման լինես իմ երազին։

Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.

«Տղան հասավ իր մուրազին,

Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

 

Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...

Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.

Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,

Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

 

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

 

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,

Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,

Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,

Ցած է ընկնում երեք խնձոր-

Մեկ՝ ասողին,

Մեկ՝ լսողին,

Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր

Հիմարաբար սպասողին...

 

 

ԱՅԴ Ո՞Վ Է ԱՍԵԼ՝ ՆՈՐԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՆՈՐԻ՛Ց ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻ՜Ն …

 

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։

Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …

 

Ու երբ մինչ—իսկ այլուրից (դեռ տա՜ք)

Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,

Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում

Եվ քո գունազարդ քնի փոխարեն

Անքնություն է փռում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով

Մազերդ են սանրում, իսկ դու վերստին

Շոյանքի սովոր քո մազերի մեջ

Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.

Երբ օտար մեկի շարժումի, դեմքի

Նմանությունը հեռու-մոտավոր

Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,

Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,

Ինչպես լույսերի վետվետումներից

Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձր—ներից հողն ասես թթվում

Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,

Որ մենակ ես դու իբր— մի … Իգրեկ,

Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին

Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու

Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-

Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ

Նույն զգացումը անճեղք ու անդուռ,

Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,

Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,

Մանզի կա մթին մի կախյալություն

Ջղի — արյան, հոգու — կրքի.

Քանզի նռանը հանման-գումարման

Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Քանզի թեպետ— բախտ մենք ենք փնտրում,

Բայց բա՛խտը,

Բա՛խտը,

Բա՜խտն է մեզ ընտրում …

 

Ուստի մինչ—իսկ սիրառատ հոգին

Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

 

Չգիտեմ ի՞նչ անեմ

Պատեպատ եմ զարկվում:

Հազար բան եմ տնտղում` կույրի նման,

Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին

Պատեպատ եմ զարկվում:

Չգիտերմ` ի՞նչ անեմ:

Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս

Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:

Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ

Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար

Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`

Ճակատս սեղմելով մտածում եմ,

Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային

Ճաղի արանքներից լուռ հածում է

Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,

Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.

Թո՛ղ որ ապրեն ազատ,

Ո՞ւմ են վնաս տվել:

Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,

Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին

Փակցված հայտերը և ազդերը բազում

Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն

Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`

Մի թատրոնի

Կամ թե

Մի համերգի տոմսով...

 

“Երբ ժամանակ լինի” ասելով չէ՞ր,

Որ անցավ մեր կյանքը ,

Մինչդեռ այս վայրկյանիս`

Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...

Եվ իմ ներսի ձայնը

Խաղաղությամբ մի բութ

Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,

Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`

Նախրապանի նման կամ հովվի պես.

Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,

Թե անտեր են իրենք:

“Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,

Նո՛ւյնպես գործ է:

Բայց ես հո չեմ կարող

Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:

Ուրի՛շ գործ եմ ուզում:

Իսկ ի՞նչ:

Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

 

Պատացել է մութը արդեն վաղուց:

Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`

“Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ

Եվ “Առավոտ լուսո”:

Սա էլ գործ է, հարկա՛վ,

Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,

Իմ ուժից վե՜ր մի գործ:

Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,

Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,

Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից

Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

 

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,

Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում

Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `

Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...

Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ

Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

 

Ես իրար եմ զարկում նրանց ամուր

Ու թողնում եմ այդպես.

Թող կո՛խ բռնեն

Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:

Իսկ ոտներըս,

Խանդո՜տ այս ոտներըս,

Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`

Հավանաբար, թաքուն մտածելով,

Թե դրանից աչքիս կբարձրանա

Նաև իրե՛նց հարգը ...

 

Նո՛ւյն վայրկյանին

Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ

Բեռնամեքենայով ձիեր էին տանում,

Հասկանո՞ւմ եք, այո՛,

Չե՞ք հասկանում:

Այո՛, ձիե՜ր`

Նրա՛նց

Որ բյուրավոր դարեր

Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,

Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,

Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,

Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:

Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա

Այս քո փռշտացող մեքենայի համար,

Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր

Փոխադրականդ է փոխադըրում...

 

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,

Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,

Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա

Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,

Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...

Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:

Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

 

Եվ իմ ներսում ,

Որտեղ պարապությունն արդեն

Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`

Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,

Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-

Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,

Վրնջում են ձիե՜ր,

Խրխնջում են ձիե՜ր,

Դոփո՛ւմ,

Բերաններից կրա՜կ թափում

Ձիե՜ր...

Ձիե՜ր,

Այսքան ձիե՞ր...

 

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,

Ինձ կտրում են փափուկ մահճակալից,

Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,

Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:

Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,

Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,

Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,

Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Դոփո՜ղ,

Բերաններից կրա՜կ թապող

Ձիե՛ր...

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ

 

Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում

Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…

 

Թե կուզես՝ լռի՛ր

Թե կուզես՝ ոռնա՜,

Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:

Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,

Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.

Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,

Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.

Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,

Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…

Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,

Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

 

-Պատահաբար ես պատահում կյանքում,

Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…

ԸՆԿԱԾՆԵՐԸ

Կռիվներում ընկան նրանք.

Ամեն մեկը՝ մի տան ճրագ,

Ամեն մեկը՝ մի մոր որդի,

Ամեն մեկը՝ մի աղջկա

Երազանքը անապական,

Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...

Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,

Ամեն մեկը անգին մի կյանք...

 

Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ.

Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,

Մեկը սրով, տասը՝ հրով.

Մեկը՝ արդեն հայտնի հերոս,

Տասը՝ հերոս դեր չդարձած,

Մեկը՝ իր մոր արցունքներով

Թաց նամակը դեռ չընթերցած,

Տասը՝ նամակ սպասելիս,

Կարոտելիս, երազելիս...

 

Բայց զոհի' պես չընկան նրանք:

Ընկան նրանք իբրև մարտի'կ,

Ընկան նրանք իբրև մարդի'կ,

Որ սովոր են մահը վանել

Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,

Որ սովոր են զրկանք տանել՝

Ընդդեմ ցավի ու զրկանքի.

Որ պատրսատ են հանուն սիրո

Սիրուց առնել ատելու թափ.

Եվ անպարտ են ատելությամբ:

Որ հզոր են հենց այդ սիրով.

Զոհի' նման չընկան նրանք:

Ընկան նրանք իբրև մարտի'կ,

Որ փուլ չգա էլ ապարանք,

Խաղաղ մնա ամեն երդիկ,

Եվ ծխանի ծուխը բարակ

Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,

Քամուց թերթվի լուրթ երկնքում.

Որ էլ ոչ մի ընտանիքում

Անտերացած ոչ մի աթոռ

Չաղաղակի դատարկությամբ

Թեյի ժամին, ճաշի պահին.

Որ արկերի դղրդոցին

ՈՒ հրդեհի ահեղ բոցին

Փոխարինեն արծաթ բահի

Զրնգոցը երկնքի տակ

Եվ կարոտի շշուկը տաք:

 

Նրանք ընկան կռիվներում,

Բայց ապրում է հոգին նրանց

Ապրողների հոգիներում.

Չի' մեղմացել ցավը կրած,

Ատելուտյո'ւնը փրփըրած

Եվ հաղթության տե'նչը խորին՝

Ի գիտություն ա'յն բոլորի,

Որ նայում են շիրմին նրանց

Միայն իբրև մի բլուրի,

Որ հարթվում է կամաց-կամաց, -

Անմիտի պես մոռանալով,

Որ եթե չար թշնամու դեմ

Ապրողները իրենց ուժով

ՈՒ զենքով են անպարտելի,

Ընկածները իրենց հուշո'վ,

Վրեժո'վ են սարսափելի...

ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚

Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚

Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚

Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ

եղեցկի՛ն‚

Բարու՛ն‚

Վսեմի՛ն‚

Լավի˜ն…

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-

Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚

Երբ եղել ենք շատ

Ու եղել կանգուն‚

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:

Եթե գերել ենք՝

Լոկ մեր գրքերով.

Եթե տիրել ենք՝

Լոկ մեր ձիրքերով…

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել:

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝

Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.

Շինել ենք կամուրջ‚

Կապել ենք կամար‚

Ամե˜ն տեղ հերկել‚

Հասցրել բերքեր‚

Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝

Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-

Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚

Մեր հոգուց՝ մասունք‚

Եւ նշխար՝ սրտից…

 

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -

իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.

իտենք թշնամու կողը մխրճվել

Ու բարեկամին դառնալ աջակից.

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝

Մեկի փոխարեն տասն հատուցելով…

Հօգուտ արդարի եւ արեգակի

իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝

Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝

իտենք մոխրանալ որպես վառ կերոն.

Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚

Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚

Բայց մեզ էլ գիտենք -

Մազ հաեյ են ասում:

Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…

Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք:

ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ

 

Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքես ինձ,

Ասում եմ ես մտքիս մեջ

Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:

Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝

Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:

Ո՜չ մեկիս...

 

Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),

Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...

Եվ կույր ձեռքս

կույրին հատուկ խարխափումով ու դողով

Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում

Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից

Ջնջում է իմ “հարկավոր չէ” -ն տառ առ տառ...

 

Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,

Տանջանքի հո՜ղը գլխիդ:

Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,

Որ մոռանաս “միթե” -ները,

“Չէ որ”-ները քո երկսայր

Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին

Գարնան պես:

 

Իսկ գարո՜նը...

Արձակվում է ճամփաների պաղն արդեն:

Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:

Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի

Իրենց հունով բաց են անում նորանոր

Երակներ ու զարկերակներ սև ու տաք.

Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝

Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...

 

Ինչքա՜ն կուզես “հարկավոր չէ՜” գոռգոռա.

Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից

Ձյան պես հալվի,

Դառնա պաղած թանապուր.

Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ

Քո սեփական արյունով,-

Միևնո՜ւյնն է.

“Հարկավոր չէ՜”-ն իր իսկ կամքին հակառակ,

Ինքն իրենից թաքուն անգամ՝

Ի վերջո

Վերափոխվում ու դառնում է “ի՜նչ ուզում է թող լինի”,

Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...

Որովհետև... “չէ որ”-ները նո՛յնպես քնել են ուզում...

Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...

Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից

Միշտ զգում եմ գլխապտույտ,

Որ տևում է ամիսներ...

Որովհետև... պարտվե՞լ, այո՛,

Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,

Սակայնո՛չ թե ինքդ քեզնից.

Ինքդ քեզնից պարտվելով՝

Դու դառնում ես փսոր ծամոն

Կամ ինքնաթափ պատի ծեփ

Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,

Գեթ մեքենա՛ խելացի,

Որ կուզեի՛ իրոք դառնալ,

Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,

Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:

 

Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:

Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,

“Հարկավոր չէ՛”-ն հարկավոր չէ՛ իսկապես.

Մե՛նք ենք իրար հարկավոր...

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,

Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.

Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,

Վատըդ թողած՝ լավըդ թվել,

Հավատացրել, հավատացել,

Թե իմ առաջ դուռ ես բացել՝

Չտեսնըված, չեղած մի դուռ:

Սակայն ի՞նչ եմ ես ստացել

Այդ ամենին ի տրիտուր:

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար:

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,

Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար:

Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել:

Ճիշտ ճամփից ես միայն շեղել:

Սուտ խոստումով կապել ես ինձ,

Մանկան նման խաբել ես ինձ,

Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ:

Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,

Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,

Որ դու... որ դու նման լինես իմ երազին:

Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.

“Տղան հասավ իր մուրազին,

Դուք էլ հասնեք ձեր մուրազին”:

Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...

Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.

Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,

Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,

Մե՜կ է հիմա:

Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,

Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,

Ցած է ընկնում երեք խնձոր-

Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին,

Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր

Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած՝ հեքիաթներից”

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

 

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

 

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,

Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.

Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,

Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,

Այլ մագլցել ես կատարից-կատար,

Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝

Քո ահեղ դարից առնելով թևեր...

Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,

Որ անօրինակ քո դարը տեսնես,

Բոլոր կերպերով դու նրան զգաս,

Շահածով խնդաս, կորուստը սգաս...

Ելել ես իբրև նրա մունետիկ,

Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,

Որ ճշմարտության ափերը տեսնես

Ծպտըված ստի խաբելը տեսնես,

Որ չվախենաս, որ չվարանես՝

Անարդարության դեմքը խարանես...

Ահա, թե ինչու դու այսքան տարի,

Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,

Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,

Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,

Ասես աշխարհն ես շալակած տանում...

 

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

 

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,

Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,

Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...

Վերից է նայում ցածրում կանգնածին,

Չի նայում երբեք ներքև ընկածին.

Վերև կանգնածի աղջկան, որդուն,

Սիրուհուն անգամ ու քարտուղարին

Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...

Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝

Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.

Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,

Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Հարազատ մորից ու որդուց ավել,

Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

 

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

 

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

 

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Գաղափարական իր հորն է սիրում...

 

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,

Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր... աթոռը:

Աթոռն է սիրում

Ու նրան տիրում.

Ցանկացած գնով ելնում է նա վեր,

Փորձում է թռչել նա առանց թևեր,

Անվերջ սողալով առաջ է գնում,

Գնում է այսպես... և տարեց-տարի

Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

 

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

 

Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով...

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,

Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,

Որ իմ տարիքում

Դեղձին տասն անգամ մեռած կլիներ։

Իսկ ինչպե՞ս ես դու։

Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,

Որքան տեսել եմ։

Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,

Քանի որ չկաս

Դո՛ւ- Իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով։

Իմ շրթունքներից

Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ՝

Մի գունդուկծի՛կ,

Բառերի մի պա՜րս,

Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ։

Եթե երբեւէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն՝

Թող թռչեն սիրո՜վ,

Մի՛միայն սիրով

Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,

Որի մեջ կա գոլ անապատային,

Ավազների սողք ու մտապատրանք։

Մի՞թե քո հեռվից՝

Քո անտառների խոնավ օդի մեջ,

Անվերջ չես լսում խոսքերս չասված։

Իսկ թե լսում ես խոսքերըս չասված՝

Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,

Որ, թվում է ինձ, պիտի որ զգան

Սրբորեն հղի դեռահաս կանայք,

Որոնցից մեկին,

Մի՛միայն մեկին

Կարողանայի՜ մտովին ասել.

“Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով”։

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից։

Եվ դրանից չէ՞, որ հետզհետե

Բարի եմ դառնում,

Եվ այնքա՜ն բարի,

Որ խղճում եմ ես... մենակությանն էլ։

Նա էլ է տանջվել ու հոգնել։

Մեղք է։

Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,

Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,

Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,

Ուր հանդիպում են այգն ու գիշերը։

Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբեւէ,

- Ես ի՜նչ իմանամ գուցե գիտես դո՞ւ,

Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը ճակատագըրով։

Ու ձյուն է գալիս,

Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.

Հյուսիսն է հղում հարավին ողջույն։

Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,

Հեռավո՜ր մի բան,

Մի հիշողությո՛ւն,

Որի բարությամբ հոգեբուժական

Չեն մեռնում, ճիշտ է, բայց եւ չեն ապրում,

Ինչպես չի մեռնում, բայց եւ չի ապրում

Սե՛րըս- վերջի՜նըս թյուրիմացաբար,

Բայց եւ միա՜կըս՝ ճակատագըրով։

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք՝

Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.

Փոխադարձաբար իրար նեղացնենք

Ու վիրավորենք փոխադարձաբար,

Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,

Ու տառապանքը ինքն իրեն ների,

Ես էլ հավատամ, որ դու չես եղել

Ո՛չ իմ միակը՝ ճակատագըրո՜վ,

Ո՛չ իմ վերջինը՝ թյուրիմացաբա՜ր...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Իմ քաղցրանո՜ւն,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ տառապա'ծ,

Իմ փառապա'նծ:

Հների մեջ` դու ալեհեր,

Նորերի մեջ` նոր ու ջահել.

Դու` խաղողի խչմարված վազ,

Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.

Դու` բարդենի սաղարթաշատ,

Առուն ի վար փռված փշատ.

Դու` կիսավեր ամրոց ու բերդ,

Մագաղաթյա մատյանի թերթ.

Դու` Զվարթնոց-ավեր տաճար,

Կոմիտասյան ծիրանի ծառ.

Դու` ջրաղաց խորունկ ձորում,

Դու` հորովել անուշ ծորուն,

Փայլ գութանի արծաթ խոփի.

Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,

Դու` հայրենի ծխանի ծուխ,

Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ...

 

Իմ փառապա'նծ,

Իմ տառապա'ծ,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ քաղցրանո՜ւն:

Դու մրգերի շտեմարան,

Ոսկևազյան գինու մառան.

Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,

Արտաշատյան խաղող սևաչ.

Դու Սևանի վառվող կոհակ.

Երևանի սյուն ու խոյակ.

Դու` հանգրվան, կանչող փարոս,

Դու հայկական գերբ ու դրոշ.

Խոսուն վկա կոտորածի

ՈՒ վճիտ աչք ցամքած լացի.

Արդարության ահեղ ատյան,

Սրի պատյան,

Սիրո մատյան -

Միշտ հի'ն ու նո'ր իմ Հայաստան:

ԽԵՆԹԸ

 

Ես նայում եմ իմ ձեռքերին,

Ա՛յնպես նայում,

Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:

Նայո՜ւմ-նայո՜ւմ,

Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,

Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:

Ու նրանց հետ խոսում եմ ես

(Նաև խոսո՜ւմ)

Եվ համարրյա նույն լրջությամբ,

Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,

Որովհետև... այս ձեռքե՜րը,

Միայն սրա՛նք,

Սրա՜նք պիտի լոկ վկայեն,

Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,

Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,

Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,

Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:

Այս ձեռքե՛րը,

Միայն սրա՛նք,

Սրա՜նք պիտի լոկ վկայեն,

Որովհետև...

Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,

Կարդացած վե՛պ,

Ուրիշ մեկի պատմած երա՜զ:

Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.

Տանջում եմ ինձ,

Չեմ ներում ինձ,

Ատում եմ ինձ,

Բայց... չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

 

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,

Ասես քեզնից ընդմիշտ պոկված,

Ուր նայում եմ՝ ինձ են նայում,

Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,

Այն Բախտի պես,

Որ դիցապաշտ հին հույներին

Հետևում էր ամբողջ կյանքում...

 

Անգամ դեմքդ չեմ հիշում ես...

Ու թե հիշեն՝

Միայ՛ն սրանք,

Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն

Ու վկայեն, որ դու կայի՛ր,

Որ դու եղա՛ր:

Իրո՜ք եղար:

Միայն սրա՛նք պիտի հիշեն

Քո ձևե՛րը,

Մա՛շկը, Հո՛տը,

Սարսո՛ւռը,-

Քեզ՝ ամբողջովի՜ն...

 

Ու չնայե՞մ իմ ձեռքերին

Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,

Որ դիտողը ինձ կարծի... խենթ:

 

Ու թե կարծի՝ կսխալվի՞...

Նորօրյա աղոթք

 

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի

Ես վախենում եմ,

Շատ եմ վախենում,

Բյուրավոր ու բու'թ հավատացյալից,

Բյուրատեսք ու սու'տ հավատացյալից:

Եթե Աստված եք՝

Փչեցեք, նրանց բոլոր մոմերը,

Մարեցե'ք, նրանց ջահերն այլազան,

Որ եղիցե...լու՜յս:

Եվ ո'չ մի գավթում մի' ընդունեցեք

Նրանց մատաղը,

Որ իրենցը չէ, այլ գողացված է,

Մերժեցե'ք նրանց զո'հն էլ խոստացյալ,

Որ...զոհ չգնա ինքը հավատը՝

Մաքու՜ր-վսե՜մը,

Անկեղ՜ծ-անսու՜տը:

ՈՒ թե Աստված եք՝

Ամուր փակեցեք ձեր ականջնե'րն էլ

Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝

Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ աղոթքների,

Որով խաբում են ո'չ իրենց,

Այլ ձեզ

Եվ բավակա՜ն է-հասկացե՜ք ընդմիշտ,

Որ Աստծուն նույնիսկ հայհոյողները

Շա՜տ ավելի են գերադասելի,

Վանսզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝

Խոցվա՜ծ-արյունո՜տ,

Այրվո՜ղ-ապտակվա'ծ,

Ցավա՜ծ-ճչացո'ղ,

Մանուկ հավատը,

Որ հայր դառնալու համար է ծնվել:

ՈՒ, եթե Հայր եք՝

Մի' թողեք,

Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:

-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,

Մանուկ պահելը ծանր է ավելի...

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

 

 

Եվ սկսվում եմ կարծես

Ու գալիս եմ այնտեղից,

Ուր շողերը տակավին բազմագույն են,

և որտեղ

Քամիներն են գոյանում...

Կորցրեցի և գտա...

Ու ձեռքերըս համրացած

Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...

Եվ հավատում եմ նորից,

Որ այս անգամ ես ու դու

Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`

Մի°շտ խոսելով նո°ւյն լեզվով...

Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։

Ես հիմա,

Արդեն հոգնած, բայց հանգիստ՝

Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,

Մանկան նման անխռով...

Ու դեռ եթե չեմ քնում,

Ապա լոկ այն պատճառով,

Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ

Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո~ղջ կյանքում.

Խոսել առանց որևէ բաղաձայնի՝ղողանջել

Համատարած — համասփյուռ ձայնավորո°վ միմիայն...

Ու ժպտում եմ ես կրկին,

Ու բարի եմ ես այնքան,

Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,

Որին հարց են երբ տվել,

Թե ինչո±ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,

Պատասխանել է այնպես.

Կարծես թե ես եմ հուշել,

- «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ¦...

Եվ այս բոլորը՝

միայն

Երկու բառի շնորհիվ.

- և ...

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Օգնի'ր, որ ցավըս...

Չի՜ անցնի ցավըս:

Գուցէ պետք էլ չէ, որ անցնի ցավը:

Նա էլ է ծնունդ,

Ինչ-որ երեխա

Եվ... իր ապրելու իրավունքն ունի...

Օգնի'ր, որ ցավիս ետևո'ւմ պահվեմ.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Ինչի՞ համար է այս երկմտանքը.

Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,

Սակայն ամե՜ն բան պատկերացված է:

Ինչ-որ հնարքով կողպի'ր մտքերըս.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Անչափ կարոտ եմ շատ պա'րզ խոսքերի`

Տափակ-կրկընվա՜ծ,

Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,

Բայց նաև միա'կ-չփոխարինվո'ղ

Շատ պա՜րզ խոսքերի:

 

Թող որ այցելեն ինձ այդ խոսքերը:

Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից

Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:

Սակայն մինչ այդ ի՜նչ խոսքով կուզես

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

 

Հանգստացրո'ւ ինձ`

Չգիտե՜մ ինչով:

Գուցե` ոչնչով:

Էլ չկա՜ հրաշք:

Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել

Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով`

Իմ շրջակայքում,

Փոշով խավապատ հայելու վրա`

Քո փորագրիչ-նկարիչ մատի մի խզբզանքով,

Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:

Իսկ սա մի՜շտ ունի ունի թալիսմանի ուժ...

Տո'ւր ինձ մի խորհուրդ,

Խորհուրդ այնպիսի',

Որ ո'չ մի բառով չի բռնադատվում:

Էլեկտրագրի'ր մի գալարագիծ կամ մի լուսալիք,

Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:

Թարգմանությունը մի՜շտ սպանում է:

Քե'զ մի թարգմանիր.

Ի'նձ հանգստացրու,

Հանգստացրո՜ւ...

Տիեզերքի մեձ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև:

Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,

Որը չլինի հանգույցի' նման,

Կոճակի' նման,

Նաև կորիզի՜.

Սե'րը,

Տանջա'նքը,

Մտքե՜րըս բոլոր`

Հանգույցի' նման,

Կոճակի' նման,

Նաև կորիզի՜:

Տափակացրու.

Ինձ հանգստացրո՜ւ...

 

Ասա. «Հերի՜ք է»:

Եվ ասա. «Կա'նգ առ»:

Ու ես կանգ կառնեմ,

Ինչպես նագնում են

Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,

Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:

Ու ես չե'մ ուզում ոչի՜նչ ուզենալ.

Ո'չ այն պատճառով,

Որ ուզենալը վիրավորիչ է,

Այլ ա'յն պատճառով,

Որ պատճառ չկա բան ուզենալու:

Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,

Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,

Ինչպես կանգնում են

Ո'չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,

Փակ դռան առջև,

Այլ այնպես,

Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման...

Դու այնպե'ս ուզիր,

Որ ես չուզենա՜մ.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

 

Անցնում էիր:

Ողջ երեկոն քոնն էր կարծես,

Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:

Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`

Ես կասեի,

Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`

Քո հագուստի փեշի նման:

Սակայն կարճ էր հագուստը քո:

Եվ երեկոն

Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`

Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...

 

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ

Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:

Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ

Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես,

Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...

 

Եվ արթնացավ մեջս հանկարծ

Ինքնաձաղկման և ամոթի

Տարօրինակ մի ցանկություն.

Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն

Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`

Ոչ թե անուշ մի հիացքով,

Այլ մի տըտիպ,

Հաճախ դառըն,

Նաև կծու մի հայացքով:

Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`

Բարկանալու և դատելու աստիճանի,

Չարանալու և ատելու աստիճանի,

Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի

Հիացմունքին:

Հոգով-սրտով ներողություն...

 

Այսուհետև, ինձ հավատա,

Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.

Էլ չպիտի այսուհետև

Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:

Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո

Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե

Սապատվել է իմ շալակին:

Թող հնչի նա:

Եվ անցիր դու:

 

Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",

Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի

Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,

Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,

Եվ քեզ թաքուն ունենալուց

Ջղերը մեր քիչ խաղաղվեն,

Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,

Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...

Վարք մեծաց

 

Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած.

ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք,

Հասարակ մորից ու հորից ծնված ՝

Սերում են նրանք և ա´յն վայրենուց,

Որ էլ չէր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա´յն ծերուկից,

Որ նախընտրում էր քնել տակառում:

Սերում են նրանք և ա´յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանայի հոգի են ծախում,

Միայն թե ամեն մտածածն իրենց.

Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքին հակառակ:

Արքաների հետ խոսում են "դու" ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում, մե՜կ է, չե՜ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի´ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Բայց չեն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...

ՊԱՏԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

 

Եվ շատ ավելի վատթար է ցավը,

Քան անարգանքն ու անպատվությունը,

Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

 

Վե՛հ ու վսեմի՜ն,

Լսո՞ւմ եք, տղե՛րք,

Վե՛հ ու վսեմի՜ն:

 

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,

Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜:

Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:

Բայց Սահարայի ավազն իսկապես

Շինարարական շաղախ չի՜ դառնում.

Մանր է չափազանց:

 

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝

Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,

Հարկավո՜ր ավազ:

 

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը

Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,

Որ հավասար է...(բառը չե՛մ ասում):

Եվ բավական չէ՞,

Որքան մերպեսին

Այլասերեցին այդ պատրանքները՝

Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում):

 

Թե բավական է՝

Հուղարկավորման լռությամբ լռենք

Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝

Իբրև նորօրյա աղվեսադրոշմ

Սին պատրանքների ճակատի համար...

 

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,

Աղետն էլ գոնե լավ է այնքանով,

Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:

Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),

Որ տարածվում է... խոնավության պես

Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա

Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

 

Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք

Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:

Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,

Պատրա՜նք պատանքում:

 

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:

Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:

Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,

Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,

Այլ սուրբ ավյուն է

Ու սուրբ արյուն է,

Որ պիտի տա ծիլ

Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,

Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,

Այլ իբրև ... պատա՜նք,

Որ... պատառոտվի պատանք-պատրանքը

Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:

Նո՜ր ոգին, տղերք,

Նո՛ր ոգին, նո՜րը...

Մոր ձեռքերը

 

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ,

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը`

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը` ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած...

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`

Նուրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնաց, սնած,

Մեզ աշխարհում շահած, պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող, լվացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

ա'յս ձեռքերը`

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

խա՜ս ձեռքերը...

Զարմանում եմ

Ես, ճիշտ ասած, զարմանում եմ շա~տ բաներից,

Քիչ լավի հետ ~ ամեն տեսակ վատ բաներից,

Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել `

Այն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,

Որ հոգնելով ճամփաներից`

Ջարդ ու փշուր կանգ է առնում

Եվ չի նայում առաջ, վար – վեր,

Ու հայացքով ետ չի դառնում –

Հոգնածորեն նայում է նա աննպատակ

Եվ այն տեսնում , ինչ ընկած է ոտքերի տակ:

Ու ես հիմա,

Որ անհարմար

Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց

Ջարդված – հոգնած`

Հանգստանում – թարմանում եմ,

Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,

Որ –թռչնի պես – ճիշտ խոսքից է մարդը խրտնում,

Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.

Լուսնի նման` արևից է նա սփրթնում

Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից...

Իսկ դուք `ինչպե՞ս:

Դու՞ք էլ `ինձ պես:

 

Է~հ, երևի, ինձ վրա եք զարմանում...

 

Ցտեսություն

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց...

 

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,

Որ գնում ես , գնում արդեն:

 

Իմ գտնված – միակ մակդիր ,

Ամենաճիշտ բաղդատություն.

Դեռ նոր գտած ` թռչու՞մ ես դու մտքիցս արդեն:

 

Համ չեն զգում միայն բերնով:

Համ զգում են հոգով նաև:

Եվ գնու՞մ ես,գնու՞մ ես արդեն,

Որ հռչակի անհամությունն իրեն արքա

Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո~ղ աթոռանիստ,

Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասու՞մ...

 

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,

Ինչպես ցողի կաթիլները այն թփերին,

Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:

Ու ես անվերջ փորձ եմ անում

Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

 

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.

Խանգարել են ուզում կարծես , որ չգնաս:

Ծխախոտն է մեջս հազում:

Ստվերները հոտոտում են հողը կրկին.

Կամենում են կարծես զգալ

Անցած տեղիդ բուրմունքն անանց:

Քաղաքային փողոցների լույսերն աղոտ

Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,

Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել...

 

Եկ հպարտ մնանք

 

Մեզ վիճակվեց - մենք հանդիպեցինք կյանքում:

Վաղ գարուն էր:Ձնհալ:Կարծես օդն էր գինով:

Եվ մենք ` երկու ցավի, երկու դավի ճանկում

Բռնվեցինք մի նոր , չկրկնվող սիրով:

 

Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան,

Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի,

Քեզ ` չազատել երբեք այս կարոտից դաժան,

Ինձ` չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...

 

Կյանքի~ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:

Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,

Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...

 

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա~նց երազ,

Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում

Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –

 

Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...

 

 

ՔԻՉ ԵՆՔ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

 

Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք

Որ մե՛նք միայն մենք Արարատ ունենք

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել

Քարից շինել ձուկ եւ թռչուն՝ կավից

Ուսուցմա՛ն համար եւ աշակերտել

եղեցկի՛ն

Բարու՛ն

Վսեմի՛ն

Լավին

Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել

Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում

Երբ եղել ենք շատ

Ու եղել կանգուն

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։

Եթե գերել ենք՝

Լոկ մեր գրքերով.

Եթե տիրել ենք՝

Լոկ մեր ձիրքերով

Պարզապես մահն է մեզ սիրահարվել

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝

Ուր էլ որ հասել որտեղ էլ եղել

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.

Շինել ենք կամուրջ

Կապել ենք կամար

Ամեն տեղ հերկել

Հասցրել բերքեր

Ամենքին տվել մի՛տքառա՛ծ երգե՛ ր՝

Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից

Ամեն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք

Մեր հոգուց՝ մասունք

Եւ նշխար՝ սրտից

 

Մենք քիչ ենք այո՛ բայց կոչվում ենք հայ -

գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.

գիտենք թշնամու կողը մխրճվել

Ու բարեկամին դառնալ աջակից.

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝

Մեկի փոխարեն տասն հատուցելով

Հօգուտ արդարի եւ արեգակի

գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝

Մենք գիտենք մխա՛լ - եւ կրակ մարել.

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝

գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.

Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել

Բայց ուրիշներին միշտ էլ հարգելով

 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Բայց մեզ էլ գիտենք -

Մեզ հայ են ասում։

Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք

Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանանք

ՈՐԴՈՒՍ

 

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,

Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,

Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,

Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:

Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,

Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

 

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,

Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու

Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,

Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:

Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.

Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

 

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`

Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.

Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–

Եվ տաք տեղն է ապահովված…

Այդպես ապրել դու չե՜ս կարող:

Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:

Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:

*

Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.

Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:

Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–

Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:

Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…

Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր

Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,

Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,

Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:

Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

*

Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:

Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:

Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,

Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,

Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`

Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.

Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–

Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

*

Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…

Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…

Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,

Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…

Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,

Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):

Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,

Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,

Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,

Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ

Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,

Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…

*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:

Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,

Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –

Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:

Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում

(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):

Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,

Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:

Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,

Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

(Նոր Ուղղագրությամբ)

 

I. ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

 

ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

 

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,_

Դժվար է ասել:

 

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն,

Մի մանուկ ծնվեց Լօռվա Դսեղում...

Նա հետո պիտի դառնա պատանի,

Եվ երիտասարդ, և այր իմաստուն,

Անբախտ Մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,

Մրմուռից դաղված նրա բերանով

Սարոյի նանը պիտի ողբ ասի,

Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,

իքորը կանչի, «Էստի՜ համեցեք... »:

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել

Իր մոխրակալած-հրակեզ հոգին

Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

Միևնույն Թվին, Լոռուց շատ հեռու՝

Անատոլուի խավար խորքերում

Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ,

Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,

ոգնոցը հանեց, արխալուղ հագավ,

Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝

Նրա տուն մտան՝ աչքալուսանքի,

Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.

Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝

Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝

Որդուն մաղթելով արևշատություն,

Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,

Աղվորիկ մի հարս,

Բարի տատություն...

 

Երևի այդօր_

Եթե ոչ մարդկանց,

Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար...

Տոն էր անսովոր.

Չէ՞ որ նա գիտեր, թե ում է ծնել,

Լսում էր չէ՞ որ,

Թե ի՜նչ նվագներ և ի՜նչ անհամար,

Ի՜նչ հայաշխարհիկ երգեր են հնչում

Այդ երկու թխլիկ նորածինների

Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

 

Երևի այդօր ցերեկը ձգվեց՝

Քնից նոր զարթնած կտրիճի նման,

Իսկ ստվերները՝

Հարված սպասող շնիկների պես

Պոչերը քաշած՝ լուռ կծկվեցին...

Երևի ահեղ ջրվեժներն այդօր

Հոսեցին անձայն, ինչպես նկարում,

Եվ լույսը երգեց,

Քարը պար եկավ...

 

Անատոլուի ավազուտներում երևի այդօր

Մարդիկ- քնի մեջ- ըմպեցին զովը Լոռվա ձորերի,

Ջահել այրու պես ծարավ արտերը և այգին պապակ

Հագուրդ ստացան կրքոտ Դեբեդի ջրից անապակ...

Եվ Լօռվա ձորում քուն մտած մարդկանց

Երազ այցելեց,

Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.

Հարավից չված հազարան մի հավք,

Սոխակի ձայնով-ուժով անգըղի,

Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,

Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց

Եվ - մե՜կ էլ հանկարծ -

Իր կտցի վրա այնտեղից հանեց

Շողեր ծալծըլված,

Շողեր դարսիդարս՝

Օձունի վանքի Շարակնոցի պես...

Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,

Հենց այն է պիտի - ծլընգ հա՜ ծլընգ - զնգային կարմիր,

Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝

Վերև սուրացող ասուպի նման,

Եվ... թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,

Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր...

 

... Երևի այդօր - քանի՜ դար հետո -

Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...

... Երևի այդօր - քանի՜ դար հետո -

«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան

«Ռուսան ու Տաճկա»-ն...

 

 

ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

 

Իր ժողովրդի զավակն իսկական՝

Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց,

Նա նույնիսկ չկար և մի տարեկան,

Երբ... մայրը գնաց:

 

Ա՜խ, եթե գնաց՝

Նրա լույս հոգին թող որ համբառնա,

Արժանի դառնա

Իր հավատացած երկնային գահին,

 

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

 

Մնար

Ու ծիծ տար

Իր Սողոմոնին - մեր Կոմիտասին,

Մնար

Ու հոգար

Մեր մինուճարի՜ - իր որդու մասին:

 

Մնար ու նրան մայրություն անէր,

Հուսահատության, տրտմության պահին

Նրա ճակատի ամպերը վաներ,

Նախ՝ նրա ոտի

Ու հետո՝ սրտի

փշերը հաներ:

 

Մնար, որ հետո,

Շա՜տ ու շա՜տ հետո,

Երբ որդին քայլեց մութ արահետով,

Որ անդարձ եղավ ու եղավ անել,

Թերևս նա իր մայրական սրտով

Իր մինուճարի ու մեր հանճարի

Սև ցավը տանէր...

 

Մնար,

Որ նրան մի ողջ ժողովուրդ

«Մեծ Մա՜յր» անվաներ,

«Վեհամա՜յր» կոչեր.

Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա

Իր բերնին տաներ,

Փեշերը պաչեր...

 

Մնա՛ր... Չմնա՜ց:

 

Գեթ հայրը մնար...

Բայց նա էլ գնաց,

Երբ որդին չկար տասը տարեկան,

Իր ժողովրդի զավակն իսկական՝

Ժողովրդի պես նա որբուկ մնաց:

Նա մնաց անտուն, մնաց բնավեր...

- Տո լա՜ճ տնավեր...

Եղավ անդադար, եղավ բնավեր,

- Տո լա՜ճ տնավեր...

 

Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,

Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք,

Աշնան պաղ քամուն ու ձմրան ցրտին

Որբուկն ո՜ւր մնա, որբուկն ո՜ւր գնա.

Որտե՞ղ տաքանա, ո՜ւմ թոնրան շրթին.

- Տո լա՜ճ տնավեր...

 

Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,

Ա՜խ դրսից կարմիր - ներսից փուշ մասուր.

Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր, –

Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան

Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր,

- Տո լա՜ճ տնավեր...

 

Դռնեդուռ երգեց - ձայնը՝ կլկըլան,

Բերանն էր կþերգեր, իսկ աչքը կուլար,

Դունչիկից կելներ ծխի տաք քուլան,

Սրտիկն էր էրվում, որտիկ սևավո՜ր,

Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան...

- Տո լա՜ճ տնավեր...

 

Երկու ձիգ տարի նա այսպես պիտի

Ման գա երգելով ու շուրջը դիտի

Մի հացի հույսով կամ մի հավկիթի,

Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կետի...

Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի...

- Տո լա՜ճ տնավեր...

 

 

ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈՒԹՅԱՆ

 

Գևոն չթողեց որդուն ապարանք,

Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,

Բայց ինչ ունեին-չունեին նրանք՝

իրենց որբացած որդուն էր անցել:

 

Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձայն կլկըլան, –

Մերթ այնպես մեղմիկ,

Ասես թե գինով լցնում են կուլան,

Մերթ այնպես զնգուն,

Ասես թե կիրճում հովն է շնկշնկում.

Մերթ այնպես խաղաղ,

կաքավն է ասես սաղմոսում «կղա».

Մերթ այնպես հորդուն,

Ասես ընկել ես ջաղացի ջրտուն...

 

Նրանք գիտէին իրենց Կուտինան՝

Անատոլուի խավար խորքերում:

Բայց նրանք, դիցուք, և գիտենային,

Թե իրենց պապի պապին ու քեռուն

Գաղթի ճամփան է բերել հասցրել

ինչ-որ Ցղնայից այս Կուտինային:

 

Այսքանը թեկուզ և գիտենային:

Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա

Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ:

Արդեն կիսակույր՝ տաճկախավարից,

Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից.

Գողթան գավառի երգասաններից՝

Վիպող-վիպասան մեր գուսաններից:

 

...Փանդիռը գրկած ու վինը ծնկան,

Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝

Դուռ-դարպասների սալքարին նստել,

Երգել են նրանք վեպը Սաթինկան,

Աչքերն են գովել Ալանաց դստեր,

Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ,

Եվ Արտաշիսի սիգալը արագ՝

Ձեռքին շիկափոկ-ոսկեօղ պարան...

Իսկ Արտավա՜զդը, որին և տարան

Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս...

Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին,

Որ սեգ սիգալով՝

Իր հուժկու քայլով

Գետերի թմբեր և ամբարտակներ

Ավիրեց տարավ...

Իսկ Շամիրա՛մը պագշոտ

Ու տաքշող,

Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած

Գեղեցիկ Արա՜ն...

 

Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս,

Բայց միշտ ողողված կրակով ներքին,

Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին՝

Նրանք են երգել ծնունդն այն Աստծո,

Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս,

Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին,

Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից,

Երբ բոց էր ելնում եղեգան փողից...

Երգել են նրանք մեր պտղած հողից,

Գինուց, խաղողից,

Մեր սրտի դողից.

Երգել են նրանք մեր ցորեն հացից,

Մեր խինդ ու լացից,

Մարտում ընկածից.

Խորհել՝ երգելով,

Նվագով ցավել,

Երգել ձեռքերով՝

Պարել-կաքավել...

 

Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝

Փող ու թմբուկին խաղացող մատներ,

Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ,

Եվ Նավասարդյան թարմ առավոտներ,

Եվ առավոտներ վառ Վարդավառի,

Եվ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ, –

Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝

Վիպասանները Գողթան գավառի:

 

...Ո՞ւմ մտքով կանցնէր, թե Գողթնից գաղթած,

Գերանը ջարդած ու սյունը խախտած

Ինչ-որ տնակի կիսախավարում,

Գողթնից շատ հեռո՛ւ, մի խորթ գավառում,

Որտեղ վարակը օտար շարավի

Ուտում էր մարմին ու հոգի կրծում, –

Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում,

Թե պիտի շողա Գողթան շառավիղ,

Պիտի բոցկլտա Գողթան Պայազատ՝

Նույնքա՛ն հարազատ,

Նույնքա՛ն հա՛յ ազատ,

Որքան և նրանք,

Արժանի ժառանգ

Գողթան գավառի հայ գուսանների,

Փողհար-փանդռահար վիպասանների՝

Օտարի շնչից զանազանելի,

Այդքանով՝ նաև անհասանելի...

 

Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,

Եվ այն էլ... հայոց.

Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի՝

Կածանը վայոց,

Դառնում է ճամփա համահավաքման,

Խոյանք է դառնում թռիչքը անկման...

 

Ո՞վ է հասկացել քմայկը բախտի,

Եվ այն էլ... հայոց:

 

 

ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

 

Ութսունմեկ թիվ: Վազարշապատ: Էջմիածին:

Միրգ ու փոշի: Անխիղճ արև:

Շողամրցում Մասիսների, Արագածի:

Սրբագործված հին-հին քարեր:

Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար:

Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,

Հնչող,

Շնչող,

Կանչո՜ղ զանգեր...

Եվ ճեմարան՝ մտքի կաճառ:

 

Ճեմարանի բակում արձակ,

Որտեղ էլ որ աչք ես ածում՝

Զարմանալի հավաքածու

Խոսվածքների, տարազների:

Ու բոլորի դեմքի վրա՝

Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,

Խոսուն հետքեր երազների:

 

Ամեն մեկը՝ մի գավառից,

Եվ բոլորը՝ դեռ աղվամազ:

Ամեն մեկը խիտ խավարից՝

Երազում է լույսի մի մաս,

Նույնն է ուզում.

Ուոո՛ւմ, ուսո՜ւմ...

 

Եվ նրանց մեջ՝ սրան նայիր,

Հագին տարազ տաճկահայի.

Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝

Վրան պնդաց մազե գոտիկ,

Նախշուն գուլպա՝ վրան զոլեր,

Ու պոչավոր մաշված սոլեր:

Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,

Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր...

 

Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ,

Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:

Թե զարնէին սրտին դանակ՝

Մի պուտ արյուն դրւրս չէր հոսի:

Ո՞նց չմնա նա մեկուսի,

Ո՞նց խառնվի, ասի-խոսի,

Թե... հայերէն վատ է խոսում:

Բայց նա, մեկ էլ Աստված գիտի,

Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում

Ուսո՜ւմ, ուսո՜ւմ:

 

Սակայն նրան

Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ -

Մի հոգևոր ուսումնարան,

Որի սանը մի օր պիտի

Հագնի սքեմ վարդապետի:

Իսկ նա....

Եվ նա վաղը պիտի

Երգի ի լուր և ի վճիռ

Համայն Հայոց Հայրապետի...

 

 

ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

 

Ու նա սկսեց... թուրքերէն երգել:

 

Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,

Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,

Հունի մեջ մտավ

Ու գնա՜ց-գնա՜ց:

Կաթողիկոսը մթագնեց մնաց:

Մինչ հանկարծահաս զայրույթի ծնված

Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝

Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:

Առաջի՛ն անգամ,

Առաջի՜ն անգամ

Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,

Սրբապղծորեն թուրք երգ է մխում...

Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,

Հովվապետն ինքը ականջ է կախում

Ինչ-որ մի մանկան անօրեն երգի...

Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝

«Հայր մեր», «Միայն սուրբ»,

«Արեգակն արդար»,

«Ով զարմանսլի»

Կամ «խորհուրդ խորին»,

Ուր զրաբարն է հնչել դարեդար

Եվ շարականն է հուզել բոլորին, -

Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,

Առաջի՛ն անգամ,

Առաջի՜ն անգամ

Սրբապղծության մանանեխ ընկավ...

 

Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ՝

Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց:

 

Իսկ մանկան երգը... թա՛փ առավ գնաց:

Գնա՛ց-բարցրացա՜վ,

Ընկա՜վ-ցածրացա՛վ,

Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց,

Եվ հետո՝ կրկին պոկվե՛ց ու գնա՜ց,

Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց,

Մի անտես թելով կարծես թե կապվեց

Եվ, մի պահ հետո հանկարծ ցած թափվեց,

Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես,

Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես...

 

Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ.

Այդպես լեռնային վտակն է կարող

Քարերի վրա ծիծաղել ու լալ:

Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձայ՜նը... գերո՛ղ.

Մերթ բողոքում է ու գանգատ անում,

Մերթ՝ դառնում այնպես վսեմ ու բարի,

կարծես հինավուրց այս Մայր Տաճարի

Երկինք խոյացած զանգակատնում

կախել են մի նո՛ր-անլեզվա՜կ մի զանգ՝

Մի համակ հուզանք...

 

Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում,

Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում,

Թվաց՝ թե շոգը հանկարծ կոտրվեց,

Թվաց՝ թե մի հին երդում կատարվեց...

Կաթողիկոսը մի պահ մոռացավ,

Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,

Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում, –

Եվ այդքանի մեջ,

Ասես քնի մեջ,

Նա դանդաղ ժպտաց

Աչքերով իր թաց:

Հետո ժպիտը սկսեց հալվել

Ու հետզհետե անհետ վերացավ,

Մինչդեռ աչքերի թացն ավելացավ

Թացն ավելացա՛վ ու ավելացա՜ւ...

 

Փղծկացող Վեհը հազիվ բարբառեց.

- Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ...

Ու ձայնը մարեց:

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ

 

Եվ վարանումից, վեճերից հետո

Իբրև եզակի մի բացառություն.

Կանոնագրքի մի զանցառություն,

Անհայտ օրենքի չգրված կետով՝

Լոկ ձայնի՛ համար

Համարվեց նա սան:

 

Այդ կիզիչ ամառ

Նոր բոթեր հասան:

 

Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,

Ի նշան ահի

Ամեն մի հայի

Եվ ի գիտություն

Իր երկար քթով ամեն տեղ մտնող

Այդ Եվրոպայի, –

Սուլթան Համիդը տարավ ու բերեց

Եվ -

Ապտակի տեղ,

Ապտակի նման -

Շրը՛խկ՝

«Հայաստան» բառը արգելեց,

Լեզվից, քարտեզից, գրքերից, քերեց.

-Ջնջում եմ, չկա՛յ,

Ալլա՛հը վկա:

Եվ չի՛ էլ եղել,

Եվ չի՛ լինելու.

Քանդողը ես եմ,

Ո՞վ է շինելու...

 

Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ,

Թե Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝

Սուրբ խաչելության նշանը սրտին,

Քրիստոնեական ժպիտը շրթին՝

Իր «ամենագութ» ձեռքով ցարական

Հայոց պատմությունն, իբրև առարկա,

Արգելեց բոլոր հայ դպրոցներում.

- Չկա՛, չի՜ եղել...

 

Սուլթանն ու արքան

Ձեռք-ձեռքի տվին

Միևնույն թվին...

 

Իսկ ճեմարանո՛ւմ...

Թուրքախոս սանի կարոտ բերանում,

Անուշ մրգի պես, բայց չհալվելով,

Ինչ բառեր էին հիմա քաղցրանում,

Անհատությունից հանկարծ բարձրանում

Քաջն Հայկ, Արամ,

Տիգրան Մեծ, Արա,

Մաշտոց, Եղիշե, –

Ո՞ր մեկին հիշել...

 

Եվ չժանգոտած հին բանալիքը մերոպյան տառի,

Նախ՝ դժվարությամբ,

Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ,

Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողպեքում բառի

Ու բացեց դռներ՝

Սխրագործության,

Դարպասներ բացեց՝

Ահեղ փորձության,

Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՛տ դեպքեր՝

Մահադարձութեա՜ն...

Իր այդ բանալուն հավետ պարտական՝

Ընկել էր տղան մի կախարդական,

Մի հեքիաթային վիթխարի դղյակ,

Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ:

 

Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում՝

Աղոտ լույսի տակ իր նավթավառի,

Մինչևիսկ եթե ականջն էր խցում՝

Փանդիռն էր հնչում Գողթան գավառի

Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց.

Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի,

Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի

Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն

Տարաձայնում էր արդեն կուսանաց

Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն.

Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում

Վայրի աղմուկը վայրի քուշանաց,

Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց

Ու քաղաքակիրթ -

Նույնքան բիրտ-

Հունաց...

Թե՛ խժաձայն սույլ հռովմեական մարտափողերի,

Թե՛ բութ խռխռոց պարսից ահավոր մարտափղերի.

Թե՛ սելջուկական սրերի շառաչ,

Թե՛ կտրիճների մահազդու հառաչ,

Թե՛ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր՝

Ասես թշնամու հեռավոր մատեր,

Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ.

Թե՛ վահանների ծնծղան անծիծաղ,

Թե՛ շեփորումը զորապետերի,

Խոլ ելևէջը արյան գետերի,

Հրդեհի ձեռքում հողմերն անսահման, –

Արձագանքում են նրա ականջում,

Եվ ինքնամոռաց՝ «Մարէ՛ ջան, ամա՜ն», –

Տեղից ցատկելով ակամա կանչում,

Ճչում է ձայնով փոքրիկ գազանի

Եվ արթնացընում մի քնած սանի,

Որ վեր է թռչում, նույնպես վախեցած,

Աչքերն է ճմլում, մազերն է խառնում,

Վերակացուի անվամբ սպառնում

Եվ, մինչև անգամ իր տված հարցի

Պատասխանի դեմ ականջը խցած՝

Հակում է նորից իր գլուխը ցած՝

Մագնիսի նման ձգող չոր բարձին...

 

 

ՂՈՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ

 

Ամիսներն են դանդաղ հոսում, –

Ու կարդում է նա Մանրուսում:

 

Թո՛ղ օրերը տրվեն վազքի, –

Նա զննում է մեռյալ Խազգիրք:

 

...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ,

Իսկ գանձերի տերն՝ անգիտակ:

 

Անբանալի-գոց գանձարան...

Կյանքդ լինի թող տանջարան.

Թեկուզ մեռնես, բայց ման արի,

Փնտրիր, գտիր այդ բանալին:

 

Եվ աչքերն է ցավով թարթում:

- Տարիները թող որ վազեն:

Աչքերի դեմ, քուն թե արթուն,

Չվերծանված խազե՜ր, խազե՜ր. -

 

Մեղեդիներ ու սաղմոսներ՝

Ոչ թե մինչև վանքի գմբեթ

Սուրբ խորանից երկարացած,

Այլ բրածո և քարացած.

 

Աստվածային վսեմ «Տաղ»-եր,

Որ ծալքերում մագաղաթի

Ժամանակն է փոշով թաղել.

Գանձի նման անգին «Գանձ»-եր,

Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող

Կիզել անձեր,

Հոգի խանձել.

 

Արձանացած-անշարժ «Փոխ»-եր, –

Ինչխպե՞ս շարժել, տեղից փոխել.

 

Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ», –

Ի՞նչպես գտնել հարության ճար.

 

«Եղիցի»-ներ, «Ավետիս»-ներ, –

Ա՛խ, թե նրանց հնչող տեսներ...

 

Տարիներն են նորից հոսում,

Իսկ նրա դեմ՝ միշտ Մանրուսում,

Իսկ նրա դեմ՝ անվերջ Խազգիրք, –

Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՛փն ազգի,

Որ դարձել է խաղ ու նշան,

Մագաղաթի թերթեր խշշան:

 

Կարծես թե մարդ հանկարծակի

Ընկել է լուռ մի շիրմատուն,

Ու լեզվազուրկ շիրմաքարեր,

Նախանձով են նայում մարդուն:

 

Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր,

Եվ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր,

Եվ ի՛նչ խոսուն շիրմագըրեր, –

Արծիվ , Աղավնեկ , Բազե , Վարուժնակ ,

Տանուտրակ , Ծիծեռն ու Տիրոցի ձագ.,

Յուրաքանչյուրը ինչպե՞ս է ճախրել ,

Եվ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով...

Աղաչանք ,Հիվանդ , Տժգույն ու Լալկան.

Յուրաքանյուրը ինչպե՞ս է տխրել,

Ինչպե՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով...

Դարբին ու Երկաթ , –

Ինչպե՞ս էր զնգում,

Ինչպիսի՞ սալի,

Ինչպե՞ս էր մարդու հոգին պար ածում...

Հովիվ ու Ոչխար., –

Ո՞նց էր շնկշընկում,

Ի՞նչ քար ու սարի,

Ի՞նչ շշուկով էր հոտը արածում...

 

Եվ նա վիրավոր աչքերն է թարթում:

- Թո՛ղ ժամանակը անշտապ վազեր:

Իսկ աչքերի դեմ՝ քնած թե արթուն՝

Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր:

Խազեր Ձայնուժի.

Աստված չի՛ հուշի...

Խազեր Բանալի.

Ի՛նքըդ ման արի...

Խազեր Կոչական ու Կետադըրող.

Մի՛ հուսահատվիր,

կարո՛ղ ես, կարո՛ղ...

Խազեր Կիսանիշ և Ամանակի.

Կարիք ես զգում

Լոկ... ժամանակի՛...

 

 

ՂՈՂԱՆՁ ՄԵՂՍԱԿԱՆ

 

Իսկ ժամանակը իրենն էր անում:

 

Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք,

Եվ զգում է նա... այդ ինչի՞ կարիք...

 

Դեղնած գրքերի փոշին բերանում՝

Նա դուռն է բանում իր խոնավ խցի

Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի:

 

Կանաչ բնառվից անվայել թռնում

Եվ այգիների ճամփան է բռնում:

 

Ճամփան տանում է դեպի Արարատ,

Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով:

 

Գարուն է գալիս:

Օդը՝ անարատ,

Բույրով ու թույրով, լույսով է առատ

Ու նրա ջահել սրտի պես՝ ճիչով:

 

Գարուն է գալիս:

 

Ձներն են լալիս:

Որ առու-առու՝

Կրքից պղտորված,

Իրար գիրկ վազեն:

 

Բացվող գարնան հետ վերադառնալիս՝

Զույգեր են կազմում տատրակը, բազեն:

 

Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս,

Որ բնազդական-բուսական սիրով

Իրար փոշոտեն:

 

Որսի դուրս գալիս՝

Քիչ է մնում թե գազաններն անգամ

Իրար հոշոտեն:

 

Իսկ սի՛րտը, սի՜րտը...

Իսկ սիրտը մարդու,

Սիրո հովերից այլևըս արթուն,

Գարնան գետի պես մերթ՝ վարար հորդում,

Մերթ անձրևի պես լալիս է-լալի՜ս,

Ուզում է մեկին ասել,

«Ցանկալի՜ս»,

Ուզում է մեկին խեղդվելով ասել.

«Իմ երա՜զ ու սե՛ր,

Դու ե՞րբ ես գալու»...

 

Գարուն է, գարուն:

 

Դաղձի բուրմունքից հարբել է առուն

Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով,

Ինչպես գինովն է Խփվում պատերին:

Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով

Խլվլան փնջեր կարմիր պուտերի,

Կապույտ անմոռուկ ու խորոտ-մորոտ:

Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝

Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի,

Որ արդեն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝

Մեկի տեղ քսան ու դեռ ավելի,

Եվ հեռվից հիմա

Նման են արդյոք... մի փայտե պոչով մեծ ցախավելի՞,

Որ բիլ երկնքից պիտի որ ա՜յ ա՜յ - ամենավերջին

Ամպերը ջնջի,

Թե՞ կոթի վրա տնկված վրձինի,

Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի...

 

Նա ինքնամոռաց գնում է առաջ:

 

Հրավիրականչ շեփորի նման՝

Հնչում է ցուլի կարոտի բառաչ...

Եվ ջրից թափուր սափորի նման՝

Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի:

 

Այգիների մեջ թաղված Տաճարի

Գմբեթն է միայն հեռվից երեվում

Ծաղկած ծառերի գլխավերևում՝

Անյայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման:

 

Մի վաղուց ջարդված կավե հին աման,

Նա՛ էլ չի փրկվել գարնան վարակից.

Նրա շուրջ բոլոր

Մամուռն է քաշել կանաչ պարագիծ:

 

Վիրավոր սնձի բացված երակից

Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում:

Դեղձենիների անբոց կրակից

Կայծեր են թռչում դիմացի ձորում:

 

Իսկ մամռակալած վիրավոր գուռին

Մի հին փճակված-բնաքանդ ուռի

Ծեր մուրացկանի ձեռքերի նման

Իր կոշտուկապատ ճյուղերն է մեկնել

Ու սրթսրթում է կարծես թե քաղցից...

Եվ դաշտն են ելել հարս ու աղջիկներ,

Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի:

Մերթ հեռանում են

Ու մերթ՝ կուտակվում,

Մեկ կռանում են

Ու մեկ՝ շիտակվում,

Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարոտով՝

Իրար են պարզում լխտիկ թևերը,

Ցուցադըրում են, կարծես թե դիտմամբ,

Փակ մարմինների բոլոր ձևերը,

Որ... աբեղայի սիրտը խռովեն,

Որ... աբեղային անհուր խորովեն,

Որ... Աստված ու նա կռվեն-խռովեն...

 

Եվ մի անօրե՛ն,

Մի անվանելի՛,

Անանվանելի՜ ինչ-որ զգացում

Կպչում է նրա սրտին ու անձին՝

Կաթի պես սնձի:

նա շրթունքներն է ակամա կրծում,

Որ ցավը օգնի:

Իզուր է կարծում,

Թե ամենազոր գարնան դավերին

Կհաղթի ուժովն ինչ-որ ցավերի:

Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում,

Որ սատանեկան տեսիլքն ավերի,

Բայց մթությունը... սա էլ իր սևով

Նրանց վառվռուն ձևերն ընդգծում,

Մաքրագըրում է, շեշտում ավելի:

 

Խաչակնքել է ուզում աբեղան

Բայց նրա աջը շարժվել չի ուզում,

Ոզում է կանչել մի բերան «մեղայ»,

Բայց... կապ է ընկնում և խոսնակ լեզուն:

 

Եվ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ,

Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք,

Որ չտրոփի այդպես խենթորեն,

Որ չտրոփի և... չտրաքի՝

Պղպջող գինու ափեափ լեցուն սափորի նման:

 

Մինչդեռ անվտանգ խուցի դարակին

Ննջում են տաղեր՝ կարոտ հորինման,

Մինչդեռ անփորձանք խուցի դարակին

Կարոտով նրա ճամփան են պահում

Անլեզու խազեր:

 

Նա ետ է դառնում, ուզում է վազել,

Գնալ ու նորից վերծանել համառ,

Որ ցավն աչքերի թերևս մի օր

Փոխարկվի մի նոր

Ցնծուն հանդեսի՝

Իր, ուրիշների... ականջի համար:

 

Նա ետ է դառնում իր ճամփի կեսից,

Որ գնա կրկին աչքի լույս մաշի

Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած

Այդ կաթից սնձի,

Սոսնձից,

Խեժից, –

Եվ այդ վայրկյանին հանկարծ՝

Սոնա՜ յար,

Սոնա՜ յար, –

Թնդում,

Ու երգը խնդուն

Ընկնում է ետքից ու հետապնդում,

Կախվում է նրա փիլոնի փեշից,

Թառում է նրա փակված կոպերին,

Հալչում է նրա այրվող ափերին,

 

Ոտքերի առաջ թավալ է տալիս՝

Ճամփան է փակում և հիշեցնում,

Թե Վարդավառն է վերստին գալիս.

Սոնա՜ յար,

Սոնա՜ ...

Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում,

Ծաղիկնեի պես դաշտերով ցանում

Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին.

Սոնա՜ յար,

Սոնա՜ ...

 

Քայլը հնչում է նո՛ւյն չափով՝

Սոնա՜ ...

Կուրծքը շնչում է նո՛ւյն չափով՝

Սիրո՜ւն...

 

... Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին

Նա լուռ ննջում է,

Ինչ-որ մի Սոնա

Գալիս է թեքվում նրա ականջին

Ու շշնջում է,

Թե սարալանջին

Պառկած է քույրը՝ անունը Խումար

Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար:

...Շողերով հինված իր գորգը թողել,

Առվի արծաթով երեսը ցողել,

Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝

Բոլոր գլուխը պսակած ծամով,

Աչքերը նման սուրբ աստվածամոր:

և «Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես,

Վախենամ քնես, քնով ընկընես՝

Արտերըդ մնան առանց հերկելու,

Ու երբ վեր կենաս,

Վազելով գնաս՝

Հա՛ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս, –

Խումար-իդ առան,

Սոնա-իդ տարան,

Շողեր-ըդ մնաց առանց գրկելու»...

 

Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադեմ:

 

... Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո թևերը կանթել,

Կանգնել է իրենց կալի պռնկին:

Քամին խլում է նրա մինթանան,

Որ նրա թմփլիկ ծնկները բանա

Ու ցույց տա խալը՝ ծալի մեջ ծնկի:

Հետո այդ խալը դառնում է հանկարծ մի պուտ սև՛ թանաք՝

Այն Շարակնոցում Սաղմոսավանքի,

Ու այդ կաթիլից իրար են ձուլվել զարդախազերը...

...Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը,

Եվ այդ մազերը - լարերի նման -

Ձգվում են մինչև ոտքերը նրա,

Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի

Այդ հարսը հանկարծ... դառնում է տավիղ,

Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն տավիղի վրա

Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը:

Ուզում է որսալ ու ձայնագըրել

(Ա՛յ, հիմա՜ -հիմա՜ լռած խազերի

Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի

Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի),

Բայց մինչ այդ արդեն նախանձոտ քամին այնպես է փչում,

Որ կտրատելով լարերը բոլոր՝

Վերև է ցցում.

Հիմա ո՛չ տավիղ,

Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը:

Հիմա հուրհըրան բոցեր են թվում դեղձան մազերը,

Դեղձան մազերը թվում են հուր վառ՝

Բարակ ծխի հետ պարզված երկնքին:

Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ,

Ու շուրջը փռում բուրմունքը խնկի:

Աղջիկը բուրվա՞ռ, և որտե՞ղ է լսված...

Բայց հանկարծակի քամին դադարում

Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում

(Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր Աստված)...

Ու դարձյալ նրա մազերը դեղձան,

Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան.

Բուրվառ չէր արդեն,

Այլ կրկին

Մի կին,

Բոցավառ մի հա՞րս,

Թե՞ խարտյաշ աղջիկ,

Եվ տղամարդու հայացքից ազդված՝

Պտույտ է գալիս, որ թողնի փախչի

(Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)...

Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝

Սուրացող հարսը մինթանի փեշով

Պտտահողմի պես սյուն փոշի հանում

Եվ թեպետ - շո՜գ է - քիչ զով է անում,

Բայց մի սեղան բուռ փոշի է ցանում

Խեղճի աչքերը...

Ու նա քնի մեջ

Ձեռն ակամայից աչքին է տանում,

Որ կսկըծում է ու մրմըռում է:

Աչքերը ձեռքով նա ճմըռում է,

Քնից արթնանում...

 

 

ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

 

Հետեվում է տարին տարուն, միտքը՝ մտքին,

Հետեվում է դեռ նոր գտած ելքը մուտքին:

Ապրում է նա աչքը՝ գրքին,

Ուշքը՝ երգին:

 

Ե՜րգ և ուսո՜ւմ,

Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ...

Մինչ օրերն են համըր հոսում՝

Մտքի հետ է միտքը խոսում.

-Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,

Գուցե՝ մի օր և վերծանի,

Ու ժողովուրդն ապերջանիկ

Նախանձելի բախտ ստանա,

Աղքատացած մի ընտանիք

Ծով գանձերով հարստանա:

 

Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք:

Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ,

Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝

Կենսաթրթիռ, լուսաթաթախ,

Որ ապրում են, շնչում-հնչում

Մարդկանց շրթին, իր ականջում.

Որ կենդանի մարդն է հյուսում

Ու կենդանի մարդին հուզում.

Որ հոսել են ու տեղ հասել

Ու չեն դարձել դեռ Մանրուսում,

Ու չեն դարձել մեռած խազեր...

 

Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն:

Այսօր թե կան՝

Վաղը չկան.

Շուրջն ամեն տեղ

Երգվում են դեռ,

Բայց երգվելուց թե դադրեցին,

Խազերի պես, մեկ էլ տեսար,

Համրացան ու քար կտրեցին:

 

Որտեղի՞ց են դրանք գալիս,

Եվ ի՞նչ ճամփով ո՞ւր են գնում,

Ի՞նչն է անցնող փրփուր տալիս,

Եվ ջրի պես ի՞նչն է մնում:

 

Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ,

ինչո՞վ է խորթ և հարազատ,

Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ

Աշխարհիկը հոգևորից:

 

ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար,

Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար,

Ի՞նչն է եղծված կամ անվթար,

ի՞նչն է կոպիտ կամ նազելի...

Իսկ թե հանկարծ այդտեղ գտար

Բանալիքը մունջ խազերի՞...

 

 

ՂՈՂԱՆՋ ՕԾՄԱՆ

 

Եվ որտեղ երգն էր՝

Այնտեղ էլ նա էր...

 

...Ուրա՞խ է կյանքը,

Տխո՞ւր, դաժա՞ն է.

Միշտ ժողովրդից երգն անբաժան է.

 

Նա միշտ երգով է բանում ու դատում

Սիրում ու ատում,

Վիշտը փարատում.

 

Երգով է ուրախ,

Երգով է տխուր,

Երգով է վառվում, երգով է մխում.

 

Երգով է նա միշտ վարում ու հերկում,

Մանում ու ներկում,

Երեխա գրկում,

 

Երգով քաղում է,

Աղում-մաղում է.

Երգով է կնունք, հարսանիք անում, –

 

Երգով է օրը բացվում-տաքանում,

Երգով է նորից օրն իրիկնանոմ...

 

Իսկ նա՞...

 

Այդ ե՞րբ էր,

Այդ ե՞րբ էր,

Ե՞րբ էր.

Տասներկուամյա թշվառ մի որբ էր,

Երբ ձեռքից բռնած ճեմարան բերին,

Եվ որբուկ Սողոն Սողոմոն դարձավ:

 

Ու չար թե բարի այդ ճանապարհին

Ե՛ւըս տասներկու բոլորակ տարի

Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,

Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձավ՝

Ի խոր հարգանըս

Այն հոգեզվարթ կաթողիկոսի,

Որ տասներկու դար դրանից առաջ

Ապագա հունձի հունդերը ցրած՝

Ծիրը բաց արեց

Հայոց մեղեդու անթաղ ակոսի:

 

Նա բանաստեղծ էր

Ու երգաստեղծ էր.

 

Նա ուներ վառ ձայն

Ու նվագման ձիրք.

 

Եվ իր անվան հետ թողեց մի արձան՝

Խոսուն,

Բայց անձայն՝

«Նվիրեալք անձինք»:

 

Ձգվել էր դարը, ու երկարաձիգ

Դարի ետևից նորն էր սողացել.

 

Եվ հայ մեղեդին

Դար-դարի վրա

Կրակի նման վառ փողփողացել,

Տարուբերվել էր ծփան գետի պես,

Շեշտվել նետի պես,

Մխվել սրտերում

Ու դողդողացել:

 

Աշխարհասըփյուռ հայոց թեմերին

Պատարագատու բոլոր բեմերին

Քանիսնե՜րն էին մի պահ շողացել,

Քանիսներն էին...

 

Եվ սակայն ոչ ոք

Հայոց հինավուրց կաթողիկոսի անունը երբեք

Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծա,

Ո՛չ էլ գողացել:

 

Եվ հիմա - հանկա՛րծ - հայոց նորընծա

Երկրո՛րդ Կոմիտաս.

Որ Հայրապետի

Անվանը պիտի

Ամենայն ինչում

Տա նո՛ր մի հնչում,

Սուրբ հիշատակը մշտավառ պահի:

 

Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին,

Թե այդ նորընծա-նոր Կոմիտասը

Պիտի մոռանա իր պարտավորիչ

Անխոս ստացած պատվիրան դասը՝

Պիտի նա մի օր երախտավորից

Յուրովի դառնա մի չար ապերախտ՝

Պիտի կողոպտի մի թափուր դրախտ.

 

Հոգևոր պապի՝

Իր անվանատուր

Կաթողիկոսի անունն ստվերի,

Հակառակ անխոս տրված պատվերի՝

Եվ հիշատակը մոռացության տայ,

Իր շենշող կյանքի կարմիր բոցերով

Մատիտի նման թավ ընդգծելով

Իր մեծ նախորդի մեռածության տակ...

 

 

II. ԱՐԵՎԱԳԱԼԻ ՀԱՄԱԶԱՆԳ

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐՅԱ

 

Եվ որտեղ երգը՝ այնտեղ էր հիմա և Կոմիտասը:

 

Նա՛, որ դեռ երեկ, իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,

Երգչախմբի մեջ մեներգ էր միայն վսեմ տարածում

Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը, –

Հիմա դարձել էր խմբավար վանքի,

Դարձել էր հիմա երգի դասատու:

 

Թեթեվանում էր երբ աշխտանքից,

Ծառայությունից օձիքն ազատում,

Հեռանում էր նա խուցից ու վանքից,

Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

 

Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,

Ամենո՛ւր ու միշտ,

Ուր հայն էր շնչում:

 

...Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում՝

Գարունն էլ այդպես դառնում է ամառ.

Համբարցման տոնը պաղ հովն է տանում

Ու տեղ է բանում,

Որ գա Վարդավառ:

 

Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր,

Կանաչ ու ծաղիկ,

Գերանդիներն են սրվում-բթանում,

Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ

Կարճ հաղթանակ է վերստին տանում

Ոգին խոտքաղի:

Բայց քիչ առաջվա մարտում կատաղի

Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ՝

Հիմա տմարդի

Նույն տղամարդիկ

Ասես գթության եղբայր են դառնում՝

Իրենց ավշաքամ զոհերին առնում

Իրենց իսկ ուսին, իրենց շալակին.

Խնամքով դարսում սայլ-պատգարակին,

Ջորուն են բառնում

Կամ ավանակին, –

Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող

Գերեզմանի տեղ մարագ են գալիս,

Որ այնտեղ դառնան բույրի պահածո:

 

Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի,

Աներեսորեն դառնում է տանտեր

Ու խռովեցնում կնկան ու մարդուն:

Անբոց վառվում են արոտ ու հանդեր,

Արծաթ է հալում վաղահաս գարին,

Այնինչ հաճարի,

Ցորենի արտում

Հասկերը հասուն,

Հասկերը հոսուն,

Յուրաքանչյուրը մի հրե լեզու,

Ձգվում են վերև, կարծես թե ուզում

Մոտիկ երկնքի կապուտակ ծովից

Զովություն ըմպել,

(Ինչպէ՜ս չէ՝ կըմպես),

 

Չեն ըմպում սակայն, այլ միայն լիզում

Եվ անմիջապես քաշում են լեզուն,

Երբ հասկանում են բուսական խելքով,

Որ մինչև անգամ երկինքը ծավի

Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից...

 

Ամառվա արփին այնպես է կիզում,

Որ արևի տակ,

Թեկուզ անկրակ,

Եթե ուզում ես՝ «իշխան» տապակիր.

Անշարժանում են լճեր ու լճակ,

Դառնում են կարծես կապույտ ապակի,

Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրե,

Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում.

- Հո՛վ արեք, սարեր...

Սարերը սակայն

Հովը պահում են հոտերի համար և սարվորների,

Որ գյուղը թողած՝ սար են բարձրանում:

Ու երգն էլ հիմա

Աղոթքի նման,

Երկինք է թռչում.

Ամպերին կառչում.

- Մի քիչ զո՛վ արեք. . .

 

Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն

Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն,

Եթե բովանդակ երկնակամարին

Դեղի համար էլ ամպիկ չես ճարի:

 

Եվ աշխատանքի ոգին է կրկին

Խելահեղորեն տիրում ամենքին:

Գյուղացիները, տղամարդ թե կին,

Հավ-աքլորի պես զարթնում են հիմա

Գիշերը դեռ կես և ոչ թե ծէգին

Եվ, աքլորների-հավերի նման,

Իրիկնանալիս՝ դեռ հացը բերնում՝

Չե՛ն թառում - օ չէ՜ - հոգնած ու դադրած

Ոչ թե քնում են, այլ կարծես մեռնում,

Իրենց խշխշան անկողիններին

Քրիստոսի պես

Խաչվում են այնպես,

Որ կրկին շուտով

Հարություն առնեն

Եվ կիսամութով

Վերստին բռնեն

Նույն աշխատանքի

Վառվռուն պոչը

Ու նորից խառնեն

Հրդեհին ծեգի

Իրենց աչքերի հրավառ բոցը,

Եվ որ քրտինքի շիթը ծորացող

Անվերջ շտկւող-անվերջ կորացող

Իրենց թիկունքին վազի մանեման՝

Ճամփան կորցըրած մրջյունի նման...

 

Եվ աշխատում են մրցման մեջ մտած,

Աչքերը հույսից ու երազից թաց,

Ու հետն էլ երգում.

- ... Զո՜վ արեք մի քիչ...

 

Հովից են երգում,

Զովից են երգում,

Որ շուտ չդադրեն տաքից ու շոգից:

 

Իսկ շո՛գը, տա՜քը,

Իսկ տո՛թը, տա՜պը...

 

Թո՛ղ որ շները՝

Բները մտած,

Շոգից շնչասպառ՝ լեզուն դուրս գցեն,

Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն.

Կարծես սխալմամբ կրակ են կրծել

Եվ հիմա, իզո՜ւր,

Ործկալ են ուզում...

 

Շոգի սիրահար դդումներ ցմփոր

Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն

Փարթամ թևերը իրենց թաղերի

Եվ ճտերն իրենց ետևը գցած՝

Ցանկապատն ի վեր արևկող անեն,

Թառեն էյվանի փայտէ ճաղերին...

 

Ուրիշի աչքին խիստ ծիծաղելի

Արեվածաղկի մի պուճուր գնդիկ,

Կապկելով հսկա մեր երկրագնդին՝

Երկրագնդի պես ծանրորեն ու լուրջ

Թո՜ղ որ պտտվի ինչպես արևի,

Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ՝

Անշարժ պահելով ծաղկատերևի

Դիրքը նախնական...

 

Թո՛ղ որ շոգն իրոք չարամտորեն

Մարդկանց խեղդելու մահափորձ անի,

Եվ շուք ու շվաք տան վկայություն, –

Միևնույնը չէ՞ գյուղացու համար,

Թե նա մեռնի էլ՝ պիտի գործ անի,

Քանի որ ամա՛ռ, ամա՛ռ է, ամա՜ռ...

 

Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման՝

Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում.

Պիտի հավաքել-փռել տանիքին

 

Շէկ ծիրանները՝

Մանրակոտորակ արևների պես,

Սև սալորները՝

Եզան աչքերի միամիտ փայլով,

Եվ կորիզահան դեղին դեղձերը՝

Անանուն ծաղկի փերթերի նման...

 

Սայլը բեռնաբարձ՝

Ծանր խրձերից խղճուկ ճռռալով՝

Անիվի կունդից իր մաշված սռնու

Քիթն է մերթ հանում

Ու մերթ՝ ետ տանում,

Աղուրի փոշում, լորձունքի նման, մազութ ծորալով:

 

Իսկ ջառջառների սեպերը երկաթ,

Քար ատամները գիշատիչ կամի

(Ծամի հա՛ ծամի)

Հաշանն են ծամում, հաշանը ոսկե,

Որ չուզենալով դարմանը խառնել

Սրսուռ ցորենի արեվահամին,

Մի բան է տենչում՝

Էրանի քամի.

- Սարե՜ր ջան սարե՛ր,

Մի քիչ հո՛վ արեք...

 

Իսկ քամին

Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել

Քանի ամիս է՝ հերանց չի գալիս,

Իսկ եթե եկավ՝ չի ուզի գնալ.

- Օտար դո՞ւռն ընկնեմ,

Լավ է ջո՜ւրն ընկնեմ...

 

Մղեղն է թառում պատահած տեղում և ամեն ինչի,

Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող Աստվածաշնչին.

- Մեղա՜ քեզ...

Աստված բարին կատարի:

 

Իսկ բարին՝

Թառած դեզի կատարին,

(Պարզ խրտվիլակի ծիծաղկոտ տեսքով)

Ծտի պարսերն է շեղջերից քշում.

Իսկ բարին՝

Մաղված ցորեն-գարու հետ

Փայտէ ամբարի դռնով է խշշում:

Մեծ կարասները

Ծույլ հորանջում են դատարկ մառանում,

Բայց վնաս չունի՛,

Խաղողի վազն է կրկին մայրանում.

Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից

Եվ օգոստոսյան եռացած օդից

Ու խեղդող տօթից

Շնչահատ արդեն,

Մի պահ զրկվելով աբուռ-ամոթից,

Անզգուշորեն կոճակն է բացում զմրուխտ թփերի.և

Հերն էլ անիծած.

- Ի՞նչ անեմ, Մարե՛,

Արևն ինձ կերե՜...

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

 

Բայց ահա

Նաև շոգն է կոտրվում՝ գոռոզության պես,

Եվ տեղը զիջում իր գինն իմացող համեստությանը:

Կապող անձրևի միջամտությեամբ

Երկիր ու երկին

Գրկվում են կրկին՝

Վերջ տալով իրենց սուր գժվածությանը:

 

Եվ աշունն էլի,

Չարչիների պես ու բոշաների,

Տեղից-տեղ գնում,

Դռներ է ընկնում

Եվ զբաղվում է իր ներկարարի սիրած փեշակով:

 

Չարչին բարձրականչ կհպարտանա

Իր հուլունքների հազար տեսակով,

Ասեղ ու շյուղեր, ծամոն կծախի

Պառավ տատերին, հարսներին շարմաղ:

Բոշան ցորենով զամբյուղ կփոխի

Եվ ինչով ուզես՝ մեծ ու փոքր մաղ:

Մինչդեռ աշո՜ւնը...

Նա բա՛ն չի ծախում,

Օդ ու եղանակ, գույներ է փոխում:

Մինչդեռ աշո՜ւնը...

Միայն բաշխում է՝

Ցորեն ու գարի,

 

Խմիչք ու փշատ,

Հազա՜ր մի բարիք

Եվ, ամենից շատ,

Անվարձ ու ձրի

Միայն նախշո՜ւմ է...

 

Եվ այնպես դանդաղ, որ չես նկատի,

Ավելուկների ծամերը կանաչ

Էյվանի դեմքին ու տան ճակատին

Դեղնում են հանկարծ, դառնում անճանաչ:

 

Ու քաղցրությունից ճաքող սեխերի

Անուշ բուրմունքով

Օծվում են կրկին բոստան-բաղերը,

Իսկ ձմերուկի կերված ճաղերը -

Լուսնի հաստ-բարակ փուլերի նման -

Հող ու փոշով են ամպոտվում հիմա:

 

Ընկուզենիներն իրենց սաղարթով

Այնպես են մեկից դառնում հուրհուրան,

Կարծես թե լինեն հսկա ծխամորճ,

Եվ որպես ծխի առկայծող քուլա՝

Մշուշն է սողում դաշտերի վրա

Ու պտույտ տալիս

Ծերուկների պես պպզած լեռների

Սանըր չտեսած-փոշոտ գլխի շուրջ:

 

Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ

Իրենց սաղարթն են աշխատում կոճկել լիրբ քամու հանդեպ,

Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին

Պատրաստ են իսկույն իրենց լաչակը գլխներից քանդել՝

Մարդաթող հարսի,

Լաչառ կնկա պես:

 

Նորից, իսկապե՛ս,

Աշուն է, աշու՜ն:

 

Նորից սանդի մեջ ծեծում են կորկոտ,

Չավար են խաշում,

Տաք հնձաններում ճմլում են խաղող

Ու գինի քաշում:

Նորից արիշտան,

Որ ձողերին են շարեշար փռել,

Թաց՝ օրորվում է լուռ ու անշշուկ,

Չորացած՝ խշշում

Ու փշուր-փշուր

Թափվում է գետին՝

Խսիր-կարպետին:

 

Քամին կարծես թե բան է կորցրել

Եվ որոնելով ավլում է գետինն

Ու տեղից-տեղ է խաշամը քշում:

Եվ տերևների հաստ ծածկույթի տակ

Առվակ ու վտակ

Հոսում են ոչ թե խշշոցով ջրի,

Այլ կարծես անվերջ տժտըժում-թշշում՝

Իրենց մեջ ընկած բոց տերևների

Չմարող հրից:

 

Սերկեվիլները սրտի թրթիռով

Վերջինն են լքում անխռով այգին

Ու տեղափոխվում-մտնում են սնդուկ,

Որ հաստակաշի ու կողքապնդուկ,

Զառ խնձորների հարեվանութեամբ

Պլըլւեն սիրով ու գորովագին

Կանանց պահուսոի շորերին փոթ-փոթ

Եվ իրենց բույրը խենթորեն խառնեն

Նրանց մարմնային բուրմունքին տարփոտ:

 

Աշուն է, աշո՜ւն:

Լուսաստղը հիմա

Նույնիսկ ցերեկվա դռներն է մաշում

Եվ ճառագայթուն ու մեծ է այնքան,

կարծես թե բացված հովհար է որ կա:

Հովհարը սակայն

Ո՞ւմ է հարկավոր, երբ շոգ չէ արդեն,

Երբ եղանակը այնքան է ցրտել,

Որ նորից ահա տան խոնավ օդից

Մինչ աղը լալիս՝ լավաշն է ծաղկում,

Իսկ պաղ եղեամի հալվելուց հետո

Կալում մնացած կույտը ծղոտի

Կպչում է իրար,

Կարծես թե թաղքում

Մազերի նման շեկլիկ աղջըկա:

 

Անցած ձմրանը նշանվածների կոպերի տակով

Անհամբերութեամբ սահում է հիմա երազանքն այրող

Այն հարսանիքի,

Որ պիտի լինէր, բայց դեռ, ա՜խ, չկա:

Գիշերվա կեսին ոռնոցն է լսվում

Հոտ ու նախրի հետ սարից գյուղ իջած անկուշտ գայլերի,

Իսկ նույնքան անկուշտ ջրաղացների անխոնջ չախչըխկան

կոչնակի նման կանչելով անվերջ՝

Ճամփան է պահում աղունով բարձված սողուն սայլերի:

Եվ ահա՛ -

Կամաց քշեք սելերը...

Եվ ահա՛ -

Աշուն եկավ սարիցը

Եվ ահա՛,

Այստե՛ղ -

Երկինքն ամպել է...

Եվ ահա՛,

Այնտե՜ղ -

Էս լուսնակ գիշեր...

Եվ ահա՛ -

Այնպե՜ս՝

Միշտ նա է ներկա,

Նա՛ ՝

Շինականի հար հավատարիմ,

Հավետ անբաժան

Մեծ օգնականը.

Նա՛ ՝

Շինականի համկալ-ընկերը,

Հոտաղ-մշակը

Ու... երրորդ ձեռքը.

Նա՛ ՝

Ինքը... ե՜րգը:

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՀԱԳՆԱՑՈՂ

 

Ե՛րգը...

Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ

Եվ ուզում էր կրկին փարվել հայրենիքին

Հայրենիքն էր... նրա հոգին:

Ե՛րգը...

Կարծես մի թռչուն էր, որ չվելով բնազդաբար,

Ետ էր թևում գիշերն ի լույս և օրն ի բուն:

Եվ նրա շեն ականջն էր... բույն:

 

Այդ ակա՛նջը...

Ջրվորների,

Սարվորների ուրախ կանչը,

Ձույլ զանգերի ծույլ ղողանջը,

Առվի հիմար բլբըլոցը,

Ճրագների պլպըլոցը,

Հովի հունչը,

Թոնրի շունչը,

Մերժված սրտի խուլ մրմունջը,

Երազների ու ծաղկունքի փսփսուքը,

Ողբասացի կոծն ու սուգը,

Արտասուքը,

Որ ծնվելով վառ ցավի մեջ,

Դուրս չի պոռթկում,

Այլ կաթում է սրտի խորքում,

Ինչպես մթին անձավի մեջ,

Եվ այդ ահեղ կաթկթոցը

Միչև անգամ քար է ծակում.

Կեսչոր-կեսթաց փայտի նման

Վառվոդ լույսի ճթճթոցը,

Որ վառ ցրտի դեմ-հանդիման

Ոնց էլ լինի դուռ է փակում.

Չարաճճի քամու առաջ

Տերւների սրսըփումը՝

Աշնան վառած անհուր բոցում.

Նոր մայրացած ստինքների

Մեկմեկի հետ լուռ շփումը՝

Այգու նման բուրող ծոցում.

Ջրի ճամփին աղջիկների քչփչոցը,

Մինուճարի հեռու ճամփող

Մոր խելագար պաչպչոցը,

Տաք հնձանի կպչուն դռան զիլ ճռինչը,

Անգըղ տեսած թուխսի սարսափն ու կռինչը,

Նորածինի ազդարարիչ-հրամայող բարակ ճիչը, –

Ամե՛ն, ամե՛ն, ամե՛ն ինչը

Ալիք տալիս,

Գալի՜ս-գալի՜ս,

Ծովանում էր այդ ականջում,

Հազար ձևով այնտեղ հնչում,

Հետո տանջում ու պահանջում՝

Ելնե՜լ-թափվե՜լ սրտերից-սիրտ,

Հոգուց-հոգի,

Հույզով ցողել

Ու ողողել

Ամեն ոքի...

 

Ա՛յն, որ այնպես ցիրուցան էր,

Կամենում էր լինել հավաք,

Ա՛յն, որ միայն աղմուկ էր դեռ,

Ցանկանում էր դառնալ նվագ.

Ա՛յն, որ հնչյուն, անկապ ձայն էր,

Եղանակ ու երգ էր ուզում, –

Վարարումի ու հորդումի

Ելք էր ուզում:

 

Իսկ թղթերին՝

Հազար ու մի երգ-եղանակ,

Դարձած նոտա.

Իսկ թղթերին՝

Հազար ու մի խաղիկ-տաղիկ

Հայաշխարհիկ,

Նաև օտար:

 

Իսկ թղթից դուրս

Որքա՜ն երգեր,

Որ չեն տեսել ձայնագըրող,

Օտար ժանգը գոնե քերող

Հմուտ ձեռքեր:

Իսկ թղթից դուրս՝

Որքա՜ն-որքա՜ն

Շինականի ձեռքով ցանված,

Բայց չհնձված-անտեր բերքեր...

 

Ա՛յն, ինչ ականջն էր հավաքել,

Ա՜խ, թե հիմա իր շրթունքով

կրկնապատկված ետ տար կրկին,

Սիրով բաշխեր նրանց, ովքեր

Իրենց արյամբ ու քրտինքով

Խմորում են տվել երգին:

 

Իր հետ մեկտեղ այն ժամանակ

Գյուղացին էլ գուցե երգէր.

- Հ ով , հով, հո՜վն ընկաւ,

Դարդս ծո՛վն ընկավ»

 

 

ՂՈՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

 

Սակայն դարդը խեղճ ու կրակ գյուղացու

Եթե անգամ

Ծովն ընկավ,

Նույնիսկ ծովն էլ դարդի վրա գյուղացու

Իր ծովային աղաջրի փոխարեն

Կարծես դիտմամբ յուղ ածում,

Դարդը յուղով է օծում,

Որ... ջրի մեջ չընկղմի

Ու չդառնա կեր տղմի:

Կարիքների ալիքային մոլի ծա՜փ,

Զրկանքների կոհակացող խաղացո՜ւմ, –

Եվ նույն դարդը ողջ-առողջ

Շպրտվում է նորից ափ

Ու... կպչում է գյուղացուն,

Ինչպես շապիկը մեջքին,

Տաք քրտինքից թաց մեջքին,

Եվ ի՜նչ քրտինք.

Հիմա արդեն իսկապէ՛ս որ աղաջուր:

 

Զուր է գեղջուկն աղաչում

Եվ հույսի շողն իր աչքի

Նետում երկնի հրաշքին:

ՎԵրում՝

Աստված ծանրականջ,

Ցածում՝

Աղոթք ու զուր կանչ,

 

Անտեր՝ պատառ-պատառիկ,

Սարի լանջին կարկատան.

Ծխոտ-մրոտ պատ-առիք,

Բոբիկ ոտներ, հին քաթան.

Եվ հազար ու մի կարիք

Հազար ու մի ծակ ու ծուկ.

Պիտի ուզեն հարսնացու,

Առնեն շոր ու մատանիք,

Պիտի փոխեն ծածկը տան,

Պարտքը մարեն, հարկը տան

Ու կաշառեն ջրպետին:

Նաև պիտի... դեռ պիտի...

 

Պիտի վարեն ու հերկեն,

Վարեն-հերկեն

Ու երգեն.

– Օրհնյա՜լ է Աստված.

Հիշյա՜լ է Աստված. . .

 

Աքլորը կանչեց գոմի դռանը,

Դեռ նոր է բացվում աղոթարանը.

– Աստվա՜ծ, փառքըդ շա՜տ...

Եզնարած տղան թող անուշ քնի,

ութանավորը վեր կենա բանի.

– Աստվա՜ծ, փառքըդ շա՜տ...

Գութանն է գնում-գութանն է գալիս.

– Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

Ուրախությունից ակերն են լալիս.

– Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

 

Մաճկալը՝ մաճին,

Իմ պաչն իր աջին.

– Շուռ տուր, սև՜ արա:

 

Հոտաղը՝ լծին,

Մատաղ վարոցին.

– Ձե՛ն տուր, թև՜ արա:

 

Հո՛ արա, Շեկո՜,

Շո արա, Լաչի՜ն.

– Մեջը կորդ մնաց:

Քշիր հա՜, Նիկո՛,

Դաղի՛ր սատկածին.

– Գնաց հա՜ գնաց:

 

Գնաց հա՜ գնաց.

– Ոտըդ լե՛ն արա, –

Էն էլ ո՜նց գնաց:

Գնաց հա՜ գնաց.

– Տղա՛, ձե՜ն արա, –

Էլ բան չմնաց:

 

Արտը լեռ քար է,

Առը երկար է.

– Բայց խոփն էլ սուր է:

Քաղցած ենք, ծարավ,

Ա՛յ հարս, ի՜նչ դառավ.

Բա գալըդ ո՞ւր է:

 

Է-հէ՜յ, հորիվա՛ր, ճիպտի՛ն տուր,

Սևին հո՛ արա, Կապտի՜ն տուր.

– Կապո՛ւյտ եզ, չսատկե՜ս հա:

Թե հո ես անում՝ լա՛վ արա,

Բերան չես բանում, ա՛վարա.

– Վարել ենք արտի վատ կեսը:

 

Ծիր տանք հա՜ ծրենք,

Մեր դարդը ցրենք.

– Ես քեզ եմ ասում,

Սրա՛պ ջան,

Հողը սեվանայ:

 

Հացն եկավ: Բանանք,

Ուտենք կշտանանք,

Որ, քեզ եմ ասում,

Արա՛բ ջան,

Ուսըդ հովանա:

 

Ձեզ՝ Խոտի լավը,

Մեզ էլ՝ փլավը.

– Հորովե՜լ, հո:

- Դե՛, ելեք լծենք,

Խոփը հող գցենք.

– Հո՜, հորովե՛լ:

Նո՛ր ակոս բացենք,

խո՛ր ակոս բացենք

Է՛լ առավել:

 

Հաջող է տարին.

Նամուսով վարի՝

Մեկին յոթ կտայ:

Խոտի տեղ դու, տե՛ս,

Չոր ճիպոտ կուտես,

Ա՛յ եզ անպիտան:

 

Գիտե՜մ, ոտմաշ ես,

Ոտերի՛դ մատաղ,

Բա ե՞ս, Ծիրա՛ն ջան,

Իմ սի՜րտն է մաշած:

Քրտընքախաշ ես,

Իմ համե՜ղ հոտաղ,

Բա ե՞ս, Տիրա՛ն ջան,

Իմ սի՜րտն է խաշած:

 

Ականջ մի՛ դրեք.

Հո՜ արեք.

Դարդներըդ ցրեք.

Շո՜ արեք:

 

Դարդը քա՞ր կանի...

Աստված ճա՛ր կանի.

– Հորովե՜լ:

 

Աստված ինչ չանի՝

Մարդը դի՜նջ կանի.

– Առավե՛լ:

 

Եզո՜, շո՛ւտ արա, ո՜տ արա, ախպէ՜ր,

Դադրած մաճկալը քո ցա՜վը տանի.

– Պրծնենք ու գնանք:

վրան են զարկել սև ու մութ ամպեր,

Ձեռ ու ոտ արեք, ա՛յ, անձրև կանի.

– Մոլո՜ր կմնանք:

 

Ուժ տուր՝ վերջանա,

Ջանըդ դինջանա.

– Հո՜ արա, էյ ե՛զ:

Վարենք ու ցանենք,

Խոփը դուրս հանենք.

– Լինենք պարզերես:

 

Թող չկտրվի ակի ճռինչը,

Գութանի անուշ ճլվստիկ ձենը.

– Իր ձենի՜ն մատաղ:

Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,

Նրա վրա է աշխարքի շենը.

– Իր շենի՜ն մատաղ:

 

Հո՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ,

Ծարավ ես՝ ես էլ եմ ծարավել,

Դադրած ես՝ ես քեզնից առավել,

Ինձ էլ է արևը խորովել.

– Հորովե՜լ:

 

Թե մեզնից Աստւած է խռովել՝

Աստըծուն ձեն կտանք առավել.

– Օրհնյա՜լ է Աստված,

Հորովել

Հիշյալ է Աստված,

Հորովեեեե՜լ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՑԱՎԻ ԵՒ ԲՈՂՈՔԻ

 

Մեր խելքն էր մեզնից խռովել.

Մոռացած Կալ Երգ, Հորովել,

Մոռացած խալիկ, զվարթ տաղ՝

Նէյնիմ-ով ու Բէյթ-ով էինք

Շատերս մեր հոգին պարպում.

Թողած մեր գինին անխարդախ՝

Օտարի շէրբեթ-ով էինք

Մեզ խաբում

Եվ ոչ թե հարբում:

 

Մենք կայինք,

Մենք Դավիթ էինք,

Սակայն դեռ մեզ չգիտեինք.

Դեռ պառվի շաղգամի արտում

Քիչն ուտում,

Շատն էինք ջարդում՝

Մանկորեն ոտքի տակ տալիս:

Եվ մեկը պիտի գար ահա,

Մեզ նորից կայծակե տար թուր

Ու թամբեր Քուռկիկ Ջալալի,

Տար նաև մկունդ ու վահան,

Որ... Մսրա նւոցին ընդդեմ

Զգայինք մեզ Ձենով Օհան:

 

Սկզբում ինքն էլ վարանում՝

Գործում էր, բայց դժվարանում

Իր գործին տալ հարմար անուն:

Եվ ահա իր գործը նաև

Ստացավ անունն իր վայել.

- Աշխարհում դուք ձե՛ր երգն ունէք,

Ձե՛ր երգը, խլացա՛ծ հայեր...

 

...Ու թե հայ խաղի ու տաղի հանդեպ

Խլացել էին մեզնից շատերը,

Եթե մերային խեղճ ու վատերը

Մեր արդար հացն ու պանիրը թողած,

Աչք էին տնկում օտար փախլսւ-ին,

Ապա օտարը՝

Ամենա՛յն սիրով,

Ապա օտարը՝

Խոսքերո՛վ,

Գրո՛վ -

Թաքուն-բացայայտ մեզ էր բանսարկում՝

Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում

Իր անկապտելի երգից ու պարից,

Մի ողջ ժողովուրդ կապում օտարից,

Օտար դռանը տնփեսա սարքում

Մի տղամարդու, որ շեն տուն ուներ,

Տան մեջ սյուն ուներ,

Սյան վրա՝ տանիք

Ու տանիքի տակ՝ հսկա ընտանիք,

Որ, ճիշտ է, գիտեր հյուրեր ընդունել,

Բայց գիտեր նաև ճանապա՜րհ դնել,

Ու թե կտուրը կաթեր անձրևից՝

Գիտեր վերստին պատել սվաղով...

 

Մինչդեռ խուլ, անլուր, և կամ չարալուր

Ականջներն օտար միշտ հակված էին

Հայոց երգի մեջ

Լսել սօսափը պարսկազենդական,

Հայոց տաղերում

Որսալ մեղեդին հույն-բյուզանդական,

Թուրք-թաթարական բայաթի-շարքին:

 

Հայերն աշխարհում բանսարկված էին.

Սրերից հետո,

Թրերից հետո՝

Հիմա էլ լեզվի թունավոր նետովև

Ա՛ռ –

Զարկված էին...

 

Քեզ հարվածողին որպեսզի զարկես

Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,

Պիտի զարկողին իր զարկից զրկես:

 

Թե ոստայնի պես ստեր են հյուսում,

Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,

Պիտի սովորես ստողի լեզուն:

 

Իսկ նա շատ հաճախ ինքն էլ էր զգում,

Որ իր հաղթ բազկում

Տալիք հարվածի թափը պակաս է.

Դատապաշտպանի իր լեզուն արդար

Պտտում է հազիւ,

Պտտում է այնպես, կարծես կակազ է:

 

Մինչդեռ ուզում էր

Ու երազում էր

Պաշտոն ստանալ և դատախազի. –

Աշխարհի առաջ բարձրանալ տեղից

Ու հատ-հատ ասել.

– Խոսելն իզուր, ճառելն՝ անտեղի:

Միստը՛ր, աղա՛, սը՛ր,

Տիկնայք մեծարգո, պարոնայք ազնիվ,

Քար ու կշեռքին ի՞նչը կհասնի:

Այս՝ կշռաքարը, այս էլ կշեռքը.

Մեզանից՝ ահա մեր տաղն ու երգը,

Ձեզանից՝ կշեռքն ու կշռող ձեռքը:

Թող դժվարությամբ ու հսկա ջանքով

Բարձրանան-իջնեն կշռաթաթերը,

Անվստահությամբ ու կասկածանքով

Իրար հոտոտեն կշռաքթերը,

Եվ ճիշդը խոսի, լռեն ստերը:

 

Այս էր նա ուզում,

Այս օրը հուսում,

Բայց և զգում էր,

Որ հաղթ բազկում իր

Տալիք հարվածի թափը պակաս է.

Դատապաշտպանի ու դատախազի

Իր արդար լեզուն

Շարժվում է հազիվ՝

Պտտում է այնպես, կարծես կակազ է:

 

Իսկ եթե սուտը հերքել ես ուզում,

Պիտի սովորես ստողի լեզուն՝

Հրաժարվելով դատարկ զեղումից:

 

Պետք է սովորել,

Իսկ ո՞րտեղ, ումի՞ց:

Պետք է սովորել,

Իսկ ո՞ւմ մոտ, իսկ ո՞ւմ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ

 

Հայ դասատուներն իրենք են զգում,

Որ ջահել սանի առաջմղումից

Հոգնում կես ճամփին ու ետ են մնում:

 

Եվ Կոմիտասը Բեռլին է գնում:

 

Ու գերմանական քաղաքում խոժոռ

Ինչ-որ վանական՝

Աչքերը խոշոր,

Դեմքը՝ բանական,

Քայլքն՝ անբնական,

Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում,

Մինչ մոլեռանդի նայվացքը նրա՝

Որքան ներհայաց-նույնքան բևռուն,

Չի մեխվում սրա կամ նրա վրա,

Այլ պեղում կարծես անծանոթ հեռուն:

Եվ կոշտ ու կոպիտ գերմաներենը

Շուրջ երեք տարի, հարկադըրաբար,

Ճկվում է անվերջ նրա բերանում,

Սակայն չի ջարդվում վերջնականապես,

Կարծես թե թողած լեզուն կենդանի,

Գրում-կարդում է նորից գրաբար՝

Ճեմարանական խելոք սանի պես:

 

Ի՜նչ անենք. շատ էլ հոգ չէ, որ այդպես

Գերմաներենը նեղում է հային:

 

Կար այլ մի լեզու՝ համամարդկային,

Այդ լեզվով խոսող գերմաններ կային,

Ու չէր վերջանում նրանց զրույցը:

 

Կոտրելով բառի բարակ սառույցը

Ոչ իբրև օտար-սառն ու կեղծամիտ,

Այլ մեծ պապի պես՝ առանց կեղծամի,

Գալիս էր Բախը ու ծանըր նստում

Երգեհոնի դեմ, ֆիզհարմոնիայի

Ու բարի ժպտում մրահոն հային:

 

Եվ ալիքվում էր մի վսեմ Մեսսա,

Ու Բախը կարծես ասում էր.

- «Տեսա՞ր»:

Անհուն սրբությեամբ երկինք էր միտում

Մի հոգեսրբիչ հոյակապ Խորալ,

Եվ ծերուկ Բախը ջահելին դիտում,

Հարցնում էր կարծես – և գրաբարով,

- «Իմա՞ստը դորա»:

Իսկ այնուհետև՝

Օրատորիա-ի նարեկանման ծփացող մի ծով

Լռիկ մեղմությամբ, աղոթքի ճիչով

Դիզվում էր դանդաղ, փլչում շատ արագ,

Մինչդեռ ականջում մոլեռանդ հայի

Օրատորիա-ի ծփանքի միջով,

Խեղդելով խորթ ձայնն Օրատորիա-ի,

Իրենն էր հնչում՝

Մի նոր Պատարագ...

 

Ու մեկ էլ հանկարծ Մոցարտն էր գալիս,

Գեղեցիկ, ջահել, կայտառ ու խնդուն,

Եվ պաղ դահլիճում ծիծաղն էր թնդում:

Նա մերթ՝ բարեկիրթ մանկան պես՝ ուշիմ

Լսում էր հային, խփում էր ուսին,

Մերթ՝ հանպատրաստից երգ եղանակում,

Եվ մեկ էլ՝ խոսում համբույրից կույսի,

Սրա վեղարը ծաղրուծանակում,

Պատմում արկածներն իր և ուրիշի՝

Չափից ավելի անկեղծանալով:

Իսկ երբ տեսնում էր՝ իր կատակն է զուր,

Հուսահատորեն ձեռքը թափ տալիս,

Իբրև միջնարար՝ մի բերան հազում

Ու լրջանալով,

Անկեղծ ջանալով՝

Նորից էր ուզում հային համոզել,

Որ պէտք է այսպէ՛ս–ո՛չ այնպես խոսել:

Մէջտեղ էր գալիս ուրախ ֆիգարոն,

Դահլիճում սարքում շքեղ հարսանիք,

Իսկ նրա մտքո՜ւմ...

Աղջիկ-պատանիք

Սարից իջնելով ելնում են տանիք,

Որ մեկ էլ տեսնեն, թե ինչպես Սարոն

Անուշի տեսքը հեռվից որսալով,

Մոռացած ադաթ, ընկեր ու աշխարհ՝

Գետնում է Մոսուն...

- Դուք ինձ չե՞ք լսում,

Այս է ճիշտը, հե՛ռ, այս է պետք, պարո՛ն:

Իսկ հեռ-պարոնը լսում էր ուշիմ,

Ձմեռ ու ամառ

Ուսանում համառ,

Բայց և կրկընվում.

- Ուրիշն՝ ուրիշին,

Ես ի՛մը, ի՛մը, ես ի՜մն եմ ուզում,

Ի՜մը, դուք հասկա՞ն...

Ու չէր ավարտում «հասկանում եք»-ը:

 

Իսկ երբ այս հսկան

Եվ կամ թե ուրիշ վիթխարու մեկը

Հայ վարդապետի հոգին էր հուզում

Եվ գերեվարած տանում իր հետքով՝

Երբ նա չէր գտնում փրկումի դեղ-ճար,

Նրա բերանից ձգվում էր «Խղճա»-ն.

Հայցում էր Բախի մեներգ-աղոթքով...

 

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

Լսո՞ւմ ես արդյոք մենակ ու մենիկ

Զղջացող որդուդ: Մի՞թե չես զգում,

Որ հեռվից-հեռու անձայն գոռալով

Այդ քեզ է դիմում Բախի Խորալ- ով.

«Քեզնից հեռացա, բայց դարձա իսկույն»:

 

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

Այդ ինչպե՞ս, ինչպե՞ս դու դարձար կնիք

Եվ ինչո՞ւ դու հենց ընտրեցիր նրա՛ն

Ու դրոշմը քո, իբրև սուրբ խարան,

Դրեցիր վրան՝

Ասելով. «Ի՛մն ես,

Ո՜ւր էլ որ գնաս՝ իմ ճո՛րտը, ծառա՛ն,

Իմ մինուճարն ու հավատարի՜մն ես»:

 

Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք...

 

Ժամեր շարունակ մենակ ու մենիկ,

Եվ համբերությամբ մի անհատնելի

Խեղդելով հոգու ներհակությունը՝

Պաղ ստեղներին հաղորդում էր նա

Իր ամենազգա ու ջերմ մատների

Սրսփումն այրող ու տաքությունը:

Նրա վեղարի թողած ստվերը

Ժամեր շարունակ անվերջ ընկնելով

Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝

Մթագնում էր այն կրկին ու կրկին:

Գոթական ոճի գրադարանում

Նա, աղեղի պես, անշարժ կորանում

Եվ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում:

 

Բայց ամեն անգամ իրիկնամուտին,

Երբ մոտենում էր գիշերը՝

Մթին,

Ինչպես փակեղը,

Եվ Վարդապետին

Փակեղի նման նեղություն տալիս,

Մի անկոչ հյուր էր մթան հետ գալիս, –

Ա՛խ, գալըս ո՜րն է, –

Կարոտից մարող կնոջ պես վազում,

Գոնե մի թեթև հարց էլ չէր տալիս, –

Հարց տալըս ո՜րն է, –

Ձևի համար էլ նույնիսկ չէր ասում,

Թե Վարդապետը ուզո՞ւմ է, –

Վազում

Եվ թևերն իր տաք՝

Մեկ-երեք-չորստակ՝

Փաթթում էր, պլլում պանդուխդի նրա կարեվեր սրտին:

Թո՛ղ նա վերստին

Կուսակըրոնի կոչմանն իր վայել,

Սրբորեն հաստատ իր տված ուխտին՝

Անկոչ սիրուհուն իրենից վաներ:

Թե դռնից հաներ՝

Պիտի երևար բաց լուսամուտին,

Լուսամուտի պես աչքերը փակեր՝

Հիմա էլ մտքի դուռը կթակեր.

- Ընդունիր տունըդ:

- Ո՞վ ես, անո՛ւնըդ...

- Սուտլիկի՜ս մի տես,

Դու ինձ լա՛վ գիտես:

- Ո՞վ ես, անո՛ւնըդ...

- Հայրենակարո՜տ....

 

Եվ Վարդապետի հայացքի դիմաց,

Նրա կարոտած աչքերին ի տես,

Ձգվում էր հանկարծ կածանը քարոտ.

Սարավանդակից գութանի խոփն էր հանկարծ պսպըղում.

Թոնրի պռնկին, սև պուտուկի մեջ, ապուրն էր պաղում.

Ճակատին շարված բոլոր «արծաթի» ծափերի ներքո՝

Արմաղան մի հարս նախշուն կարպետին ձավար էր մաղում.

Իրենց մացառե ցանցառ բեղի տակ

Ծիծաղում էին քարափներն անտակ՝

Աղունակների ու կաքավների

Խտուտ հարուցող կրկրան ձայնից.

Բարակ գոլորշին, անուշ խնկի պես,

Ծփում էր այգում, ելնում հնձանից.

Հարթ կտուրներին ծփծփում էին

Աներեսորեն կանաչած Խոտեր.

Ջահել ու բոբիկ կանացի ոտեր

Թփթփում էին

Ու տպում էին

Իրենց հետքերը աղուրի փոշում...

 

Հստակ էր այնպէ՛ս ու շոշափելի՜,

Տեսնում էր կարծես և ոչ թե հիշում:

Եվ աչքերն էին բացվում-մշուշվում

Ինչ-որ մորմոքից, որ անուն չունի.

Թիկունքի վրա զգում էր կարծես

Վազքը երթևեկ ինչ-որ մրջյունի.

Ու դուռը զարկող կարոտ կոչվածը, –

Էլ ի՜նչ հրավեր, –

Սենյակ էր խուժում

Եվ անմոռացն էր վերհիշում.

- Կռունկ...

Խաբրիկ մը չունի՞ս...

 

 

ՂՈՂԱՆՋ ԿՈՏՈՐԱԾԻ

 

Չէ՛, կռունկ չկա՜ր Բեռլին քաղաքի երկնքում մթար,

Որ վարագուրված հայոց աշխարհից գեթ խաբրիկ մը տար:

Բայց Գուտենբերգին ծնած աշխարհում՝

Սև կռունկների սև երամի պես՝

Սև տառերն էին լրագըրերի էջերին թառում:

 

Եվ մի օր հանկարծ

(Ահավո՜ր վայրկյան) ...

Եվ մի օր հանկարծ այդ տառերը սև՝

Քիչ առաջ հանգած

Ածուխներ ասես՝

Մատներն են այրում գրաշարների,

Ու տաք ոսպի պես

Ընթերցողների լեզուն են վառում:

 

Նորի՜ց ու նորի՜ց

Հայոց աշխարհում

Մինչ թոնիրները՝ արյունից մարում,

Խաղաղ ծխացող լուռ երդիկներին

Աքաղաղի տեղ բոցերն են պարում:

 

Եվ լեղապատառ մայրերը հայոց

Զո՜ւր են մրմնջում աղոթքը կերկեր,

Համըր Տիրամոր նիհար ծնկերին

Իզո՜ւր են այդպես աղերսով փարում.

Եթե ունենար

Որևե հնար՝

Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր,

Մինչդեռ քիչ հետո ինքն է դառնալու

Պիղծ հանաքների,

Կեռ դանակների

Եվ ա՛յն հրդեհի չար կրակին կեր,

Որ նորից հիմա

Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պես ճարակում:

 

Տարաբախտ երկրի

Եվ Աստծուց թափուր երկնի արանքում,

Իբրև ամոթի ծանըր վարագույր,

Փռվում էր ծուխը,

Եվ ճենճահոտը օդի շերտերն էր այնպես վարակում,

Որ – անժամանա՜կ –

Կռունկներն անգամ թողին-չվեցին

Եվ ուր թեվեցին՝

Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած

Հայ մանչուկների խմբերի նման՝

Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝

Անվերջ կվվեցին,

Անլուր աշխարհին իմաց տվեցին,

Որ հայոց երկրի ձորերում անտակ,

Կիրճերում խորունկ...

Ա՛խ,էլ ի՞նչ կռունկ,

Երբ հիմա վառման թոնիր էր դառձել

Թոնիրի երկիր Հայաստանն ինքը,

Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես

Հայոց երկինքը...

 

Եվ ո՞ւր է ինքը.

Այստե՛ղ՝ Բեռլինո՜ւմ, –

Սրամիտ բախտի ինչպիսի՜ հանաք,

Ճակատագրի ի՜նչ ծաղրուծանակ:

Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.

Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից:

 

– Երբ ռուս-տաճկական կռվում հերթական

Ռուսաց սվինը, թուրն ու բերդանկան

Անձնատուր արին ճամփին հանդիպող

Թուրքական բազում բերդ ու բերդակալ, –

Է՛լ գերմանացի,

Է՛լ ֆրանսացի,

Է՛լ անգլիացի՝

Յուրաքանչյուրը խփեց իր ծնկան,

Ու բոլորը մեկ ձեռ ու ոտ ընկան,

Սան-Ստեֆանո քաղաք գնացին՝

Այնտեղ գումարվող Վեհաժողովին,

Որ... Պետերբուրգը հաղթութեյան դաշտից

Իր սպասածից քիչ բերք ժողովի:

 

Երկար նստեցին, ուշ-ուշ վեր կացան,

Դրսից ժպտալով՝ ներսից բարկացան,

Անգամ լռելով՝ իրար հասկացան,

Ու երբ, վերջապես, պիղատոսաբար

Մաքուր լվացած իրենց ձեռքերով

Հայկական հարցը մեջտեղ բերեցին,

Քանի տաք էր դեռ՝ մերթ վերցըրեցին,

Մերթ էլ վերստին ներքև դրեցին,

Եվ ամեն մեկը մատներն իր վառեց:

Բայց ամեն մեկը այնքա՛ն շատ ճառեց,

Մինչև որ հարցը բավական սառեց, –

Ու ցիների պես ընկնելով վրան՝

Կտուցով, ճանկով լա՜ւ քրքըրեցին,

Առան-տվեցին, տվեցին-առան

Ու վերջում... հարսի լեցուն կոնքերով

Փեսայի աչքին լավամարդ դառան.

 

Այս ու այն կողմից միավորների զերոն քերեցին

Ու մնաց մի թիվ,

Որ էլ չի քամվի՝ ինչքան էլ քամես,

Ու մի թիվ մնաց... համեստից համեստ.

Մնաց 16 –

«Հայկական հոդված» –

Հայկական հարցի բզկտված մարմնից

Ոչ թե մինչևիսկ դաշույնով հատված,

Այլ քաշքշոցո՜վ, այլ եղունգներո՜վ

Մի կերպ ծվատված...

 

Սակայն... աշխարհում ինչե՜ր չեն լինում:

Սակայն... աշխարհի ցմփոր տերերին դա էլ շատ թվաց:

Եվ ահա նրանք վերստին եկան վեհաժողովի՝

Այս անգամ արդեն այս նույն Բեռլինում,

Հայկական հարցը –

Հուշաթելի պես –

Մատին փաթ տված:

 

Երկար վիճեցին, տվեցին-առան.

– Հայ պատվիրակը թող նստի դռանն...

Ամենքը մի-մի պողպատե կռան՝

Իջա՛ն մեր սալին.

- Վա՜յ տամ մեր հալին...

Մեր արյան դիմաց՝ ծախսեցին թանաք.

– Ա՜յ քեզ խաչապաշտ թրի հաղթանակ –

Աղվեսությանը խառնած շնություն,

Ներհակությանը՝ միաբանություն,

Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,

16-ն այսպես մի կերպ շուռ տվին:

 

Աչքըդ լո՜ւյս լինի,

Դու օգտվեցի՜ր թվաբանությո՛ւն.

Շուռ գալով՝

Աճեց քո 16-ը –

Դարձավ 61:

 

Իսկ մեր հա՜րցը, մե՞նք:

Իսկ Հարցը Հայոց քամվեց վերստին՝

Կարծես թե՝ թափված արյան համեմատ.

Մի թիզ էր եթե Սան-Ստեֆանոյում,

Բեռլինում արդեն նա դարձավ մի մատ:

 

Այո՛, այստեղ էր՝ այս նո՛ւյն Բեռլինում,

Որ բարեխընամ մի Վեհաժողով

Որոշում հանեց... հայ հողազուրկին

Չբավարարել վեց արշին հողով,

Այլև ընդամե՜նը – չխենթացընել

Մահվան ու ջարդի մշտական դողով...

Քաղցած հավի պես, քուն թե արթմնի,

Հայն էլ ինքն իրեն տեսնում էր անվերջ

Ինքնավարության կորեկով լեցուն հսկա մարագում,

Ինքնավարություն, որ հիմա դառձավ... բարենորոգում:

 

Բարենորոգո՜ւմ...

Գլուխը քա՛րը.

Թո՛ղ լիներ թեկուզ բարենորոգում,

Բայց ոչ թե թղթին, ոչ թե թանաքով:

Բարենորոգո՜ւմ...

Եթե ամեն ինչ

Ջարդում ես քարով ու դագանակով,

Փրթում ես թրով ու կեռ դանակով,

Խուժանի խուժմամբ՝ ասես հանաքով,

Նաև լրջորեն՝ կարգին բանակով, –

ի՞նչ ես նորոգում.

Իհարկե լա՛ցը,

Որ չի չորացել,

Եվ կոտորա՛ծը,

Որ չեն մոռացել...

 

Եթե անջրդի հող ես ոռոգում,

Ի՞նչ է, եթե ոչ բարենորոգում...

Եվ ահա Կարմիր սուլթանն իսկապես

Հայի... ջուր դարձած արյունի գետով

Հայոց անջրդի հողն էր ոռոգում,

Եվ այդ էր կոչվում բարենորոգում՝

Այս նույն Բեռլինի 61 կետով:

Եվ հիմա – դատարկ այս որոշման տակ,

Իբրև մի կնիք վավերացումի,

Կարմիր սուլթանը՝ պաղ թանաքի տեղ

Լավ թաթախելով մեր արյան մեջ տաք՝

Դնում էր վայրի մի կրունկ...

 

– Կռո՜ւնկ –

Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ, էլ ի՜նչ սև Կռունկ,

Սրտավե՛ր պանդուխտ.

Ո՞րտեղ ես տեսել երկինք հասցընող

Փրկարար սանդուղք.

Ո՞վ կըկշտանա՝

Հացի փոխարեն թե նրան տան թուղթ...

 

Սրտամե՜ռ պանդուխտ,

Էլ ինչ ես այդպես լալիս,

Ձայն տալիս

Կռո՜ւնկ հա Կռո՜ ւնկ,...

Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ,

Թե՝ ճռնչոցով դարպաս ու դրունք

Հայոց հույսի դէմ ուժգին փակվեցին,

Թե հայոց Ուխտի

Հոգնատանջ ուղտի

Երկու ծնկներն էլ երեքտակվեցին.

Նորից մոլեգնեց մահվան հարսանիք,

Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝

Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում

Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.

Թող կթե՛ն, շորթե՛ն,

Միայն... չմորթե՜ն,

Միայն...

 

 

ՂՈՂԱՆՋ ԶԱՐԹՈՆՔԻ ԵՎ ԿԵՆՍԱՏՄԱՆ

 

Եվ խորհել, որ այդ նույն պահին,

Երբ թուրք սուլթանը այսպես վեհաշուք

Տոնում էր ծնոննդն ու չմեռնելը հոբելեար Մահի,

Միևնույն պահին

Այդ նույն աշխարհում

Գարուն էր գարո՜ւն:

 

Քարայծը նորից

Իր քարածիկի դունչիկն էր լիզում կիրճում ու սարում՝

Լեզվի ծայրով էլ թույլ չդիպչելով բերնի ընկույզին.

Արագիլն էլի

Ծեր խնձորենու, ծաղկի բոցի մեջ իր ոտն էր վառում՝

Վերցնում ու դնում միևնույն ճյուղին.

Իբրև կշտամբանք ուշացած մարդուն՝

Իր իսկ սեփական նախաձեռնությամբ լույս աշխարհ եկած

Մի ինքնագլուխ արեվածաղկի աչիկն էր թարթում

Հերվա բոստանից.

Գութանի խոփը ժանգից էր նեղվում,

Ինչպես որ մարդը՝ իր դեմքին կպած սարդի ոստայնից,

Բահն աղջկա պես ուզում էր փարվել

Ու հետո մարել կարոտած հողի կրքոտ հպումից.

Սամին ուզում էր անկրակ այրվել՝

Եզան մկանուտ վզի շփումից.

Լծացու բարդին գոհ չէր երևում սուր կացիններից.

Դեղձենիներից մարջան էր կաթում,

Շեփորիներից՝ երկնքի կաթիլ,

Եվ ձյունի փաթիլ՝

Ակացիներից...

 

Անցած աշնանը հարսնացածների մայրությունը սուրբ

Զարթնում է հանկարծ՝

Ծնվելիք մանկան

Թույլ քացիներից...

Շողերն են ընկել օրորոցի մեջ խաղացող մանկան

Հինգջահյան ձեռքի պարզված մատներին,

Ինչպես մոմերին՝ բոցը բարակող...

Առվույտից թափուր հսկա մարագով

Պաղ ստվւերների հսկա ամբոխն է դես ու դեն անում,

Լուռ հրմշտոցով իրար ոտ կոխում, ջարդում իրար կող.

Դուրս գալ են ուզում, բայց սիրտ չեն անում...

Անուն են ուզում, ծաղկունքն անանուն,

Ծաղկունք անվանի ուզում են նորից,

Քնքշանքով իրենց անունը լսել

Կույս աղջիկների շրթերից լուսե...

Գարուն, է գարո՜ւն:...

 

Անփորձ ու անգետ մի ճուտ հիմարիկ

Փակ բողբողջների ստվերին ընկած՝

Երևի սիսեռ կամ ոսպ կարծելով՝

Կտցահարում է հա՜ կտցահարում...

Կիսով չոր ու թաց խաղաղ բակերում,

Կալատակերում,

Ու ծիլ են տվել

Աշնան կալսումից հողում մնացած հատիկներն արդեն,

Աքաղաղն այնպես գոռոզ է քայլում

Անկիրթ հավերի անփակ հարեմում՝

Աչքը շուռ տալով մեկ դէս ու մեկ դեն,

Ասես երեկվա ասկյարը այսօր դարձել է սպա ...

Սարալանջերին, հարսնիքի նման,

Կրքոտ պուտերը բռնել են նազպար՝

Հարսների նման մոռացած մի պահ,

Որ աշխարհում կա բիրտ առեվանգիչ...

Մի տարի առաջ թուրք թնդանոթի երկաթե ճանկից

Վիրավոր վանքին

Սրբատաշ քարի պաղ վերակապ է վերստին ճարում

Ձեռքը ճարտարի

Նորից հաճարին

Սեփական խեժով

Թսւրքի գնդակից տեղ-տեղ պատռված կեղևն է կարում...

 

Գարուն է, գարո՜ւն,

Բայց մարդասպանին դա չի խանգարում,

Դա չի խանգարում,

Որ արյամբ հորդի հայկական առուն,

Որ դիակներով քարափն անհատակ

Իր պռունկներով գա հավասարվի...

 

Ա՜խ, եթե անգամ քարե սիրտ ճարվի,

Մարդկային սրտում բա կրա՞կ կարվի...

 

Որտե՞ղ էք տեսել որ թել-ասեղով,

Կտրված երակ վերստին կարվի...

 

Այս արհավիրքից, զուլումից այս չար

Դէ ե՛կ տնավե՜ր մի՛ խելագարվի...

 

 

ՂՈՂԱՆՋ ԶԱՐՄԱՆՔԻ

 

Բայց նա այս անգամ չխելագարվեց:

Ո՛չ, նրա միտքը դեռ չխանգարվեց,

Դեռ չխանգարվեց և այն ժամանակ,

Երբ նա Բեռլինից հայրենիք հասավ,

Եվ, իբրև կյանքի նոր ծաղր ու ծանակ,

Ապշած աչքերով այստեղ էլ տեսավ

Եթե ոչ արնոտ նույն ահն ու մահը,

Ապա երկվորյակ ախն ու վախը նույն,

Նույն լաց ու կոծը, հառաչն ու վայը:

Այստեղ էլ հայի ձեռքը ծոցումն էր,

Այստեղ էլ հայի սիրտը բոցումն էր.

Ու մոլորված էր գլխիկոր հայը:

 

Այստեղ էր արդեն ցար նիկոլա՜յը...

Վաթսունմեկ թվի ձեվափոխությամբ

Լոկ թղթի վրա ջնջված չարիքը

Եվ չնվազած նույն հին կարիքը՝

Ենթակա պարապ տեղափոխության,

Ձուկ դարձած՝ լողում-չէին խեղդվում

Ճորտատիրության անփոփոխ ծովում,

Ու ծառանում էր հեղափոխության

Մակընթացային կանաչ ալիքը:

 

Եվ Նիկոլայի աչքը ոխակալ

Ամենուր ու միշտ

Եվ ամենքի մեջ,

Անգամ երազում,

Տեսնում էր անվերջ

Միայն «տեռորիստ», «հեղափոխական»,

Միայն «դավադիր», միայն «սոցիալիստ».

Թվում էր նրան կայսրությունն իր ողջ

Մի անծայրածիր ստեպ օձալից...

 

Եվ կայսերական բանտին ու բերդին

Բյուրավոր հայեր զոհվելու տարան,

Դեմքին դաղելով մի ահեղ խարան՝

«Հեղափոխական» և կամ «դավադիր»:

Քա՜րշ տվին տարան,

Որ այնտեղ մորթեն

Իբրև մատղացու գառներ ու հորթեր՝

Ի սեր Հիսուսի արդար հավատի.

Գառնուկներ անմեղ՝

Լոկ նրա՛ համար,

Որ միսն էր հարմար՝

Որ միսն էր համեղ՝

Ու եթե նաև հորթեր բազմամեղ՝

Լոկ ա՛յն հանցանքով պատժապարտելի,

Որ սին հույսերի քաղված բոստանում

Հորթուկի նման տրտինգ են տվել...

 

Այսպես է.

Որտեղ շատ են խոստանում,

Միշտ էլ այնքան են հետո խստանում,

Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր:

 

Եվ կամոք ցարի՝

Նրա ոխակալ

Համայն Կովկասի պատիժ-փոխարքան՝

Հավետ անմոռաց մեր Գոլիցինը,

Երկու գլխանի արծիւը կրծքին

Այդ մոլի ցինը,

Փակում է հայոց դպրոցներն ամեն.

- Ովսա՜ննա... ամե՜ն,

Եվ խաչապաշտի անկշտում ձին էլ

Թուրքավարի է կամենում ծամել՝

Խոտ է որոնում... ջրված մարգերում.

- Ովսա՜ննա... ամե՜ն:

Հայոց դարավոր գիրն են արգելում,

Բռնագրավում վանքի հողերը.

Գանձերը չեղած,

Եղած փողերը,

Պեղում մառանը,

Շտեմարանը,

Որ մի անգամ էլ քամվածը քամեն:

- Ովսա՜ննա... ամե՜ն...

 

Փակել դպրո՜ցը, ուսումնարա՜նը...

Բայց ինպէ՞ս փակես մի ազգի լեզուն,

Մի ժողովրդի խոսուն բերանը:

Լեզուն կարող է սարսափից լալկվել

Կապ ընկնել ահից,

Բայց ոչ թե փակվել:

 

Արգելել գի՜րը,

Այրել գրքե՜րը...

Բայց ո՞նց արգելես կսկըծող սրտի,

Մղկըտող հոգու ժայթքուն երգերը:

 

Այսպես է.

Միշտ էլ երբ համն են հանում՝

Ուղիղ հակառակ բան են ստանում:

 

Եվ արդ՝ չուզելով և ակամայից՝

Ուխտյալ հայատյաց այդ Գոլեցինը

Մինչև իսկ արդեն ռուսացած հայից

Մոլի հայ սարքեց:

Կրկընվեց հինը. –

Ուր հայերենը վաղուց էր մնջում՝

Հնչում էր հիմա,

Նույնիսկ մռնչում.

Ով հայ գրքի դեմ աչքերն էր փակում,

Արդ սովորում էր հայ գիրը

Թաքո՜ւն.

Ով ռոմանսով էր թրջում իր բուկը,

Բերան ողողում օտարի երգով,

Հիմա գրգըռիչ մի հպարտութեամբ

Սեղան էր գցում հա՛յ երգի ձեռքով,

Հա՛յ երգով վարում իր գինարբուքը,

Հա՛յ նվագի տակ ուրախ պար գալիս,

Հա՛յ խաղով-տաղով երգում ու լալիս

Հայ երգն էր հուզում,

Հայ խոսքն էր հոսում

Հակառակությա՜ն ոգին էր խոսում,

Հակառակության այն զարմանալի՛,

Անիմանալի՛,

Արտառո՜ց ոգին,

Որ պարգեված է եթե ամենքին,

Ապա հայ հոգում այնքան է առատ,

Կարծես բախշելիս բնավ չե՜ն նայել,

Իսկ թե նայել են՝

Բա՜ն չեն խնայել,

Փռել են այնպե՛ս շռայլ ու առատ,

Որ չես հասկանում՝

Ազգային արա՞տ,

Թե՞ արժանիք է...

Այն է թերևըս,

Որ մեզ ջնջել է, բայց և պահպանել,

Որ մեզ սպանել,

Ծնել է նաև

Ու որով գուցե ապրում տակավին

Եվ աշխարհումըս կոչվում ենք հայեր...

 

Ինչպես մարդկանց մեջ՝ անցողիկ կյանքում.

Այդպես պատմության ծանըր երկայնքում

Երևի նաև լինում են ցեղեր.

Երևի նաև ազգեր են եղել.

Որոնց վիթխարի մարմինը թեպետ

Գինու տկի չափ արյուն է տանում.

Բայց դա արյուն է. որ չի լերդանում.

Մի քերծվա՛ծք, մի վե՛րք,

Ու բանը բուրդ է.

Կողքը պատըռված գինու տկի պես

Քամվում է իսկույն.

Եվ անհետանում.

Չքվում է ազգը կամ ժողովուրդը...

 

Իսկ մեր արի՜ւնը...

Նա ջրի՛, ցեխի՛

Եվ մինչև անգամ գարշահոտ նեխի՜

Ամե՜ն ինչի մեջ իսկույն լերդանում.

Փակում էր վերքի բացված բերանը:

Եվ այդ մակարդը, նույն այդ մերանը

Որդուն է անցել հորից ու մորից.

Եվ արյունաքամ,

Կիսամեռ անգամ,

Մենք քանի՜, քանի՜, մենք քանի՜ անգամ

Հոգեդարձի պես փրկվել ենք նորից...

 

 

ՂՈՂԱՆՋ ՀԵՐՈՍԱԿԱՆ

 

Ա՜խ իմ ժողովուրդ

Ես դեռ չկաի՜,

Որ քեզ պես ես էլ քեզ հետ տոկայի՝

Ծալվելու պատրաստ մեջքդ գրկելով:

 

Սակայն դու,

Որ քո պատմագրքերով

Մի ձիգ ցուցակ ես

Ու լեցուն ցանկ ես

Նահատակների՛,

Զոհի՛,

Հսկայի՛,

Դու չես զգացել երբևե կարիք

Նաև քաջերի,

Անբեկ աջերի,

Որ կրծքիդ վրա

Դարձել են զրահ,

Որ սուրբ են պահել պատիվդ ազգային

Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի:

 

Ա՜խ իմ ժողովուրդ

Ես դեռ չկաի՜,

Բայց կտրիճ որդիք մի՞թե քիչ կային,

Որ – հողի տակից – զենք էին պեղում

Եվ քո արյան դեմ սև արյուն հեղում:

 

Սասո՜ւնը...

Արդեն ո՞րերորդ անգամ

Նորից տեր դարձավ նոր Դավիթ մանկան,

Որ – ինչո՞ւ սակայն –

Կոչվեց... Անդրանիկ:

Ահեղ ջարդերի ճարակող բոցում

Ամեն սասունցի դարձավ սասնայ ծուռ,

Սասնա տուն դարձավ ամեն ընտանիք,

Սասնա դյուցազուն՝ թե՛ մեծ, թե պուճուր,

Որ – բավակա՜ն է –

Քառսունծամ կույսեր, հարսներ արմաղան

Օսմանցու համար էլ երկանք չաղա՛ն,

Որ – բավակա՜ն է...

 

Խանդութ խաթունի գովքի փոխարեն,

Ասասնա զըմբզըմբան ջրերի նման,

Հնչեց սարերում, ճամփեքում ոլոր

Աջ ու ձախ հորդած

Երգը քաջորդաց

Մարտաշունչ «Լօ-լօ»-ն

«Վայ զուլում-վայ»-ը մի պահ խեղդելով...

 

Կիլիկիո տունը՝

Անառ Զէյթունը,

Որ մեն ու մենակ,

Սակայն միակամ

Կռվել-հաղթել էր քառասուն անգամ,

Հիմա՝

Քառասունմե՛կերորդ անգամ,

Շեկ բուրվառի հետ

Սև վառոդ խնկեց,

Խաչը վերստին դրոշակ տնկեց,

Ճորտության գիրը կրկին հերքելով՝

«Սուր ու թուր, գնդակ ու հրացանը

Մեր խաղալիքն է» խրոխտ երգերով:

Միակուռ դարձավ, ինչ ցիր ու ցան էր:

Կամք-սիրտ-նպատակ

Իրար հոդվեցին:

 

Եվ մեր դարավոր թշնամու սրտում

Յուղոտ գնդակներ ճենճահոտվեցին:

 

Նրանց էր լսում մի ողջ Հայրենիք,

«Պատերազմիկ ենք,

Ոչ թե վայրենիք»:

 

Նրանց էր լսում թշնամին սաստված.

«Դուք ունեք սուլթան,

Մենք ունենք Աստված»:

 

Նրանց ձայնի մեջ լսեցինք մեզ մենք,

«Մարդ կոտորելը

Սովրեցանք ձեզմեն»...

 

Ու եկեղեցիք պահքի մեջ մտան՝

Սգավորվեցին

Ամբողջ չորս ամիս,

Քանզի քայլում էր Մաքառումն ինքը

Իբրև գինովցած մի Բարեկենդան:

Սուրբ սեղանների վարագույրները

Փակված մնացին

Ամբողջ չորս ամիս,

Քանզի բացվել էր Հերոսությունը,

Որպեսզի իր տաք

Կրունկների տակ

Ազատությունը ահարկու թնդա :

 

Հարսներ,

Աղջիկներ,

Մայրեր,

Մանուկներ

Մերկացան իրենց արդ ու զարդերից,

Հագան քուրձ,

Ինչպես հագնում են զրահ:

Եվ ամեն հայ սիրտ

Դարձավ մի սրահ,

Ուր վհատությունն էր հոգեվարում

«Կա՛մ-կա՛մ»-ի հատու հարվածների տակ,

Եվ Ազատության ոգին էր պարում

Որպես վրնջող մի խենթ հովատան:

 

110,000 զորքի հանդիման

Մարտնչում էին 6000 քաջեր:

Չմարդկայնացած թուրքի հանդիման

Մարդեղինացած մի ազգ էր խաչել

Իր բախտն իր վրա:

 

Եվ սո՛ւրը նրա,

Որ ամբողջ վե՜ց դար սնար էր դարձել

Մեր մանուկների օրոցքի համար,

Սուրբ մատյանների գրքածածկերից

Խենեշ ժպիտով կարել էր բարձեր

Իր հաստ-իգացող նստուկին հարմար, –

Եվ սուրը նրա

Դիպավ մեր խոփին,

Մեր թարթիչ-նետով զինավառ կոպին,

Մեր մամիկների ասեղին ճարտար,

Մեր մանուկների հայացքին արդար,

Մեր մանգաղների շեղբերին տոկուն,

Մեր Թոնիրների խաչերկաթներին, –

Երբեք չմեռած Հայկյան մեր ոգուն,

Որ ճառագայթող տասը մատներին

Չէր դրել հինա՝

Հոմանու նման,

Այլ քսել արյուն՝

Հովաննու նման,

Որ Հայտնության օրն ի վերջո հասնի,

Եվ ամեն մի ազգ արժանին տեսնի...

 

Իր վարդապետի մթին վեղարով

Թե ուզեր՝ գուցե և նա էր կարող

Հարկադիր մարտին միջամուխ լինել՝

Գոտեպնդումի խոսքերով զինել

Հուսահատվածին,

Քաջին մաքառող,

Որպես նորօրյա մի Ղևոնդ երեց:

Սակայն պայքարի զոհասեղանին

Նա բոլորովին ուրի՜շ զենք դրեց:

Իր ժողովրդի

Երգահան որդին

Իր ե՛րգը բերեց

Քաջորդաց մարտին,

Իր «Լօ-լօ»-ն՝

Մի ջո՛կ,

Մի դասա՛կ,

Մի գո՛ւնդ,

Եվ կռվողների հոգին հանեց թունդ,

Մեկին տասն արեց

Եվ հարյուր՝ տասին,

Նա՛

Խրոխտ «Լօ-լօ»-ն լուռ Կոմիտասի:

 

Սիփանա սարը գոռ արձագանքեց՝

Խռպոտ Նեմրութից չափը խլելով.

– Սիփանա՛... Լօ՜-լօ՜ ...

«Սուրբ Կարապետ»-ի զանգը զիլ զանգեց,

Ամեն մի զանգը՝ մի-մի... յո՜թ հոլով

– Կտրիճնե՛ր, Լօ՜-լօ՜ ...

 

Վարագա լեռը, Շամիրամ-առուն

Նույն մեկ բայն էին անվերջ խոնարհում.

– Սուրը հագեցավ...

 

Ներկված Եփրատը ափերին տալով.

Վանա ծովակը տրտում խնդալով՝

Իրար ձայն տվին.

- ... Դրեցին պատյա՜ն...

 

Ո՛չ,

Չհագեցան սրերն, իհարկե,

Սակայն իսկապես դրվեցին պատյան,

Ու երազելով մի ահեղ ատյան՝

Հայ մաքառումը,

Կտո՜ր առ կտո՜ր,

Յուրաքանչյուրը՝ մի կարմիր հատոր,

Այս անգամ նորից չավարտվեց.

Հատվեց՝

Բացականչության ու կախման կէտով...

 

Հայի արյունը նորից լերդացավ,

Ու վերքը դարձավ ապաքինելի:

Կսկիծ ու մրմուռ,

Ճմլող սրտացավ

Աչքերի խոսուն ապակիներին

Գրեցին, թե երբ ի չիք կդառնան...

 

Ձմեռը նորից գարուն է դառնում,

Ամառն է կրկին հետևում գարնան,

Ամառվա տեղը գարունն է բռնում,

Եվ նախ՝

Վախվորած,

Շվար ու մոլոր,

Ապա՝

Աննկատ և ակամայից

Ժպիտն է խաղում շուրթերին հայի.

Թևերն է ծալում ուժասպառ Լօ-լօ-ն,

Կոկորդն է ցամքում Վայ-աման-վայ-ի,

Նորից է հնչում ուրախ Նայ-նայ-ը:

 

Իսկ որտեղ երգը՝

Այնտեղ էլ նա է...

 

 

ԱՏՈՒՄ ԵՄ

 

Ատում եմ ձյունը՝

Թե նա տեղում է ամառվա կեսին,

Եվ մահն եմ ատում՝

Թե հյուր է գալիս աղջըկատեսին,

Մահից ոչ պակաս՝

Եվ այն քողարկված մենատնտեսին,-

Նրան ու նրա՜նց,

Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝

Իրենց պետք եկած գերանի համար,

Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝

Մի բուռ չհասած ծիրանի համար.

Ովքեր համայնքի ծովից են խոսում,

Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

 

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,

Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,

Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,

Որ ստացվում է... ցած առաստաղից:

 

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,

Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,

Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

 

Ա'յն գործն եմ ատում,

Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,

Ա'յն փորձն եմ ատում,

Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,

Ա'յն դավանանքը,

Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,

Գլխացավանքը,

Որ փոխարկվում է սուր գլխացավի...

 

Խավարն եմ ատում, եթե խավարում

Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:

Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,

Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

 

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,

Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:

Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,

Որ նյութ է սարքում,

Ոչ թե հավաքում:

Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,

Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

 

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-

Ես չգիտեի...

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

 

Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,

Մեր ազնըվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:

Անցյալին պարզված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված:

 

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին

Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:

 

Բարդելով վերքին վերք ու անարգանք,

Հեծության վրա մի նոր հեծություն՝

Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,

Խլել է մեզնից փառք ու մեծություն,

Խլել է կյանքը մեր եւ... կյա՜նքից էլ թանկ՝

Մեր հո՛ղը, հո՛ղը,

Մեր սուրբ հայրենի՜ն:

 

Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:

Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,

Բայց եւ...դարավոր բնիկ վայրերի

Կորըստի լեղի կարո՜տն է քսել,

Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի

Արցու՛նքը, սակայն... եւ արյու՛նը սեւ,

Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,

-Քաղցրացել ենք մենք...մեր քաղցր բառով,

Մեր հայրենահամ անուշ բարբառով:

 

Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:

Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,

Հատել է ականջ ու ոտնաթաթեր,

Աչքեր է հանել դաշյունով իր սուր,

Կտրել է նաեւ արմատից լեզուն,

Եվ սակայն... իզու՜ր.

Չի՛ հատվել լեզուն,

Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...

 

Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական,

Չկարողացան քեզ խլել մեզնից,

Ո՛չ խարդավանքով արամեական,

Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,

Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,

Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,

Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,

Ո՜չ ճշմարտությամբ,

Ո՜չ էլ ստերով:

 

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:

Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,

Որ չե՜ն ել կարող քեզ մեզնից խլել,

Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,

Որ հազարամյա դաժան մարտերում

Փողփողացել է միշտ էլ...սրտերու՜մ:

 

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,

Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,

Ինչպես երկինքը երբեք չի փլվում:

Չե՜ս խլվի երբեք,

Չե՜ս փլվի երբեք,

Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

 

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից

(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՛ց» ասա).

Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,

Այլեւ մասո՜ւնք ես,

Մասո՜ւնք ես մի սուրբ,

Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝

Դարերի խորքից դարերին հասած:

 

Մասո՞ւնք: Ինչպե՞ս թե:Մասունքըս ո՜րն է:

Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:

Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես,

Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես,

Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,

Շատերի մեջ ես, բայց պետական ես,

Եվ դրանով իսկ դու պետքական ես

Այն պետությանը, որ վաղը պիտի

Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ

 

Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,

Մեր ազնըվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:

Անցյալին պարզված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված:

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին

Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:

Բարդելով վերքին վերք ու անարգանք,

Հեծության վրա մի նոր հեծություն՝

Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,

Խլել է մեզնից փառք ու մեծություն,

Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝

Մեր հո՛ղը, հո՛ղը,

Մեր սուրբ հայրենի՜ն:

Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:

Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,

Բայց և... դարավոր բնիկ վայրերի

Կորըստի լեղի կարո՜տն է քսել,

Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի

Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,

Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,

- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,

Մեր հայրենահամ անուշ բարբառով:

Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:

Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,

Հատել է ականջ ու ոտնաթաթեր,

Աչքեր է հանել դաշյունով իր սուր,

Կտրել է նաև արմատից լեզուն,

Եվ սակայն... իզու՜ր.

Չի՛ հատվել լեզուն,

Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...

Քե՛զ՝ մեր հայկական և արամական,

Չկարողացան քեզ խլել մեզնից,

Ո՛չ խարդավանքով արամեական,

Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,

Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,

Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,

Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,

Ո՜չ ճշմարտությամբ,

Ո՜չ էլ ստերով:

 

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:

Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,

Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,

Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,

Որ հազարամյա դաժան մարտերում

Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

 

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,

Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,

Ինչպես երկինքը երբեք չի փլվում:

Չե՜ս խլվի երբեք,

Չե՜ս փլվի երբեք,

Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

 

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից

(Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).

Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,

Այլև մասու՜նք ես,

Մասու՜նք ես մի սուրբ,

Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝

Դարերի խորքից դարերին հասած:

 

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:

Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:

Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,

Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,

Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,

Շատերի մեջ ես, բայց պետական ես,

Եվ դրանով իսկ դու պետքական ես

Այն պետությանը, որ վաղը պիտի

Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Իմ քաղցրանո՜ւն,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ տառապա'ծ,

Իմ փառապա'նծ:

Հների մեջ` դու ալեհեր,

Նորերի մեջ` նոր ու ջահել.

Դու` խաղողի խչմարված վազ,

Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.

Դու` բարդենի սաղարթաշատ,

Առուն ի վար փռված փշատ.

Դու` կիսավեր ամրոց ու բերդ,

Մագաղաթյա մատյանի թերթ.

Դու` Զվարթնոց-ավեր տաճար,

Կոմիտասյան ծիրանի ծառ.

Դու` ջրաղաց խորունկ ձորում,

Դու` հորովել անուշ ծորուն,

Փայլ գութանի արծաթ խոփի.

Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,

Դու` հայրենի ծխանի ծուխ,

Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ...

Իմ փառապա'նծ,

Իմ տառապա'ծ,

Իմ բարձրանո՜ւն,

Իմ քաղցրանո՜ւն:

Դու մրգերի շտեմարան,

Ոսկեվազյան գինու մառան.

Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,

Արտաշատյան խաղող սևաչ.

Դու Սևանի վառվող կոհակ.

Երևանի սյուն ու խոյակ.

Դու` հանգրվան, կանչող փարոս,

Դու հայկական գերբ ու դրոշ.

Խոսուն վկա կոտորածի

Ու վճիտ աչք ցամքած լացի.

Արդարության ահեղ ատյան,

Սրի պատյան,

Սիրո մատյան -

Միշտ հի'ն ու նո'ր իմ Հայաստան:

 

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

 

Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Որ Հայաստանում

Հիմա գարունը

Բացվել է արդեն.

Թողած հին հունը`

Գետերը հորդել,

Պղտոր ու խելառ

Դես-դեն են խփվում:

Կանաչից հարբած`

Գառներ ու հորթեր

Լեռնալանջերին

Խայտում են, ծփում:

Մոշու թփեր են

Չորս բոլոր աճել:

Մի մոլոր գառնուկ

Պճեղն է դաջել

Ոլոր կածանի

Կիսաթաց հողին:

Խախալի վրա

Մի բուռ հին կաղին

Տվել է իրեն

Լու՜ռ արևկողին:

Կոճղը դարձրած

Իր համար սեղան`

Պսակ է գործում

Մի պուճուր տղա

Ու գցում վզին

Իր ծիրան եզի:

Իսկ մա՜յրը տղի …

Պառավն անտեղի,

Զու՜ր է տեղ գցել

Քնելու համար.

Նա, ինձ պես, գուցե

Չի քնել հիմա,

Նա՜, որին դեմքով

Ես շա՜տ եմ նման …

 

… Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ո՛չ Հայաստանում …

 

 

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

 

Պե՛տք չէ, սիրելի՜ս.

Զո՜ւր ես երդվում:

 

Առանց երդման էլ ես հավատում եմ,

Որ հիմա օրըդ մի դար է տևում,

Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,

Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,

Որ իմ անունն ես կրկընում հաճախ,

Որ աղջկական քո մաքուր բարձին

Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ

(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),

Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,

Որ առանց սիրուս կյանքդ կորած է,

Որ...

 

Գիտե՛մ, ջա՜նըս.

Զո՜ւր ես երդվում:

 

Բայց գիտեմ և այն,

Ինչ դո՛ւ չգիտես.

 

Առաջին սերը, ինչպես որ հացը,

Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...

ԳԻՏԵ՞Ս, ՍԻՐԵԼԻ'Ս... 

 

Գիտե՞ս, սիրելի՛ս,

Ո՛վ է անխելքը,

Եվ անբուժելի՝

Ո՛ր խոցն ու վերքը.

- Երբ ո՛չ թե կտրում,

Այլ համբուրում ես

Քեզ անխղճորեն

Հարվածող ձեռքը:

 

 

Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,

Որոնց սիրում են...

Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,

Որոց չեն տիրել.

Եվ անսովոր ես,

 

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ

 

Եթե աշխարհիս ճանապարհները

Լինեին միակողանի լոկ գալու համար

Եվ ոչ գնալու...

Դու ինձ կարող ես հիմա չլսել.

Եվ մի էլ լսիր.

Գնա,

Որ ինքդ նույնը հասկանաս

Եվ հասկանալով նաև հասկացնես,

Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում,

Ճշմարտությունը ապրվում է լոկ:

- Բարի ճանապարհ.

Կյանքի վճռական բոլոր պահերին

Միշտ էլ լռում են մի քանի րոպե.

Այդպես է նաև ճանապարհելիս.

Եվ կարճ են խոսում ճանապարհելիս

Նաև հապշտապ.

Ահա թե ինչու հոգուս խորքերում ու լեզվիս վրա

Բազմակետերն են խոսքերին հաղթում,

Եվ ինչ - որ զեռուն բառեր են վխտում-

<<Իհարկե... Սակայն... և այսուհանդերձ>>...

Եվ այսուհանդերձ, թերևս գուցե

-Բարի ... վերադարձ:

ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈւՄ

 

Անհարմար է բոբիկ քայլել,

Այս կոշիկն էլ շատ է նեղում:

Ինչպե՞ս քայլել առանց ուղու,

Այս ճամփան էլ շատ է շեղում:

Դոփել տեղու՞մ: Բայց դրանից

Ո՛չ կոշիկըդ կլայնանա,

Ո՛չ էլ ցավը կմեղմանա...

 

Ցա՜վն է հաճախ առաջ մղում:

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

 

Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով...

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,

Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,

Որ իմ տարիքում

Դեղձին տասն անգամ մեռած կլիներ։

Իսկ ինչպե՞ս ես դու։

Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,

Որքան տեսել եմ։

Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,

Քանի որ չկաս

Դո՛ւ- Իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով։

Իմ շրթունքներից

Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ՝

Մի գունդուկծի՛կ,

Բառերի մի պա՜րս,

Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ։

Եթե երբեւէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն՝

Թող թռչեն սիրո՜վ,

Մի՛միայն սիրով

Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,

Որի մեջ կա գոլ անապատային,

Ավազների սողք ու մտապատրանք։

Մի՞թե քո հեռվից՝

Քո անտառների խոնավ օդի մեջ,

Անվերջ չես լսում խոսքերս չասված։

Իսկ թե լսում ես խոսքերըս չասված՝

Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,

Որ, թվում է ինձ, պիտի որ զգան

Սրբորեն հղի դեռահաս կանայք,

Որոնցից մեկին,

Մի՛միայն մեկին

Կարողանայի՜ մտովին ասել.

<<Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով>>։

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից։

Եվ դրանից չէ՞, որ հետզհետե

Բարի եմ դառնում,

Եվ այնքա՜ն բարի,

Որ խղճում եմ ես... մենակությանն էլ։

Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է։

Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,

Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,

Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,

Ուր հանդիպում են այգն ու գիշերը։

Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,

- Ես ի՜նչ իմանամ գուցե գիտես դո՞ւ,

Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը ճակատագըրով։

Ու ձյուն է գալիս,

Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.

Հյուսիսն է հղում հարավին ողջույն։

Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,

Հեռավո՜ր մի բան,

Մի հիշողությո՛ւն,

Որի բարությամբ հոգեբուժական

Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,

Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում

Սե՛րըս- վերջի՜նըս թյուրիմացաբար,

Բայց և միա՜կըս՝ ճակատագըրով։

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք՝

Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.

Փոխադարձաբար իրար նեղացնենք

Ու վիրավորենք փոխադարձաբար,

Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,

Ու տառապանքը ինքն իրեն ների,

Ես էլ հավատամ, որ դու չես եղել

Ո՛չ իմ միակը՝ ճակատագըրո՜վ,

Ո՛չ իմ վերջինը՝ թյուրիմացաբա՜ր...

 

 

ԳԱՐՆԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈՏԸ

 

Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքըս ինձ,

Ասում եմ ես մտքիս մեջ

Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:

Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՜չ մեկիս՝

Ո՜չ քեզ, ո՜չ ինձ:

Ո՜չ մեկիս...

 

Բայց ակամա դերասանից (հասկանու՞մ ես, ակամա՜),

Հա՜, ակամա դերասանից ո՞վ կա դժբախտ առավել...

Եվ կույր ձեռքս

Կույրին հատուկ խարխափումով ու դողով

Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում

Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից

Ջնջում է իմ <<հարկավոր չէ>> -ն տառ առ տառ...

 

Վա՜յ քեզ թշվա՜ռ երջանկություն,

Տանջանքի հո՜ղը գլխիդ:

Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքդ քեզ,

Որ մոռանաս <<միթե>> -ները,

<<Չէ որ>>-ները քո երկսայր

Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին

Գարնան պես:

 

Իսկ գարո՜ւնը...

Արձակվում է ճամփաների պաղն արդեն:

Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:

Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի

Իրենց հունով բաց են անում նորանոր

Երակներ ու զարկերակներ սև ու տաք.

Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՜կ՝

Երազի մեջ մեզ պատահող անկումի՜ պես անհատակ...

 

Ինչքա՜ն կուզես <<հարկավոր չէ՜>> գոռգոռա.

Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից

Ձյան պես հալվի,

Դառնա պաղած թանապուր.

Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ

Քո սեփական արյունով,-

Միևնո՜ւյնն է.

<<Հարկավոր չէ՜>>-ն իր իսկ կամքին հակառակ,

Ինքն իրենից թաքուն անգամ՝

Ի վերջո

Վերափոխվում ու դառնում է <<ի՜նչ ուզում է թող լինի>>,

Որովհետև... մարդե մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...

Որովհետև... <<չէ որ>>-ները նո՛յնպես քնել են ուզում...

Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...

Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից

Միշտ զգում եմ գլխապտույտ,

Որ տևում է ամիսներ...

Որովհետև... պարտվե՞լ, այո՛,

Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,

Սակայն ո՛չ թե ինքդ քեզնից.

Ինքդ քեզնից պարտվելով՝

Դու դառնում ես փսոր ծամոն

Կամ ինքնաթափ պատի ծեփ

Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,

Գեթ մեքենա՛ խելացի,

Որ կուզեի՛ իրոք դառնալ,

Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,

Եթե բնավ չի՛ ստացվում, ի՞նչ անեմ:

 

Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:

Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,

<<Հարկավոր չէ՛>>-ն հարկավոր չէ՛ իսկապես.

Մե՛նք ենք իրար հարկավոր...

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

 

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի

Ու ես հասկանում եմ,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

 

... Երբ աչքերն են սառում՝

Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:

Դա եթե սուտ չէ,

Ապա բարություն Է,

Որ ծնվել Է միայն խեղճությունից:

Իմոնք Էլ են սառում

Սակայն դու չես գալու

Դու չես կարող Գիտեմ

Եվ օդը սենյակիս

Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`

Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,

Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,

Որ մարդ ներքև նետվի :

 

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,

Որ մարդ ներքև նետվի`

Այդ դեպքում ես

Ինչպես անեմ.

Կո՛ւժ չեմ,

Կուժկոտրուկ եմ.

Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,

Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,

Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`

Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,

Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել

Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

 

Սուտ կա, որ ճիշտ արժե:

Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,

Թե չենք կորցնի իրար:

 

Վախ կա, որ մահ արժե

Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,

Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

 

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:

Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,

Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

 

Բայց հոգնել եմ արդեն

Եվ Հոգնել եմ այնքան,

Որ չեմ զգում ոչինչ,

Ցավ չեմ զգում անգամ

 

Այ թե հնար լիներ չզգալ նաև,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

 

Իմ հա´յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,

Աղբյու՜ր ես եղել և ո´չ թե հեղեղ:

Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,

Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ:

Դու փոքր ես եղել այն մուրճի´նման,

Որ ձև է տվել ժայռերին համառ:

Փո՜քր, բայց նման այն կշռաքարին,

Որ միշտ դրվել է բարու նժարին

Եվ այդ նժարը ներքև է տարել...

Եկել են դարեր, անցել են դարեր,

Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի:

Բայց տիրացել ես այսօր մի բախտի,

Որ մեծ է քո հին վշտերի´ց անգամ:

Եվ լա՜վ է որքան, ինչ քա՜ղցր է զգալ,

Որ այսօր, երբ աշխարհը համայն

Կշեռքի երկու թաթի է նման,

Դու քո պատմության դասերով բոլոր,

Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,

Քո հին անունով, կյանքով դժվարին՝

Ծանր կանգնած ես այն մեծ նժարին,

Որ ծանր է կշռում ո´չ թե արկերով,

Ո´չ թե վառոդի, զենքի հակերով,

Ո´չ թե ավերման կրքով կատաղի,

Ո´չ թե մայրերի արցունքով աղի,

Այլ երջանկության մշտավառ հրով,

Խաղաղ ծերությամբ, շիկնանքով սիրո,

Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,

Ձեռքի սեղմումով բարեկամական...

Այն մեծ նժարին, որտեղ ապագան

Ու պատմությունն են դարձել կշռաքար:

Գժվել

 

Եվ ինձ լսելով`

Կարող են ասել.

"Գժվե՞լ է, ի՜նչ է":

Իսկ ես էլ կասեմ.

"Այո', գժվե՜լ եմ,

Ինչո՞ւ չգժվել":

Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:

Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:

Առանց գժվելու` չկա շահած մարտ:

Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:

Մինչև չգժվի` ջուրը չի եռա,

Կեղև չի պատռի հատիկը նռան:

Ծառե՞րն են փթթում`

Գժվա՜ծ են անշուշտ:

Երկիրն է պտտում`

Գժված է անշուշտ...

Սերմերը մինչև կարգին չգժվեն`

Բերք չե'ն դառնալու:

Թաթերը մինչև կարգին չգժվեն`

Ձեռք չեն դառնալու:

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`

Ե'րգ չեն դառնալու...

Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...

 

 

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

 

 

Եվ սկսվում եմ կարծես

Ու գալիս եմ այնտեղից,

Ուր շողերը տակավին բազմագույն են,

և որտեղ

Քամիներն են գոյանում...

Կորցրեցի և գտա...

Ու ձեռքերըս համրացած

Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...

Եվ հավատում եմ նորից,

Որ այս անգամ ես ու դու

Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`

Մի°շտ խոսելով նո°ւյն լեզվով...

Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։

Ես հիմա,

Արդեն հոգնած, բայց հանգիստ՝

Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,

Մանկան նման անխռով...

Ու դեռ եթե չեմ քնում,

Ապա լոկ այն պատճառով,

Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ

Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո~ղջ կյանքում.

Խոսել առանց որևէ բաղաձայնի՝ղողանջել

Համատարած — համասփյուռ ձայնավորո°վ միմիայն...

Ու ժպտում եմ ես կրկին,

Ու բարի եմ ես այնքան,

Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,

Որին հարց են երբ տվել,

Թե ինչո±ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,

Պատասխանել է այնպես.

Կարծես թե ես եմ հուշել,

- «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ¦...

Եվ այս բոլորը՝

միայն

Երկու բառի շնորհիվ.

-<Կորցրեցի > և <գտա>...

ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Դու ինչ ես ուզո՞ւմ։

Դու շա~տ բան կուզես,

Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ։

 

Չե՛ս ուզում արև մի քառակուսի

Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ։

 

Դու ապառնիից մահու չափ հոգնել

Եվ ապառիկ ես րնդամենն ուզում

(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):

Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,

Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել

(Իմ մեծահարուստ... համբերությունի~ց)։

Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես՝ ցաված.

Ես չեմ մերժում քեզ,

Ես նա եմ, հենց նա՛,

Ով մարդկանց մերժել չի~ կարողանում...

 

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր

Իրենց սաղարթի ձուլածո ոսկին

Առանց զնգոցի մանրում են անվերջ,

Վերածում էժան թղթադրամի՝

Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:

Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,

Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս

Մի ամբո~ղջ խտիտ թղթադրամի.

Բարո՛վ վայելես։

Կտրուկ քարափով վերջացող լանջը

Իր հնադարյան խզարով քարե,

Տե՛ս,

Համառում Է կտրել երկնքի կապտաջիղ կողը։

Ու ես էլ ահա

Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով

Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.

Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

 

Քամին ավազից ու փխրուն հողից

Երեխայական լեռնապարեր Է սարքում անընդհատ

Եվ դժգոհելով՝ երեխայի պես,

Հենց տեղն ու տեղն Էլ սարքածն Է քանդում՝

Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով։

Լիազորված եմ ես քամու կողմից,

Ու եթե կուզես՝ մի վայրկյան հետո

Սարքեմ ու տամ քեզ մի ո~ղջ լեռնաշխարհ.

Քեզ համար ապրի~ր

Եվ շնորհակալ մի՛ լինիր բնավ,—

Դրանով դու ինձ կվիրավորե~ս:

 

Էլ ի՞նչ ես ուզում։

 

Իսկ թե հոգնել ես դու ապառնիից

Եվ ապառիկի հույս ունես դարձյալ,

Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,

Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,

Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,

Որ մարդկանց առաջ զո~ւր Է բացվելս,

Դաշտի պես փռվել ու տարածվելս.

Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,

Թաքստոցներ են փնտրում կանաչում...

 

Թե քեզ չես խղճում՝ ինձ խղճա գոնե

Ու խոսքիս վերջին նվոցը լսիր.

Երբ որ աստղերը

Արդեն հոգնում են անշարժությունից,

Վերևից իրենց նետում են ջուրը,

Որ բարի քամին ման ածի իրենց:

Դո՛ւ,

Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,

Արի՛,

Ապրիր հոգուս մեջ,

Որ չունի պատեր, որոնց դու խփվես:

Ապրի՛ր հոգուս մեջ,

Ու ր չես դեգերի նաև մտովին,

Ուր դու կնստես ու կիշխե~ս անգամ`

Ա՛յն զարմանալի առատության հետ,

Որ այնտեղ տե~ր է, արքայից արքա՛:

 

Ի՛նքդ հասկացիր

Եվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,

Որ ոչի~նչ – ոչի~նչ ձեզ տալ չեմ կարող.

Ես լոկ կարող եմ ձեզ սիրե~լ... այսքա՛ն:

Կան խայտառակ ժամանակներ,

Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,

Ապա նրա ձեռք ու ոտքին

ՈՒրիշներն են դնում կապանք:

Մենք մեր լեզվի կապն ենք կտրել,

Որովհետև,Ճիշտ է, լեզուն չունի ոսկոր,

Բայց կարող է...ոսկոր ջարդել,

Նաև կապանք ձեռք ու ոտքի:

Մենք, որ մարդ ենք ծնվել մորից,

Ո'չ, չենք ուզում դառնալ ընձուղտ,

Որ, վիզներս չերկարացնենք

Դեռ չեղած ու չլինելիք

Բան տեսնելու հիմար հույսով:

Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,

Որ մեր մաշկին անսուտ աստղեր չդաջոտեն

Մեզ դարձնելով մի սուտ երկինք:

Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,

Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին

Ո'չ մի անգամ ամբողջ կյանքում

Ձայն ու ծպտուն չի արձակել...

ՎԱՌԵՑԵՔ ԼՈԻՅՍԵՐԸ

 

 

Երազել է տալիս մութը,

Իսկ երազել մենք չենք ուզում։

 

 

Մենք ուզում ենք

Սին երազի երկար կապը քաշե~լ - քաշե~լ

(Ինչպես երկար թել ունեցող փուչիկների

Թելն են քաշում մանուկները),

Սին երազի կապը քաշե~լ

Ու ձգելով բերել նրան

Նստեցնել մեր ծնկներին՝

Սեր խաղացող աղջկա պես,

Եվ նայելով

Նրա լպիրշ ու խլրտուն աչքերի մեջ`

Համբերահատ և բարկացած արուի պես նրան բիբել.

- Խո՛սքդ ասա. այո՛ կամ ո՛չ...

 

 

Որովհետև չունենք այսքան հանդգնություն,

Որովհետև համբերահատ ու բարկացած արուներ չենք.

Որովհետև սեր խաղացող աղջկան մենք

Չե~նք զորելու նստեցնել մեր ծնկներին.

Որովհետև երկար թելով փուչիկ ունեն

Մանուկնե~րը, բայց ո՛չ թե մենք.

Որովհետև երազել է տալիս մութը,

Իսկ երազել մենք չենք ուզում,

— Շո՛ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն...

ԹԱԽԾԻ ԵՐԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ

 

Քայլում եմ այնպե՛ս,

Ոտներս կարծես լինեն ուրիշինը,

Այնպե՛ս կանգ առնում,

Ուրիշն է կարծես կանգ առնում այստե՛ղ`

Այս քաղաքային լճակի առաջ,

Ու նայում այնպե՛ս,

Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում։

Եվ այս վիճակը տևում է այնքան,

Մինչև որ հանկարծ

Մի ժանիքավոր-գիշատիչ քամի

Վրա է ընկնում

Ու քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով։

Եվ ջուրը կարծես չի՛ լալիս անգամ.

Ջուրը տենդո~ւմ է...

 

...Միի ժանիքավոր թախիծ Էլ հիմա

Մխվել Է իմ մեջ, ինչպես անձավում,

Եվ հոշոտում Է իմ էությունը։

 

Ա~խ, փախստական իմ Էությունը պետք Է ե՛տ բերել,

Մի կերպ ե՛տ բերել, թեկուզ խաբելո~վ,

Թե չէ դատարկված իմ քարանձավում

Ամայությունն է զկրտում անվերջ,

Թե չէ արթնացած իմ չղջիկներն են աչքերիս զարկվում,

Իրենց լպրծուն թևերով կախվում իմ թարթափներից,

Իբրև գորշ կաթիլ հոգու արցունքի`

Ա՛յն համաչափված կաթոցքի ձևով,

Որ ընդամենը լոկ քա՛ր չի ծակում,

Այլ համր և խուլ վայրկյաններին էլ պարգևում է ձա~յն

Եվ դրանով իսկ կետադրում Է անտրոհ օրը.

- Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ...

 

Ու եթե կետն ու գիծը միացնենք,

Դու ի՞նչ ես կարծում,

Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա,

Որպեսզի... կրկի՛ն եղածը լինի

Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ։

Մի՛թե այս «միթե» -ն

Չի ծլարձակվում ո՛չ մի բարությամբ։

 

ՉԷ՛,

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

 

-Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ,—

Օտար մի ձեռք է կարծես միացնում կետն ու գիծը իրար

Եվ դրանով իսկ չափում է մի կերպ

Զսպանակաձն թախծի... մոտավո~ր երկարությունը...

 

Ու ես զգում եմ ճառքագայթների ճնշումն ինձ վրա

Եվ ծանրությունը՝ բիբերիս խորքում։

 

Ու ետ դառնալով քայլում եմ այնպե՛ս,

Ոտներս կարծես լինեն ուրիշին,

Նայում եմ այնպե՛ս,

Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում.

Ու եթե թախծում՝

Ուրիշի~ սրտով...

 

Նույն ժանիքավոր-գիշատիչ քամին՝

Հոշոտված լճի դիակը լքած,

Իր մագիլներն է խրում գչխիս մեջ,

Նաև թիկունքիս,

Եվ չի՛ հասկանում,

Որ իմ գլուխը իմս չէ բնավ,

Եվ ուրիշինն է թիկունքս նաև...

Մանուկներն այստեղ խաղում են գնդակ,

Մանուկներն այնտեղ գնում են դպրոց,

Մանուկներն անվերջ երթն են խանգարում

Նախրի պես անցնող մեքենաների

Եվ մի մոլորվա՜ծ-շվարա~ծ քեռու,

Որ քայլ Է փոխում ուրիշի՛ ոտքով,

Եթե նայում Է՝ ուրիշի՛ աչքով,

Եվ մտածելով գլխո՛վ ուրիշի՝

Առայժմ այն Է հասկացել միայն,

Որ երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

ԳԻՇԵՐԱՄՈԻՏ

 

Ինքնաշարժերը,

Որ մինչև հիմա ասես կույր էին

Կատվի նորածին ձագերի նման,

Իրար ետևից աչքերն են բացում։

 

Ու լռությունը

Արդեն ամեն ինչ հրմշտորում Է,

Որ իրեն համար կարգին տեղ բացի.

Եվ այդ տևական հրմշտոցից Է,

Որ հեռացած են թվում լեռները:

 

Գինովանում Է մենակությունը՝ Խայամի նման,

Գինովանում ու հայհոյում... աստծուն։

Բարի շների հաչոցն էլ հիմա

Հաչոց չէ կարծես,

Աղոթք է՝ հղված հայհոյված աստծուն,

Որ հայհոյողին գթաբար ների։

 

Մութը դառնում Է գրատախտակի ջնջոց սպունգե,

Մինչդեռ երկինքը

Դանդա~ղ պատվում Է աստղաեղյամով:

 

Եվ սկսում են մարդիկ քիչ խոսել

Եվ ցածր խոսել,

Քանի որ լույսերն ու լապտերները

Ավելի լավ են խոսում-զրուցում:

Եվ ամեն մի տուն

Ազդանշան Է ճամփում տիեզերք՝

Մանկական լացով.

Կանչով մայրական,

Մեքենաների,

Անասունների

Ասես կետգծված շչակ–բառաչով

Եվ, ամենից շատ, լույսերով այս նույնը

Որ մարում-վառվում-թարթվում են անվերջ,

Կարծես թե ինչ-որ մի նո՛ր Մորզեի

Նո՛ր այբուբենի համապատասխան։

Իսկ հետո,

Երբ որ մարում են արդեն ձայներն այս բոլոր

Ու լույսերն այս նույն,

Երևի նաև հասնում Է պահը

Տիեզերական պատասխանների,

Որ ընդունում են մարդիկ... քնի մեջ`

Մղձավանջ ի կամ երազի տեսքով։

 

Բարի երազս` ձե~զ, սիրելինե՛ր,

Ու ձեր մղձավանջն ի՛նձ, ձեր սիրելո~ւն...

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

Առավոտ լուսո~,

Առավոտ մի ջի~նջ,

Ջի~նջ,ինչպես ... ոչի՛նչ,

Ջի՛նջ, սակայն դեռ պա~ղ:

 

Ու ես անհապաղ

Անջատում եմ ինձ

Աշխարհից ծանոթ

Ու պարպում եմ ինձ,

Դարձնում մի անոթ,

Որ լոկ դատարկ չէ,

Այլ նաև անօդ:

Եվ... նո~ր աշխարհ եմ ստեղծում հիմա

Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ,

Ապա գոնե ի՛նձ վրա

Բժշկի նման փորձարկեմ կարգին,

Ու եթե լինի այս անգամ սարքին`

Ն՛որ միայն վստահ հանձնեմ ձեզ նաև,

Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:

 

Ես` պատրանազերծ,

Բայց և հուսազեն,

Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում

Էլ չե~մ զբաղվում ու չե՛մ զբաղվի

Չեղածի վրա եղածի թերին իզո՞ւր քննելով,

Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,

Կեղծված դրամով կեղծ բան գնելով,

Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն

Մահանալու պես անվերջ քնելով:

 

Ես ` զարթնած արդեն,

Բայց դեռ անլվա,

Հեղուկով մի կուց,

Որ պարգևում է ձնհալն անխուսափ,

Նախ զովացնում եմ դեմքն իմ` հիվանդի՛,

Իսկ հետո ` ամե~ն տեսակ հիվանդի`

Մա՞րդ լինի,երկի՞ր,թե՞ հավատ – մե~կ է

Զովացնում նրանց ամենքի դեմքը`

Իր ամենաբուժ մատների հետքը

Անջինջ թողնելով սրա ու նրա

Դեռ գոց կոպերի,

Դեռ փակ շուրթերի ,

Տակավին քնկոտ երեսի վրա:

 

Ու բոլորի՛դ մեջ,

Անխտիր բոլո~ր-բոլոի~դ,

Ինչ –որ սիրելի մի բան եմ գտնում ,

Սիրելու ինչ-որ արժանի մի բան,

Որ հավանաբար

Ա՛յն ժամանակ է ստեղծել արդեն,

Երբ հին ու չորս ոտքից երկուսը

Անդարձ

Մենք կորցրեցինք...

 

Եվ վեհ բարձունքից աններողության

Ես,քարի նման ,վար եմ թավալվում`

Հանելով փափուկ ա՛յն ստորոտին,

Որից քիչ անդին

Ճահիճն է ապրում

Իր հավերժական ինքնածին կյանքով,

Եվ,քարի լեզվով, ասում եմ . «Այբ Բեն»,

Այսիքն ` «Արեգակ»,

Կամ` «Եղիցի լույս»...

ՀՈՐԴՈՐ

 

Դիմավորեցեք... կասկա~ծը:Նա է

թակում ձեր դուռը:

նա է, հենց ի՛նքը:

Դիմավորեցեք և մի՛ վախեցեք.

Ես նրան արդեն ընդունել վաղո~ւց

Եվ մինչև անգամ ճամփել եմ կրկին:

 

Դիմավորեցեք նրան ծիսաբա~ր`

Նոր ու հնօրյա Տերընդառաջո՛վ`

Ձեր իսկ կրծքի տակ վառելով խարույկ.

Որպեսզի ... եթ ընդմիշտ չչքվի,

Ապա գեթ ճեղքվի մութը ձեր հոգու:

Դիմավորեցեք նրան գեթ հիմա՛,-

Ես նրան վաղո~ց ճամփել եմ արդեն:

 

Դիմավորեցեք ... կասկա~ծը:Ես իր

Ո՛չ մունետիկն եմ,ո՛չ էլ մարգարեն:

Իր երախտապարտ փրկյա~լն եմ ես լոկ:

Դիմավորեցե՛ք,քանզի ամենքիս

Լոկ հավա~տք է պետք ,ո՛չ հավատալիք:

Լոկ հավա~տք է պետք, ո՛չ հավատալիք:

Երկու սիրո արանքում

 

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես

Սիրահարվել է ինձ տխրությունը,

Որին չեմ սիրում

Եվ այդ պատճառով

Նա իր հագուստն ու անունն է փոխում –

Մերթ ` կոչվում թաղիծ,

Մերթ` կարոտ,

Մերթ` վիշտ,

Ցավ կամ տրտմություն:

Հետապնդում է

Ու չի հասկանում,

Որ մենք չենք սիրում հետապնդողին,

Որ մենք սիրում ենք ու գերվում նրանա,

Ում դուր չենք գալիս:

Ես էլ իմ հերթին

Իմ ամբողջ կյանքում

Հետապնդում եմ ուրիշին`

Նրան,

Որ նույնպես , դիտմամբ,

Անունն է փոխում –

Այն հույսով գուցե,

Թե մոլորվելով `

Հետքն իր կկորցնեմ –

Մեկ խնդություն է անվանում իրեն,

Մեկ ` ուրախություն,

Կայտառություն է

Կամ պայծառություն :

Հետապնդում եմ

Ու չե~մ դադարի,

Մինչև նա, անուժ,

Մինչև նա, տրված,

Ինձ չասի.

 

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

 

Պե՛տք չէ, սիրելի՜ս.

Զո՜ւր ես երդվում:

 

Առանց երդման էլ ես հավատում եմ,

Որ հիմա օրըդ մի դար է տևում,

Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,

Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,

Որ իմ անունն ես կրկընում հաճախ,

Որ աղջկական քո մաքուր բարձին

Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ

(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),

Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում,

Որ առանց սիրուս կյանքդ կորած է,

Որ...

 

Գիտե՛մ, ջա՜նըս.

Զո՜ւր ես երդվում:

 

Բայց գիտեմ և այն,

Ինչ դո՛ւ չգիտես.

 

Առաջին սերը, ինչպես որ հացը,

Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...

III. ՄԻՋՕՐԵԻ ՀԱՄԱԶԱՆԳ

 

 

ՂՈՂԱՆՋ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

 

Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փէշակով.

Նա օրն ի բուն աշխատում է,

Իսկ գյուղացին՝ հանգստանում,

Երբ աղունը տուն է գալիս

Ծանր սայլով կամ իշուկով,

Երբ աղվում է թթու-թուրշին,

Նորոգվում է ճոճկան քուրսին,

Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում:

 

Ամբողջ ամառ

Ջրի համար

Հոգի տվող հողը հիմա

Ծծողական թղթի նման

Կլանում է եղյամ ու թոն

Ու մեկ քրտնում, մեկ մրսում է:

Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով

Նորից իրեն, մումիայի պես, զմռսում է:

 

Ընկուզենին ու խնձորին

Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝

Նորահարսի փոթ-փոթ շորի

Ալիքավոր դարսի նման:

Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝

Մեղվի գնդված պարսի նման:

 

Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պես՝

Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել.

Դես է վազում-դեն է թռնում,

Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել,

Մերթ ծառի հետ կոխ է բռնում,

Քիթը կոխում ուր պատահի՝

Սափորի մեջ,

Հարս ու կանանց խորհրդավոր փեշերի տակ:

 

Լեռնաշխարհում աղբյուր վտակ

Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի,

Մինչ տներում՝ ներսի տաքից՝

Ապակիններն ուրախությամբ լաց են լինում աննպատակ:

 

Ղավուրման է ամեն թոնրի

Աղ ներծծում ու ճարպ հսլում:

Ամեն կողմից կանչում խաշի,

Հարիսա են անվերջ հարում:

 

Այստեղ՝ ծնունդ,

Այնտեղ՝ կնունք,

Աչքալույսի ժպտուն օղի:

Ամեն մատուռ՝ հավաքավայր,

Եվ ամեն վանք՝ ուխտատեղի:

 

Ու վանք տանող ամեն ճամփա ու սայլուղի

Նախշըվում են տեսակ-տեսակ ոտնահետքով.

Տրեխավոր, մաշիկավոր, բոբիկ ոտքով

Վանք են գնում

Հեռու-մոտիկ ամեն գյուղից:

 

Տան առաջնեկ գառը՝ կապված էշի վզից,

Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում,

Ու տանջվում է այն հարկադիր ու կեղծ հազից,

Որ անկասկած պիտի հնչեր իբրև մայուն...

 

Այն ինչ ջորու մեջքին կապված

Զնգզնգացող սև կաթսայից՝

Ինչպես ասպետն իր զրահից՝

Մի զառ խորոզ,

Գոռո՜զ-գոռո՜զ,

Իր կատարն է մեկ դուրս հանում,

Մեկ՝ ներս տանում,

Եվ թափ տալով իր թևերը հրանման՝

Չհրկիզող կայծերի խուրձ

Ու բոցեր է ցրում իր շուրջ:

 

Եվ սայլերն են առաջ սողում՝

Լծից պռչուկ բեռնավորված

Աղմըկարար ճիժ ու պիժով,

Աման-չաման-կուլա-կժով,

Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով,

Նորածընի օրորոցով:

Ու դալարուկ ճիպոտն ահա

Իր ազդեցիկ սուր սուլոցով

Մինչև եզան մեջքը դաղի՝

Նախ երկնքի կապույտ երեսն է կտրատում՝

Երկրից ճայթած կայծակի պես:

 

Ոմանք ուրախ՝

Ոմանք տրտում,

Սա՝ տխրադեմ-որբ ձագի պես,

Նա՝ ժպտերես ու բախտավոր,

Սա՝ կարմրաթուշ,

նա՝ ախտավոր,

Եվ բոլորը՝ ուխտը սրտում –

Թը՛փ հա թրը՜փ,

Զը՛նգ հա զրը՜նգ,

Ճը՛ռ հա ճռի՜նչ –

Հասնում են վանք՝

Ուխտատեղի:

 

Եվ մոմերի ու կանթեղի

Բուրումնալից բոցն է ճթթում,

Ծաղկի նման փունջ-փունջ փթթում,

Ծաղկի նման վառ ու դեղին:

«Տե՜ր» են կանչում մի-մի բերան,

Մի-մի ծունըր աղոթք անում,

Մատղացուի ոտ ու վզից

Արձակում են կապ ու պարան,

Եվ գավիթի սալարկը պաղ

Զոհի արյամբ է տաքանում...

 

Եվ հնչում է դհոլ-զուռնան,

Որ վանքերը հնամենի,

Մատուռները մեկեն դառնան

Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ:

 

 

ՂՈՂԱՆՋ ԽԱՂԿԱՊԻ

 

Ու տեղներից վեր են թռչում

Թիկունքը լայն մեջքը բարակ

Բոյը թիլ-թիլ

Բեղը ծիլ-ծիլ

Ջահել տղերք,

Տղամարդիկ մացառմորուք,

Կուրծքը՝ փոշոտ,

Դեմքերն՝ այրված,

Աչքերն՝ այրող,

Հագած-կապած՝

Որը քաթան կամ շալ-շապիկ,

Որը չուխա կամ արխալուղ,

Բրդե գոտիկ, արծաթ քամար,

Իսկ զոլավոր և կամ պուտ-պուտ գուլպաներին՝

Խռոմ սապոգ, մազե քոշեր,

Սև կարիճի պոչի նման կեռքիթ տըրեխ:

 

Վեր են ցատկում գալիս շարվում իրար կողքի,

Եվ թուխ-թանաք ու պատ-կտրիճ տղամարդիկ

Պարսպվում են ու բըրգանում:

 

Սկսվում է բոլորպարը:

Ծանըր քայլքով,

Անեղանակ-աներգ-անծափ,

Բայց համաչափ,

Երկու շրջան բոլորում են, պտույտ տալիս

Ինչ-որ զգույշ ու կարկամած,

Հետո քայլքը արագացնում կամաց-կամաց:

 

Պարագլուխ ձայնեղ տղան խաղ է կապում,

–Փեշդ եմ ընկել, Աստվածածին...

Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

–Աստվածածի՜ն...

 

Իսկ հողեղեն Աստրածածնի անմատչելի կախարդանքով

Աղջիկները ծուլ-ծուլ տալիս,

Մոտ են գալիս,

Բայց չեն մտնում պարաշրջան:

 

Իր խաղկապն է խաղասացը առաջ տանում,

Ա՛խ, ջանեջա՜ն,

Բարով հասնեմ իմ սիրածին...

Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

Իմ սիրածին...

 

Լայնանում է պարաշրջանն ամեն րոպե,

Դհոլն անվերջ շարունակում է տրոփել,

Հանգույցներ է տալիս զուռնան՝

Եղանակն է կոտորակվում,

Իսկ դհոլը, սպառնալով՝

Այնուհանդերձ չի տրաքվում:

Հետո նվագն արագ-արագ,

Փշուր-փշուր կուտակվում է,

Ձիգ է տալիս,

Վրա գալիս,

Եվ թե մեկ էր՝ չորստակվում է,

– Ա՜խ թե չառնեմ,

Ես կմեռնեմ...

Ու կոպտալի թակութակից

Մինչև անգամ փուչ դհոլի անմազ դեմքն է փշաքաղվում,

Իսկ զուռնայի ծակուտակից

Արցունքներն են կարծես շաղվում...

 

Պարեկների ողկույզ-ողկույզ մազերի մեջ

Մոլորվում է մեղվի նման բզբզացող աշնան քամին

Կամ պլլվում նայողների վիզ ու լանջին՝ չխայթելով,

– Քամին զանայ,

Ծոցըդ բանայ...

Հարս ու աղջիկ, ջահել կանայք

Դեռ չեմուչում, նազ են անում

Ու չեն մտնում պարաշրջան.

– Ե՛կ, ջանեջան...

Հետո արդեն չեն դիմանում

Ոսկորների ու հոդերի տանջող ցավին,

Ու հնչում է մի ձեվացո՜ղ,

Թե՞ ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

Իսկ երբ տեղից մեկը պոկվում

Ու թռչում է պարաշրջան,

– Ա՜յ ջանեջան...

Մյուսներն էլ՝

Լորերի պես քլթիկ-մլթիկ՝

Հետևում են ողջ երամով:

 

Եվ արևի համ ունեցող,

Չորեքդիմաց ծամ ունեցող,

Մեջքակոտոր ծնկածալիկ,

Ծոցվոր,

Բոցվոր,

Խնկածաղիկ,

Խունջիկ-մունջիկ

Հարս ու աղջիկ՝

Սիրո հրշեջ-սիրո հրձիգ՝

Տասի համար անգութ դահիճ,

Մեկի համար խոնարհ ծառա, –

Ճակատներին բոլոր «շահի»

Ու մեջքներին ոսկե քամար,

Արեգակից շատ ավելի

Կարմրատակած իրենց շողքից, –

Շաղ են գալիս ծլընգոցով,

Հետո շարվում իրար կողքի՝

Ինչպես անտես թելի վրա

Հազարերանգ հուլունքի ծոր:

 

Պարաշրջանն է լայնանում,

Եվ փոխեփոխ՝

Հանգույց-հանգույց, օղակ-օղակ՝

Երգ են կապում աղջիկ-տղա :

– Ի՞նչ ես կտոր-կտոր գալիս,

Ականջ արա, բան եմ ասում, –

Պարագլխի ձայնն է հոսում:

Խումբը խլում ու ձգում է,

– Ա՜յ եարե ջան:

– Երբ խոսելու տեղն է գալիս,

Խոսկան տղի թութակ լեզուն... –

Մի աղջիկ է շուտ սկսում:

Օգնություն է խումբը տալիս,

– Ա՜խ մարե ջան...

– ... Խոսկան տղի թութակ լեզուն

Սերից էրված խաղ է ասում, –

Տղան նրա խոսքն է կիսում:

– ... Չէ՝, բերնի մեջ լեզուն ասես

Կոտրվում է բանալու պես, –

Ծամկտրածն է տղին կիզում:

Խումբը՝

– Հա՜-հա՜, հե՛-հե՛, հա՜-հա՜, –

Քրքջում է:

Ու թռչում է:

Իսկ ջահելը թեպետ դաղվում,

Բայց և ուշքըն է գլխին ժողվում,

Ու երբ նորից հերթն է գալիս,

Պատասխան է մի կերպ տալիս.

 

– Էրված սրտով եկել եմ ուխտ,

Որ պաղ սրտիդ անեմ մեկ թուղթ...

 

– Սեղան պաչեմ մեկ-մեկ ու ջուխտ,

Որ չբռնի ինձ գիր ու թուղթ...

 

– Օրոր-շորոր ով քեզ տեսավ՝

Հաց ու ջրից կկտրվի...

 

– Հերի՜ք փչես, ա՛յ շան փեսայ,

Դալար շի՜վ եմ չե՛մ կոտրվի...

 

– ... Հաց ու ջրից կը կտրվի,

Կգա ձեր տուն՝ դառնա մշակ...

 

– ... Դալար շի՜վ եմ չե՛մ կոտրվի,

Սուտ խոսելն ես շինել փեշակ...

 

Խումբը նորից է խառնըվում

Իր գոչերով

Ու կոչերով.

– Դե, թը՜ռթըռի,

Հոպտատըմբա՛:

Եվ դհոլչին ու զուռնաչին

Նվագում են թունդ Թռնոց-ին:

 

Եղանակը ծալծլվում է

Դարսվում իրար՝ ալիքի պես,

Եվ փրփուրը կայտառության

Պղպջում է ջահելների գժված սրտում:

Նույնիսկ պարին չմասնակցող

Նախանձ կանանց բերանի մեջ

Սև ծամոնը՝

Օգտվելով հիացմունքի ազդու պահից,

Հանգստանում-շունչ է քաշում՝

Ատամների հետքով կնքված իրավունքով:

 

Սրա վզի «նապոլեոն»-ի,

Նրա մեջքի արծաթ գոտու

Շողքն է ընկնում վանքի պատին

Կամ դհոլչու նեղ ճակատին,

Հետո չքվում չաղ զուռնաչու չռված աչքում:

 

Կրակ կըտրած կաղ դհոլչին

Հսկայական իր կապալով

Եղանակը ետ է կծկում.

Ու զուռնաչու թշերն ուռած

Փուքսի նման իջնում են ցած.

Եվ աչքերը, որ խմիչքից ու զոռ տալուց

Լայնացել են ու կարմըրել՝

Գութան քաշող եզան հսկա աչքերի պես,

Հիմա նորից

Ստանում են մարդկայինի տեսք ու շնորհք...

 

Իսկ գավիթի պարապից դուրս`

Դարձյա՛լ նվազ, պարեր ու տաղ,

Մանրիկ ժպիտ, զնգուն ծիծաղ,

Շիվ տված սեր,

Ծլած հույսեր,

Երազների,

Մուրազների

Լուռ թեվածում,

Կարոտներից ծանրած հոգու թեթեվացում:

 

Այստեղ

Հորթուկ զույգ պատանի

կոխ են բռնել`

Ավագների հրահրոցով.

Այնտեղ`

Թաքուն`

Մի մատանի

Սիրած տղի ձեռքով դողդոջ

Չափսի գալիս սիրած յարի մատի վրա

Ու վառում է մատն իր բոցով:

 

Այստեղ`

Ծերեր, որ մանկացած

Վեգ են խաղում կամ ներկած ձու:

 

Այնտեղ`

Ջադու պառավների

Ասեկոսե ու մերկացում:

 

Նոր ժամանած ուխտավորներ

Վանքի ներսում, վանքի առաջ,

Դեռ չզոհված հորթի տրտինգ,

Ու երինջի վերջին բառաչ,

Դեռ չմորթված աքլորների

Անժամանակ զիլ ծուղրուծու:

 

Իսկ այս կողմում`

Լարախաղաց

Ու վազվզող մի ծաղրածու,

Եվ մի քամի, որ չգիտես`

Ծաղրածուին կապկո՞ւմ է, թե՞ տնազ անում,

Գլխիկոնծի-գլխիկոնծի`

Գժուկի պես թավալվում է, փոշի հանում,

Հետո, հանկարծ, թափ է տալիս կեղտ ու փոշին

Կիրակնօրյա հագուստներին տղամարդկանց

Կամ ձեռքերն է շուտ մաքրելու սուտ փորձ անում`

Ջահել կանանց ազդրերին քըսմըսելով...

 

Վանքի շուքն է մեկ երկարում մեկ կարճանում

Ասես կրիա մի վիթխարի`

Մերթ շոգելով-մերթ մրսելով`

Իր գլուխն է սև զրահից դանդաղ հանում

Ու ներս տանում:

Իսկ լեռները`

Նույնպես իրենց ստվերներով,

Որ ձգվում են հետզհետե,

Ասուլիսի թունդ սիրահար կանանց նման

Մոտենում են լուռ, թաթերին,

Նայում պիշ-պիշ...

 

Եվ մինչ խարույկ-օջախների

Անբոց շեղջերն են մարմրում,

Մատղացուի նման զոհված արեգակի արյամբ բոսոր

Երկնի ամպերն են կարմրում:

Մութն այլևս չի ընկրկում բամբ ձայներից,

Որ մնջում են` չուզենալով,

Կամաց-կամաց:

Եվ լռություն մի վիթխարի,

Նախ դողեդող ու կարկամած,

Հետո քիչ-քիչ սիրտ առնելով`

Մոտենում է, ծանր թառում

Շշմած վանքին ու ձանձրացած սար ու քարին:

 

Եվ ոչ մեկը,

Բացի գուցե մի անմարմին ներողամիտ հրեշտակից,

Եվ ոչ մեկը չի նկատում,

Որ կարճմորուս մի անծանոթ,

Բերանքսիվայր պառկած կտրին դիմացի տան,

Ողջ ժամանակ աչքը նրանց

Եվ ականջը` եղանակին,

Անափ սրտում` հիացմունքի ծփան մի ծով,

Սեղմ շրթերին`երանելի շաղված ժպիտ,

Նրանց երգ ու նվագին է ականջ դնում ինքնամոռաց,

Եվ մատիտը ու թուղթն առած`

Նկարո՞ւմ է,

Թե՞ գրում է

Ինչ-որ նախշեր ծուռտիկ ու ծուռ`

Նման կարծես այն գրերին,

Որ գրբացն է թուղթ անելիս միշտ գըծմըծում:

 

Ո՞ր գյուղացու,

Ո՞ր միամիտ աստվածավախ շինականի մտքով կանցներ,

Թե հոգևոր

Ու կարգավոր

Մի վարդապետ բեղ-մորուքով

Վանք է եկել` վանք չի մտել

Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի,

Ո՛չ քարոզի կամ օրհնության,

Այլ հեթանոս ու կռապաշտ:

Դատարկ-մատարկ խաղ լսելու,

Որ կապում են աղջիկ-տղա,

Լակոտ-լուկուտ:

Մ ե ղ ա ք ե զ, տ է՛ ր...

 

 

ՂՈՂԱՆՋ ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ

 

Աշունն անվերջ խորանում ու խորանում է,

Արագածն ու Մասիսներն են արդեն ձնել:

Մինչ տանիքին արքադն արդյոք չորանո՞ւմ է,

Թե՞ թացանում շաղոտ-ցողոտ առավոտից

Եվ իրիկվա եղյամաշունչ խոնավ օդից,

Նույն այդ պահին նկուղներում ու մառանում

Կախանները սրսըփալով

Սեղմըվում են,

կպչում իրար՝

Իրենց ճխտուն՝ առանց այն էլ նեղ շարանում:

 

Այնպես հաստ է սերակալում մածունն արդեն,

Որ գդալը պիտի խրես բահի նման,

Բայց իր տեսքով հիմա ամեն մածնաման

Տեսնողի մեջ իսկույն սարսուռ է հարուցում:

Իսկ զարս-կարագն անգամ հարուստ տան խնոցու

Երեկ` հսկա դդմի նման,

Այսօր` դառնում հազիվ մի ձու,

Փոքրանում է` անհետանալ շտապելով:

 

Եվ մանրամաղ ուշ անձրևներ վար թափելով`

Պատրաստվում է երկինքն արդեն

Ձնով նախշել գետինը պաղ:

 

Բարակում են, դառնում ճապաղ

Ծիծղուն աղբյուր, ցատկան վտակ:

Օրստօրե` պատերի տակ

Էլ ո՛չ նարդի չխկացընել,

Ո՛չ էլ խաղալ վեգ ու դամա.

Արդեն կարգին ցուրտ է հիմա:

 

Եվ ներկարար աշնան հետքով

Ինքը ձմեռն է մոտենում

Ինքնավստահ, ծանրաբարո

Վարագուրված երկինքներից

Դանդաղորեն իջնում է ցած,

Անցնում, գալիս սար ու քարով,

Նստում ծանըր ու պնդանում

Եվ անշտապ մի լրջությամբ

Զբաղվում է սա էլ արդեն... նկարչությա՜մբ,

նկարչությա՛մբ,

Որ մեկ գույն է լոկ ընդունում:

 

Երբ արևը ցույց է տալիս իրեն մեկ-մեկ`

Սակավ, ինչպես թույլ ժպիտը

Հիվանդ դեմքին մի աղքատի,

Սկսում են սառույց ու ձյուն դառնալ կաթիլ,

Սկսում են, բայց և իսկույն

Իրենց սխալն իրենք զգում,

Շար են շարվում սրա-նրա տան ճակատին,

Ջրհորդանի շիլ երկաթին,

Եվ – թե՞ ինչպես՝ չե՛ս նկատի –

Ամենուրեք

Ու հատկպես եկեղեցու բարձր պատից

Կախ է ընկնում սառցի լուլան`

Մեկը մեկից երկար ու լայն`

Երեխեքի ախորժակը բաց անելով:

Կախ է ընկնում – և ըստ տատի –

Ճերմակ Դևի դիտմամբ չռված մատների պես

Երեխեքին ահ է տալիս` չանչ հանելով,

Որ փայտ-քարով ցած չգցեն,

Վերցնեն ծծեն,

Թե չե` կապույտ հազ կկպչեն...

 

Երդիքներն են որ ամեն օր լուսածագին

Թոնիրների ծուխն են անվերջ երկինք փնչում,

Իսկապես որ կարծես շնչում

Խոր քուն մտած Սև Դևի պես:

 

Ու երբ ձմռան անծայրածիր սպիտակին

Մարդիկ իրենց մժեղային սևն են խառնում`

Տաք տներից ելնում են դուրս ու, խևի պես,

Ո՞ւր են գնում-ո՞ւր են դառնում` չես ըմբռնում,

Եվ իրենց իսկ շունչն է իսկույն եղյամ դառնում

Իրենց փռչոտ-թավ բեղերին,

Որ սարյակի թևերի պես

Մեկնվում են տարբեր կողմեր, –

Հենց ա՛յդ պահին,

Նո՛ւյն ժամանակ

Սառնամանիքն է ինքնակամ կարգվում հսկիչ,

Ու պահակ են դառնում անվարձ

Ամեն տեսակ պաղ-պաղ հողմեր...

 

Իսկ աղքատի դատարկ գոմում

Մսրան պատի քարերն ամբողջ

Այնպես առատ են եղյամում,

Որ աղասէր ու դեռ անփորձ

Հորթ ու երինջ

Եղյամը ջինջ

Մոլորությամբ կարծելով աղ`

լիզմըզում են ու ի՜նչ, ավա՛ղ,

Լեզուն քաշել են շտապում

Ծանոթացած

Այն սրտփորիկ-կեռակտուց զգացումին,

Որ այդպես էլ չեն իմանա,

Թե կոչվում է հիասթափում...

 

Տարվա այս ուշ եղանակին,

Երբ դեռ վաղուց` աշնան տաքին

Հարկավորը աղել,

Մաղել,

Ավելցուկը հողում թաղել,

Սարքավորել,

Կարգավորել,

Կժի ճաքին,

Շորի ծակին

Կիր են դրել ու կարկատան,

Երբ տանիքի ծուռվիզ դեզի

Անգամ տեսքից մարդ է մրսում,

Մինչդեռ այդ նույն դեզի ներսում,

Ձյուն-սառցի տակ

Այնպես է տաք,

Ինչպես մարմինն անթև ճուտի,

Կարծես վաղուց` ամռան մուտին,

Դրսում գերել,

Այստեղ բերել

Ու պահում են ձմռան համար

Մի պատառիկ ջերմին ամառ

Եվ մի բաժին անուշ գարուն`

Ծիածանի գույներ պահած իր խոտերով,

Իր զմռսված ծաղիկների ծով հոտերով,

Տարվա այս ուշ եղանակին,

Երբ կոշտապատ ձեռք ու բազուկ

Հանգստանում փոքրիշատե

Ու դառնում են մի քիչ նազուկ,

Տարվա այս ուշ եղանակին,

Երբ բահը թանկ, եղանն անգին,

Լուծը երկար, սամին թզուկ`

Մի անկյունում,

Իրար գլխի,

Պարապ-սարապ`

Վերևից են նայում հիմա խեղճ թիակին,

Որով անվերջ պետք է բակի

Ու կտուրի ձյունը սրբել, –

Տարվա այս ուշ եղանակին

Էլ գյուղացուն ի՞նչ է մնում,

Թե ոչ երգե՛լ, պարե՛լ, հարբե՛լ,

Ժամանակն է սուրբ պսակի,

Մեկ-տասնըմեկ հարսանիքի...

 

 

ՂՈՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ

 

Արդար լույսը դեռ նոր բացված`

Թագվորահոր տան տանիքին

Զուռնան զլում է Ս ա հ ա ր ի

Եվ հեռավոր ու թաղական,

Ազգ-ազգական,

Գյուղ-գեղովի

Հավաքվում են կամաց-կամաց

Ուրախության մի ժողովի,

Որին թող որ Աստծու կամքով

Արժանանա ամեն օջախ:

 

Ու զուռնայի փողն է դառնում

Թե՛ աջ ու ձախ,

Թե՛ վար ու վեր,

Մարդիկ օղուն գինին խառնում

Ու մոռացած դարդ ու ցավեր

Հանձնվում են ուրախության:

 

Ե՛վըս մի փարչ չափից ավել,

Ե՛վըս մի գավ թունդից ըմպում`

Ու սիրտն ի սեր անկախության

Գլխի դեմ է ապստամբում:

Իբրև ազդու քաջալերանք`

Գոռ դհոլն է անվերջ դմբում,

Ու կորչում է, ամեն վարանք.

Պար են մտնում արդեն նրանք`

Մինչև մի պապ կամ մի նանի,

Մոլությունից նրանց հանի,

- Տո՛, կսպասե՜ն հարսի հերանք...

 

Եվ աղմուկով, ուրախ-զվարթ աղաղակով,

Գլուխները նվագից ու խմիչքից տաք,

Իրար խառնած խոսքեր քնքուշ ու բիրտ կատակ`

Թագվորահոր տան լի բակով,

Կալատակով,

Հոծ ամբոխը հարսնահյուրի

Գյուղամիջով հեղեղում է խնամոնց տուն:՜

 

Դհոլ-զուռնի խենթ նվագն է անվերջ թնդում,

Եվ դհոլչու ու զուռնաչու առջևն ընկած

Կրակ կտրած երիտասարդ մի թխադեմ`

Թագավորի սրտամոտիկ մակարներից

Լող է տալիս գետնի վրա` զույգ ոտներով,

Մինչ ձեռները օդի մեջ են թիավարում:

Մերթ պպըզում,

Ասես հոգնած է՛լ չպիտի տեղից ելնի,

Վեր է ոստնում մի պահ հետո

Եվ մի ոտը կեռած օդում`

Տնկվում է նա մյուսի վրա,

Ապա արդեն երկու ոտով

Քայլ է անում մանր ու մոտիկ,

Վազ է տալիս արագ-արագ,

Վազ է տալիս ոչ թե առաջ,

Այլ նույն տեղում դոփդոփելով,

Հետո քայլը զգուշորեն այնպես փոխում,

Իր ոտները չի կամենում ասես թրջել

Աներևույթ ջուր ու ցեխում:

 

Ու մի վայրկյան նայում է դուրս

Ջմեռային արփին քնկոտ,

Ասես զարթնած այդ զուռնայի ձայնից վայրի

Եվ ապակու ինչ որ բեկոր`

Ափսոսանքով ջարդված մի շիշ կամ աղաման,

Պսպղում է կեղտաջրում`

Ցերեկային ու Երկրային աստղի նման:

 

Պար է պարում հիմա արդեն

Մի շորորւն զրինգ պառավ`

Թագավորի մի մորաքույր կամ քեռակին,

Եվ կարծես թե յուղ են ածում

Ուրախության թեժ կրակին.

Ծափ ու ծիծաղ,

Սուր-սուր խոսքեր,

Որ չեն պահում վիրավորանք...

 

Ա՜խ, վարդապե՛տ,

Այսպես սրանք

Երգ ու տաղով,

Պար ու խաղով

Պիտի հասնեն խնամոնց տուն,

Պիտի այնտեղ ուրախ կոնծեն,

Պիտի ուզեն հարսի խոնչեն,

Պիտի պաչեն պառավներին

Ու հագուրդ տան ծարավներին

Վառ օղիով, գինին` ավել:

Ա՜խ, վարդապե՛տ, այնտեղ նրանք,

Ըստ ընդունված սովորույթի`

Դեռ կսարքեն անմեղ դավեր.

Կգողանան թմփլիկ հավեր,

Աքաղաղներ զառ ու գիրուկ,

կթրցընեն ճաշի պնակ,

Կքաշքըշեն իրար ականջ, բեղ ու մորուք`

Իբրև զվարթ ուրախության անմեղ հանաք, –

Ու դեռ կերգե՛ն, կերգե՛ն, կերգե՛ն,

Կայրեն հոգի, սիրտ կմըրկեն...

Էհ, վարդապե՛տ, ո՞վ չգիտի,

Էլ ուր մանց դու չիմանաս,

Որ հարսնահոր տնից պիտի

Դուրս գան սրանք ուրախ-խնդուն,

Ճափա ընկնեն դէպի ժամտուն, –

Ոմանք`

Արդեն ետևառաջ «ութ գծելով»,

Ոմանք`

Կանանց կռնակներին պագշոտորեն աչք գցելով, –

Պիտի գնան գյուղի ժամտուն,

Լսեն փոշոտ-մաշված խոսքեր գրաբարի`

Հասկանալով իմաստը լոկ երկու բառի.

– Տե՞ր ես,որդյա՛կ...

 

Հազա՜ր անգամ տեսած մի ծես,

Սուրբ է թեպետ,

Բայց, վարդապե՛տ,

Նույնքան ծանոթ ու տաղտկալի,

Վառվող մոմեր ու խնկի ծուխ,

Որոնց հոտից հաճախ կարծես

Մարդու քիթ է խտուտ գալիս,

Ուխտ պահանջող-երդում կնքող Ավետարան,

Որ մագաղաթ իր շուրթերն է իրար տալիս,

Բախտավորին օրհնանք դառնում,

Իսկ դժբախտին` ցմահ դարան...

 

Հարսանեկան բազմությունը տաք ալիքով

Հիմա արդեն, տե՛ս, հորդում է գավթից ժամի`

Ճանապարհին կանգ առնելով դռների քով

Սեղան հանած մոտ ու հեռու բարեկամի:

 

 

Կարկտում է ամբողջ թափով,

Կարկտում է կոպալը, տե՛ս,

Եվ հավքերի երամի պես

Թռչկոտում են թղթե փողեր:

Զուռնան գծում մանրիկ օղեր

Ու ճարմանդով ելևէջի

Կապ է գցում, իրար հինում`

Եղանակից շղթա շինում...

Եվ ընկնելով

Հանկարծակի բարիացած քամու վիզը`

Քայլ է անում նաև խեղդված-կոնդված ձյունը:

 

Տեղ են հասնում:

Կրակվում են հրացաններ`

Դեպի երկինք,

Որ կես մի ժամ

Ազատվել է մութ ամպերի ձեռքից դաժան:

Կրակվում են հրացաններ,

Եվ այդ անմեղ-անչարամիտ մահափորձից

Մեծահոգի երկինքն անքեն

Ո՛չ դատի է տալիս նրանց,

Ո՛չ էլ նույնիսկ պահում վրեժ

Այլ ժպտում է կապո՜ւյտ-կապո՜յւտ

Ու ծիծաղում մեծավարի`

կրակոցը կարծես նրան

Պատճառել է միայն խտուտ:

 

Հարսանքատուն մըտցնելիս

Թագավորի ու թագուհու գլխին

Վերից

Ցած է տեղում չամիչ-փշատ,

Նողուլ-նաբաթ,

Չիր ու չոր թութ

Կարկտախառն հորդ անձրևի խշխշոցով,

Եվ սերկևիլ, տանձ ու խնձոր`

Զատկին ներկած ձվերի պես գունակ-գունակ:

 

Դռան շեմին

Թագավորի ու թագուհու ոտքերի տակ

Փշրվում է բոլոր ափսե մի սպիտակ,

Ինչպես լուսնի երկւորյակը`

Խաղաղ լճում ներկված քարից,

Որ ցավ ու չոռ, անբախտություն հետը տանի...

Դէ, վարդապե՛տ, հիմա նրանք

Բաժակների չրխկոցին

Պիտի խառնեն հարսանեկան

Քեզ սիրելի ու դուրեկան

Փունջ-փունջ երգերը Ծաղկոցի.

Քիչը` ծանոթ,

Շատը` նոր գյուտ,

Եվ բոլորը` ուշագրավ:

Եվ իսկապես հարսանքատան

Ծխոտ-մրոտ օճորքի տակ

Անկրկնելի եղանակով

Գովերգվում է թագւորի մահուդ չուխան

Գուլպան պուտ-պուտ,

Քիրման գօտին,

Շապիկը շալ,

Ձին հրեղեն`

Ինքն էլ վրէն.

– Աստծո՜ւ բարին

Մեր թագվորին,

Մեր թագվորին`թագն ի գլուխ:

 

Իսկ բքաշունչ ձմռան քամին

Չարանում է իր մտքի մեջ ու կատաղում,

Ինչ է թե, տե՛ս,

Հարսանքատան դուռն են ահա իր դեմ փակել,

Ու րոպեն մեկ սկսում է դուռը թակել

Կամ ավլելով ձյան շեղջերը տանիքներից`

Բաց երդիքից ներս է մաղում,

Բուռ-բուռ շաղում`

Կարծես դիտմամբ ուտելիքն է անվերջ աղում,

Որ ամեն ինչ... չուտվելու չափ աղի լինի:

 

Օճորքի տակ հարսանքատան

Երգում են դեռ Գովքը փեսին:

Այնուհետև – այդպէ՛ս – արդեն երգ են դառնում

Ու թագուհու բույրին իրենց հոտն են խառնում

Ճերմակ շուշան, ոսկե ծաղիկ

Եվ վարդենիս,

Որոնց նման.

– Անուշ բուրեր քո թագուհին:

 

Կոշտ կոպալն ու վայրի զուռնան`

Քնքուշ երգից ամաչելով`

Ետ են քաշվել ու տեղ տվել,

Որ կարկաչեն դափ ու դուդուկ.

– Պնդուկի ծառ կապեր պնդուկ,

Էնոր նման պտկեք և դուք:

 

Բարեբանող երգը հիմա

Օրորվում է,

Շորորվում է

Այգու նման մի պտղաբեր.

- Խաղողի ուռ կոճակ կապեր,

Պտղէք դուք էլ Էնոր նման:

 

Ու երգողի ձայնը ծորուն

Երգի ծայրը ետ ոլորում,

Ավարտում է` հանգույց տալով...

Ու տեսնում են դէմքերն իրենց

Օղի-գինով մի բաժակում,

Եվ կոնծելով նույն պահին հենց`

Ավերում են դէմքերն իրենց

Ու հետեվից շուտ ճաշակում

Կես թաս շորվա,

Մի ֆունտ գեր միս,

Եվ այնպիսի ախորժակով,

Խեղճերն ասես սրբի նման

Պաս են պահել մի ողջ ամիս:

 

Դափ դուդուկից հիմա արդեն ծայր է առնում

Նուրբ ու նազուկ մի Ձեռնախաղ

Հարուցելով հիացագին «վա՜յ-վա՜յ... ա՜խ-ա՜խ»:

Հասակակից հարս-աղջկա հրմշտոցից սրտապնդված`

Չեմուչումով վեր է կենում

Մի թուխ-վարսեղ-հասուն աղջիկ,

Ու նազում է մի ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

Շագանակե իր աչքերը պատսպարած թարթիչներով`

Նա թափանցիկ իր ականջին

Պահ է տալիս անհնազանդ մի սև խոպոպ

Եվ կեսմարած քայլ է անում

Դեպի կենտրոն պարաշրջան:

Եղանակը մոտենում է ու հեռանում:

Եվ որսալով մոտեցումը եղանակի`

Իր ամոթն է անմիջապես նա մոռանում

Ու դալարուկ մեջքը իսկույն կեռ-մեռ անում,

Սահ է սահում,

Այնպէ՜ս սահում,

Որ մի վայրկյան... ամենքի հետ`

Դուդուկահարն ինքն էլ նույնիսկ շունչն է պահում...

 

Դյուրագրգիռ դափն է հանկարծ ընդոստ զարկում,

Ու դառնում է նվագն ահա է՛լ ավելի լարաթրթիռ,

Ձեռքերն ասես թե խրտնելով վեր թևարկում,

Հետո, կարծես ապահովված

Ետ են գալիս թառում սրտին:

Իոկ ոտքերից մեկը`

Կարծես գորովանքով ապտակում է

Պաչ պահանջող գժուկ գորգին.

Մերթ կրունկով ու մերթ թաթով

Մանրիկ-մանրիկ տկտկում է,

Մինչդեռ մյուսը ինքն իր կարգին

Սահում է լուռ, սակայն հուզված,

Կարծես շոյում մաքուր խուզված

Խիտ մազերը նույն այդ գորգի:

 

Պարո՜ւմ է նա,

Եվ աչքրն են դառնում տամուկ:

Պարո՜ւմ է նա,

Եվ հագուստը խայտաճամուկ

Մերթ ծալեծալ, փոթ-փոթ գալիս,

Մատնիչորեն ցույց է տալիս

Իր թաքցրած ձևերը պերճ ու խելքահան,

Մերթ էլ կիտված ծալքերն ահա

Ետ են դարսվում,

Բացվում-պարզվում

Եվ վավաշոտ տղամարդկանց

Հայացքների նետերի դէմ

Կրկին դառնում մի յուրովի ազնիւ վահան:

 

Պարո՜ւմ է նա,

Վառո՜ւմ է նա,

Եվ բոլորը` մեծ թե պուճուր,

Մոռանում են հասակն իրենց,

Դուրս են ելնում տարիքներից:

Եվ չափ տվող թունդ ծափերի ալիքներից

Արձանի պես անշարժացած նորահարսի

Քողն է ուռչում ու կուչ գալիս,

Ու նորատի հարսնաքրոջ

Զառ լաչակն է բաց-խուփ անում,

Ամեն անգամ մերթ` թաքցընում փոսիկն այտի,

Մերթ` դունչիկի ոսպանման խալը բանում:

 

Ծափ է տալիս մինչև անգամ նորափեսան`

Մոռանալով, որ ուրիշի պսակ չէ սա,

Մոռանալով, որ ինքն այստեղ

Ոչ մակար է, ոչ էլ քավոր:

 

Իսկ նա... կարծես չի էլ լսում.

Ոտն է հազիվ գորգին քսում

Եվ շարժումով մի հարկավոր`

Թե՛ նազելի, թե՛ հարգևոր,

Պտտըվում է կրունկներին,

Որից նրա շորը ճամուկ

Քիչ ուռչում է թեթև քամուց.

Հետո` կարծես ամաչելով`

Նորից կպչում սրունքներին:

 

Եվ խելքամաղ ջահել տղերք,

Տղամարդիկ սիրակեղեք

Իրենց մատնող-դավաճանող աչքերն ահա

Թարթիչների սուտլիկ-մուտլիկ խաղով կոծկում

Եվ թսւլակամ շրթունքներն են բռնի կոճկում...

 

Ա՜խ, Վարդապե՛տ, հիշո՞ւմ ես դու

Գարնանային այն օրն անցած,

Դաշտում դաղձ ու սիբեխ քաղող

Այն հարսներին, աղջիկներին.

Փախուստը քո դեպի պաղ խուց...

Վաղուց էր դա,

Վաղո՜ւց, Վաղո՜ւց,

Հիշո՞ւմ ես դու,

Ա՜խ, Վարդապե՛տ,

Ո՞նց չհիշել,

Երբ ողջ գիշեր

Մի տանջալից ծանըր երազ քեզ տվայտեց,

Քեզ փարվելով` նաև խայթեց,

Խայթեց` ինչ-որ անուշ ցավով,

Անո՜ւշ-անո՜ւշ, ինչպես հիմա`

Այս վայրկյանին...

 

Նույն վայրկյանին

Մի թուխ կտրիճ մեջքին քամար,

Հագին չուխայ մեջքապնդուկ,

Հնոցի պես բոց աչքերին

Ածուխի պես սև-սև կամար,

Հայացքը` լուրջ, դեմքը` հանդուգն, –

Արջի նման մեջ է գալիս,

Ծանրամարմին պտույտ տալիս,

Բայց... կոպալի դեղին հարված –

Նա` նվագին հավասարված,

Արջից հանկարծ վագր է դառնում`

Թեթև ցատկով վեր է թռնում

Ու թեև նա ոչ մի բանից

Ո՛չ կախվում է, ո՛չ էլ բռնում,

Բայց մնում է վեր` օդի մեջ:

 

Ու պարուհու

Սև հոնքերի երկաչքանի կոր կամրջով

Անց է կենում

Մոլորաքայլ մնջախաղի մի մտածում:

Հետո կամուրջն իր հոնքերի

Կշեռքի է նա վեր ածում

Եվ թույլ տալիս իր աչքերին,

Որ վեր ու վար նժար ճոճեն.

Մնջախաղով կշռում է նա

Նրա բախտը`

Իր «հա»-ն ու «չէ»-ն...

Ու քայլում է աղջիկն այնպես զգուշորեն,

Քայլ է փոխում կարծես ոչ թե գետնի վրա,

Այլ սառույցի.

Ամա՜ն, հանկարծ չսայթաքի ու չընկնի վայր, –

Ցավը ոչինչ, փակ տեղերը բաց կլինեն`

Կդառնա խաղք ու խայտառակ:

Նույն այդ պահին

Տղան այնպես է կտկտում,

Այնպէ՛ս արագ,

Կարծես սրա ոտների տակ, ընդհակառակն`

Արդէն ոչ թե սահուն սառույց,

Այլ լոկ կրա՜կ,

Խարույկի մեծ շեղջ է փռած,

Եվ որպեսզի չայրի իրեն`

Աշխատում է քիչ դիպցընել ոտքը գետնին

Ու շատ մնալ օդում` թռած...

 

Կոտրատվում է աղջիկն էլի ու նազ անում,

Եվ ժպիտը`

Գարնանային երիժնակի ցողունի պես,

Որքան քաղցր է ու հյութալի-նույնքան` փշոտ:

Ու տեսնելով, որ աղջիկը չի հեզանում,

Պարեկ տղան, ցավը դէմքին, ցատկում է օդ,

Փլվում, գետինն է սասանում:

Ոտներն արդեն հաճախ-հաճախ

Թեք են տալիս մեկ աջ մեկ ձախ,

Մինչ իրանը` գոտկատեղից`

Չի էլ շարժվում անգամ տեղից:

Իսկ ձեռքե՜րը... մի կատարյալ,

Մի կատարյալ... ի՞նչ... գալարա՜նք.

 

Առաջ ու ետ, վերև-ներքև`

Բան են որսում ասես նրանք,

Մերթ` բարկացած ու կատաղի,

Մերթ էլ հանկարծ տատամսում են ու վարանում,

Կարծես արդեն մթան մեջ են բան որոնում:

Նորից` ընդոստ.

– Տաշի-տուշի...

Հետո` հուշիկ.

- Հոպտտա-տմբա...

Եվ դառնում է պարն ավելի առույգ ու ժիր:

Ու պարեկի շալե թումբանն

Իր իսկ հանած հողմի առաջ

Փռփռում է` կարծես դառած

Դարբնոցի մեծ փուքսը կաշվե:

 

Հետզհետե մեծ ու փոքր ավելի են մոտիկանում,

Իրար սեղմված` պարողներին մտիկ անում,

Հետո սրտի ամբողջ տապով

Ծափ են տալիս պարի չափով

Ու պարն անվերջ տաքացընում.

– Սը՛-սը՜, Սը՛-սը՜...

 

Իրենց դմբո էրիկներից դժգոհ կանայք

Մտքների մեջ կամ բացայայտ հոգոց հանում

Ու ձեռքերն են ցավով տանում

Իրենց կրծքին... ինչի՞ց ուռչող:

 

Մինչ պարեկը

Ձմռան պաղած հողն է – թը՛կ-թը՛կ – այնպես դոփում,

Մեխ է կարծես այնտեղ խփում

Իր ոտքերո՜վ, ոչ թե մուրճով.

Մինչ պարեկի ուսերը, տե՛ս, պար են պարում

Իր իրանից ու ոտքերից ասես անկախ ու ինքնավար,

Հոնքերն, ահա՛, պար են գալիս իրենց համար`

Կամ շինելով, կամ քանդելով երկու կամար,

Պար են գալիս աչքերն անջատ,

Դաստակը` ջոկ,

Թաթն` առանձին,

Ծունկը` ծալված,

Իրանը` ձիգ,

Գլուխն` ուղիղ,

Իսկ վիզը` թեք.

Բոլորն` անջատ և առանձին,

Բայց և այնպես` բոլորը մեկ, –

Նույն ժամանակ

Շիվ աղջկա թեվիկները, աղավնու պես,

Մերթ տեսնում ես` քիչ է մնում թառեն գետնին,

Ասես սրսուռ կուտի վրա,

Մերթ էլ տեսար` վեր են սուրում,

Ճախր են տալիս,

Հետո, ինչպես բույնի չորս կողմ,

Գլխի շուրջն են պտույտ գալիս,

Ու վերջում էլ,

Երբ նազելի մի շարժումով կանգ են առնում,

Խոնարհաբար գլուխ տալիս`

Իբրև նշան ներողության,

Որ դադարում են պարելուց, –

Ձեռքերն այնժամ հեզ ու հլու`

Երկու հոգնած աղավնու պես`

Թևը ծալած կուչ են գալիս,

Որ անհանգիստ-վայրիվերող կրծքի վրա

Հանգստանան,

Մինչդեռ տղան վերջին անգամ

Ոտքի վրա օղակ տալով`

Ցատկում է վեր,

Յոթ-ութ վայրկյան օդում մնում արձանացած

Եվ, քարի պես, ընկնում է ցած

Ընկած տեղը ծնկի գալով...

Ու հնչում է կենաց մի նոր`

Թագվորահոր,

Թագվորամոր

Կա-չկայի, ծետ ու պետի:

 

Ա՜խ, Վարդապե՛տ, հիմա պիտի

Պատկառելի մի նոր տաղով

Կանչեն փեսի պապ ու տատին,

Հորն ու մորը,

Քուր-ախպորը`

Ամեն մեկին մի տուն խաղով,

- Որ գան նստեն, դարպաս անեն,

Ծնրիկ զարկեն սուրբ սեղանին,

Հրամմեն բարին մեր թագւորին...

 

Հետո արդեն մի բաղաձայն կատակասեր,

Սկսելով զավեշտական իր խաղն ասել`

Գովքի դիմաց պիտի չուզի, այլ պահանջի՛

Փեսահորից`

Սել մի սեղան...

Փեսախպորից`

Խոյ մի խորվու...

Փեսաքուրից`

Գուլպա յոթ ջուխտ`

Իմանալով, որ կստանա

Իր խռպաձայն երգի դիմաց,

Երկու ճնճուղ,

Մեկ գարեհաց...

 

Հետո պիտի կարգով հնչեն

Կարգի դրված հազար կենաց

Ավանդական ու կրկնվող՛

Համեղ թեպետ,

Բայց չփոխվող ճաշերի պես հոգնեցուցիչ,

Որ և սրանք պիտի կուլ տան

Թունդ օղիով, գինով անուշ

Ու հետադարձ ճամփան թակեն

խաշլամայի պատառներով:

 

Դեռ Վարդապե՛տ, դու կտեսնես

Ալիք-ալիք ծփան Շորոր,

Ապա Նազպար,

Եվ, հակառակ իր իսկ կամքին,

Մի կաքավող աղջիկ կամ կին,

Ա՜խ, Վարդապե՛տ,

Մինչև անգամ վարդապետին կուսակրոն

Հիշել կտա... պիղծ մի ջաննաթ`

Մեր անալի դրախտի տեղ,

Հիշել կտա պիղծ մի ջաննաթ`

Խարդավանքով անգո չարի:

 

Հետո... ապա...

Դեռ կա Դարձպար,

Կա Թոնոցի, կա Քոչարի,

Երբ սկզբում կռնաբռնուկ`

Քիչ ծալվելով,

Շատ տարվելով,

Հետո արդեն թևատրուկ`

Շեշտով հատու և կտըրուկ

Դեպի առաջ քիչ են տարվում,

Այլ մոտեմոտ ծնկածալվում,

Ասես իրար ուժ գումարած,

Մի սի՛րտ-մի կա՛մք-մի մա՛րդ դառած`

Աչքի համար անտես մի պատ

Պիտի քանդեն իրենց ուսով.

Հետո, հանկարծ, ամբողջ ուժով,

Ասես իրար խիստ կարոտած՝

Պիտի ամուր գրկեն իրար

Մէջք ու իրան

Եվ թի՜ռ թռչեն մեջքագրկուկ:

 

Եվ ժամանակ առ ժամանակ

Իր կոպալի զարկերի հետ

Խաղացնելով ողկույզի պես գռուզ բաշը,

Խմած գինուց ու եռանդից կարմրատակած`

Աքլորի պես կծղրտա գեր դհոլչին.

- Այ շաբաաաաաա՜շ - հա, –

Ու փութաջան թքոտելով թուման-տասնոց`

Կկպցնի իր ճակատին

Կամ կխրի գդակի տակ`

Կեսը կախած իր ծոծրակի,

Իր հոնքերի, դեմքի վրա`

Թղթե գունեղ ծոպքերի պես:

 

Եվ կըտևի դա մինչև լույս,

Մինչև բարի աղոթարան,

Երբ որ Պարոն աքլորն, իզո՜ւր,

Երբ որ Տիկին հավերն, իզո՜ւր,

Ուժ պիտի տան կոկորդներին`

Հայտարարեն լույսը բացված,

Ու չլսեն իրենց ձայնը անգամ իրենք`

Դհոլ-զուռնի զորությանը կուլ գնալով...

 

Ա՜խ, միամի՜տ իմ պապերի

Մանկաբարո ուրախություն,

Որ տեվում էր յո՜թ օր-գիշեր,

Որ անցնում էր երգ ու պարով,

Կռիվներով գինեհարույց,

Ու հաշտությամբ գինեմիջնորդ...

Ա՛խ, միամի՜տ իմ պապերի

Մանկաբարո ուրախություն

Սերմի առթիվ` դեռ չցրված,

Մանկան առթիվ` դեռ չծնված...

Ա՜խ, անգիտա՜կ իմ պապերի

Բնապարգև հարստություն

Հազար երգ ու եղանակի,

Որ չունեին տեր-տնորեն

Ու զուրկ էին հեղինակից.

Անհատնելի մի գանձանակ,

Որ շաղ տալիս անփութորեն,

Ցրում էին հայ գյուղացիք

Իրենց մաքուր շրթունքն ի վար`

Ինչպես որ միշտ և ամենուր,

Այս անգամ էլ հարսանեկան

Ուրախության այս առիթով`

Ցանկանալով սե՛ր, միությո՛ւն, երջանկությո՛ւն,

Բոլորովին մոռանալով այդ վայրկյանին,

Որ հեշտորեն չի կատարվում ամեն մաղթանք,

Որ կարող է նաև լինել...

 

 

ՂՈՂԱՆՋ ՄՐՄՈՒՌԻ

 

Իսկ թե լինէր – Աստված չանի –

Իսկ թե հանկարծ այնպէ՜ս լիներ,

Որ այգու պես անուշ բուրող նորահարսի առագաստում

Գառի նման մշմըշալով

Ամեն գիշեր հանգիստ քներ

Ընդամենը մի տասներեք գարուն տեսած նորափեսան

Մեջքը հարսին, դեմքը պատին, –

Այնժամ պիտի հարսն ի՞նչ անէր:

 

Ա՜խ նա ինչպես բութ մանգաղին, անվերջ քսվող անյուղ հեսան,

Քար էլ լիներ` խարտվեր պիտի,

Փոշի՜-փոշի՜ պիտի մաշվեր,

Եվ ձեռն ի ծոց ու վիզը ծուռ`

Մի խուլ անկյուն պիտի քաշվեր,

Գրտնակի պես լիք ու լխտիկ իր թևերը հոշոտելով,

Անիծելով իր բախտը սև,

Երազելով գգվանք ու սեր

Պիտի երգեր ողի՜կ-ողի՜կ,

– Ի մա՜լ էնեմ, ի մա՜լ չենեմ,

Յար պստիկ ա, շիվարել եմ...

 

Իսկ թե` լիներ, այնպէ՛ս լիներ,

Որ ընջավոր

Ու փնջավոր`

Ծամո՛վ մեկին,

Որ կարճըլիկ

Ու կարճուլիկ`

Համո՛վ մեկին

Օր ծերության դարձըներ կին

Մի անատամ կծու խոջա

Քիթը` բարդան, ոտքը` քոթուկ,

Աչքը` ճպիռ, վիզը` ճոճան...

 

Իսկ թե` լիներ, այնպէ՛ս լիներ,

Որ լի տունն իր վանդակ շիներ

Ու այդ ոսկե նեղ վանդակում

Փակեր կաքավ մի կլորիկ

Մի սիրավոր

Ու վիրավոր

Եվ սևավոր

Անբախտ լորիկ, –

Իսկ թե ահա այսպե՛ս լիներ,

Այդ օր մահու քավթառի հետ

Նույն չոր բարձին

Լերկ գլխի դեմ վարսեղ գլուխն ինչպէ՞ս դներ,

Ծմակի պես պաղ այդ ծոցում ինչպէ՞ս քներ,

Կրակ կողերն ինչպէ՞ս հպեր լուլա-սառցին,

Ինչպե՞ս, ինչպե՞ս մալուլ երգով ծունկ չծեծեր,

Ծամկտրածը իր մարեին ո՞նց չանիծեր,

Ինչպէ՞ս չասեր, որ նա արեց իր բախտն ավեր,

Ջահել սրտում կրակի պես վառեց ցավեր,

Արար աշխարք լիքը լավեր`

Ինչո՞ւ թողեց կտրիճ քաջին,

Ինչո՞ւ տվեց քավթառ խոջին,

– Իմ կեղտ էնոր մեղրի միջին,

Էնոր ոսկուն նստեն հավեր,

Քա մարե՜ ջան, քա տնավե՜ր...

 

Իսկ թե տային ո՛չ թե հարուստ բայց ծեր խոջի,

Այլ հենց մի լավ` սրտով սիրած ջահել քաջի,

Մինչև անգամ չոր քարի տեղ խսիր տային,

Չոր գետնի տեղ տային նաև մաշված կարպետ,

Է՜հ վարդապե՛տ,

Ի՜նչ է պիտի բախտավորված հա խնդայի՞ն:

Չ՛է վարդապե՛տ,

Աղքատության ճանկը չնկնի մինչև անգամ քո թշնամին...

Հարսանիքի դհոլ-զուռնան դեռ չլռած,

Եվ պահունի շորերն անգամ սնդուկի մեջ դեռ չդրած`

Պանդխտության անգութ քամին,

Հարսի ծոցից նորափեսին փրցընելով

Եվ քարեքար ու սարեսար թռցընելով`

Իր սիրածի անուշ համին

Բաժանումի դառնությունն է արդեն խառնում,

Գնում է նա

Եվ... մի՛ տարի, երկո՛ւ, երե՛ք... ետ չի դառնում,

 

Եվ կարոտից ու տանջանքից,

Անկարելի անրջանքից

Մարմինն ասես վերք է դառնում համատարած

Ու նվո՛ւմ է, տնքո՜ւմ ցավո՜ւմ:

Սերն է մխում կուրացուցիչ-դառն ծխով,

Ինչպես ծառից հենց նոր ջարդված խարույկ դառած

Թաց ոստերը` անթթվածին քարանձավում...

Անկողինն է հարսին այրում կրակի պես,

Օրն է մթնում, իսկ իր սերը տուն չի գալիս:

Եվ

– Էս անտեր բարձի վրա

Առանց յարի քո՜ւն չի գալիս...

 

Ու վէրքերը դառնում են երգ,

Ու երգերը դառնում են վերք,

Ու սրտերը՝ ծանըր մի քար,

Երբ զինվոր են տանում յարին,

– Ա՜խ երթար ու էլ ե՛տ չգար

Քեզի սալդաթ գրած տարին...

Երբ չեն տալիս յարը յարին,

– Որ ախ էնեմ, կուգա արի՜ն...

Երբ խախտում են խոսք ու երդում,

– Տաք արինն է մեջս լերդում...

Երբ...

 

Վարդապե՛տ, ի՞նչ էիր դու,

Մորից ծընված հող հո չէի՞ր,

Որ լուռ ու մունջ ներծըծեիր

Անձրև ու ջուր,

Եղյամ ու ձյուն,

Կարկուտ ու ցող:

 

Թե լինեիր մինչև անգամ անլեզու հող,

Այս ամենը ինչպէ՞ս և ո՞ւր հոգիդ տաներ:

Չէ՞ որ հոգիդ պիտի մի օր

Պոռթկար,

Որպես մի արտեզյան խորունկ ջրհոր,

Ժայթքե՛ր,

Չորս դին ցրեր ցայտքեր,

Ծիածանված շատրվանե՜ր...

 

 

IV. ԾԱՎԱԼՎՈՂ ՀԱՄԱԶԱՆԳ

 

ՂՈՂԱՆՋ ՀՐԱՇԱԳՈՐԾՄԱՆ

 

Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր

Այնտեղ էլ նա էր:

Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝

Այնտեղ էր երգը:

 

Առաջին անգամ լայն դահլիճների

Բեմից էր լսում ինքն իրեն հայը,

Եվ բոլորովին ուրիշ էր հնչում

Իր իսկ «Տույ-տույ»-ը,

«Վայ լե-լե վայ»-ը

Նո՛ւյն արտն էր հուռթի,

Նո՛ւյն սերմը ցանված,

Բայց... խորն էր հերկը,

Ու բեղուն բերքը:

Հայ ելևէջի վայրի տարերքը,

Հեղեղ մեղեդին,

Տարափ պարերգը

Էլ չէին արդեն հնչում ու կորչում,

Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ,

Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում –

Անօգո՜ւտ այնպես,

Այնպես ապարդյո՛ւն:

 

Հայ ելևէջի վայրի տարերգը,

Մի կախարդ ձեռքով,

Որտեղ որ պետք էր,

Դառնում էր անձրև՝

Ծլարկած արտում,

Դառնում ջրաղաց,

Էրանի քամի՝

Ցանկացա՛ծ ժամին

 

Հայ ելևէջի հոսքը վարարուն

Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն,

Գտել էր անշեջ ու որոշ հասցե

Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ,

Մոտիկ դրացո՛ւ,

Ռուսի, վրացու,

Թե՝ օտարաձայն հեռավորների՝

Լեհի՛,

Ֆրանկի՛,

Ավըստրիացո՛ւ:

 

Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում

Ընտիր սերմացու,

Ապառաժ քարը՝ սեղան խորանի

Ու պատի վրա ջուր խմող այծյամ:

 

Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր

Պսակ են դառնում հարսների ձեռքով

Հարսների լանջին:

 

Այսպես՝ եղյամն է ապակիներին

Լուսամուտների շրջանակի մեջ

Հանճարեղագույն բնանկարի կերպարանք առնում:

 

Եվ հույսը – այսպէ՛ս – հավատ է դառնում...

Նա մելամաղձոտ հայ եղանակին

Հայկական ուրախ հորդան էր կցում,

Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ

Ցրում մուժ ու մեգ:

 

Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով

Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում,

Եվ մարմինն ասես ծնվում էր նորից,

Դառնում մորե մեկ:

 

Նա... ի՞նչ էր անում:

Լոկ այն էր անում,

Ինչ որ անում է ավազն ամանին՝

Մաքրում է ժանգից.

Ինչ-որ անում է ջուրը մանչուկին՝

Դունչիկն է սրբում.

Ինչ-որ անում է մայրը մանուկին՝

Ինն ամիս կրում իր կողերի մեջ

Ու գերմարդկային մայրական ցավով

Ավելացնում է թիվը աստղերի՛, –

Մի սովորակա՜ն... անսովո՜ր հրաշք:

 

 

ՂՈՂԱՆՋ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ

 

Եվ արտերի փոխանակ

Հորովելը գեղջուկի

Դահլիճներում է հնչում.

– Ձիգ տուր քաշի՛, ա՛յ եզ ջան...

Բաց երկնքի փոխանակ

Շրթունքները պանդուխտի

Բեմերից են մրմնջում.

– Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան:

Գյուղակների փոխանակ

Քաղաքներւմ է ծորում.

– Սուփրեն կալում գցած ա:

Հյուղակների փոխարեն

Սրահներում է բուրում

– Խնձոր ունեմ, կծած ա:

 

... Իսկ մեր խնձորն իսկապես

Արնածոր ու վիրավոր՝

Հազա՜ր տեղից էր կծած.

Առեվանգած իրարից՝

Մեր խնձորը դարավոր

Հազա՜ր ձեռքից էր պրծած:

 

Հազա՛ր եղունգ ու ճիրան,

Հազա՛ր մագիլ էր խրվել

Նրա փխրուն կողերում:

Տիղմաբեր ու թմբատար

Հազա՛ր հեղեղ էր ցրվել

Նրան սնող հողերում:

 

Ոսոխներից բարբարոս

Շատերն անգամ հավիտյան

Կորել էին աշխարհից,

Չքվել էին` թողնելով

Լոկ պաղ մոխիր կամ մատյան

Բևեռագիր ու քարից:

 

Բայց մնում էր մեզ վրա

Հետքը նրանց ժանիքի`

Նրանց արնոտ կնիքի:

Խառնվել էր մեր երգին

Օտարի շունչն անմաքուր,

Օտար երգի ելևեջ,

Աղ էր ցանվել մեր վերքին,

Ավազ լցվել մեր բերքին

Եվ ջուր` արդար կաթի մեջ:

 

Ականջ էր պետք, որ ջոկի,

Ու ձեռք էր պետք, որ պոկի

Օտարամուտ ամեն քող:

Պետք էր կոկորդ ու ոգի,

Որ տաղ դարձած մեր հոգին

Համերգանար ամեն կողմ:

 

Մարդուն երբ ցավ են տալիս`

Հետն էլ արցունք է գալիս,

Որ կսկիծը քիչ մարի:

Վերք է տրվում և դե՛ղ կա,

Ելք է ճարվում` թե նե՛ղ գայ,

Այսպես է կարգն աշխարհի:

 

Ու եկար դու` վիթխարի՛,

Եվ մեր Հայոց աշխարհի

Անտերացած հայելուց

Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ,

Բարեխնամ մի ձեռքով

Կարծես հանկարծ սրբեցին:

 

Եվ մեզ այնտեղ նայելուց

Աչքերը մեր հարբեցին.

Մե՞նք ենք` այսքա՛ն վայելուչ,

Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ,

Գոհարներո՜վ զարդարվա՛ծ:

Չկշտացա՜նք նայելուց...

 

Այսպես հանկարծ և անձայն`

Մեր հեքիաթի համաձայն`

Միայն փոխվում է այգին,

Երբ որ այգում այդ անջուր

Կախարդիչ երգն է հնչում

Մեր Հազարան զառ հավքի:

 

Եվ ամենքս մեր աչքին

Երևացինք աշակերտ,

Իսկ դու` երգի դասարան:

Եվ ամենքս մեր աչքին`

Թոշնած-խամրած ծաղկաթերթ,

Իսկ դու` բլբուլ Հազարան:

 

Եվ այն օրից, Վարդապե՛տ,

Դու ծայր տվիր հրաշքի՜ն,

Եվ հաղթական մի շքերթ

Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ

Էջմիածնի կավակերտ

Ու սրբատաշ պատերից:

 

Դու` սքեմիդ սևերում,

Մինչդեռ քո լույս մատերից

Ծորանք առան շող շիթեր:

Եվ ինչ երկար դարերով

Քո ժողովուրդն էր կիտել

Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ,

Դու լիաբուռ-լիառատ

Շա՜ղ տվեցիր աշխարհում,

Որպես մի նոր վաշխառու,

Որ տվածի փոխարեն

Բարձըր շահ է պահանջում`

Հիացմունքի շող արև՛,

Գոռոզության նահանջո՛ւմ:

 

Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով

Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում,

Հիմա արդեն, Վարդապե՛տ,

Ծավալվում էր քո՜ շրթից,

Ծավալվում էր... Լոզանում:

 

Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հեվում,

Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ,

Այն էլ հեռու... Ժնևում:

 

Կոմսուհիներ, բարոններ,

Տիտղոսավոր տեր-տիկին

Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն`

Նետում էին ակամա գոռոզության ու շի՛կ-ի

Ամեն դիմակ ու կեղծամ

Եվ, մանկորեն հիացած,

Իրենց մտքում, պատրանքով,

Տեսնում... պարող մի այծեամ:

 

Հեռվից-հեռու, մոտ ի մոտ

Մեր կարոտն էր սավառնում,

Ու մեր սրտի խոսքը տոթ

Շիկանում էր քո բերնում,

Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ,

Ո՛չ էլ կտրից հայկական,

Ո՛չ էլ արտից, այլ... Բեռնում:

 

Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան`

Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան:

Լոկ ծիրանի մի փողով

Ու շարժումով մատներիդ

Տեր-տնորեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում`

Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին

Տաքանալով մեր երգից` սարքում զվարթ կերուխում:

 

Նրբաճաշակ-բարեսուն

Երեսառած փարիզում

Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն,

Սակայն... լոկ քո՛ երգերով,

Քո՛ նվագով – ո՜չ մի խումբ:

Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով,

Այնպես նաև բաց ու խուփ

Թարթիչներով` զարմացա՜ծ...

 

Ասես մեկեն թարմացած`

Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան,

Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՛վ Իտալիան,

Երբ դու հասար Վենետիկ:

Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք,

Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար

Ամե՛ն մոլի ուղղափառ,

Բողոքակա՛ն, կաթոլի՛կ,

Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր,

Երբ մեկ դարձավ փոթորիկ,

Մեկ էլ ծփած մեղմաբար

Հայ հոգևոր երգը ծով,

Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ,

Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ

Ծավալվում էր,

Թավալվում

Ելնող-ընկնող կոր գծով:

 

Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արեվելք`

Միաշերտ ու միաշուրթ,

Դժոխքի պես մոտակա,

Դրախտի պես հեռավոր, –

Հիմա արդեն Եվրոպան

Գտավ մի նոր ժողովուրդ

Եվ հասկացավ, որ ունի

Նա մի անցյալ դարավոր,

Երակներում հոսք ու եռք

Բազմադարյան

Տոթ արյան,

Եվ երկիրն այդ նորագյուտ

Նոր անունով մկրտեց`

Արեվելքի Իտալի՛ա...

 

 

ՂՈՂԱՆՋ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ

 

Աշուն է նորից:

Սարից ու ձորից

Գալիս է կարծես մայրության բուրմունք

Ու համ պտուղի:

 

Քամու շնորհիւ ծառերի զառ-վառ

խաշամն է թռչում թավալ առ թավալ,

Այնպէ՛ս, որ հեռւից անծանօթ մեկին

Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ,

Թե փասյանների երամն է ծառից

Պոկվում ու հետո իրարից զատվում:

 

Կանաչ եղեգնի սրերն անպատյան

Դեղնում են`

Ասես ժանգով են պատվում:

 

Լաչառ փշերը` արդեն չորացած,

Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած`

Զգալ են տալիս անցուդարձողին,

Որ իրենք են տերն այս անփորձ հողի:

 

Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ

Համերգ են տալիս անփող ու ձրի

Բնության հսկա անբեմ տաճարում,

Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի

Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ

Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ:

 

Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի,

Քարերի վրա

Արև են կորզում մողես գորշավուն

Ու կանաչ խլեզ`

Յուրաքանչյուրը,

Իբրև Աստըծո սուր ծաղրուծանակ,

Մի ցամաքային ու քարաբնակ

Խեղճ կոկորդիլոս:

 

Ասպետությունից բոլորովին զուրկ

Ամպերն անքանակ

Գրոհ են տալիս բանակ առ բանակ

Մեն ու մենավոր արեգակի դեմ,

Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս

Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ

Կռիվ է մղում ողջ օրը` մենակ

Ու երեկոյան...

Նահատակվում է իբրև մարտիրոս...

 

Այնպէ՜ս դուրեկան,

Այնպէ՜ս փայփայիչ

Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից

Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն`

Եվրոպան հաղթած:

Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին,

Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում,

Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ,

Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց,

Վտառը վխտաց:

 

Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած,

Հիմա հաղթության արևը սրտում,

Վաստակած բազկով, հոգով տոնական,

Հերոսի նման դառնում է իր տուն,

Եվ հանկա՜րծ

Այնտեղ... ուժը չի պատում

Իր հրով հալել պաղը տնական,

Եվ հանկա՜րծ

Այնտեղ... զգում է իրեն

Իր գալո՜ւց առաջ ջարդված

Ու պարտված...

 

Ամբաստանության ամեհի քամին

Լցնում է նրա աչքերը փոշով,

Ու բանսարկության մացառն իր փշով

Հոգի բզկտում, խոցում է մարմին,

Քանզի ոսոխ է փթածը թարմին

Եվ հասարակը` ազնվազարմին,

Քանզի չի պրծել ու չի վերջանա

Նրանց դարավոր վիճարկությունը:

 

Կարկին-քանոնով,

Կարգ ու կանոնով

Արտակարգի դեմ գրոհ էր տալիս

Նույն ինքը... Նորին Միջակությունը:

 

Միջակութի՜ւնը...

 

Նա աչքեր ունի՜,

Սակայն... ծոծրակին.

Եվ տեսնում է նա,

Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի,

Այլ նրա գցած ստվերը միայն,

Եվ ոչ թե գլուխ

Մի առաջամուխ,

Այլ պոչը, ագին:

 

Նա ունի՜ ականջ,

Բայց ո՛չ թե նոր կանչ,

Այլ անցած կանչի

Թույլ արձագանքը լսելու համար:

 

Ունի՜ քաղցրություն,

Բայց հիվանդագին-վաղահաս մրգի,

Որ ցած է ընկնում` դեռ չեկած ամառ:

 

Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ

Սիրահարված է քսմսվող ներկի՛ն...

 

Միջակութի՜ւնը...

 

Թե թռչուն է նա` ապա թութակ է.

Այն է կրկընում, ինչին վարժել են:

 

Թե կենդանի է` կապիկ է միայն.

Անում է լոկ այն, ինչին մարզել են:

 

Եթե ուժեղ է` ապա ջորո՛ւ պես.

Ուժն իրենը չէ,

Այլ ծնողների զորեղությունն է,

Ա՛յն ծնողների, որ – ավա՜ղ – նրան

Մի՛ բան չեն տվել

Հասարա՜կ մի բան`

Ծնող դառնալու կարողությունը:

 

Հուզվել էր ահա

Ու տագնապում էր Միջակությունը:

 

Արյունապակաս-պաղած խեղճերին

Տենդի ջերմ թվաց այն տաքությունը,

Որ անջատվում է սրտից վառվռուն

Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր:

 

Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր,

Իսկ հոգին հին էր ու կարկատանված,

Կենարար հովին, զովարար քամուն

Նայեցին իբրև ահեղ թշնամու,

Որ գուցէ հանկարծ իր շնչով պոկի

Ու փուլ տայ նրանց կարկատուն հոգին:

 

Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր,

Իսկ միտքը` մաշված,

Ինչպես դրամը առուծախի մեջ,

ոռ հրդեհ տեսան

Լուսարար մտքի վառ օջախի մեջ

Ու սրտապատառ աղմուկ գցեցին.

– Հասէ՜ք, ջո՛ւր ճարէ՛ք,

Օգնեցե՜ք, մարե՜ք...

 

Ո՛վ Միջակության անխախտ բնություն,

Դո՛ւ մտքի միայն թվաբանություն

Եվ հանրահաշւի երդվյալ ոսոխ,

Դո՛ւ անծայր երկնի լազուրի տեղակ

նվող-վաճառվող մատչելի լեղակ,

Բոլո՜ր դարերի դու մե՛ծ հաջողակ,

Անցողիկ փառքի, էժան բախտի գող,

Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով,

Որ քաջ է հայտնի նաև մեծերին,

Բայց որոնք մեծ են այնքանով նաև,

Որ գիտեն թեև,

Բայց այդ գաղտնիքից

Չե՜ն կարողանում երբեք օգտվել...

 

Ո՛վ Միջակություն,

Ո՛վ երանելի ցմահ խակություն,

Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,

Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,

Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,

Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի

Բոլո՜ր տառերով ի սպաս տրվեց

Սուտ-Հիսուսների անփակ բերանին,

Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ

Վերածվեց հսկա բարդու գերանի.

Է՛լ սրբագործված օրենքի խախտում,

Է՛լ արտասովոր մտքեր ու երգեր,

Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում...

Կամ – մեղա՜ Աստծո, դրա՛խտը հերքել, –

Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,

Առագաստավոր ենթադրությո՜ւն,

Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն

Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով

Նույն սուրբ-սրբերի անսուրբ ձեռքերով:

 

Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք

Ապականեցին շուրջբոլոր այնպես,

Որ նա շնչելիս -օդի փոխանակ-

Մանրած ապակու փշրանք էր կարծես

Բռնի կուլ տալիս...

 

Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ,

Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում,

Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս...

 

Հացըդ, Վարդապե՛տ,

Հացըդ դառնացավ թալկաթփի պես,

Եվ գունաթափվեց

Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝

Վանքի ծեփի պես:

 

Հայացքը նրանց, ում պիտի որ դու

Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր,

Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր,

Հայացքը նրանց դաղում էր հիմա

Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման...

 

Այս անմիաբան Միաբանության

Պաղ պատերի մեջ,

Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին

Այս պատերի մեջ,

Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր.

Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞,

Թե՞ չհասկացված մի հին սրբի պես:

 

Չէ՜, փոխվել էին ժամանակները

Պիտի զգայիր... միայն որբի՜ պես:

 

 

ՂՈՂԱՆՋ ՀԱՐՑՄԱՆ

 

Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում,

Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց.

Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց

Որբ օթեվանող հինավուրց վանքում:

 

Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ.

Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ:

 

Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ.

Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ:

 

Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել...

Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ,

Որ տան անկյունում օրորոց դրվեր,

Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,

Եվ ինքն էլ հակված՝ նանիկ-նայ ասեր,

Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր

Ու նոր թղթերը խառներ-խզբզեր,

Անվերջ բլբըլար,

Եվ շիվը դալար

Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար,

Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար:

 

Նա ուներ մատնե՛ր,

Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝

Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ,

Գրելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ:

Սական որտեղի՞ց և ինչպէ՞ս գտնէր

Մի ժիրիկ մանչուկ,

Հետն էլ՝ թևանցուկ

Գանգուրիկ

Քուրիկ...

 

Նա ուներ շրթե՛ր

Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝

Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ,

Եվ... պիտի կյանքում անհագ մի պապակ

Հա՜ նրան դրդեր

Օտար թաթիկից շոյանք մուրալու,

Թմփլիկ թուշիկից հայցելու մի պագ...

 

Եվ ունէր նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար,

Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար,

Մի սիրտ՝ սե՜ր համակ,

Մի սիրտ՝ սիրո ծո՛վ,

Իսկ ինքը սիրուց հավիտյան ցամաք:

Ինքը՝ սիրուց սո՜վ,

Ինքը մենակյաց ու կուսակրոն

Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,

Որ վառվում է հար խորանի խորքում

Անմարդաբնակ դափ-դատարկ վանքի

Եվ լուսարարի աչքին ու հոգուն

Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի...

 

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,

Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:

 

Դեռ վնաս չունի,

Թե Աստվածն անգո չեղյալ Մովսեսին

Գերադասել էր ու նախընտըրել

Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝

Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ.

Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզւով

Պատգամներն Աստծո, մտքերը խրթին:

Դեռ կարելի էր ավել ու պակաս

Չեղյալի համար անգոյին ներել:

Բայց... Միլտոններին

Վերցնել ու զրկել տեսողությունի՞ց,

Բեթհովէններին՝ լսողությունի՞ց,

Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել...

 

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,

Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:

Ինչո՞ւ, և դարձյալ, և կրկին ինչո՞ւ,

Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել

Իր ո՞ւժն է շեշտում, կարողութի՞ւնը:

 

Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ

Ընդունենք կյանքի զորեղությունը,

Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի,

Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս

Իր անմեղ սերը սրտում զնդանի՝

Իբրև դատվածի,

Դատապարտվածի՝

Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը...

 

... Ո՞վ էր այդ թաքուն մեղավոր սիրո

Ահավոր դժբախտ-երջանիկ տերը,

Վարդապե՜տ ասա՛,

Զգա քեզ ազա՜տ.

Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի,

Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի:

Վարդապե՜տ ասա՛,

Զգա քեզ ազա՜տ.

Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,

Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:

 

Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ

Բովանդակ կյանքում հար սառել ես դու

Կուսակրոնի քո սևերի տակ:

Վա՜խ, դա կլինէր ծանըր մեղանչում

Կյանքի՛ դեմ, գարնա՛ն,

Պտղաքաղությա՛ն:

Թե՞ հաղթահարել և առել ես դու

Քո սիրասարսուռ տաք թևերեի տակ

Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յիար-իդ՝

Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ

Միակ թողություն:

 

Ասա՛, Վարդապե՜տ,

Ո՞վ էր քո սերը,

Բախտի պես թաքուն

Քո սիրո տերը:

 

Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,

Նա պիտի՛ լիներ: Բայց ո՞վ է եղել:

Ինչպէ՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել:

Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.

Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,

Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:

Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.

Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,

Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,

Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա:

Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,

Տիրամոր ունկեր,

Տիրամոր ծունկեր,

Տիրամոր հասակ,

Մազերը՝ պսակ,

Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար, –

Դարերից եկող մի մանրանկար,

Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,

Որ թեպետ ուներ

Չխամրող գույներ...

Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ

Այլ ուներ լոկ քե՛զ-մի ամբո՜ղջ աշխարհ,

Եվ աղաչում էր, որ դու չլքես,

Դառնաս օրվա հա՜ց և ոչ թե... նշխար:

Եվ աղերսում էր՝ առանց նայելու,

Ու նվաղելով՝ տրվում թևերիդ...

 

Զառ վառը նրա ո՞նց էր վայելում

Վարդապետական ճնշող սևերիդ...

Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց,

Եթե պահանջեց,

Ինչո՞ւ նահանջեց՝

Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց,

Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,

Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,

Որ ազատվեիր սքեմից քո սև,

Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝

Վանքից աշխարհի գիրկը դառնայիր,

Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր...

 

Հա՜յր սուրբ, ինքդ ասա՛.

Ո՞վ էր քո սերը,

Նրբին ու տոկուն,

Բախտի պես թաքուն,

Երջանիկ-անբախտ քո սիրո տերը:

Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը,

Քո Շողակաթը-Շողիկը-Շողը,

Որ ընդունում էր սրտում իր լռիկ

Անլուր ցավերիդ այրող դողերը,

Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում

Այս տարողունակ-բարեգութ հողը:

 

Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպէ՞ս էր գալիս,

Յուրայիններին անվերջ խաբելով,

Տնեցոց առաջ լեզու թափելով,

Սիրտը հեվիհեվ կարոտից մարած,

Ահըն ու երկյուղը,

Վախըն ու սարսափը

Փայտփորի նման հոգու մեջ թառած, –

Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով

Դալուկ ճակատիդ ամպերը վանի,

Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի

Ու տանի – և ո՞ւր – թըշվառն ո՞ր տանի...

 

Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին,

Նա ինչպե՞ս դառնար քեզ համաար նեցուկ

Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ,

Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ,

Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ,

Քուրմեր մթության,

Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության,

Ամեն օր մի նոր առիթ հայթայթում,

Հարվածում էին, խոցում քեզ, խայթում.

Երբ քո շուրջ բոլոր հին ոխըն էր պայթում,

Ճայթում նոր քենը,

Ցայտում նախանձը.

Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ

Սերմ էին հաշվում բոված աղանձը, –

Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ

Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՎԱՅՐԱՏՄԱՆ

 

Մտքերով տարված խորհուն քայլելիս

Դավադրաբար ոտք էին տալիս,

Թիռ-թավագլոր անվի ճաղերում

Քինախնդրորեն փայտ ու ձող խրում:

Բայց նա Առաքյալ.

Պիտի՛ որ կյանքում

Չկարողանար երբէք ընդհատել

Իր ճանապարհը առաքելական:

 

Բայց նա՝ Ուսուցիչ,

Ի՜նչ էլ որ լինէր,

Պիտի՛ որ դառնար մեռած խազերի

Առաջին դպիր,

Միակ քերական.

Թաղվածը պեղեր,

Շաղվածը թեղեր,

Բերեր մեկտեղեր

Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական...

 

Նա՛,

Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական,

Ուրախանալու միայն ազգովին,

Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով, –

Հիմա ստիպված ապրում էր մենակ՝

Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր,

Մենավոր ծառի ամբողջ հմայքով:

Միայնա՜կ մի ծառ,

Պտղատո՛ւ,

Հսկա՛յ,

Որին առիթով և կամ անպատճառ

Անվերջ փայտլեխում ու քարում էին,

Պտղի պտկումին խանգարում էին

Մե՛կ օր, տասնըմե՛կ,

Բայց... քանի՞ տարի,

Եվ մի՞թե ցմահ...

 

Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում

Աչքերն է ծածկում բնազդով բարի,

Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա,

Կտրելով իրենց խորդուբորդ ուղին,

Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝

Էջմիածնից քեզ հեռացընում,

Տանում և մի օր... Պոլիս հասցընում:

 

 

ՂՈՂԱՆՋ ՊՈԼՍԱԿԱՆ

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Նախ՝ հունական մի հետերա,

Ապա՝ տիկին Բյուզանդիոնի,

Այնուհետև՝ տաճկած խանում, –

Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող

Կնակարոտ մի վետերան,

Որ լեռնակույտ տենչանքի հետ

Մշտախայտանք ծով խանդ ունի,

Եվ ինքն իրեն շվայտելով,

Ցոփ վատնելով

Ու հատնելով՝

Արդէն քանի՜ և քանի՜ դար

Քեզնից բնավ չի կշտանում

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Դու՝ հետերա, տիկին, խանում,

Դու՝ պչրուհի մի կախարդիչ,

Արմավալանջ, նոճեթարթիչ,

Մարմարայի պարեգոտով,

Բոսֆորական կապույտ գոտով,

Մահիկահոնք, արևաչյա,

Մի ըզգլխիչ սիրավաճառ՝

Դեմքով բարի, իսկ սիրտը չար,

Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցընում,

Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցընում.

Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով,

Մի ժպիտով,

Որ շատ շուտով

Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին, –

Շա՛տ հասկացող,

Քի՛չ զգացող՝

Անսե՜ր, անկի՜րք, – լոկ շահադե՛տ,

Լոկ հաշվարա՛ր - խելոք մի կին,

Որ ո՛չ կարգին մոտն էր տանում,

Ո՛չ էլ գոնե կարգին վանում,

եվ... մեզանից ամենամեծ հաջողակին,

Որ կարող էր Բյուզանդիոնում դառնար կեսա՜ր

Դարձընում էր շա՜տ-շա՜տ... միայն խեղճ տնփեսա...

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Հազարավոր հայ պապերիս

Նախ՝ բորբոքել շինծու խանդով,

Հետո՝ փորձված հոմանու պես

Տրված նրանց խենթ ափերին

Ու հրայրքի տենդ-տապերին՝

Հյութերն ամեն և արյունը,

Քրտինքը ծով և ավյունը

Քամել ես դու քո արգանդով,

Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել,

Դո՛ւ, որ գիտես կատվինշ նման ցնկնել դյուրին,

Փոխարկվել ես իսկույն ջորու՝

Չորացել ես ու ամլացել...

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ

Քո հողերում մենք ենք թաղել,

Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել:

Քանի՜-քանի՜ հայ սերունդներ

Ցանել են սերմ, ցրել հունդեր

Ու հասցըրել բերք ու բարիք,

Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՜ք...

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ,

Արծաթակուռ ու ոսկերիզ:

Շուք ենք տվել քեզ դարերով՝

Մեր սրբատաշ սուրբ քարերով,

Մեր անասեղ նուրբ կարերով,

Մեր աչքերի փայլ ու ցոլքով,

Մեր մատների ծով շնորհքով,

Չճարվելիք-չեղած ճարով, –

Մեր քանքարով ու հանճարով

Պճնել ենք քեզ,

Զուգե՜լ-զուգե՜լ

Եվ... ամեն ինչ այլոց ձգել...

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Մետաղաթել դու մի հանգույց՝

Մեր պատմության պարանոցին

Բախտի ձեռքով պնդված մանկուց.

Դու՝ անջինջ գիր օրհասական,

Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ.

Դու՝ նոր սֆինքս փոքրասիական,

Դու՝ դարավոր մի հանելուկ.

Մենք՝ դարավոր մի առեղծված.

Դու՝ էն գլխից սրբապղծված,

Եղծվա՛ծ,

Կեղծվա՛ծ

Մի չար տաճար,

Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ...

 

Պոլի՜ս, Պոլի՜ս...

 

Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,

Ներսից՝ գեհեն,

Դրսից՝ եդեմ

Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի...

 

Նոր էր պրծել հայ ջարդը նոր՝

Ադանայի,

Ու 30,000 հոգի հող էր մտել

Բայց չէր փտել.

Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն

Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝

Գահը զիջած զավակներին իր արժանի,

Որ նորաձև Եվրոպական տարազի տակ

Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.

Գրավաճառ խանութների ցուցափեղկում

Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝

Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի

Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով,

Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն

Շանթագըրել էր կամենում կարմիր լուրեր,

Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի, –

Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝

Բույ՞ն գտնելու,

Թե՞... արթմնի քուն մտնելու...

 

Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,

Այդ գիշերը թող քարանա՛ր,

Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,

Ու քեզ հաներ

Պոլիս տաներ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ

 

Թզուկ ծառերը հեշտ են չորանում

Տաք ու պաղ քամուց,

Քերծվածքից անգամ,

Ճղակոտրումից:

Վիթխարի մայրին կրկին նորանում,

Շիտակվում է շուտ՝

Մինչևիսկ անգութ ճղակտրումից

Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝

Ապաքինվելով բուժիչ այն խեժով,

Որ ուրիշ դեպքում կոչվում է... հանճար:

 

Եվ ահա նորից նրա թարմ վերքի

Բերանն է գոցվում,

Ու բացվում նրա բերանփակ հոգին,

Ու բացվում այնպէ՛ս,

Որ բնաշխարհի զովի ու շոգի

Հարություն տվող շունչն է զգացվում

Պոլսո թաղերում հայրենապապակ:

Բացվում է նրա հոգին բերանփակ

Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,

Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի

Որոտից մի պահ

Ծովերն իսկ հպարտ

Ուռչում են թեպետ, զարկվում ափերին.

Բայց... մի այնպիսի հարվածով զգույշ.

Բայց այնպէ՛ս անձայն, համրացած այնպէ՛ս,

Ինչպես... նկարին Այվազովսկու...

 

Մի հայ վարդապետ՝

Ո՛չ միայն անզեն,

Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի.

Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու.

Եվ անառ Պոլիսն իսկապես առավ,

Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝

Ահեղ հորդայի սանձը ձեռներում,

Զենքով ու զորքով,

Բարբարոս ձեռքով

Կրակի մատնած հյուսիս ու հարավ:

 

Նա անառ Պոլիսն իսկապես առավ,

Վերագրավեց, միայն թե... երգո՜վ.

Մի երգչախմբով ամենասասան.

Որ նա՝ գողթենցուց սերված երգասան.

Խորին խորհրդով կոչել էր Գուսան.

Մի երգչախմբով, ուր ձուլվել էին

Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան.

Մի խումբ վիթխարի՝

Մասյաց մայիսյան եղեգնուտի պես

Բազմասոսափուն.

Վանա լճի պես ծփան ու ծափուն,

Արաքսից առույգ, Եփրատից հոսուն,

Բայց Արագածից շեշտված ու հավաք, –

Շուրջ 300

Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ,

Հնազանդ, խոնարհ ու հլու մեկին,

Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով

Իր հայր դառնալու իրավունքն անգին

Փոխել էր դրա լոկ երազանքով,

Եվ հիմա...

Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝

Հո՛ր շնչով շնչող,

Հո՛ր ձայնով հնչող.

Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն:

Շուրջ 300...

 

Իսկ ինչո՞ւ երեք:

Հա՛յր սուրբ, վե՜ց էր պէտք,

Այո՜, Վարդապե՛տ,

Պէտք էր 600,

Որ... մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց

Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված,

Փայփայանքից զուրկ ու չհամբուրված

Մեր ժողովրդի մրմուռից գոչեր

Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան.

Եվ... ա՛յն քաղաքում, որ շեները մեր

Իր լեզվով ասած դարձրեց վերան՝

Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան,

Եվ... այն քաղաքում, որ վեց դար արբեց

Մեր գինով, արյամբ և արտասուքով,

Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գոփեց,

Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝

Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց,

Ոտքերը լվաց մեր հացի տաշտում...

 

Շուրջ 300՝ պարման ու կուսան՝

Մի համահավաք-բազմամի Գուսան,

Որ առանց մի պուտ արյուն թափելու

Եվ առանց դավի, առանց խաբելու,

Մի դաշնամուրով ու սրինգ փողով,

Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ,

Թե հարուցելով լաց ու արտասուք՝

Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով,

Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝

Ապա ցնծութեամբ, ո՛չ թե երկյուղով, –

Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,

Որ մի քաղա՜ք չէր, ո՛չ էլ տերություն,

Այլ միանգամից երկու մայրցամաք՝

Մի երկկողմանի յանոսյան դիմակ -

Կիսով ասիական ու եվրոպական

Մեկին՝ միջնաբերդ,

Իսկ մյուսին՝ մատույց,

Այստեղ՝ ապական,

Իսկ այնտեղ՝ այտույց...

 

Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան

Ու հիմա դարձել Ասիան էր գերում,

Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան

Եվ իր քրտինքով ջրած հերկերում

Ե՛ւ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,

Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան, –

Հիմա թերևըս նա զուր էր ուզում

Պոլսում բաց անել երաժշտանոց.

Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ,

Հազարի նման մի հայ վարդապետ,

Մի մարդ էր,

Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,

Մի մարդ էր,

Աակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝

Երգիչ, նվագող,

Խաղեր հավաքող,

Որքան խմբավար՝

Նույնքան ուսուցիչ,

Որքան հնագետ՝

Մեռած խազերի գաղտնիքը լուծող,

Նույնքան պատմաբան՝

Դարավոր երգի մայրուղին գծող.

Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ.

Որի քրտինքի ամեն մի կաթիլ

Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ.

Ե՛ւ Աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,

Ե՛ւ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, –

Մի մարդ,

Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա

Մի մարդ,

Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա...

 

Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ

Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,

Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում,

Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,

Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի. –

Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՞նչ փակբերան...

 

Մարմին է դառնում Անուշ օպերան,

Որ էլ հարց չտայ հեգնող Ֆիգարոն,

Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն...

 

Մարմին է առնում Անուշ օպերան.

Եվ ժողովրդի

Ընդերքից հուռթի

Միևնույն տարում լույս աշխարհ եկած

Նույն ժողովրդի

Կարեվեր սրտի

Հոգսերից, ցավից, հույսերից երգած,

Նույն հողը հերկած

Սերմնացան երկու

Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝

Սիրով գումարում հանճար-հանճարի...

 

Մինչ ինքը այստեղ՝

Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ.

Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,

Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայ գյուղում, –

Մինչ ինքը այստեղ՝

Իր միտքը լողում

Թողնում է Բերա–Բանկալթի–Պոլիս

Ու հասնում նորից

Ո՞ւր... Էջմիածի՛ն:

 

Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ

Խուց էին մտնում լոկ լուսաբացին,

Իսկ ամբողջ գիշե՜ր...

Եվ ամբողջ գիշեր

Ծերուկ մոկացին...

Ինչպե՞ս չհիշել

Որքան էլ թվա անցած ու հեռու:

 

Նա ճեմարանի պահակն էր ծերուկ

Անտուն ու անտեղ այդ նախո քեռին:

Նրա մացառփուշ խառնակ հոնքերի

Տեղ-տեղ փլուզված կամարի վրա

Դարադարսված էին կնճիռներ մռայլ՝

Ամեն մեկն ասես կամարին վայել

Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,

Ու թե ծռմռված վերից ու տակից,

Ապա ճակատի պաղից ու տաքից:

 

Եվ ամեն անգամ, երբ նախո քեռին

Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝

Կամարն էր ցնցում քանդված հոնքերի,

Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,

Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում...

 

Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում,

Թողել հայրենի Սասուն–Մոկս–Շատախ.

Եվ հիմա զրկված տեղից ու տնից,

Մենակ չորգլուխ՝ պահակ էր վանքում:

Եվ ամեն գիշեր սոսինձ սաների

Կպչուն խնդրանքով և աղաչանքով

Խեղճ նախո քեռին կամա-ակամա

Դառնում էր կրկին Սասուն–Մոկս–Շատախ՝

Միշտ սկսելով

- Է՜հ, լաո՛, մատա՜ղ...

Ու նույն աննվազ խոր հառաչանքով

Ամեն օր պատմում Սասնա մի ծռից

Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,

Ագռավաքարից

Ու Ծովասարից:

 

Դիցաբանելով վիպում էր քեռին,

Բայց և վիպածին խորունկ հավատում՝

Ապրում նրանց հետ, նրանց պես դատում,

Նրանց աչքերով սիրում ու ատում:

Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.

– Դառնամ զողորմին...

Ազգին ու տոհմին...

Ու նորից վիպում ու երգում հերթով

Իր ծերունական խզված կոկորդով.

- Էնոր լե ծծե՜ր - լուսնակ էր ջուխտակ

Մեզի լույս տալու...

Էնոր լե ճակա՜տ՝ մեյդան էր, լաո՛,

Քուռկիկ Ջալալու...

 

Եվ նախո քեռու միամիտ մտքով

Ինչպէ՞ս անց կենար,

Թե ինչքան գնար՝

Այնքան ավելի հաճախ կը հիշվեր

Այն խելոք սանից, որ հետո թեպետ

Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ,

Բայց ուշք ու միտքը տվեց երգերի:

Նախոյի մտքով ինչպէ՞ս անց կենար,

Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին

Կը կանգներ կողքին ինչ-որ Վագների:

 

Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով

Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին

Կողքից էր նայում գոռոզ Վագներին

Եվ պահանջո՞ւմ էր,

Թե՞ աղաչում էր,

Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով

Խրատես նրա Նիբելունգներ-ին.

Ձեռքի դեմ՝ բազուկ,

Շուրթի դէմ՝ բերան,

Օպերայի դեմ՝

Քո նոր օպերան...

 

Քո ժողովուրդը՝ արյան ծովերում,

Նորոգվող վերքի անլուր ցավերում,

Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից

Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից,

Կենաց ու մահու պայքարից արդար:

Այստեղ էր ահա որ Դավթի կողքին

Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան

Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից

Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում, –

Եվ քո ականջում

Խմբերգն էր հնչում

Այն հերոսական նոր օպերայից,

Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան...

 

 

ՂՈՂԱՆՋ ՄՐՑԱՎԱՐՏԻ

 

Եվ մեկ անգամ հաղթարշավով

Արդեն անցած կես Եվրոպան

Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի,

Խլացնելով Նէյնիմական ու սազային

Երգացավի ծանըր նոպան`

Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա,

Կանչվեց Բէռլին, հետո` Փարիզ:

 

Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից`

Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն,

Միջազգային Ընկերության Համաժողո՛վ:

Եվ սյունազարդ սրահներում լուսաողող

Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից`

Զեկուցումներ,

Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից`

Երգ-ցուցումներ:

Իսկ բովանդակ ու բազմազգի Արեվելքից`

Մե՛կը միայն...

 

Ուրիշները, սրտի դողով,

Զեկուցման հետ բեմ են հանում

Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ:

Իսկ սա՜... ինքը մեկնաբանում,

Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում,

Ծոցն է տանում

Ու... դուրս հանում

Օրկեստրի տեղ միայն մի... պարզ ծիրանի փող

Եվ, փոխանակ մենակատար անհատների

Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,

Ու... մի փոքրիկ փայտե մի փող

Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով

Մերթ` դայլայլում ու գեղգեղում,

Մերթ ժայթքում է ու մեկ զեղում

Մերթ կուտակում ու բարդում է,

Մերթ` խենթ հոսքը մատով նեղում

Ուզածի պես հունից շեղում

Ու վերջում էլ ավարտում է

Ինքը` ինչ որ հանգույց կապով,

Իսկ դահլիճը` ընդոստ ծափով:

Հետո փողը ծոցն է տանում

Ու վերստին մեկնաբանում,

Եվ մի վայրկյան տալով դադար,

Նորից դառնում մենակատար`

Ինքն է երգում սրտի ձայնով...

 

Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր

Մտքերից` մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր,

Աշխարհում մեզ դու պարզերես դարձրեցիր,

Իսկ ինքըդ քեզ`

Կրկի՛ն հաղթող մենամարտիկ,

Որ ծափերի տարափի տակ

Ցած է իջնում բեմից մարտի,

Ցած է իջնում,

Որպեսզի նույն այդ ձեռքերով,

իբրև հերոս

Դեռ կենդանի՜

Վեր բարձրանա... պատվանդանի

 

 

V. ԵՂԵՌՆԻ ՀԱՄԱԶԱՆԳ

 

 

ՂՈՂԱՆՋ ԸՆԴՀԱՏՒԱԾ

 

Եւրոպայից նա վերստին սիրով դարձավ

Իր Գուսանին և խաղերին

Իր Անուշ-ի նոր մասերին,

Իր Վարդան-ի գոռ բառերին:

 

Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան,

Որ հավասար պիտի լիներ

Իր վեհությամբ Սասնա սարին.և

Պիտի երգով ողորմի տար

Բաղդասարին, Սանասարին

Ու նզովեր Մսրա չարին.

Հորովելով Դավիթ տղան

Պիտի մենակ՝

Անեզ-անլուծ

Գեղջուկի տեղ գութան քաշեր,

Հետո՝ զորքին հանգիստ թողած,

Մսրա տիրոջ սիրտը խաշեր.

Պիտի՛, պիտի՛...

 

Վարդապետի

Գիշերածալ վեղարի տակ

Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝

Մեկը մեկից պայծառ ու տաք,

Մեկը մեկից վառ ու հստակ,

 

Կրծքի ներքո սիրտը թնդուն

Կարծես անվերջ նույնն էր պնդում՝

Երաժշտի՛ր:

Ամէնակուլ խորշակի դեմ ու երաշտի՝

Երաժշտի՛ր :

Թշնամու դեմ ահեղացող

Օղակի դեմ հար նեղացող,

Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝

Երաժշտի՛ր :

Մինչև մահըդ հրաժեշտիր ՝

Երաժշտի՜ր:

 

Երաժշտում և դեռ պիտի

Հորդաբխուն երաժշտեր:

Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր,

Հույս երգելով՝ հավատ շեշտեր,

Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր,

Բայց... մի ահեղ գեշերվա մեջ

Արյուն հագան կանաչ դաշտեր,

Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ

Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ.

 

Օդում կախվեց

Աշխարհակալ մի պատերազմ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՏԱԳՆԱՊԻ

 

Օդում կախվեց աշխարհակալ մե պատերազմ,

Իսկ գարո՜ւն էր...

 

Լեռնաշխարհի կատարներին

Ձյունը՝ կիսված պատառների,

Արատսվում էր գլուլ-գլուլ

Շրջանցելով լեռ ու բլուր

Առու դարձած

Հոսրւմ էր ցած

Այնքան սիրած ու չսիրած բարձունքներից,

Եվ խառնելով պուտ-պուտ արցունքն արցունքներին՝

Հովիտներում լացն էր փոխում հեցկլտոցի

Ու գալարքով վիշապ օձի

Ձոր ու կիրճ էր իրեն գցում.

Դառնում էր գետ, մի գետ ելմա՜ն,

Ու չէր գտնում խոսքեր ներման՝

Ծանր խաբված կնոջ նման...

 

Ողջ աշխարհում՝

Մահ ու արյուն,

Իսկ գարո՜ւն էր...

 

Ծաղիկներն են աչքով անում այստեղ-այնտեղ,

Եվ ամեն թուփ, ամեն ցողուն

Դառնում է լար մի յուրովի, դառնում ստեղ՝

Երգում քամու մատների տակ:

Օրը՝ օրին, և օդն արդեն

Մեղմ է այնպես, հողն այնպես տաք,

Ասես համայն աշխարհով մեկ

Մի մայր բարի, սիրագորով,

Մանուկ հողն է ջերմացըրել

Իր բերանի տաքուկ գոլով...

 

Մարտե՛ր,

Ջարդե՛ր,

Հո՜ւր ու հրդեհ,

Արնակոլոլ հազա՜ր սրտեր,

Իսկ գարո՜ն էր...

 

Եվ շողակաթ առավօտներ

Ջինջ ցօղով են թրջում ոտներ,

Թավ սաղարթով ծառեր զուգում

Ծաղիկներով ու կանաչով

Պճնում ոչ թե լոկ արոտներ,

Սարահարթներ,

Այլ մինչևիսկ ոտնահարված արահետներ...

 

Ամէնուրէք քույրեր ու մայր

Հարազատի մահ են կոծում,

Իսկ մի թռչուն հիմա՜ր-հիմա՜ր

Ինչ-որ ուրախ երգի համար

Ողջ ժամանակ ձայնն է փորձում...

 

Ամեն ծառից՝ նոր մի տաղիկ,

Ամեն քարից՝ նոր մի խաղիկ.

Եվ դաշտերում՝ շաղն է շողում,

Ու ծաղիկներ են փողփողում,

Իսկ մի համեստ ծաղկածաղիկ

Աշխատում է ոտքի ելնել՝

Մի կերպ շտկել ծռված ցողունն

Ու... ոչ մի կերպ չի հաջողում...

 

 

ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ

 

Ծնկածաղկի պես

Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից

Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր

Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով

Ցողունն այս անգամ արմատից հատվեց

Հակական հարցից Թուրքիան ազատվեց

Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,

Որ ոչ լսված էր ոչ էլ տեսնված

Մարդկային ցեղի երբևե կրած անպատվության մեջ

Եվ մինչև անգամ իրենց թուրքերի

Արյունով հունցված սև պատմության մեջ:

 

Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,

Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել...

 

Եվ կույսեր որոնց ծոցի մեջ լուսե

Լուսնի լուսն անգամ ծածուկ չէր հոսել,

Որ երկչոտ էին ինչպես եղջերուն,

Որ աննյութ էին ասես հորինված

Մի հովվերգկան վեպի էջերում.

Աղջիկներ,

Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից

Երկնքի նման բռնկվում էին շիկանքով ոսկի.

Ամօթխա՜ծ, մաքո՜ւր, լուսավո՜ր կույսեր,

Որ ֆրանսերեն անգիր գիտեին

Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը մյուսէ

Եվ անգլերեն

Խենթ Օֆելյայի պես այժմ ցնորված՝

Խելագարվածի իրենց ճիչերում

Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև

Եվ բռնաբարող ա՛յն ասկյարներին,

Ա՛յն ենիչերուն,

Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,

Որի բութ գլխի կեղտոտ փռչերում

Եթե խլվլում-շարժվում էր մի բան,

Ապա մարդկային միտքը չէր, օ՜, ո՛չ,

Այլ... միայն ոճիր:

 

Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,

Մարդի՛կ որ մա՜րդ չեն,

Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ.

Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,

Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,

Եվ սուր բահ է պէտք,

Որ մարմինների սև տարթը քերես, –

Հիմա ամենուր

Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,

Հայոց մայրերին անում անպատիվ...

Լլկվողները թող գոռան «հրե՜շ»,

Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,

Թե տղամարդիկ՝

Հեռու և մոտիկ՝

Դարձել են արդեն լեշ ու փորոտիք...

 

Եվ մարդի՛կ,

Որոնց բիրտ պչեղների քրտնքահոտից

Անգամ հոպոպը իր շունչը կտար,

Ճխլտում էին նույն այդ ոտներով

Մեր մանուկներին դեռ նորատոտիկ,

Մեր մանուկներին՝ լույսի պես արդար,

Առավոտի պես մաքուր ու գերող,

Գարնան պես բուրող...

 

Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ

Հիշեցնում էին ոտաց ճանապարհ,

Եվ որոնց միտքը – դավաճանաբար –

Չէր կտրում այնքա՜ն, մինչևիսկ այնքա՛ն,

Որ այդ ճպռումից կարող են փրկվել

Եթե... լվացվեն օրը մեկ անգամ, –

Միևնույն մարդիկ

Մեր սուրբ մայրերի հանճարներ ծնած սիրտն էին փրթում

Եվ չգոհացած սառն ու տաք զենքից՝

Մոր աչքի առջև

Քարերով էին փշրում ու ջարդում

Գանգերը նրա՜նց,

Ովքեր ստեղծում

Ու բանաստեղծում,

Հրաշքներ էին Սստծո պես կերտում

Եվ եթե Աստծուց տարբերվում էին,

Ապա այնքանով,

Որ նա անգո էր, իրենք՝ իրական:

Եվ հիմա սակայն

Ձեռքն անասնական

Ջնջում էր և այդ տարբերությունը,

Ջնջում էր քարով,

Հայոց աշխարհի հայկական քարը

Ջարդում-փշրում էր հայոց քանքարը...

 

– Ո՛վ արդարություն,

Թող որ ես թքեմ ճակատին քո քար,

Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,

Գոչել ո՛չ հիմա,

Այնժամ էր գոչել,

Երբ խուժանն այս նույն

Արյունով հարբած գազանի նման

Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,

Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում

Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:

Եվ հիմա՛,

Հիմա՜,

Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,

Այլ մա՜հ

Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,

Մահ ծերի՛,

Մանկա՛ն,

Խեղճի՛

Հսկայի՛,

Երբ մահվան մրրիկ,

Երբ մահվան բուք էր, –

Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,

Որ արդարության ճակատը փակեր:

Ս՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:

Էլ ինչպէ՞ս թքել,

Եվ այդ ո՞վ թքեր,

Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,

Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում

Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,

Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,

Սև արաբների շեկ անապատին՝

Օ՜րը ցերեկով,

Ո՛չ թե աննկատ:

Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևե ճակատ,

Օ՜, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՛կ,

Քամա՛կ մի խելոք,

Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝

Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից:

Ու թե կար ճակատ,

Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ,

Որ մոտենում էր՝

Ասես լսելով

Կտրվողների,

Կոտորվողների

Ահավոր ճիչը,

Եվ – մեկ էլ հանկարծ – չգիտես ինչու

Բռնում էր ճամփան արագ նահանաջի՝

Թույլ տալով իջնի

Եվ զարկը վերջին,

Կարծես եղածը դեռևս քիչ էր...

 

Եվ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր,

Անաստվա՛ծ Աստված,

Ինչո՞ւ էր արվում այնքան անօրեն

Եվ ահեղ մի դատ:

 

– Կար երկաթուղի,

Որ պիտի անցներ Բեռլինից – Բաղդադ,

Բայց ինչպէ՞ս անցնէր անապատներով այն օտարական,

Որտեղ կանաչը կայարանների դէմքը չի պատում,

Ու չկան շեներ, ավաններ ու տուն:

– Մեղքը հայինն էր, որ հոժարակամ

Չէր գնում ապրի շեկ անապատում,

Չէր լքում բնիկ հայրական տունը,

Իր բազմադարյան շէնն ու ավանը՝

Ամուր Կարինը, անառ Սասունը,

Իր ծոցվոր Մուշը, պտղած իր Վանը...

 

– Բովանդակ մի դար, դարուց ավելի՜,

Տենչանքն էր կիզում ռուսաց նավերին.

Իրենց ձնառատ ու պաղ հյուսիսում

Երազում էին, կարոտով հիշում

Լուսեղ արեվելք, արևոտ հարավ,

Ու խենթ տռպանքի խոսք էին բանում

Այն Դարդանելին՝ պչրուհուն պառավ

Որ չէր դիմանում

Առանց հոմանու,

Բայց սրանց – ինչո՞ – թողնում էր ծարավ,

Նազը՝ նազ, սակայն... Հետո՞, ի՜նչ դառավ, –

Եվ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում:

Մեղքը հայի՜նն էր.

Նա թուրքի աչքին այլ բան չէր թվում,

Քան հաջող քամի

Եվ մի առագաստ, որ ինքն է պարզվում

Մոսկովի կամին...

 

... Այս շարժիչների թանկ էժան դարում

Նավթի փոխարեն – ի ցավ խեղճ հայի –

Դեռ անգլիայում ջուր չէին վառում:

Բոլոր ծովերը ՝ նույն անգլիային,

Մինչդեռ նավթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է:

– Եվ մեղքը ո՞ւմն է, –

Իհա՛րկե հայինն...

 

Արդեն օսմանյան կավե հսկայի

Ծեփն է ճաքճքվում

Ու մեջքը ճկվում՝

Բանականության տաքուկ շողերից.

Ռումին ու բուլգար, սլովակ ու սերբ

Պոկվել են նրա կավե կողերից:

Նույն աններելի մտքին է հակվում,

Նույն ախտով նաև հայն է վարակվում՝

Իր մասն է ուզում իր իսկ հողերից,

Գրոշ է ուզում իր այն փողերից,

Որ հափշտակել

Եվ ճչալ ուզող բերանն են հետո քացիով կապել:

Ու դժգո՞հ է նա,

Եվ ա՞յդ է ուզում անխոս ակնարկել:

Ուրեմն պարզ է. նա հանցագործ է,

Եվ պիտի ջնջվեն իր էգն ու որձը:

 

– Եղունգ են քերծում, պտղունց են մաշում,

Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում

Դարպասի աչքին հոնք-կամար քաշում,

Արձան են ձուլում, շինում ապարանք,

– Եվ մեղավոր են այստեղ էլ նրանք –

 

– Հաշիշ չեն ծԽում,

Խմում են գինի,

Ապրում անթառամ և առաքինի,

Չեն պահում հարեմ

Ոչ էլ ներքինի,

Եվ չունեն մոլլա,

Որ կապի չալմա.

Նրանց քեշիշը վեղարավոր է

– Եվ մեղավոր են –

 

– Ձեռքի հետքերը նրանց հայրերի

Կնիք են դրել այս նույն վայրերին՝

Իբրև սեպագիր

Կամ շաղախ ու կիր,

Իբրև շիրմաքար

Կամ որմնանկար,

Իբրև մագաղաթ

Կամ լեռծակ-ջրանցք...

– Եվ ո՞ւմն է մեղքը, –

Իհա՛րկէ նրանց...

 

– Ինչպէ՞ս չկտրել այն կոկորդը չար,

Որ ցավից հանկարծ կարող է ճչալ,

Կարող է հայցել փրկություն ու ճար...

– Պիտի ազատվել այն լիրբ աչքից էլ,

Որ երազանքից շողում է պայծառ

Եվ կամ մատնում է ապրած կսկիծը

Ու դրանով իսկ դառնում է պատճառ,

Որ օտարները – լացողին խղճան՝

Տեսնելով նրա աղի արցունքը –

 

– Ինչպէ՞ս չջարդել հանցավոր ծունկը

Եվ այն մեղսակից համառ արմունկը,

Որոնց հենվելով՝ մարդը արնաքամ

– Եվ գազանն անգամ –

Ուզում է դուրս գալ ժանտ գերությունիցև

Ուրիշ ավելի հանցավոր բան կա՞

Դե եկ, մի ելնի համբերությունից,

Դե եկ թուրքօղլի ցավից մի վնգայ...

 

– Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,

Ինչպես չի քերվում արյունը սրտից

Կամ գույնը վարդից:

Կյանքում կան բաներ որոնք չեն ներվում

Ինչպես դրացուն,

Այնպես էլ համայն մի ժողովրդի,

Չի ներվում և այն

Ինչը կոչվում է առավելություն...

– Եվ այդ ահռելի հնցանքի դիմաց

Դեռ պահանջում էք ներման վեհութի՞ւն...

 

– Նրանք գիտէին սիրել ու ատել,

Գիտէին խորհել ու համեմատել,

Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ,

Ծարավել լույսին, արևին ժպտալ:

Թե անսահման էր նրանց տանջանքը,

Անծայր էր նույնքան և անրջանքը,

– Ահա և նրանց ծանր հանցանքը...

– Ունէին նաև մեկ ուրիշ հանցանք,

Որ ահավոր էր:

Գիտե՞ս, թե որը.

Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում

Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝

Ի՛ր իսկ անունը և ազգանունը:

– Ի՜նչ հանդգնություն, դուք հասկանո՞ւմ էք...

Եվ նա ուզում է նույնիսկ չդատվե՞լ.

Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց,

Ուրեմն... պիտի ա՛յլ կերպ ազատվել

Այդ լիրբ անունից և ազգանունից:

 

Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի,

Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում...

Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,

Ուր ով ծանոթ էր հայոց հին գրին,

Հայոց պատմությանն ու պատմագրին,

Դառնում էր դոկտոր ու պրոֆեսոր՝

Դեռ օրը նույնիսկ չդարձած կեսօր.

Եվ քաղաքակիրթ այն Եւրոպայում,

Ուր մարդկայնության փութանց նոպայում

Շատերի համար դարձել էր փեշակ

Մեզ երկի՜նք հանել՝

Հային անվանել

Ասիական մթնում գիտության մշակ,

Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս,

Իսկ թուրքին կոչել բիրտ ու բարբարոս՝

Իրենց համեմատ այնքա՛ն վայրենի.

Որ պէտք է նրա հողը հայրենի

Վաճառքի դնել

Կամ մեջ-մեջ անել,

Որպեսզի... հողը չմնայ խոպան, –

Հիմա լուսավոր այդ նույն Եւրոպան

Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,

Որ ժառանգներին կարմիր սուլթանի

Դասեր էր տալիս՝

Եղեռնի դասեր,

Դասեր նախճիրի, բարբարոսությա՜ն,

Իրեն պահելով... դերը բոզության:

 

Այդ նո՛ւյն Եւրոպան

Նման չէ՞ր հապա

Հարբած-արնախում այն թուրք զինվորին,

Որ ձանձրանալով զառերից նարդու

Կամ թուղթ խաղալուց,

Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝

Գրազ էր գալիս, թե ի՞նչ կբերի.

Աղջի՜կ, թե տղա, –

Եվ մանկաբարձի նշտարի տեղակ

Թուրն էր կատարում կեսարյան հատում...

Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան,

Որի սրբազան ու տաք արգանդում

Մի լույս մանուկ էր սկսում խաղալ.

Մի վահագնակերպ-դավթադեմ տղա.

Որ հղացել էր փրկության լույսից

Ու սնվել էր մեր անմոռուկ հույսից՝

Այն ճանապարհին որ դարավոր էր

Ծանր ու խորդուբորդ:

 

Բայց Եւրոպան էլ ուներ ճանապարհ

Եվ որպես ճամփորդ.

Նա... կռվացըրեց իրար հետ շներ,

Որ իր ճամփորդի բանը հաջողի:

Իրոք. ի՜նչ էլ որ լիներ-չլիներ,

Բայց պակաս չկար շան պես հաչողի:

Եվ այս շնային գզվռտուքի մեջ

Շան թաթերի տակ քիչ մնաց կորչեր

Մի ողջ ժողովուրդ

Բնի՛կ,

Տեղական.

Մազ մնաց դառնար թղթե տեղեկանք

Մի ազգ, որ կուռքեր շատ էր ճանաչել,

Բայց որի... նույնիսկ տոտեմը շուն չէր,

Այլ եզը հերկող,

Այլ ջուրը երգող

Եվ ամպրոպածին փողը՝ եղեգան...

 

Ու երկրագնդի այն ծանոթ մասում,

Որին Հայաստան, Հայք էին գոչում

Փարավոններից մինչ Պուանկարեն.

Հիմա Օսմանի թոռները բռի

Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել

Դարերով հնչող «Հայաստան» բառի

Բոլո՜ր տառերը,

Նրա ապագան,

Մշահոտ ներկան

Եվ մինչև անգամ անցած դարերը:

 

Եվ համարյա թե իրոք քերեցին,

Իսկ Գլադստոն – Ջօրջ Լլոյդները

Չխանգարեցի՛ն...

 

 

ՂՈՂԱՆԱՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

 

Խանգարե՞լ, ինչի՞ համար...

 

Գարուն էր չփկած ամառ՝

Փուլ եկավ երկնակամար,

Ձյուն մաղեց մեր բաց գլխին,

Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես...

–Գարուն ա, ձուն ա արել...

Գետերը մեր երերման

Հոսեցին՝ կրակի՝ պես...

Արունը ջուր ա դառել...

Ձորերը շիրիմ դառան,

Վիհերը՝ գերեզմանոց.

Ջուրը մեր տունն ա տարել...

Ամեն քար՝ լուռ մահարձան,

Ամեն տուն՝ վառման հնոց.

Բնավեր հավք ենք դառել...

Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,

Ինչքան երգ՝ ողջը լալով

–Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛...

Թրի դէմ, սրի, հրի՝

Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,

–Տնավե՜ր, բնավե՜ր լաճ...

Մեր հողը, մեր հայրենին,

Մեր երկիրն ամայացավ,

–Սև հագիր, սևսիրտ մարե...

Հինավուրց տոհմիկ մի ազգ

Չմեռա՜ւ, այլ... մահացա՛վ.

–Գարուն ա, ձուն ա արել...

 

Գարուն էր, Ամառ եկավ,

Ձագ հանեց ձորում կաքավ,

Իսկ հայը զրկվեց ձագից.

Իր պոռթկան թոնրի տաքից,

Իր մորից, հորից, յարից,

Իր բնից ու աշխարհից.

–Գարուն ա, ձուն ա արել...

 

... Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի.

Աշխարքում ով մոռանա՝

Ջուխտ աչքով թող քոռանա

Գառնարած-հովիվ-նախրորդ

Ետ չեկան սար-ձորերից...

Կեսօրին էլ ո՞վ երգեր.

–Սարերը հով չեն անում,

Իմ դարդին դարման անում...

Հնձվորը արտում մորթվեց

Իր ձեռքի սուր մանգաղով...

Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր

–Քաղվորին հաց եմ բերում,

Բերանը բաց եմ բերում.

Ձկնորսը Վանա ծովում

Չփրկվեց ճարպիկ լողով...

Աղջիկը զո՜ւր էր կանչում,

–Իմ ծամթել տամ լողվորչուն...

Երկրի մեջ մարդ չմնաց՝

Մարդ թաղեր մարդու նման...

Ա՜խ մնար մեկը գոնե

Ու կանչէր.

–Դլէ յամա՜ն...

Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ

Արհավիրքն այն օրերի,

–Աշխարքում ով մոռանա՝

Ջուխտ աչքով թող քոռանա...

 

Ջահերը վառ մնացին

Ժամերգվող եկեղեցում,

Ժամհարին կախ տվեցին

Պարանից զանգակատան...

 

Ջաղացից աղուն բերող

Ալրոտված խեղճ գյուղացուն

Իր սայլը դագաղ դարձավ,

Ալյուրը՝ արնոտ պատան...

 

Մայրն ընկավ՝ ծիծը թողած

Իր թմբլիկ մանկան բերնում.

Ծծի տեղ ցից խրելով՝

Խեղդեցին մինուճարին...

 

Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած

կչկչան հավի թառին.

Իր հիվանդ թոռան համար

Խորոտիկ ճուտ էր բռնում...

 

Կալի մեջ պապին ընկավ,

Իր ոսկե թեղն էր էրնում,

Որպեսզի տուրքը թուրքին

Օր առաջ շուտ վճարի...

 

Ով ծաղիկ հաց էր թխում՝

Խորովվեց թոնրի ծխում...

Ով հասել ուխտատեղի,

Վառել էր մոմը դեղին,

Մոմի դեմ իջել էր ծունր

Ու հայցում էր Աստըծուն,

Որ բաշխի մի լաճ տղա, –

Իր արյամբ մոմը մարեց՝

Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն...

–Գարուն ա, ձուն ա արել...

 

...Խոցեցին ու ջնջեցին

Հատեցին հաստ ու բարակ

Հոշեցին ու տանջեցին,

Փշրեցին, տվին կրակ.

Վաթեցին արյուն-արցունք,

Ներկեցին ձոր ու բարձունք,

Քանդեցին երկինք մի լուրթ,

Մորթեցին մի ժողովուրդ

Հացառատ մի ողջ աշխարհ

Սարքեցին փշրանք-նշխար,

Սո՜ւրբ նշխարհ՝ շան բերանում, –

 

Ուզեցին մի հայ թողնել,

Եվ այն էլ... թանգարանում...

Գարուն ա, ձուն ա արել...

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՔՍՈՐԻ

 

Իզո՜ւր Աստծուն պաղատեցին...

Ալա՛ն-թալան,

Կեռ յաթաղան...

Ում որ պետք էր՝ փողոտեցին,

Գազանաբար ճղոտեցին,

Խողողեցին սրածելով.

Քարափներից ջուրն ածելով՝

Դիակներով խեղդվողների

Ծանրացըրին հոսք ու հոսանք,

Չհարցնելով մանուկ ու ծեր:

 

Եվ ո՞վ կոծեր,

Կուրծքը ծեծեր.

– Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք...

 

Իզո՜ւր Աստծուն աղաչեցին...

 

Թե բյուրերով հայ խաչեցին.

Հազարավոր այր ու կանանց

Անդող ձեռքով տեղահանած՝

Քշեցին... ո՞ւր.

Դէպի Դէր-Զոր:

 

Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝

Անցան նրանք ավազներով արաբական անապատի,

Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց,

Եվ նորացավ նո՜ր Գողգոթան՝

Ահագնացած տասնապատի՜կ...

 

Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,

Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,

Որ լոկ դարձավ, վերջիվերջո, թառանչ մի սուր.

– Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք...

 

...15 թիւ: Ապրիլ 10...

 

Ապրիլական արբշիռ բույրեր,

Գարնանային ծաղկածլում,

Կանաչների շքահանդես, –

Եվ ծաղկաբույր գիշերվա մեջ

Հեռուներից մոտենալով

Գաղտագողի-ծածուկ-անտես՝

Խորշակը նույն,

Որ շատ շուտով պիտի տանէր միլիոն հայեր,

Խորշակը նույն անցավ նաև

Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝

Իր հրեղէն ոտների տակ

Խաշխշելով ու թաղելով

Վերջին հույսի շունչը մեր տաք...

 

Ահեղ գիշեր,

Որ բորբ ներկվեց ո՛չ արևով.

Այլ մեր արյա՜մբ.

Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,

Խորանները հայ դպրության սուրբ տաճարի.

Բոլոր ճյուղերը կտրատեց

Հայ հանճարի

Ծաղկուն ծառի,

Ու մատյանից հայ մեղեդու

Ամէնավա՛ռ էջը հատեց...

 

Եվ անուննե՜ր որոնք երեկ

Հնչում էին փաղաքշական մասնիկներով

Մերձավորի ու մտերիմ բարեկամի սիրող շրթից,

Ու հիրավի հպարտության տրոփ պոկում

Մի բովանդակ ժողովրդի լեցուն սրտից, –

Թե կյանք էին՝ հիմա հանկարծ դարձան անգո՝

Մի գիշերում, բարբարոսի կամք ու ջանքով

Ու մղումով անզսպելի

Փոխարկվեցին առասպելի.

Ապրող մարդուց հանկարծ դարձան

Մի մտովին կերտված արձան...

 

Ա՜խ, Բէրայի Բանկալթի թաղ...

Ա՜խ, Ղալաթիո եռատաճար եկեղեցի...

Քո դարավոր գմբեթի տակ

Իրիկնային ժամերգության սուրբ պահերին

Պատարագիչ Կոմիտասին չէ՞ որ երեկ

Լսում էին հիացմունքով Զօհրապ... Սևակ...

Քանքարալից հազար գլուխ՝

Փոքր ու ավագ,

Միահավաք

Հակվում էին հայ մեղեդու սրբության դեմ

Ու հյղանում նոր մեղեդիք՝

Հնչյուններո՛վ, խոսքո՛վ, գրչո՛վ,

Արձանակերտ նրբին մրճո՛վ.

Երանզների պնակի՛ մեջ.

Հետո, մեկտեղ ակըմբվելով

Բանկալթիի այնքա՜ն ծանոթ

Ու սիրելի տնակի մեջ՝

Խնդրում էին վարդապետին՝

Երգել Կռունկ կամ Խնկի ծառ,

Երգել Չինար ես...

 

–Չինար ես՝ Կեռանալ մի...

Սակայն ինպէ՞ս չկեռանաս,

Երբ կացինն է բունդ տաշում,

Երբ սղոցն է ճյուղդ մաշում, –

Դէ՜, արի և

– Կեռանա՜լ մի:

 

Ի՞նչ,

–Մեր, դռնեն հեռանա՞լ մի...

Ա՜խ, ո՛ր շունը կհեռանար:

Իսկ եթե շուն, գայլ ու գազան

Կամ անխնա սրի քաշում,

Կամ աքսոր են բռնի քշում

Ամբողջ մի ազգ՝ սասա՜ն-սասա՜ն, –

Դէ՜, արի և

... Հեռանա՛լ մի:

 

Ինչպէ՞ս,

– Աստվա՜ծդ կսիրես...

Բայց ո՞ւր է, ա՜խ, ո՞ւր է Աստված,

Եթե կույր ու խուլ է Աստված,

Եթե «Գթա»-ն զուր է ասված,

Նման Աստծուն ինչպէ՞ս սիրես...

 

Ի՞նչ.

– Հեռու ես՜ մոռանա՞լ մի...

 

Ո՞նց մոռանալ, ե՜կ մոռացիր,

Որ ապրիլյան այն ահավոր

Ու ոճրապարտ լուսաբացին

Բարբարոսի խուժդուժ ձեռքեր

Սուրբ խորաններ կողոպտեցին՝

Խորանները հայ կաճառի,

Հայ դպրության սուրբ տաճարի,

Հայ հանճարի

Ծաղկան ծառի

Բոլոր ոստերն անգթորեն կտրատվեցին,

Սուրբ մատյանից հայ մեղեդու,

Բոլոր էջերն ամենավառ

Դարձան մոլի հողմին ավար.

Մի գիշերում պոկոտվեցին ու զատվեցին

Շեկ աքսորի սև փակուղուց չազատվեցին

Ո՛չ մի հանճար,

Ո՛չ մի տաղանդ,

Ո՛չ մի քանքար՝

Ով որ Պոլսում եղեռնական այդ գարնան կար...

 

Մարդիկ, որոնք կամքով վերին

Անցնում էին և պիտի որ անցնէին դեռ

Իրենց ճամփան անմահության ու սխրանքի,

Բոլո՜րը մեկ՝

Հիմա արդեն կտրում էին ուղին մահվան.

Ճանապարհը աքսորանքի...

 

Մի-մի քուրմեր

Լեցուն բանիվ ու մեղեդով մեհենական

Հիմա պիտի ըմբոշխնեին

Թույնն ու լեղին գեհենական

 

Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի

Եվ քարե սիրտ որ չճաքի

 

Ու ձգվում էր ճանապարհը աքսորանքի:

 

Ձգվում էր նա հայ բրգացած դիակների ստորոտով,

Միջահատված մանուկների թաղում հայցող բլրի մոտով...

 

Մարտիրոսված հայ մայրերի կոնքերը սուրբ

Ուզում էին ամոթն իրենց անապատի փոշով ծածկել,

Դեղին փոշո՜վ,

Ո՛չ թե փեշով,

Որ և չկար,

Ինչպես չկար ո՛չ սրբություն,

Ո՛չ էլ Աստված...

 

Լլկանքի մեջ նահատակված անմեղ կույսեր

Ու լույս հարսեր,

Ջանում էին լանջերն իրենց ծածկել հողով անապատի,

Դեղին հողո՛վ,

Ո՛չ թե քօղով,

Որ և չկար,

Ինչպես չկար ո՛չ սրբություն,

Ո՛չ էլ Աստված...

 

Դէ,՜, շրթո՛ւնք բեր որ չանիծի,

Դէ՜, բեր բռո՛ւնցք, պրկված կռո՛ւփ,

Որ չդառնա քինահարույց կրքի խոյանք

Ու մխրճվի երկնքի մեջ՝

Իբրև նզո՞վք,

Ո՛չ, ի՜նչ նզովք.

Իբրև Սաստծու և երկնքի լիրբ հասցեին

Մի առնական թունդ հայոյանք...

 

Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ:

Ավերակված հայ շեներից,

Իբրև նշան կենդանության,

Ահազարհուր ոռնում էին անբուն շներ՝

Հիմարաբար չըմբռնելով,

Որ այսուհետ

Շունը մարդուց ավելի է գերադասված

Նրա՜նց կողմից,

Որ կոչվում են մարդ ու Աստված...

 

Բեկված սնե՛ր,

Այրված շենե՛ր

Եվ մարդկանցից գերադասված անտուն շնե՛ր,

Որ երեկվա իրենց տիրոջ

Լուռ դիակն են նախ հոտոտում,

Ոռնում՝ կարծես այրող ցավից,

Ոռնո՜ւմ, վնգո՜ւմ,

Մե՛կ օր, երկո՛ւ,

Հետո՝ մղված ծանր սովից՝

Երեկ իրենց կերակրող ձեռն են ուտում,

Գռմռալով իրենց տիրոջ դին հոշոտում...

 

... Ճանապարհն այս դժոխային

Կարող էր և անվերջ տեվել,

Բայց սարսափի օրն է մթնում,

Եվ քարվանը արդա՜ր-արդա՜ր,

Եվ քարվանը մահապարտյալ

Չանկըրըի բանտն է մտնում:

 

Բանտ թուրքակա՛ն

Եվ պատրաստված... հայի՜ համար.

Քստմնելի լլկանքների՛,

Անպատվությա՛ն,

Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար, –

Մի բախտ դժխեմ,

Մի անողորմ ճակատագիր՝

Հիմա արդեն ո՛չ անմարմին, ո՛չ էլ անգո,

Այլ զնդանի դռան առաջ պահակացած

Թուրք ասկյարի արյունկզակ կերպարանքով...

 

Եվ այդ պահին.

– Տեր, ողորմեա՛...

Առավել քան երբևիցե.

Եվ ավելի քան այլուրեք,

Այնքա՜ն տեղին, ժամանակի՛ն,

Ա՜խ, վարդապե՛տ, գութ է հայցում

Տխրալալուկ ամբողջ մի ազգ

Քո սևասուգ սուրբ բերանով,

– Տե՜ր ողորմեա՛...

 

Եվ զնդանում նեղ ու անձուկ

Պղպջում է մի լայն փղձուկ,

Մի տաք փղձուկ տղամարդկա՛նց,

Որ եղեգան իրենց փողով

Թունդ են հանել սիրտը դողով

Որ սրտառուչ իրենց տողով

Ու երգերով իրենց թովիչ՝

Գարնա՛ն նման լոկ վրդովիչ,

Ծայր են տվել շիթ արցունքի՝

Ո՛չ թե ցավի կամ տրտմության,

Այլ հուզառատ հիացմունքի՜...

 

– Յաղագըս հարց, եղբարց, մերոց,

Որք են տարյալ ի գերություն,

– Տէ՜ր, ողորմեա՛...

 

Իսկ հայրերը արդեն չկա՜ն,

Եղբայրներին թուր ու ձգան,

Վերջ են տվել սար ու ձորում,

Ուր ջրի պես ու ջրի հետ

Տաք արյունն է նրանց ծորում...

 

– Շիջո՛ զհուր վառ հնոցի,

Փրկեա՜ զմեզ, ամենագո՛ւթ...

 

Բայց աղոթքից այդ ի՜նչ օգուտ,

Թե հնոցի

Ահեղ բոցին

Կուլ է տրված հայոց աշխարհ,

Ա՜զգը հայոց՝ ցախի պես խառն...

– Հայցեմք ի քէն արտասվելով

Եվ պաղատիմք զայս ասելով,

– Տէ՜ր, ողորմեա՜...

 

Ի՞նչ էր պահում վաղը նրանց՝

Հանճարարվոր այս մեծ արանց,

Ի՞նչ մի վախճան բարբարոսի.

Անշուշտ՝ զոհի՜, ո՛չ հերոսի...

 

– Ընկալ զմեր աղաչանըս,

Լո՛ւր, գթառա՜տ, և ողորմեա՛...

 

Ա՜խ, թե լսեր ու գթառատ եթե լինէր՝

Գազանադեմ այս խուժանին նա կզինէ՞ր

Ու շա՞ղ կտար դաշտ ու սարին՝

Ակնից-Արճէշ,

Վանից-Կարին...

 

– Ցո՛ւյց մեզ զքո ողորմություն,

Տուր աշխարհիս խաղաղությո՛ւն...

 

Խաղաղութի՜ւն...

Եթե այսպես գնար քիչ է՛լ,

Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել,

Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան,

Ուր այլևս չեն էլ ճարվի ապրող մարդիկ,

Որ բյուրավոր հանգչողներին երանի տան...

 

– Տէ՜ր ողորմեա՛...

 

Ո՜չ, վարդապետ, ո՜չ չողորմա՛ց,

Իսկ քեզ պատժեց պատժով մի նոր՝

Չառավ հոգիդ,

Ինչպես առավ նրանց հոգին,

Որոնք մյուս օր՝

Շիկադեղին անապատի ավազի պես ծարա՜վ-ծարա՜վ,

Աստվածային աչքերում՝ սով,

Չսնվելով նունիսկ հույսով,

Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին,

Այլ պարզապես... այլ պարզապես... քարկոցվեցին...

 

... Ի՞նչ էր արդյոք այն պատճառը,

Որ քեզ զատեց

Եվ անջատեց

Քո բախտակից ու սրտամոտ ընկերների դժխեմ բախտից՝

Քարկոծվողի սուղ դրախտից

Քեզ նետելով մի լայն դժոխք,

Ուր ո՛չ մահ կար,

Ո՛չ կյանքի շողք:

 

Ա՜խ, նրանցից ինչի՞ համար քեզ զատեցին,

Քեզ – այդքա՜ն ուշ – ինչի՞ համար ազատեցին:

 

Եթե դա էր ազատելը...

 

 

ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ

 

Ա՜խ եթե դա էր...

Գթառատ տերը

Թո՛ղ որ ազատի իր ազատելուց...

 

Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝

Մոռացան նրա ճարտա՜ր մատերը...

Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ,

Եվ Չանկըրըի բանտի պատերը

Արդեն նրանից շատ-շատ են հեռու,

Բայց ուղեղի մեջ... բայց ուղեղի մեջ,

Կարծես թե կպած նրա թաղանթից՝

Մթան մի քուլա եռո՜ւմ է եռո՜ւմ,

Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,

Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի, –

Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի,

Պտույտ էր տալիս

Ու պոկ չէր գալիս...

 

Երբ անցնում էր նա Բանկալթու մայթով

Մի ձայն էր հնչում

Հաճախ ականջում.

Թվում էր՝ ձայնեց իր Սիամանթոն,

Թվում էր՝ իրեն Դանիելն է կանչում...

 

Իրիկնանալիս իր տան սրահում

Թվում էր՝ տեսավ զենք ու զրահում

Այն վարազադեմ տաճիկ ասկյարին,

Որ ձեռքը տարավ շիկացող քարին,

Ո՜ւ ճչում էր նա,

Ճչում սոսկալի

Եվ իսկույն վառում մոմեր ու կանթեղ,

Վառում էր, նստում, ու մեկ էլ հանկարծ

Աչքերն էր շրջում այստեղից-այնտեղ.

Արյո՜ւն էր թվում բոցը կանթեղի...

Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ...

 

Վեր-վեր էր թռչում հաճախ անտեղի,

Ավելի հաճախ... լինում էր այնտեղ,

Լինում էր... այնտեղ՝ իր Հայաստանում՝

Կարինում, Մուշում, Վանա ոստանում...

 

Ինքը Պոլսո՛ մեջ,

Իսկ մի՜տքը այնտե՛ղ...

 

... Ասում են՝

Այնտեղ՝

Հայաստան կոչված անհայ աշխարհում

Կուժկոտրուկները, որոնց մոմագույն ծաղկաթերթերից

Փռվում էր չորս կողմ գինու թանձր բույր,

Հիմա

(Եվ ընդմի՛շտ)

Կարմիր են հագել

Ու գինու բույրը փոխարկել արյան մի ծանր հոտի,

Որ գրգռում է քոչվոր քրդերի նախրի պնչերը:

 

Իսկ գեղեցկապաշտ բաղեղը կանաչ,

Որ չի ախորժում տգեղություններ,

Լուռ մագլցում է քարափներն ի վեր,

Որ իր սեփական կանաչ թևերով

Արյամբ ողողված ժայռերը ծածկի,

Շղարշի քերծեր,

Որոնց դուրս պրծած ցցերից քարե՝,

Ինչպես ժանիքից,

Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց

Հայ հարս ու կանանց երբեմնի գունեղ տարազից մի մաս՝

Արևի՞ց արդյոք,

Թե՞ իրենց կրած անլուր սարսափից

Այյժմ գունաթափ, այժմ ճերմակած, –

Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց,

Իբրև պատվավոր ինքնասպանության սպիտակ դրոշ...

 

Իսկ այն ծերպերը,

Որտեղ մագլցել չի կարողանում բաղեղը նույնիսկ,

Ու տեղ չի գտնում քարաքոսն անգամ,

Կարմի՜ր ծերպերը՝

Մեկ՝ երկար, մեկ՝ կարճ սյուներով ճերմա՛կ,

Նման վիթխարի քարե բացօթյա մի երգեհոնի

Հայոց լեռների ամֆիթատրոնում, –

Իսկ այդ ծերպերը տնքում են խեղճ-խեղճ

Լսողությունից բոլորովի՜ն զուրկ,

Երգ ու նվագից բա՜ն չհասկացող

Բարբարոս քամու պաղ մատների տակ,

Երգեհոնի պես նույն տակտն են տնքում,

-Այս ի՞նչ պատահեց...

Այս ի՞նչ պատահեց...

 

Իսկ հիմար կկուն,

Որ իր թռչնային անթռիչք խելքով

Զգում է թեպետ բայց չի հասկանում, թե ի՛նչ պատահեց,

Միամի՜տ կկուն

Ամէն գարնան հետ ընդմիջումներով եթեր կճամփի

Իր հայրենականչ ազդանշանը հեռագրային.

Կո՛ւ-կո՛ւ-կո՛ւ (լսէ՜ք),

Կո՜ւ-կո՜ւ (ի՞նչ եղաք)...

Ա՜խ, իզո՜ւր կկուն կազդանշանի.

Ովքեր մեռել են՝ չեն լսի նրան.

Ովքեր կցրվեն աշխարհի վրա

Մի բուռ գարու պես՝ հավերի առաջ.

Մի կուց արյան պես՝ պղտոր ջրերում,

Թեկուզ և որսան աղդանշանը՝ սրտերով իրենց,

Բայց չէ՞ որ, ավա՜ղ, չէ՞ որ կարող են լոկ պատասխանել

Կարոտից մարող սրտի բաբախմամբ,

Կսկիծից թացվող թարթումով կոպի,

Զայրույթից ուռչող երակի զարկով,

Սակայն ո՛չ երբէք

Ուրախ ու զվարթ վերադարձողի քայլով կենսաթինդ.

- Դո՜փ-դո՜փ (գալի՜ս ենք)

Դը՛փ-դը՛փ-դը՛փ (եկանք)...

 

- Դէ, ե՜կ Վարդապետ

Մի խելագարվիր...

 

... Այնտեղ՝

Երկնաչու Սասնա լեռներում,

Ժայռեր ու ծերպեր մագլցելու մեջ

Ընկուզենիներն անգամ մրցում են իշայծյամի հետ՝

Նրանց ճյուղավոր եղջյուրների պես

Բուսնելով ժայռի մազոտ ճակատին...

Եվ այնտեղ

Սասնա սարում ու ձորում՝

Ծառի տերևին,

Փշերի վրա,

Մանանայի պես գազպեն էր ծորում,

Որ շինականը գար ու հավաքեր,

Սակայն... երկնային մանանան փոխվեց

Երկրային ահեղ մի պատուհասով...

Եվ հիմա այնտեղ՝

Հին Ծովասարի քարերի վրա

Գառնարած Դավթի երկաթ տրեխի թողած հետքերում,

Ինչպես խաղալիք - փոքրիկ գուռի մեջ,

Անձրևաջուրն է քմծիծաղ տալիս

Պաղ կիսալուսնի ներում ակնարկող բառերի վրա...

Սասնա վիպական Մարութա վանքում

Ուխտավորի տեղ բուերն են տնքում՝

Այս փուչ աշխարհի բանը խորհելով...

Ընկույզի վրա ընկույզն է փտում,

-Հավաքո՜ղ չկա...

Ոչխարներ վայրի ու վայրենացած

Բարձրիկ սարերից անվախ իջնում ցած,

Հասնում են մինչև Մշո բաց հովիտ.

-Կրակո՜ղ չկա,

Նույնիսկ գո՜ղ չկա...

Խմորի տաշտում ցնկնում է կատուն,

-Նկատո՜ղ չկա...

Եվ տանու կովեր,

Թեպետ մոռացած գոմեր ու մսուր,

Ըստ սովորության

Տանջվում են սաստիկ

Իրենց սափորված լեփլեցուն կրծից.

- Որ կթո՜ղ չկա, –

Եվ խուլ բառաչով քարերի չեչոտ ափին են քսում,

- Որ խտո՜ւտ չգայ...

Արջերն են լիզում Սասնա մանանան

Եվ փորկապ ընկած՝

Թավալ են տալիս հին տաճարների սուրբ խորաններում՝

Իրենց ոռնոցով Ձենով Օհանի տնազն անելով,

Էլ չե՜ն վախենում Սասնա ծռերի ուրվականներից...

 

- Դէ ե՜կ, Վարդապետ,

Եկ ու մի՛ ծռվիր...

 

Լուսաստղն այնպես պայծառ է շողում Նեմրութի վրա,

Ասես աստըղ չէ,

Սյլ մի պղնձե նոր կլայեկած թաս է հովվական,

Իսկ Կաթըն-Ծիրը

Օտարերկրացուն պարզապես ճերմակ մի ամպ է թվում...

Եվ հայի որդին,

Հրաշքո՛վ փրկված հայի խեղճ որդին

Օտար ճամբորդի իր անձնագրով

Եթե երբևե ոտքով համբուրի փեշը Սիփանա,

Թերևս պիտի Վահագնի ճամփան

Նո՛ւյնպես շփոթի ճերմակ ամպի հետ...

 

-Դէ ե՜կ Վարդապետ,

Ու մի ցնորվիր...

 

- Իջել է այնտեղ մի ծույլ լռություն սարդոստայնային,

Որ հորանջում է՝ ականջ դնելսվ,

Թե ե՞րբ կշտացած գայլերը գոնե պիտի զկրտան,

Ինչքան չլինի՝ ձայն է կենդանի,

Եվ որովհետև գայլը սակավ է հագեցած լինում,

Էլ ի՞նչ է մնում,

Թե ոչ մրափել

Քուն բերող «շարքու» նվագի ներքո

Երբ բախտը բերի՝

Տարվա մեջ մի օր

Այս բնակազուրկ վիլայեթը գան

Զաբիթ-ոստիկան...

Տարին մեկ անգամ մրափ հարուցող նվոցը «շարքու».

Ո՛չ Ծիրանի ծառ,

Ո՛չ Մոկաց Միրզա,

Եվ ո՛չ Փեսին գովք.

Չպիտի ծորայ Հորովել-ն այստեղ,

Ո՛չ Լուսնակն անուշ,

Ո՛չ էլ Կալի երգ.

Հայաստան կոչված անհայ աշխարհում

Չպիտի՜ հնչի հայ պարեղանակ,

Հայ երգ

Ու Խաղիկ...

 

- Դե ե՜կ Վարդապե՛տ,

Եկ ու մի՛ ցնդիր...

 

... Եվ գեշ գոմշի պես

Գիշերը պիտի ծանրորեն պառկի՝

Իր եղջյուրներին երկինքը պահած,

Ու լուռ որոճա մի կերպ կուլ տված նախճիր ու ոճիր,

Որ հեշտ չի մարսում անասունն անգամ...

Մութի թանաքը

Պիտի ողջ գիշեր եղեռնի մասին եղերերգ գրի,

Բայց առավոտյան թանձր թանաքը կը ջնջվի այնպես ,

Ինչպես... արյունը և Հարցը Հայոց...

 

Իսկ առավո՜տը...

Նա ամեն անգամ

Երեխայի պես աչքը կբացի միամտորեն,

Եվ ամեն անգամ այնպես կթվա,

Թե ոչի՜նչ-ոչի՜նչ կյանքում չի փոխվել.

Ուր որ է մայրը բակից ձայն կտա իր քնկոտ որդուն՝

Ցմփոր խնոցու շրմփ-շրմփոցը մի պահ կտրելով...

Եի գյուղի վրա նորից կալիքվի նախրի բաառաչը,

Այգիների մեջ ծովի հառաչը ծաղիկ կթափի

Ջուրը՝

Մարգերի փխրուն թմբերը մկան պես ծակած՝

Լորտուի նման առաջ կսողա...

Մոտիկ արտերից,

Առը շուռ տալիս,

Խոփը կփայլի հայելու նման,

Եվ շողքը կընկնի դրացու հարսի շարմաղ երեսին՝

Նրան մի վայրկյան ահաբեկելով,

-Ամա՜ն, այ ամա՜ն, –

Այդ ո՞ր ջահելն է սիրտ անում նրա դեմքին շողք գցել,

Իսկ թե իր մարդը իմանա՜ հանկարծ

-Ամա՜ն, այ ամա՜ն, –

Իսկ թե իր մարդը իմանա՜ հանկարծ՝

Արյու՜ն կթափվի...

Իսկ առավոտը,

Երբ ամեն անգամ աչքերը բացի,

Մի պահ խաբվելով երեխայի պես՝

Քիչ հետո արդեն նա իրեն կզգա հայի որբ մանչուկ.

Կուզենա կանչել,

Բայց ձա՛յն չի ելնի,

Կուզենա լացել՝

Արցունքներ չկան,

Կուզենա գոնե - վերջապես - մեռնել,

Բայց... մա՜հ էլ չկա,

Չէ՞ որ սերում է Փոքր Մհերի անիծված սերմից...

 

- Դե ե՜կ Վարդապե՛տ,

Ու մի խենթանա...

 

Մշո լայն դաշտում,

Ծայրից մինչև ծայր,

Անվերջ կը սուրա կարոտյալ քամին

Եվ մեն մի հատիկ երդիկ չի գտնի,

Որ դուրս պոռթկացող ծուխը խլելով՝

վայրի կատվի պես քինոտ գզգզի կծիկը նրա...

 

-Դե ե՜կ Վարդապե՛տ,

Եկ ու մի գժվիր...

 

Բյուրակն էր կանչում,

Օսմանցին եկավ

Եվ թարգմանելով, Բինգյոլ անվանեց.

Տաս հազար աղբյուր,

Տաս հազար լճակ,

Եվ հիմա... հիմա

Այդ տաս հազարն էլ մարդ են երազում,

Որ գա ու թեքվի իրենց ակունքին,

Իրենց ափունքին,

Իրենց հայելում իրեն տեսնելով՝

Ծարավը կոտրի՝

«Օխա՜յ» ասելով, –

Թե չե ի՞նչ աղբյուր,

Թե չե ի՞նչ լճակ,

Թե չե աղբյուր ես՝ լճակ կդառնաս,

Թե չէ լճակ ես՝ կդառնաս ճահիճ,

Կդառնաս տանը պառաված օրիորդ,

Մինչդեռ հարսնության առողջ բնազդը խտուտ է տալիս,

Մինչդեռ մայրական սուրբ հիվանդության

Նույնիսկ ծաղիկը ծեծելուց հետո

Քորը չի՜ անցնում...

 

Եփրատ էր կոչվում

Եվ... Մուրազ ասվեց,

Ջհանդամի գյո՜ռը, թող կոչվեր Մուրազ,

Միայն թե գետը գետություն աներ՝

Գերաններ տաներ,

Եվ ոչ թե դիակ,

Առվույտի խրձեր, կոճղեր ափ հաներ,

Եվ ոչ թե գանգեր, ուսեր ու թիակ...

Միայն թե գետը գետություն աներ.

Գեղջուկը բաներ,

Տնկեր ու ցաներ,

Գետն էլ իր ջրով մեկը տասն աներ,

Խոր քարափների ամայության մեջ

Նրա ջրերով աղորիք բաներ...

Բայց հիմա... հիմա

Էլ ի՜նչ վար ու ցանք,

Էս ի՜նչ բան ու ջանք

Եվ էլ ի՜նչ ջրտուք,

Էլ ի՜նչ ջրաղաց,

Ինչպես մտքի մեջ հասուն աղջիկն է տեսնում մատանի,

Գետն էլ կամուրջ է միայն երազում:

Ու... խեղճ Եփրատը կամուրջ է տեսնում... լոկ երազի մեջ...

 

-Դե ե՜կ, Վարդապե՛տ,

Մի՛ խելագարվիր...

 

-Քանի՜ ժողովուրդ Վանա լիճ ունի, –

Օտար գրքերում և օտար լեզւով

Օտար մարդիկ են այս հարցը տալիս,

Եվ ոչ թե Վանից զրկված Վանեցին,

Որ հար՛ց չի տալիս, այլ հաստա՛տ ասում,

-Էս կյանքում մեր Վան,

Էն կյանքում դրախտ...

 

Ա՜խ, Բիայնայի ու Բզնունիքի,

Տուշպա և Վանա սրտաձև՜ ծովակ:

Վարագա սուրբ սար,

Սիփան ու Նեմրութ

Իրենց ստվերը - ուռկանի նման - նետում են այնտեղ,

Եվ տառեխի տեղ

Որսում են գույներ, որ անո՛ւն չունեն,

Որ անո՜ւն չունեն...

 

Իսկ այգեստանի բույրերից արբշիռ

Եվ Արտամետի հոտերից գինով՝

Խոր քուն է մտնում քամին Ոստանում,

Այն խնձորենու հոծ սաղարթի մեջ,

Որի պտուղը թափահարելիս

Լսում ես նորից

Ձույլ կորիզների իրար զարնումը՝

Դեղին սաթերի հատիկների պես:

Փրկված Վանեցին այսուհետ միայն իր երազի մեջ

Կարող է լսել այդ ձայնը ծանոթ և օտարոտի...

 

-Եթե խելք ունես՝

Եկ մի թռցըրու...

 

Նույն Այգեստանում

Ու նույն Ոստանում

Եթե զարթնում է գինովցած քամին,

Ապա զարթնում է ծոցվոր ծառերից կաթող մրգերի

Թմփոցից միայն,

Եվ գինովցածի մոլոր քայլվածքով լճափ է նետվում,

Որ նրա ջրով քիչ զգաստանա:

Ու տաքուկ քամու մոտիկությունից

Լիճը – կնոջ պես – սրսփում է լուռ

Եվ, ամաչելով սուրբ Աղթամարից,

Մեղա է գալիս՝

Իր ալիքները ձեռքի պես մեկնած...

 

Ա՜խ, ալիքնե՜րն այդ,

Այդ ալիքնե՜րը...

Ձիգ ամիսներով ջուր ու օճառի երես չտեսած

Տավարածն անգամ

Թե մերկանալով մտնի Վանա ծով,

Իրեն լավ թրջի ու դուրս գայ ջրից՝

Կեղտի ո՜չ մի հետք.

Եվ մաշկը մեկեն թավիշ է դառնում՝

Անցուլ երինջի կռնակի նման...

Վանեցին ուրեմն օճառ չէր առնում

Եվ հարստացավ ա՞յդ դրամներով,

Թե՞ Շամիրամի դարավոր առուն

Այգիների մեջ,

Արտերի վրա,

Հանդում ու ձորում

Ոսկի էր փռում...

 

Ա՜խ, Վանա ծովակ...

Երբ մութն էր թառում Սիփանա գլխին,

Նեմրութի լանջին

Եվ ուղղահայաց քարափին Վանա, –

Ջնջելով անջինջ սեպագրերը, –

Ծովակի վրա երբ մութն էր թառում՝

Երկինքը համակ հեզ շուռ էր գալիս ջրերում ծովի,

Եվ ալիքների աշ######ժ խայտանքը չէր թվում ծփանք.

Կարծես թե ջուրը

Իր կաթսան ընկած շեկլիկ աստղերի հրից էր եռում:

Բայց աստղե՞րն էին բոցկլտում այնտեղ,

Թե՞ ազատվելու հուսահատ ճիգով

Լող էին տալիս հազա՜ր ու հազա՜ր Վանա կատուներ՝

Վառվող աչքերով,

Թե՞ ցոլում էին հազա՜ր ու հազա՜ր քարեր թանկագին՝

Շարժելով Վանա ակնագործների նախանձը անկուշտ...

Իսկ ամենից վերջ՝

Երկնի ջատագով Մեծ Արջը իր մեծ փլավքամիչով

Ցած էր կռանում,

Անծայր ճողփյունով թաքուն ներսուզվում Վանա լճի մեջ,

Որ... բազմացընի նրա լազուրով

Գոռոզ երկնքի գույները խամրած,

Սակայն... քամիչի ծակոտիքներից

Լազուրը նորից թափվում էր ներքև,

Եվ Վանա լճի համեմատութեամբ

Երկինքը դարձյալ խամրած էր մնում

Ու մի՜շտ կը մնայ...

 

Ա՜խ, Վանա ծովակ,

Բայց ախր քե՜զ ինչ երկնքի խամրելն ու չխամրելը,

Եթե քո շուրջը և քո քաղաքում

Ծնրադրել է խավարը խոժոռ՝

Աղոթարարի ջերմեռանդութեամբ,

Որ չհամենա, այլ հարատևի՛

Իր շողահալած իշխանությունը,

Իսկ քո հեռավոր-մոտավոր քույրը՝

Լիճը Սևանա՜...

 

Վարդապետ իմ խե՜ղճ,

Բայց և բախտավո՛ր,

Բայց և բախտավոր, որ չգիտէիր,

Թե իր սեփական արյունի գնով

Սևանա լիճը լույսեր պիտի տա ծերպերի՛ն անգամ՝

Հարուցանելով քարայծեամների դժգոհությունը և փռշտոցը.

Բայց և ո՛չ մի կերպ չկարողանա

Լույս տալ մթնախեղդ քաղաքին Վանա,

Վանա ծովակի խավար ափերին, –

Նրա հեռավոր-մոտավոր քույրը՝

Իր թանկ արյունը լույսի վերածած լիճը Սևանա...

 

- Դէ ե՜կ, Վարդապե՛տ, խեղճ ու բախտավոր,

Եթե կարող ես՝ եկ մի խեվանա...

 

- Համայն աշխարհում

Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, –

Ո՛վ էլ որ չասի՝

Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի

Ու կ'ասի՝ կարդա՛,

Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,

Իսկ Արարա՜տը...

Է՜հ անունը կա - ամանում չկա...

 

Վարդապետ իմ խե՜ղճ,

Բայց և բախտավո՜ր,

Բայց և բախտավո՜ր, որ չգիտէիր,

Թե հայ կորովի երիտասարդներ՝

Լեռնագնացներ բարձունքներ սիրող,

Մասիսի դիմաց կնստեն գնացք,

Որ գնան Կազբեկ,

Էլբըրուս գնան,

Լեռներ մագլցեն

Նույնիսկ հեռավոր սահմանի վրա հնդկառուսական,

Մինչդեռ Մասիսի լանջը կուսական

Մատնե՜ր է տենչում՝

Հայի տա՛ք մատներ,

Որ հպվե՛ն իրեն,

Իրեն գուրգուրե՛ն,

Իրեն ունենա՛ն...

 

Ու դեռ կան հայեր,

Որ հավատում են գոյությանն Աստծո,

Թող գիտությունը նույնիսկ պապանձվի՛,

Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝

Աստվածաշնչի սրբազան լեռը՝

Բախտո՜վ իր դժխեմ...

 

-Դե՜, մի թռցրու խելքդ Վարդապե՜տ...

 

Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր.

Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛,

Մեր նոր ու վերջին ոստանի առաջ,

Մեր հայրենաքաղց աչքերի հանդեպ,

Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն

Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜,

Մեր փակված վերքը նորից-նոր բանա,

Մագնիսի նման անվերջ ձգելով՝

Գեթ մոտիկանալ թույլ չտա բնավ...

 

Դե, ե՜կ Վարդապե՛տ,

Ու մի՛ խենթանա...

 

Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,

Քան թե կսկիծը որդեկորույս մոր:

Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ

Եվ սպանվածի դիակը դիտմա՛մբ,

Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝

Ո՛չ թե մի շաբաթ,

Այլ ձի՜գ տարիներ...

 

Դէ՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր...

 

Մեզ լավ է ծանոթ ծաղրուծանակը սյս հոգեխարտիչ,

Դա ծանոթ է մեզ քանի դար արդեն,

Մեր հայրենասեր թագավորներին ու հերոսներին

Այսպես պարսկական դահիճներն էին մորթազերծ անում,

Մեջը լցնելով դարման ու չոր խոտ՝

Խրվիլակ շինում

Ու բռնի դնում

Մորթազերծվածին պաշտողի առաջ,

Որ... սքանչանան իրենք իերենցով...

 

Արարատն – այսպէ՛ս – դրել են ահա Երեվանի դեմ...

- Դէ ե՜կ, Վարդապետ...

 

 

ՂՈՂԱՆՋ ՑՆՈՐՄԱՆ

 

Եվ Պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական

Նախ ցնորվեցին աչքե՜րը նրա

Եվ ապա մի՛տքը, Մի՛տքը տիրական...

Վայրի աղմուկի,

Խոլ աղաղակի,

ժխորի տեղակ

Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ. -

Գլուխը նրա,

Որ մի երկնային լուսատու էր ցարդ,

Հիմա փոխարկվեց մի մոլորակի.

Նույնն էր արտաքուստ,

Բայց ինչպէ՞ս, ինչպէ՞ս, ինչպէ՞ս էր նույնը,

Եթե լուսատուն... էլ լո՜ւյս չէր տալիս...

 

...Նա չհասցրեց զոհել Վարդանին

Գոռ Ավարայրի ճակատամարտում,

Եվ ինքը զոհվեց.

Ա՜խ, ո՜ւր էր գոնե Վարդանի նման,

Մեր խաղ ու տաղի զորավարն ուժեղ

Վախճան ընդունեց որպես նոր Մուշեղ,

Ում վերջին խոսքը նա գիտեր անգիր

Դեռ ճեմարանի առաջին տարուց,

-Բայց իբրև եհաս ինձ մահս վատթար,

Ո՛հ, թե՜ դիպյալ էր ի վերայ ձիոյ...

 

Մեր խարդախ բախտից՝

Նա չընկավ մարտում ու ձիու վրա,

Այլ զոհվեց անլուր դավաճանությամբ.

Մեր դժխեմ բախտից՝

Նա չըհասցրեց իր օպերայում

Թշվառ Անուշին խելացնորել,

Եվ ի՜նքը, ի՛նքը, ի՜նքը ցնորվեց...

Մեր դաժան բախտից՝

Սասնա ծռերին երգել չտված,

Նա ինքը դարձավ նոր Փոքըր Մհեր

Ու դեռ կենդանի՛, ո՜ղջ-ո՜ղջ զնդանվեց

Հոգեբուժարան – Ագռավաքարում...

 

... Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ,

Քեզ կորցընելու ցավից ահավոր

Աչքերս լիքը լաց ա... մրմնջաց,

Առանց խոսքերի և անեղանակ

Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,

Սակայն... անօգո՜ւտ:

 

Ով առուփախով, գաղթով էր փրկվել,

Անզորությունից կրկին մոռացած

Հայի անարդար Աստըծո հանդեպ

Իր քենը արդար՝

Երկնքին նայեց լուռ պաղատանքով,

Սակայն... ապարդյո՜ւն:

 

Ինչ եկեղեցի որ չէր ավիրվել,

Եվ ամեն տաճար,

Որ ժամերգվում էր դեռ հայ աշխարհում,

Պատարագիչի դողդողջ շուրթերով

Պահպանիչ ասաց՝ կյանքիդ ի խնդիր,

Սակայն... չփրկե՛ց.

Հայացքըդ կրկին անկենդան մնաց,

Գլուխդ որ ցարդ լուսատու էր մի,

Դարձավ մոլորակ՝ պաղած ու անլույս...

 

 

ՂՈՂԱՆՋ ԱՆԱՆՑ ՍՈՒԳԻ

 

Պոլսին մոտիկ Շիշլի գյուղում,

Երկու տարի զնդանվեց նա,

Որին մի ողջ ազգ էր պաշտում:

 

Բժշկո՜ւմ են...

Ի՞նչ են բուժում,

Ուղեղի՜ վէրք,

Մթագնած մի՜տք,

Որ մնում է թանձր մուժում...

 

Ովքեր նրա միտքը պաշտում

Եվ կորստին դեռ չեն հաշտվում,

Ուղարկում են նրան Փարիզ:

 

Փարի՜զ, Փարի՜զ...

 

Երկու տարի դեռ չի անցել,

Ինչ նա այդպես քեզ էր գալիս,

Որ իր ձայնով, սրինգ-փողով,

Որ իր մտքով, խելքով պայծառ

Գերեր մի ողջ Համաժողով:

 

Փարի՜զ, Փարի՜զ...

 

Հիմա դարձյա՛լ,

Վերստին է նա քեզ գալիս,

Ո՛չ հիացմունք հավաքելու,

Նա՝ մարմրող ու վիրավոր՝

Էլ թև չունի որ հաղթ սուրա,

Էլ հուր չունի որ հուրհրա...

 

Ո՛չ «բռավո»

Ծափուն «ուրա».

Եվ ո՛չ էլ «բիս»

 

Փարի՜զ, Փարի՜զ...

Գալիս է նա, որ միտք մուրա...

 

Փարի՜զ, Փարի՜զ...

Եղիր բարի՛,

Ի սէր Աստծո գթա՛ծ եղիր,

Այս ծուռ ճամփից նրան շեղի՛ր

Ու բեր շիտակ ճանապարհի.

Այնպէ՛ս արա, որ նա դարձյալ

Քեզ ողողի մտքով պայծառ,

Որ երգերով սիրտդ վառի,

Նվագի փող,

Շորոր պարի...

 

Բայց խեղճ Փարիզն ի՞նչ դեղ ճարի,

Ինչպե՞ս փրկի քո հանճարին,

Թե մեկնելիս նավի վրա,

Աշակերտներն իր սիրասուն

Ծաղկեփունջ են տալիս նրան,

Իսկ նա... նրանց բառ չի ասում,

Ոչ էլ ժպտում բարի՜-բարի՜,

Իսկ նա... փունջը չի հոտոտում,

Այլ - անտարբեր - ծովն է նետում՝

Պաղ հայացքը՝ սար ու քարին...

 

Տարվա հետքով սողաց տարին, –

Բուժում չկա՜ քո հանճարին...

 

Տարվա հետքով տարին գնաց, –

Եվ խազերը մեր հինավուրց,

Որոնց ամբողջ տաժանակիր քսան տարի

Նա մայրական իր ջանքերով

Անխոնջորէն ոտքի հանած՝

Քայլելու էր վարժեցըրել,

Դրել ուղիղ ճանապարհի, –

Նույն խազերը հիմա դարձյալ

Քար կտրեցին ու կոնդացան.

Ինչ արված էր երկար ու ձիգ քսան տարում՝

Չար մի հողմով ցրիվ եկավ քար ու սարում...

 

Տարիների ոտնահետքով

Նոր տարիներ վրա հասան.

Մեկ-տասնըմեկ՝ դարձան քսա՛ն:

 

Տարվա հետքով տարին գնաց,

Իսկ նա՝ մեռած անթաղ մնաց:

Քսա՜նի տարի անթաղ մնաց

Մի սո՜ւրբ դիակ,

Սուրբ ու միա՛կ...

 

Տարվա շունչը տարվա հևքին՝

Մեկը մեկից սկիզբ առան,

Իսկ նա՝ նման Զմրուխտ հավքին,

Նման հավքին մեր Հազարան՝

Ո՛չ գնդակված,

Ո՛չ էլ մորթված,

Այլ ճակատի բութ հարվածից ուշակորույս.

Քսան տարի լուռ թպրտաց՝

Գոնե...

Գոնէ չթողնելով հնարք ու հույս

Փարատելու մեր ցավը խոր,

Ավարտելու կոծն ու սուգը,

Մեր հոգու մեջ չորացնելու

Սանդեր փորող արտասուքը...

 

Քսա՜ն տարի մեռած-անթաղ.

Ե՛ւ մահացած, և՛ ողջանդամ

Մի սո՜ւրբ դիակ,

Սուրբ ու միա՛կ...

 

 

Անծանոթուհուն

 

Ես մտածում եմ.

Կանցնի մի շաբաթ,

Ու ես վերստին կտեսնեմ նրան,

Ում հանդիպեցի առաջի~ն անգամ,

Եվ մի – երկու բառ փոխանակեցինք`

Չծանոթացած:

 

Կտեսնեմ նրան

Ու կասեմ "դու"-ով.

 

-Թույլ տուր տամ մի հարց,

Բայց շատ եմ խնդրում,

Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:

Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,

Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,

Անվե~րջ – անդադա~ր ժպտացել:

Ինչու?:

 

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ ինձ ասես`

Ես գոհ կմնամ,

Իսկ եթե շիկնես`

Առավե°լ ևս:

Իսկ եթե շիկնես`

Կշարունակեմ.

-Երկու փոսիկիդ,

Որ կա երեսիդ,

Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել

Հմայքի ծովո~վ:

 

Ես նո°ր հասկացա,

Թե ոնց է լինում,

Որ հողագնդի կլոր կողերից

Ծովերը երբեք չեն թափվում ներքև,

Ու չեն դատարկվում այն փոսիկները,

Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...

 

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ որ ասեսէ

Ես գոհ կմնամ:

Միայն... միայն թե դու չնկատես,

Որ հանկարծ ես քեզ`

Անծանոթուհուդ,

Դիմել եմ "դու"-ով:

 

Թե չնկատես`

Ես այնժամ կասեմ.

-Դե~ , անունդ ասա...

ԽԵՆԹԸ

 

Ես նայում եմ իմ ձեռքերին,

Ա՛յնպես նայում,

Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:

Նայո՜ւմ-նայո՜ւմ,

Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,

Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:

Ու նրանց հետ խոսում եմ ես

(Նաև խոսո՜ւմ)

Եվ համարրյա նույն լրջությամբ,

Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,

Որովհետև... այս ձեռքե՜րը,

Միայն սրա՛նք,

Սրա՜նք պիտի լոկ վկայեն,

Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,

Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,

Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,

Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:

Այս ձեռքե՛րը,

Միայն սրա՛նք,

Սրա՜նք պիտի լոկ վկայեն,

Որովհետև...

Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,

Կարդացած վե՛պ,

Ուրիշ մեկի պատմած երա՜զ:

Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.

Տանջում եմ ինձ,

Չեմ ներում ինձ,

Ատում եմ ինձ,

Բայց... չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

 

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,

Ասես քեզնից ընդմիշտ պոկված,

Ուր նայում եմ՝ ինձ են նայում,

Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,

Այն Բախտի պես,

Որ դիցապաշտ հին հույներին

Հետևում էր ամբողջ կյանքում...

 

Անգամ դեմքդ չեմ հիշում ես...

Ու թե հիշեն՝

Միայ՛ն սրանք,

Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն

Ու վկայեն, որ դու կայի՛ր,

Որ դու եղա՛ր:

Իրո՜ք եղար:

Միայն սրա՛նք պիտի հիշեն

Քո ձևե՛րը,

Մա՛շկը, Հո՛տը,

Սարսո՛ւռը,-

Քեզ՝ ամբողջովի՜ն...

 

Ու չնայե՞մ իմ ձեռքերին

Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,

Որ դիտողը ինձ կարծի... խենթ:

 

Ու թե կարծի՝ կսխալվի՞...

Հագուստով ծնվածը

 

Գործս թողած՝

Ես քեզ համար

Ես հագուստներ եմ հորինում,

Որովհետև ես չգիտեմ,

Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:

Եվ գարունը՝

Այս նոր ու հին

Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,

Ի´մ պատվերով ու քե´զ համար

Ճորտուհու պես

Անձեռագործ կերպասներ է ձեռագործում

ՈՒ դիպակներ զանազան ու զարմազանան,

Եվ թվում է թե ընկել եմ

Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր

Ինչպես... ինչպես դեղատունը:

Եվ թվում է,

Թե քեզ համար շոր ընտրելը

Հեշտ է այնքա´ն

Որքան լեցուն դեղատնից

Սովորական դեղ խնդրելը,

Հե՜շտ ու դյուրին՝

Իր սեփական ազգանունը ասելու չափ:

Բայց... քիչ հետո հասկանում եմ,

Որ դա հեշտ է,

Ինչպես մարդու երկու աչքում

Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ :

Փորձե՞լ ես դու:

Հապա փորձի՜ր...

ՈՒ հիմա քեզ հագցնելու գործս թողած՝

Մտածում եմ՝

Որ կան կանայք

Եվ աղջիկներ կան աշխարհում ,

Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է

Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից...

Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ՝

Մերկ են քայլում նրանք կարծես:

Իսկ դո՜ւ...

ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու:

Դու ծնվել ես

Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ...

Սո սեփական ստվերն անգամ

Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝

Խորհրդապաշտ թիկնոցի պես...

Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք

Քեզ չի հասնում,

Իսկ հասնելիս՝

Քեզ դիպչելով ընկրկում է

ՈՒ վնասում

Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,

Իրե´ն գցում իր իսկ աչքից...

ՈՒրի՜շ ես դու:

Քոպեսներին սիրում են լոկ,

Միա´յն սիրում:

Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝

Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ:

Աշխարհին մաքրություն է պետք

 

Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝

Ա´յն հերոսների տխրունակ տեսքով,

Որոնք մեռնում են... անգործությունից...

Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ

Ճանաչում են լոկ մեկ տղամարդու...

Եվ կերպարանքով ա´յն տղամարդկանց,

Որոնք քայլում են գլխահարկ թեպետ

ՈՒ միայն իրենց ոտքի տակ նայում,

Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,

Իրենց լքելով՝

Թռչում է վերև,

Իսկ երբ հոգնում է՝ գալիս ճայի պես,

Թառում է մարդու ախտի և բախտի

Համաշխարհային օվկիանի վրա...

Մաքրությո՜ւն է պետք՝ ժպիտի´ ձևով,

Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,

Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:

Մաքրություն է պետք՝ ծիծաղի´ ձևով,

Որ ժայթքի մեր շուրջ,

Մեզ չհարցնելով՝

Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա

Առանց օճառի ու առանց ջրի...

Մաքրություն է պետք՝ տեսքով մեխակի´,

Որ հողը մեխի հողին՝ իրենով,

Եվ իր բուրմունքով սոսնձի նաև

Օդը հողի հետ ու մեզ էլ՝ նրանց...

Մաքրություն է պետք՝ տեսքով սոխակի,

Որ միայն իրե՜ն,

Լո´կ իրեն ծանոթ մի այբուբենով

Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք

Եվ պատասխաններ , թերևս ստանա,

Մեզ համար անհա´յտ, լո՜ւրջ պատասխաններ...

Մաքրություն է պետք

Եվ կերպարանքով, տե՜ս, ա´յն թռչունի,

Գլխարկը կարմիր -ինքը սև համակ

Հենց ա´յն թռչունի

Որ իր կտուցը երկինք է ցցել

Եվ աղոթում է

Անփափախ - անհոտ կարդինալի պես

Ո´չ թե մեր հոգու,

Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար...

Մաքրությո՜ւն է պետք...

Մաքրություն է պե´տք,

Որ քարերն անգամ

Ներքնապես զգան

Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,

Որ արտաշնչեն բույսերն էլ...արև՜

Եվ ո´չ թե միայն անտես թթվածին,

Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,

Ինչպես մեղեդին՝ վսեմ տաճարում,

Գույնը՝ հանճարեղ կտավի վրա,

Եվ խաղալիքը՝ մանկան ձեռքերին...

Աշխարհի՜ն ... մանկակա՜ն մաքրություն է պետք,

Եվ հենց ա´յն մանկան,

Որին ամեն օր աշխարհ են բերում

Նաև աշխարհի... անմաքուրնե՜րը,

Քանզի ... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...

ԿԱՐԾՈԻՄ ԵՄ

 

 

Ես կարծում եմ. երբ խ որ վերքից

Մարդ ժպտում է համառությամբ,

Այդ ժպիտը վերջ ի վերջո

Փոխարկվում է ծամածռության...

 

Ես կարծում եմ, երբ որ ջուրը

Վարարում է, ելնում ափից,

Թույլտրվություն չի վերցնում

Իրեն հսկող նեղ քարափից ...

 

Ես կարծում եմ. պաղն ավելի

Լավ ես զգում ամռան շոգին,

Դողն ավելի լավ ես զգում

Ձմռան բքին...

 

Հողն ավելի լավ ես զգում

Այն ժամանակ,

Երբ նա հանկարծ տատանվում Է

Քո ոտքի տակ...

ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ

Ես նախանձում եմ նրանց բոլորին,

Ովքեր ապրում են հավատով խորին,

Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,

Ում դեմ են ելնում, ում համար փայլում,

Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,

Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,

Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,

Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...

 

 

Բարի նախանձով նրան եմ հիշում,

Ով չի մոլորվում անթափանց մուժում,

Ով չի վհատվում երկար վերելքից,

Չի հուսահատվում վայրի տարերքից,

Ով ստի հանդեպ բերան չի փակում,

Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,

Չի նայում կյանքին իբրև բոստանի,

Որտեղից պիտի չաղ բաժին տանի...

 

 

Ես նախանձում եմ նրան, վերջապես,

Անհուն նախանձով նրան եմ հիշում,

Ով հոգում չունի նախանձի նշույլ.

Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին

(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,

Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...

Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,

Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,

Անբանն Է միայն նրան նախանաձում...

 

 

Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—

Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի...

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ

 

Գեղեցիկ չէր , ես էլ գերված – տարված չէի:

Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց:

Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք,

Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիորւց:

Հետո ... ինչպես եղավ ... ու տաքացա՛վ գինին,

Ու տաքացավ խո՛սքը , ու ... տաքացա~վ :

Ինչքան խմեցի ես ` ասաց «անու~շ լինի»,

Ինչքա՛ն խմեցի ես ` այնքան գեղեցկացա՛վ,

Այնքա~ն գեղեցկացավ ,որ չեմ հիշում հիմա,

Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման...

 

Հետո ,երբ դուրս ելանք ,թվաց ,թե նա

Շրջազգե՛ստ չի հագել,այլ ` փոթորի~կ:

Հետո ... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ ,

Հետո ... թոփորին այն փոխանցեցի նրան`

Իմ մատների միջով – միջոցով իր թևի :

Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,

Թավագլոր տարավ չգիտեմ ուր,

Բանալիով ջարդեց ինչ – որ մի դուռ ,

Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ `

Փոթորիկը պառկեց մահճակալին,

Հսկա~ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին,

Որպեսզի մի փոքր հանգստանա ...

 

Հանգստացավ ,երբ որ ... առավոտն էր բացվում ...

 

Հիմա , կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,

Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում `

Ո՛չ անկողնու վրա , այլ իմ ներսո~ւմ :Հիմա

Մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ `

Ինչպես ծառը ` հողում,

Ես ճոճվում եմ տեղում :

Մեջս սկսում են արմատ ձգել

եվ ծառայի՛ն մտքեր ,ծառի՛ մտքեր:

Ու ես ծառի նման չեմ կարենում լքել

Այն տեղը ,ուր տնկված եմ:

Հիմա ինչպե՞ս պոկեմ ,

Ինչպե՞ս ինքս պոկեմ ինձ ինձանից

Ու վեր կենամ գնամ .

Քայլող ծառի՞ նման ...

Սարսռում եմ

 

Սարսռում եմ

Հալվող-հալվող քո հպումից

Ու պաղ քամուց,

Եվ ա°յն մտքից,

Թե կարող եմ քեզ կորցնել…

 

Թրթռում եմ

Բաց աչքերով խարխափումից,

Փակ թշնամուց

Եվ այն մտքից,

Որ կարող եմ շատ շոյելուց

Թռչնակի պես քեզ մեռցնել….

 

Դողդողում եմ

Որդուս վրա,

Եվ քո սիրո,

Բախտի~ վրա իմ ժողովրդի….

 

Թփրտում եմ

Սրտի~ նման…

 

 

Խանդում եմ

 

Ես խանդու՞մ եմ :

 

Անկեղծ ասած ,թե ամոթ չէ,

Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ

Այդ ահավոր խանդ կոչվածը.

Իմ մեջ , գուցե,բնությունից

Ինչ- որ բան ` անտեսված է,

Ուրիշ մի բան` տնտեսված է:

 

Ընդհամենը գիտեմ լոկ այն,

Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ

Հավանաբար և խանդում են.

Բարկանում եմ – ոչ տևական,

Քմծիծաղում - անբնական,

Եվ … եղածը ես քանդում եմ:

 

Մեր խորտակված սերը վկա…

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈԻՄ

 

1

 

Ճանապարհների փոշիների մեջ

Դնում են կնիք նախարարական,

Մի կնիք,

Որին հաշվի չի առնում

Լոկ օրինազանց, քրեագործ քամին...

 

Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում

Մայթերին անկյանք...

 

Վստահություն են ներշնչում հողին,

Ա՛յն վաղընջական — հինավուրց հողին,

Որ չի կորցնի վստահությունը...

 

— Այդ... իմ քայլե~րն են։

 

II

 

Մի քիչ զարմանք են պատճառում մարդկանց,

Բայց ավելի շատ` անախորժություն...

 

Փակ դուռ բացելու սուր ճռինչ ունեն,

Հին դուռ փակելու ցավալի թակոց...

 

Ուրիշի շրթին պաղած են թվում,

Մինչդեռ այրում են իմ բերանը ` մի~շտ...

 

-Այդ ... իմ խոսքե~րն են:

 

III

 

Կանաչ մամուռից արցունք է ծորում,

Ծորում է դանդա՛ղ,

Ծորում է անձա՛յն

Ու մեղմիկ ճթթում

Այն քարաժայռի փոքրիկ սանդի մեջ,

Որ ինքն է փորել:

 

 

Ճթթում Է մեղմի~կ,

Իսկ իմ ականջում

Դա փոխարկվում Է ահեղ դղիրդի~...

 

-Անքնությո~ւնս Է։

 

IV

 

Հանկարծ զգում եմ ինձ ազատ - այնպե՛ս,

Ինչպես հովատակն` արոտում արձակ,

Ինչպես կրակը` վառվող անտառում...

 

 

Թվում Է՝ կյանքում ամե~նքն են խելոք,

Ամե~նքն են իրոք ամե~ն ինչ զգում...

 

 

-Այդ ... ես եմ երգում`

Միայն ի՛նձ համար:

 

V

 

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով

Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց,

Որ գեղեցիկ են՝ բարկացնելո՛ւ չափ...

 

 

Քայլում եմ այնպես դանդա~ղ-գլխիկ՚ո~ր,

Ասես փողոցն Է հանգուցվել ոտիս

Ու խճողում Է քայլքս, խճճում...

 

 

Արփին շողերի ցած մեկնած ճանկով

Գռուզ մազերս Է թերևս քաշում,

Որ վառի-ցնցի և ուշքի բերի,

Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ,

Ո՛չ այրուցք...

 

 

Արյունս այնպես դանդաղ Է հոսում,

Ինչպես հարթ հովտում գետը ծավալված,

Երբ չես էլ կարող հասկանալ կարգին,

Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն Է հոսում...

 

Մի բան եմ հիշում

Եվ կիսատ թողած՝

Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի...

Ինքս ինձ խղճում.

Ուզում եմ, որ ինձ

Մի փո~քր սիրեն`

Թեկուզ նպաստով...

 

- Այդ... ես եմ թախծում...

 

VI

 

Ետ-ետ են գնում պատերը հանկարծ,

Անվերջ հեռանում,

Դառնում հորիզոն,

Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում,

Որ եթե ուզեմ,

Որպես նոր կախարդ,

Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել

Նրա կապույտը՝

Խմորի նման...

 

 

Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ,

Բայց ինձ չեն կպչում,

Ինչպես ձկանը՝ ջուրը օվկիանի...

 

- Իմ... լռությո՛ւնն է

 

VII

 

Լռին շրթերս մի բույն են դառնում,

Ուր թուխս է նստում քմծիծաղն ինքը...

 

 

Նայում եմ, սակայն ոչինչ չեմ տեսնում,

Ու թե տեսնում եմ՝

Միայն ինքս ինձ...

 

 

Վաղուց այր հասուն՝

Զգում եմ հանկարծ,

Որ ես տակավին հասակ եմ առնում,

Ինքս մի գլխով բարձրանում ինձնից...

 

 

Վստահությունը ստվերս է դառնում

Կամ առաջնորդս։

 

 

-Արհամարհա՛նքս Է։

 

VIII

 

Երդիկի նման՝ բաց են աչքերս,

Բերանս Է բացվում՝ մի լայն դռան պես,

Բայց նա — ծխի պես- մնում է ներսում

Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս...

 

 

Ճչում Է, սակայն... ինչպես քնի մեջ.

Ճիչը դառնում Է մի խուլ փնթփնթոց ...

 

 

Եվ ի~նչ թափով Էլ ինձնից վեր նետեմ`

Նա — քարի նման – ներքև է ընկնում ...

 

 

Ու նմանվում Է մի չեղա՛ծ թվի,

Որ չի բաժանվում այլ թվի վրա...

 

-Այդ... իմ տանջա~նքն է:

 

IX

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր,

Իմ հոգսը թողած՝

Հոգում ձե~ր համար...

 

 

Լվացարարի տենդով են այրվում.

Ուզում են մաքրել աշխա~րհը համայն...

 

 

Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ,

Այնքան գազազում ու պոկ չեն գալիս`

Մեղրի հոտ առած մեղուների պես...

 

 

Միաժամանակ պահակ են ու գող,

Միաժամանակ ծառա են ու տեր,

Միաժամանակ իմն են ու ձերը...

 

–Այդ ... իմ խոհե՛րն են:

 

X

 

Ինչպես խարույկը լույս է շաղ տալիս

Եվ անջատատում է գույն ու ջերմություն,

Այդպես Էլ ինձանից պոկվում է ծիծաղ,

Թափում է ժպիտ,

Եվ բարություն է կաթկթում անվերջ

Իմ դեմքից,

Նաև հագուստի~ց անգամ...

 

 

Ինքս վերստին ինձ եմ նմանվում

Ու ճանաչում եմ կրկին ինքս ինձ.

Զգում եմ, որ ես իմ հորն եմ քաշել,

Եվ ինձ չի եղծել կյանքը ոչնչով...

 

 

Որտեղ էլ լինեմ`

Իմ տանն եմ զգում,

Եվ բաց է սիրտս`

Հեռագրատան դռների նման...

 

 

Համբույրի պես է նայվածքս ջերմին,

Խոսքս` համբույրի շարունակություն,

Որից կարող են ... մանուկնե~ր ծնվել...

 

-Այդ ... ես եմ ուրա՛խ:

 

XI

Նա թարգմանիչն է ձեր այն (ինչերի՞),

Որ չեն հասցրել անգամ մի՛տք դառնալ,

Այլ ընդհամենը շարժում են հոգու,

Խաղ են մկանի

Կամ արյունի եռք...

 

Նույն ինքը նա է,

Որ լաց է լինում

Խաղալիք ուզող ձեր երեղայի

Անմեղ աչքերով,

Եվ ժպիտ դառնում

Ձեր նորածնի երեսի վրա...

 

Թեպետ չգիտի ճամփան էլ ձեր տան

Եվ ո՛չ մի անգամ չի եղել այնտեղ,

Բայց ձեզ այնքան է բարեկամ ներքուստ ,

Որ նրա վրա նույնիսկ չի հաչի

Ձեր զգոն շունը...

 

Նա ձեր փոխարեն

Ձեր երազներն է տեսնում քնի մեջ...

 

- Այդ ... ե~ս եմ որ կամ:

ԹԱԽԾԻ ԵՐԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ

 

Քայլում եմ այնպե՛ս,

Ոտներս կարծես լինեն ուրիշինը,

Այնպե՛ս կանգ առնում,

Ուրիշն է կարծես կանգ առնում այստե՛ղ`

Այս քաղաքային լճակի առաջ,

Ու նայում այնպե՛ս,

Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում։

Եվ այս վիճակը տևում է այնքան,

Մինչև որ հանկարծ

Մի ժանիքավոր-գիշատիչ քամի

Վրա է ընկնում

Ու քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով։

Եվ ջուրը կարծես չի՛ լալիս անգամ.

Ջուրը տենդո~ւմ է...

 

...Միի ժանիքավոր թախիծ Էլ հիմա

Մխվել Է իմ մեջ, ինչպես անձավում,

Եվ հոշոտում Է իմ էությունը։

 

Ա~խ, փախստական իմ Էությունը պետք Է ե՛տ բերել,

Մի կերպ ե՛տ բերել, թեկուզ խաբելո~վ,

Թե չէ դատարկված իմ քարանձավում

Ամայությունն է զկրտում անվերջ,

Թե չէ արթնացած իմ չղջիկներն են աչքերիս զարկվում,

Իրենց լպրծուն թևերով կախվում իմ թարթափներից,

Իբրև գորշ կաթիլ հոգու արցունքի`

Ա՛յն համաչափված կաթոցքի ձևով,

Որ ընդամենը լոկ քա՛ր չի ծակում,

Այլ համր և խուլ վայրկյաններին էլ պարգևում է ձա~յն

Եվ դրանով իսկ կետադրում Է անտրոհ օրը.

- Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ...

 

Ու եթե կետն ու գիծը միացնենք,

Դու ի՞նչ ես կարծում,

Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա,

Որպեսզի... կրկի՛ն եղածը լինի

Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ։

Մի՛թե այս «միթե» -ն

Չի ծլարձակվում ո՛չ մի բարությամբ։

 

ՉԷ՛,

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

 

-Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ,—

Օտար մի ձեռք է կարծես միացնում կետն ու գիծը իրար

Եվ դրանով իսկ չափում է մի կերպ

Զսպանակաձն թախծի... մոտավո~ր երկարությունը...

 

Ու ես զգում եմ ճառքագայթների ճնշումն ինձ վրա

Եվ ծանրությունը՝ բիբերիս խորքում։

 

Ու ետ դառնալով քայլում եմ այնպե՛ս,

Ոտներս կարծես լինեն ուրիշին,

Նայում եմ այնպե՛ս,

Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում.

Ու եթե թախծում՝

Ուրիշի~ սրտով...

 

Նույն ժանիքավոր-գիշատիչ քամին՝

Հոշոտված լճի դիակը լքած,

Իր մագիլներն է խրում գչխիս մեջ,

Նաև թիկունքիս,

Եվ չի՛ հասկանում,

Որ իմ գլուխը իմս չէ բնավ,

Եվ ուրիշինն է թիկունքս նաև...

Մանուկներն այստեղ խաղում են գնդակ,

Մանուկներն այնտեղ գնում են դպրոց,

Մանուկներն անվերջ երթն են խանգարում

Նախրի պես անցնող մեքենաների

Եվ մի մոլորվա՜ծ-շվարա~ծ քեռու,

Որ քայլ Է փոխում ուրիշի՛ ոտքով,

Եթե նայում Է՝ ուրիշի՛ աչքով,

Եվ մտածելով գլխո՛վ ուրիշի՝

Առայժմ այն Է հասկացել միայն,

Որ երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ,

ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

 

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:

Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն...

 

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք)

Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,

Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում

Եվ քո գունազարդ քնի փոխարեն

Անքնություն է փռում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով

Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին

Շոյանքի սովոր քո մազերի մեջ

Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .

Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի

Նմանությունը հեռու – մոտավոր

ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,

Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,

Ինչպես լույսերի վետվետումներից

Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն է ասես թթվում

Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,

որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,

Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին

Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու

Խնդիր չե~ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-

Մի՛շտ ,ամե~ն անգամ պաշարում է քեզ

Նույն զգացումը անճեղք ու անդուռ,

Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,

Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն,

Քանզի կա մթին մի կախյալություն

Ջղի և արյան ,հոգու ու կրէի .

Քանզի նշանը հանման – գումարման

Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,

Բայց բա՛խտը,

Բա՛խտը,

Բա~խտն է մեզ ընտրում ...

 

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին

Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն ...

ԲԱՐԵՎ

 

-Բարև,-

Մեկ հատիկ այս բա՛ռն եմ ասում՝

Կնքված անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման,

Կամ՝ հարցաթերթիկ լրացնելու պես:

Եվ կուզենայի՛,

Շա՜տ կուզենայի,

Որ այս բառն իրոք դառնար անձնագիր

Աշխարհու՛մ համայն

Ամենքի՛ համար:

Եվ կուզենայի՛,

Շա՜տ կուզենայի,

Որ նմանապես այս բառը լիներ

Նոր և իրական մի «Բացվի՛ր Սեզամ»:

-Բարև՛,-

Ասեիր գնացքին,

Նավին

Կամ օդանավին

ՈՒ ներս մտնեիր.

«Բարևդ» իբրև տոմսակ ընդունվեր:

-Բարև՛,-

Ասեիր կնոջն անծանոթ,

ՈՒ նա քեզ սիրեր հենց նու՛յն վայրկյանին:

Կամ ներումնահայաց ժպիտով ասեր,

Թե բարևե՜լ են քեզանից առաջ:

-Բարև՛,-

Ասեիր, և պարզ երկինքը

Իսկույն անձրևեր, եթե պետք է դա:

-Բարև՛,-

Ասեիր լռակյաց հողին,

Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:

-Բարև՛,-

Ասեիր մահի՛ն էլ անգամ,

Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով

Ինքը շտապե՛լ, շա՜տ է շտապել...

-Բարևը- դառնար իրական ու նոր մի ..... «Բացվի՛ր Սեզամ»:

Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր

-Բարև՛,-

Նա էլ միգուցե հենց նույն վայրկրանին

Խաղալիք դառնար մեր մանկան համար,

Եվ մի այնպիսի կարգին խաղալիք,

Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում:

Այսպես է ոձը՝ ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,

Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,

Կախարան դառնար եղջերուն վայրի,

Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,

Մարդն էլ՝ Մա՛րդ իրոք...

Անկարելի բան աշխարհում չկա՜.

Եթե աշխարհում իշխում է բարին,

Որ մեր բերանում դարձել է

-Բարև՛.

ՈՒրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման

Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝

-Բարև՛,-

Քե՛զ

ՈՒ

Ձեզ,

Ծանո՜թ-Անծանո՜թ իմ սիրելիներ:

Թող անկարելին դառնա կարելի

Աշխարհու՛մ համայն,

Ամենքի՛ս համար,

Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,

Դառնա կարելի մե՛կ բառով.

-Բարև՛...

Ձյունը

 

Սիրում եմ ես ձյունը:

 

Սիրում եմ ես ձյունը,

Երբ նա իջնում է

Անտես երկինքներից այս մայթերին,

Եվ մեծաքա~յլ , դանդա~ղ դու շրջում ես,

Ինքդ էլ չիմանալով անրջում ես

Այն, ինչ կյանքով վեհ է և անթերի:

 

 

Սիրում եմ ես ձյունը:

 

 

 

Երբ նա իջնում է ,

Դու հիշում ես հանկարծ

Անցած տարիներիդ խայտանքը մանկական,

Եվ քաղցրորեն սիրտդ քեզ տանջում է:

Դու հիշում ես հանկարծ

Երբեք չմոռացված այն աղջկան,

Որի թարթիչներին իջած ձյունը

Լսելի է դարձել սրտիդ բաբախյունը…

 

Սիրում եմ ես ձյունը:

 

 

Երբ նա իջնում է,

Ինքդ էլ չիմանալով` անրջում ես,

Որ գալիքը, վաղը,որ ապագան

Քեզ չտեսած անգամ`

Ճանաչում է,

Եվ հաճույքից սիրտդ խենթորեն ուռչում է.

Քաղցր է թվում ,որ դու

Այս կյանքում չես ծնվել օրապակաս,

Որ ապրում ես,որ կաս,

Որ շնչում ես….

 

 

 

Սիրում եմ ես ձյունը:

Երբ նա իջել է,

Երբ իջել է նաև լռությունը,

Եվ մեծաքայ~լ, դանդա~ղ, լուռ շրջելով,

Դու զգում ես նրա փխրության վրա

Քո մարդկային մարմնի ծանրությունը:

Լավագույնը

Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,

Փակ աչքերովն է:

 

Իսկ լավագույնը երազանքների`

Բաց աչքերովը:

 

Լավագույն երգը

Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

 

Լավագույն խոսքը

Լռության խորքում լռին ասածն է:

 

Լավագույն ազգը այն է, երևի ,

Որ չի կամանեում հսկա կայսրություն:

 

Լավագույն հավատն այն է, որ երբեք

Չի դառնում կրոն:

 

Լավագույն դիմակն այն է, անակասկած,

Որ կոչվում է դեմք:

 

Լավագույն դերը`

Վատ խաղացվածը:

 

Լավագույն սերը `

Կիսա~տ թողածը:

 

Լավագույն տանջված ու տառապածը

Վարդն է<երգերու>:

 

Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~>

Մարդն է երևի:

 

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>

Ներեցեք... ես եմ...

ԵՐԱԶՈԻՄ ԵՄ

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցնեմ

Ու Հետս առած՝ ղաչաղ դառած՝ թեզ թռցնեմ

Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,

Եվ ինչ ուզես՝ գտնեմ անգամ քարի~ տակից.

Թե սոված ես`

Կերակըրեմ եղնիկների համեղ մսով,

Թե ծարավ ես՝

Քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,

Թե դրսում ես՝

Պալատ դառնամ հանկարծակի,

Թե մրսում ես՝

Կրակ խլեմ և կայծակից,

Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,

Խարույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,

Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ...

 

Բայց ես հիմա այն պատանի տղան հո± չեմ։

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն։

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.

Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ

Ու նվագեմ։

Չնվագե~մ, այլ սար ու քա՛ր լացացընեմ։

Եթե ինչ֊ որ տեղդ է ցավում,

Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո~վ...

Մի հինավուրց քարանձավում,

Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,

Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ

Եվ բոլորր.., ե°ս վերծանեմ...

 

Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ

Եվ ի~նչ — գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...

Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ

Մթնոլորտը մեկ այլ օդով թարմ ացընեմ...

 

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,

Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,

Գրեմ վեպե՛ր,

Եվ ի~նչ վեպեր...

 

Հասակս աոած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի

Ես վերստին դաոնամ ջահել

Իբրև հայտնի մարմնամարզիկ,

Մրցանակներ անվերջ շահեմ.

Թե դեո պիտի չեմպիոն դաոնամ ես շախմատի

Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,

Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.

Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ`

Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,

Էլ չպիտի ուրիշներով տարվեմ —գերվեմ...

Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ...

 

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե±ն։

Եմ կարող եմ պատասխանել այդ հարցի°ն էլ.

 

— Միայն մեկը

և - վերջինը..

ՄԻՋԱԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Ես՝ Հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,

Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրի

Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա...

 

Ես՝ բառերի խոշորածախ վաճառորդըս,

Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,

Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս

Չե~ն հարցնում թույլտվություն,

Տեղ չեն խնդրում իրենց համար։

 

Իսկ խոսում ես... հազա~ր ու մի դատարկ բանից.

Թե չես սիրում ձմեռ ու թութ,

Թե պաշտում ես լեռ ու ամառ,

Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,

Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,

Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,

Թե,., վերստին ետ ես դառնում շոր ու կարին

Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան §հնգեր¦

Եվ ...չես զգում,որ –հրաշքո~վ- տասը տարին

Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր Է ընկել։

 

Ու չե~մ զգում...

Շարունակում ես բլբլալ,

Ծիծաղում ես դատարկ բանից,

Դատարկ բանից պատրաստ ես լալ.

Հարց ես տալիս,

Զարմանալի հստա~կ հարցեր

Եվ մեջընդմեջ... պաչպչում ես,

Պաչպչում ես այնպես, կարծես

Քո հապշտապ բլբլոցն ես կետադրում...

 

Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,

Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում՝

Երկարատև~ - շարունակվո՛ղ մի համբույրի:

Եվ չգիտես,

Որովհետև թեպետ արդեն տասը տարին

Մեկ վայրկյանում ուսերիցս վայր Է ընկել`

Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,

Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.

Համբույրի և պաչի միջև

Դեռ դնում եմ տարբերություն...

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

 

 

Եվ սկսվում եմ կարծես

Ու գալիս եմ այնտեղից,

Ուր շողերը տակավին բազմագույն են,

և որտեղ

Քամիներն են գոյանում...

 

Կորցրեցի և գտա...

 

Ու ձեռքերըս համրացած

Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...

 

Եվ հավատում եմ նորից,

Որ այս անգամ ես ու դու

Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`

Մի°շտ խոսելով նո°ւյն լեզվով...

 

Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։

Ես հիմա,

Արդեն հոգնած, բայց հանգիստ՝

Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,

Մանկան նման անխռով...

 

Ու դեռ եթե չեմ քնում,

Ապա լոկ այն պատճառով,

Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ

Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո~ղջ կյանքում.

Խոսել առանց որևէ բաղաձայնի՝

ղողանջել

Համատարած — համասփյուռ ձայնավորո°վ միմիայն...

 

Ու ժպտում եմ ես կրկին,

Ու բարի եմ ես այնքան,

Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,

Որին հարց են երբ տվել,

Թե ինչո±ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,

Պատասխանել է այնպես.

Կարծես թե ես եմ հուշել,

- «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ¦...

Եվ այս բոլորը՝

միայն

Երկու բառի շնորհիվ.

-<Կորցրեցի > և <գտա>...

Անուղղելին

 

 

Ես զբաղված եմ քո պակասները լրացնելով,

Արբունքահասիդ նորի°ց ու նորի~ց վերածնելով:

 

 

Ամենից առաջ `անունդ եմ փոխում. օտա°ր մի անուն,

Իսկ ինքդ` այքան հա~յ ու հարազա°տ:եվ չեմ հասկանում,

Թե այսքան տարի ինչպե±ս ես եղել դեռ անչափահաս,

Եթե ես վաղու~ց սպասել եմ քեզ ա°յս տեսքով ահա:

 

 

Հետո ` ուզում եմ ուզացս անես առանց իմ խոսքի:

Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից

Ու տան~լ –տանե~լ , իմ տանջված – խանձված երեսին կապել:

Ուզում եմ նաև մատներիտ տեսքով նոր մոմեր թափել,

Այսինքն ` լապեր, որ պիտի լույս տան գիտե±ս մենակ ում.

Լոկ սիրողների~ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

 

Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,

Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,

Մեջքդ թողնում եմ այնպես, ինչպես կա,

Իսկ ամբողջ մարմնիդ` մի~ քիչ լիքություն:

 

Փոխում եմ նաև...Շա~տ բան եմ փոխում ու սրբագրում.

Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:

Շա~տ բան եմ ուղղում , շատ ու շատ բան էլ դեռ ուղղե°մ պիտի,

Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու ...լոկ քո ժպիտին:

 

Ա~խ այդ ժպիտը, այդ անուղղելի°ն, որով ժպտալիս

Քո եղած - չեղած պակասներն են դու մոռանալ տալիս...

ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ...

 

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ

Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ։

Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,

Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան։

 

Պտտեցնում եմ մատլս և... փոխարեն թելի

Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :

Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,

Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս

Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

 

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում...

 

Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով

Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝

Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

 

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,

Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,

Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով...

 

Ու ես մտածում եմ, որ հիրավի

Ժամացույցից պիտի շինել շաքար

Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում ։

Իբրև անքնություն փարատող դեղ։

Եվ հայելուց... պիտի կոշի~կ կարել,

Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

 

Իսկ սեփական անձի արտացոլման համար

Ձեզ հայելի պե՞տք է։

Ինձ Հայելի պետք չէ։

Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,

Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`

Ծառաբնի՛ վրա,

Քո ափի՛ մեջ,

Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...

ԱՐՇԱԼՈՒՅՍԻՑ ԱՌԱՋ

 

Արշալույսից առաջ քունն ավելի խորն է։

 

Նահանջած են լինում մղձավանջներն արդեն:

Օդը երագներ է տեղափոխում,

Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես`

Ծնված տրամայի զրրնգոցից մրսկան,

Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից,

Թարմ բուրմունքից հացի,

Որ լուռ թևավորվում

Եվ փակ մեքենայում Էլ չի~ տեղավորվում։

 

Հիմա հավատում են երազներին

Շատ քչերը կյանում:

Ես նրանց մեջ չկամ։

Եվ քանի որ չկամ՝

Ինձ խղճում եմ

(Նախանձելի բան չէ խելքի գալը)...

 

...Արշալույսից առաջ քունն ավելի խորն Է,

Բայց մոտիկ է նաև արթնացումը:

— Կբացվի նոր մի օր՝

Ինչպես աչքակապը

(Մանուկ հասակում են պահմտոցի խաղում)։

Կբացվի նոր մի օր՝

Ինչպես վիրակապը

(Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն):

 

 

Ու եթե խոր վերքն է սպացել արդեն,

Արժի՞ արդյոք հիմա,

Արժի՛ ասել արդյոք,

Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,

Բայց դրանից միշտ էլ կրճատվում է մաշկը...

Սարսռում եմ

 

Սարսռում եմ

Հալվող-հալվող քո հպումից

Ու պաղ քամուց,

Եվ ա°յն մտքից,

Թե կարող եմ քեզ կորցնել…

 

Թրթռում եմ

Բաց աչքերով խարխափումից,

Փակ թշնամուց

Եվ այն մտքից,

Որ կարող եմ շատ շոյելուց

Թռչնակի պես քեզ մեռցնել….

 

Դողդողում եմ

Որդուս վրա,

Եվ քո սիրո,

Բախտի~ վրա իմ ժողովրդի….

 

Թփրտում եմ

Սրտի~ նման…

Խանդում եմ

 

Ես խանդու՞մ եմ :

 

Անկեղծ ասած ,թե ամոթ չէ,

Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ

Այդ ահավոր խանդ կոչվածը.

Իմ մեջ , գուցե,բնությունից

Ինչ- որ բան ` անտեսված է,

Ուրիշ մի բան` տնտեսված է:

 

Ընդհամենը գիտեմ լոկ այն,

Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ

Հավանաբար և խանդում են.

Բարկանում եմ – ոչ տևական,

Քմծիծաղում - անբնական,

Եվ … եղածը ես քանդում եմ:

 

Մեր խորտակված սերը վկա…

Պարույր Սևակ

Մարդկության կյանքը, ինչպես բոլորս էլ գիտենք, դրսևորվում է ամենից առաջ սերունդների հերթականությամբ, ըստ որում ամեն սերունդ մեռնելով չի կորչում, այլ դառնում է հաջորդ սերնդի համար «ոտի տեղ»՝ այն. իմաստով, ինչ իմաստով մեր ժողովուրդը գործածում է «ոտը տեղ բռնեց» դարձվածքը: Այս պատճառով էլ (կամ՝ այս բանի շնորհիվ էլ) մարդկության բազմադարյան մշակույթը կարելի է նմանեցնել օվկիանոսային այն կղզիներին, որոնք կոչվում են Կորալյան կամ Պոլիպյան և որոնք, ինչպես գիտենք, գոյացել են ջրային նույնանուն կենդանու կրաքարային կմախքից, կմախքի վրա՝ նոր մի կմախք, կմախքների վրա՝ նոր կմախքներ - մինչև որ ծովի մթին հատակից բարձրանա մի նոր կղզի՝ ծովի անեզրության մեջ։

Ես չգիտեմ՝ օվկիանոսներում հիմա է՞լ է շարունակվում Կորալյան կամ Պոլիպյան կղզիների գոյացումը, բայց անկասկած է, որ մշակույթի օվկիանոսում շարունակվում է ու պիտի շարոււնակվի նույն այդ լինելությունը՝ կոչվելով սերունդների հերափոխություն։

 

 

 

 

**********

Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածերլակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով— և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն, ըստ որում արվեստի բնագավառում կատարվող հեղափոխություններն Էլ չեն լինում անարյուն, եթե հիշենք արաբական իմաստուն այն առածը, ըստ որի «արյունն ու թանաքը նույն գինն ունեն»։

 

 

********

Կարելի է վիճարկել ամեն մի աֆորիզմ, ամեն մի առած ու ասացվածք, այդ թվում՝ նաև հայերի «երկու բարին մեկտեղ չի լինում» իմաստուն խոսքը։ Կարելի է վիճարկել, քանի որ երբեմն «երկու բարին մեկտեղ լինում է»: Արվեստի պատմությունը նման երջանիկ դեպքերում «երկու բարին» կրողին անվանում է «մեծ», «բարիների» շատության դեպքում՝ «հանճարեղ»։ Բայց ընդհանրապես, դժբախտաբար, իրոք որ «երկու բարին մեկտեղ չի լինում» , ուրեմն և պետք է ճանաչել սեփական տաղանդը և աշխատացնել շահավետորեն: Հակաոակ դեպքում «մեծի ետևից ընկնողը փոքրն էլ է կորցնում»...

Պարույր Սևակ

********

Ասելիք (որ չունեն շա~տ-շատերը), և ասելու կարողություն (որ պակասում է շատերի~ն),— երկու մեծ դժվարություն, որ անկարելի է հաղթահարել կամքի կամ գիտակցության ուժով, եթե չլինի բնածին օժտվածությունը կամ ներքին կարողությունը։ Դեռևս պակասում է, տակավին թերատ է միայն մի բան՝ ամեն ինչ յուրովի ասելը։

 

 

**********

Մեկ անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությանը և ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում։ Անարդարությունն սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի՝ ողջակիզում է նրա դին։ Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են... թանաք։ Այն օրից ի վեր,— եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,–Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ...

Առայժմ երկրագունդը դժվար թե գոռա. «Ոչ, նա ապրում աշխարհում»։ Ուրեմն և գիրք գրողներն էլ չպիտի մոոանան, որ Արդարության մոխրե թանաքով չակերտավոր թե անչակերտ, մակդիրավոր թե անմակդիր սուտ գրելը առնվազն անբարոյականություն է...

«Գեղեցիկ սուտ»–ի սուտ տեսությունից բխում է մեկ ուրիշ հորդահեղուկ չարիք էլ՝ այսպես կոչված «պարզությունը»։

Ձգելով–ձգձգելով մենք «պարզ»–ը հոմանիշ դարձրինք «հասարակ»–ին, ինչպես որ, շա՜տ ափսոս, «հանրության» տեղն էլ գրանցվեց « հասարակություն»-ը։ Բայց պարզը հասարակ չէ։ Պարզ նշանակում է մաքուր (վկան՝ պարզաջրելը, պարզերեսը, պարզկան՝ իրենց ողջ շքախմբով); Իսկ «մաքուր»–ն ու «խոր»–ը, «հստակ»–ն ու «խորունկ»–ը ոչ թե ազգակից են, այլ մերձավոր արյունակից։

Գրողի գերագույն նպատակն է լինել պարզ, բայց ոչ հասարակ։ Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակաթյուն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Ուստի և գրողը կարող է ունենալ բազում ատելի բառեր, բայց ամենից աոաջ ու հետո պիտի ունենա մեկ անընդունելի բառ, որ է հասարակը։

*****

 

Ավանդական նման է արյան, այլ բառով ասած՝ ժառանգականության։ Դա մեզնից անկախ և մեր մեջ գործող մի այնպիսի օրենք է, ինչպես որ ժառանգականությունը ։ Եվ դրա ժխտումը հավասարազոր է կոպերով ընկույզ ջարդելուն։ Ու եթե այսպես է՝ էլ ինչո՞ւ այսքան ուժ ու եռանդ ծախսել, այդքան ջուր ու արյուն պղտորել՝ գոռալով ավանդականի մասին։ Ո՞ր որդին (այդ թվամ նաև բիճը) չի քաշում իր հորը կամ քեռուն՝ նույնիսկ հակառակ իր ցանկության։ «Կա»–ն պետք չունի հաստատման և այն էլ դատարանի վճռով։

 

 

Պարույր Սևակ

Ամեն զավակ կա՛մ իր հորն է քաշում, կա՛մ քեռուն։ Այս ավանդականն է։ Բայց ամեն զավակ էլ տարբերվում է իր և՛ հորից, և՛ քեռուց։ Այս էլ՝ Նորը։

 

*******

 

...Բա~ռը։ Նա նման է նորահարս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն։ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին, այդ պատճաոով էլ սիրում է ինքը բառը։

Բանից պարզվում է, որ տներ են շինում նաև... աղաքարից (Սահարայի Տեգազի քաղաքում, որովհետև դա աշխարհիս ամենաչորային վայրն է, և աղը անձրևից հալվելու վախ չունի)։ Բայց այս հեքիաթանման իրողությունը մեզ համար պարզապես նշանակում է, որ... ամեն բառ իր գործածության տեղը պիտի ունենա...

****************

Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել սրա կշիռը և ոչ թե բեռը, պահել սրա արժեքը և ոչ թե գինը, ունենալ սրա հարստությունը և ոչ թե ապրանքը, լինել նրա սնունդը և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ասորտիմենտը,— այլ կերպ ասած՝ դրսևորել ժամանակի ոչ թե արտահայտությունները, որոնք չեն կարող անցողիկ չլինել, այլ նրա ներքնահայտությունները, որոնք չեն կարող մնայուն չլինել։

 

********

Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը ` նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը ` այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:

 

*******

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։

****

 

Սրամտությունն էլ եղբայրներ ունի , և նրա «պստիկ ախպոր» անունը անգլիական է` հումոր:

*********

Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:

 

Պարույր Սևակ

...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...

*******

Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:

*******

Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:

*******

Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :

*******

Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:

*******

Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր...

*******

Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:

*******

Ով պատմություն ունի ` չի կարող ետ չնայել:

Զարմանում եմ

 

Ես, ճիշտ ասած, զարմանում եմ շա~տ բաներից,

Քիչ լավի հետ ~ ամեն տեսակ վատ բաներից,

Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել `

Այն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,

Որ հոգնելով ճամփաներից`

Ջարդ ու փշուր կանգ է առնում

Եվ չի նայում առաջ, վար – վեր,

Ու հայացքով ետ չի դառնում –

Հոգնածորեն նայում է նա աննպատակ

Եվ այն տեսնում , ինչ ընկած է ոտքերի տակ:

 

 

Ու ես հիմա,

Որ անհարմար

Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց

Ջարդված – հոգնած`

Հանգստանում – թարմանում եմ,

Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,

Որ –թռչնի պես – ճիշտ խոսքից է մարդը խրտնում,

Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.

Լուսնի նման` արևից է նա սփրթնում

Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից...

Իսկ դուք `ինչպե՞ս:

Դու՞ք էլ `ինձ պես:

 

Է~հ, երևի, ինձ վրա եք զարմանում...

Ցտեսություն

 

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց...

 

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,

Որ գնում ես , գնում արդեն:

 

Իմ գտնված – միակ մակդիր ,

Ամենաճիշտ բաղդատություն.

Դեռ նոր գտած ` թռչու՞մ ես դու մտքիցս արդեն:

 

Համ չեն զգում միայն բերնով:

Համ զգում են հոգով նաև:

Եվ գնու՞մ ես,գնու՞մ ես արդեն,

Որ հռչակի անհամությունն իրեն արքա

Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո~ղ աթոռանիստ,

Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասու՞մ...

 

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,

Ինչպես ցողի կաթիլները այն թփերին,

Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:

Ու ես անվերջ փորձ եմ անում

Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

 

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.

Խանգարել են ուզում կարծես , որ չգնաս:

Ծխախոտն է մեջս հազում:

Ստվերները հոտոտում են հողը կրկին.

Կամենում են կարծես զգալ

Անցած տեղիդ բուրմունքն անանց:

Քաղաքային փողոցների լույսերն աղոտ

Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,

Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել...

Պիտի գնա~ ս...

 

Պիտի գնա~ ս...

Որ քանի դեռ չենք հանդիպել`

Փողոցն այնպես ինձ կարոտի,

Ինչպես ես քե~զ:

 

Պիտի գնաս,

Որ ածխացած սպասումը

Բոլորագիծ քաշի իմ շուրջ `

Ինձ դարձնելով սուր շառավիղ,

Սիրտս` կենտրոն,

Որ ամեն ոստ իր ստվերով

Ցույց տա ժամը` սլաքի պես,

Ու շրշյունով զրնգացնի նույն ժամն էլի.

Որ ես զգամ , ուշացումով,

Թե ինչպես է սահում – անցնում

Կյանքն իմ կողքով,

Ես էլ `կյանքի,

Չդիպչելով երբեք իրար:

 

Պիտի գնաս,

Որ ես անվերջ իմ մտքի մեջ,

«Թութակի պես կամ անվտանգ խելագարի»

Նույնը կրկնեմ.

«Շատը ... գը – նաց, քի-չը մը- նաց»...

 

Եվ քանի որ պիտի գնաս`

Դե, շուտ գնա, որ շուտ էլ գա~ս, շատ չմնաս:

Տես,

Օրորվող այս լապտերից

Ես մի շող եմ քաշում – պոկում.

Առ,

Փաթաթիր ցուցամատիդ`

Իբրև գունեղ մի հուշաթել,

Որ... վայրկյան իսկ չմոռանաս

Ու... շու~տ դառնաս:

Իսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի

Մայթին այս գորշ, այս տանը գորշ և իմ հոգու~ն,

Որ ...բոլորս էլ (մայթ,տուն,հոգի~)

Մեկ վայրկյան իսկ չմոռանանք

Եվ սպասենք քեզ անհամբեր .

Իսկ ոլորուն – կպչուն ձայնը մեր համբյուրի

Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ

Ու որբացած մեր սեփական ականջներում,

Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ

Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող`

Սպասումի կնիքի պես...

 

-Ցտեսություն:

Ի տեսությու~ն...

Ձիթապտղի ծառը

 

-Ուրեմն չե՞ս գալիս,-

Իմ իսկ տված հարցին

Ինքս եմ պատասխանում խոցված հպարտությամբ.

-Ինքդ գիտես...

 

 

Իսկ դու

Ինքդ էլ գիտե՞ս արդյոք, որ խուսափման ուղին

Կյանքում գուցե կարճն է ճամփաներից բոլոր

Եվ նույն տեղն է բերում արագորե~ն,նորեն:

Ուրեմն էլ ինչու՞ ես զուր խուսափել ջանում:

 

Մոռացե՞լ ես գուցե:

Բայց դու գիտես հաստատ,

Որ ես մոռացության բոլոր օրենքներից

Մեկն եմ լոկ ընդունում`

Այն, որ սահմանել է հպարտությունն ինքը,

Երբ խոցել են սրան ` գազանի պես:

Իսկ ես... ու քեզ խոցե՞լ ինչ – որ բանով:

 

Եվ մի՞թե չես տեսնում դու իմ քնքշությունը,

Եվ իմ մեղմությունը դեռ չե՞ս զգում միթե:

 

Ա~խ այս քնքշությունը, որ ինձ կապոտել է,

Ինչպես Գուլիվերին ` թզուկները...

Ա~խ այս մրրկանման մեղմությունը,

Որով պաշարված եմ և օղակված այսպես,

Ինչպես մայրցամաքը` օվկիանոսով:

Ա~ խ այս «ախ» - ը նաև,

Որ կպել է լեզվիս

Անոթության ծնած փառի նման,

Եվ ինձ կպատճառեր սրտախառնուք, անշուշտ,

Թե չլիներ համիդ նշխար – մնացորդը,

Որով փաթաթվում եմ ես սրբորե~ն, նորեն`

Առանց հաղորդության սպասելու հույսի:

Թե չլինե~ր համիդ նշխար – մնացորդը...

 

Իսկ դու գիտե՞ս արդյոք, որ դու բնավ դու ~ չես.

(Ոչ զարմացած նայիր, ոչ ծիծաղիր):

Հաստատ գիտեմ, որ դու դարեր առաջ

Ձիթապտղի նազուն ծառ ես եղել,

Հետո (ինչ՞ իմանամ ,թե քանի~ դար հետո)

Երկրորդ անգամ կրկին աշխարհ գալիս

Կին ես դարձել արդեն...

Գիտեմ, հաստա~տ գիտեմ,

Թե չէ այդ ինչի՞ց է ,որ քո շրթունքները

Հասուն ձիթապտղի համ են տալիս...

 

Հիմա ինչ՞ ես ասում . դու չե՞ս գալիս:

Ինչ~ է , կամենում ես, որ ես մեռնեմ

Մի անպտուղ ծառի դանդա~ղ մահո՞վ`

Երկա~ր հոգեվարքիս ողջ ընթացքում

Անվերջ երազելով ձիթապտղի մի ծառ`

Հեռու~ - հեռու~ ինձնից,

Քո չափ հեռու...

Անցած Սերերը

 

-Իմ սերե՞րն անացած...

Նախ ` նորից ասեմ,

Որ սերը չունի շարունակություն,

Այլ միայն սկի~զբ,

Որ չի կրկնվում,

Ինչպես...ծննդյան եզակի օրը;

Եվ հետո...հետո`

Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել `

Երբեք ավելին չենք ունենալու,

Ինչպես չի լինում ... ավելորդ ատամ:

 

Սիրո համեմատ

Թիվն ատամների շա՞տ ես համարում:

Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած.

Դեռ չեմ բաժանվել ո~չ մի սիրածից.

Իրենք են փոխել անուններն իրենց,

Կերպարանքն իրենց,

Իրենց հասակը,

Իրենց տարիքը,

Սակայն ոչ իրենց:

Եվ ի~նչ փոխել են ` իրենք են փոխել,

Իրե~նք , ոչ թե ես, -

Այս մի մոռացիր:

 

Եվ զուր մի հարցրու,

Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:

Մի հարցրու:

Սերերը , սեր իմ,

Եթե մինչև իսկ անհավասար են`

Անհավասար են , ինչպես ...մատները .

Ո՞ր մատդ կտրես`

Պիտի շատ ցավի կամ պակաս ավի:

Էլ ի՞նչ ամենա...

 

Ախ այս ամենա -ն...

Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,

Որ հանակարծ մի օր լրջորեն խորհես,

Թե դժբախտության մեր զգացումը

Գալիս է հենց այդ ... այդ ամենա –ից.

Անծանոթ է դա ոչ միայն բույսին,

Այլև կենդանուն,

Ապուշի~ն նաև,

Եվ սրանք իրենց... դժբախտ չե~ն զգում...

 

Ամենա չկա~:

Վատ ու լավ կա լոկ:

Ու եթե սեր է`

Էլ ի՞նչ վատ ,ինչպե՞ս ,

Ու եթե սեր է `

Էլ ի՞նչ ամենա...

 

 

-Իսկ անցած սերերն , ի~նչ է , չեն մեռնում:

Իսկ եթե նույնիսկ , աստված չարասցե , մեռնում են նրանք,

Դարձյալ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,

Ինչպես մեր ...մեռած երեխաները...

Ահավոր ցավը չեն վերհիշեցնում:

Գրկի~ր ինձ:

Մեղք եմ...

Թութակի կարոտ

 

Ես հոգնել եմ ,շա~տ:

Ու կան վայրկյաններ,

Երբ ես ասում եմ.

-Էլ քեզ չեմ սիրում:

Սակայն ասում եմ այնքա~ն մտքիս մեջ,

Ասես կողքիս ես և լսես պիտի:

 

Իսկ մեզ յո~թ միլիոն մետր է բաժանում...

 

Ու մինչև անգամ եթե դու լսես,

Միթե՞ կլինես այնքա~ն միամիտ,

Որ ինձ հավատաս:

Այդպես հեշտ ու շուտ հավատացողին

Իրոք չեմ սիրում:

 

Բայց ինչու՞ եմ զուրկ ,

Ես ինչու ՞ եմ զուրկ

Բոլոր հաճելի թուլություններից.

Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,

Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,

Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,

Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում...

 

Գոնե տանս մեջ ... թութա~կ պահեի:

 

Ո թե տանս մեջ թութա~կ պահեի`

Կվարժեցնեի ես նրան հիմա,

Որ վաղնջական գուշակի նման

Մի~շտ ու շարունակ միայն կրկներ .

- Էլ քեզ չե~մ սիրում...

 

Սակայն զուրկ եմ ես

Բոլոր օգտակար թուլություններից

ԵՍ զուրկ եմ այնքան,

Որ մինչև անագամ

Թութա~կ պահելու թուլության չունեմ:

Եվ ապաստանած լոկ մի թուլության,

Որ սեր է կոչվում

Եվ գլխիս վրա դարձել է ... տանիք

Ու... գլխարկի պես գլխիս է դրվել,

Ապրում եմ այսպես

եվ այսպես քայլում `

Գլխարկի տեղակ... գլխիս մի տանի~ք.

-Մի նոր խեղկատակ,

Որին չե՞ն տեսնում,

Իսկ թե տեսնում են`

Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս...

Սերը` հանելուկ

 

Ե՞րբ և ինչ՞պես է,

Որ մենք մեր գլխով

Կարծես դիպչում ենք արևի գլխին

ՈՒ մեր ոտքերի տեղն ենք մոռանում,

Քանի որ սրանք

Խրված են լինում

Օվկիանոսի խորունկ հատակում կարծես...

 

Ե՞րբ և ինչ՞պես է,

Որ մեր աչքերը

Խոշորանալով ու լայնանալով

Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,

ՈՒ մոռանում ենք տեղը մեր սրտի,

Որ տրոփում է արդեն... ամենու~ր`

Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,

Նաև

Մեր ծնկների՛ մեջ,

Մեր կրունկների

Ու մինչև անգամ ...ատամների՛ տակ...

Եվ տնավորված մեր սիրտը

Դարձյա~լ

Տնավեր դարձած

Ու թափառական դարձած վերստին,

Ճամփաք է ընկնում

Մաշված հետքերով անքուն կարոտի`

Ինքն իրեն նորից դառնալու հույսով...

 

Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,

Որ ցավի հումը

Եփվել-եռալով դառնում է տանջանք...

Եվ մի այնպիսի~-այնպիսի~ տանջանք,

Որ մեզ դարձնում է... կենտրոն աշխարհի:

ՆԱԽԵՐԳԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Դու միշտ ինձ համար եղել ես կյանքում,

Միշտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով-

Այսօր աղմկոտ այս մեծ քաղաքում,

Երեկ` հեռավոր ինչ-որ գյուղակում`

Աչքերից պես բիլ երկնքի ներքո:

 

Ես հենց քեզ հետ եմ խաղացել «տուն-տուն»

Ու դղյակ շինել կավից ու քարից:

Քեզնով է լցված մի մեծ մանկություն,

Երազներով լի մի պատանություն

Եվ ջահելություն մի փոթորկալից:

 

Տասնյակ անուն ես ունեցել կյանքում,

Տասնյակ ձևերով կանգնել ես իմ դեմ

Եվ միշտ ներշնչել այն սերը մաքուր,

Որ և իր տասնյակ էսքիզներն արդեն

Քո պատկերով է այսօր ավարտել:

Ա~խ, ես գիտեմ, չէ~իր սիրում,

Հիմա գիտեմ ես անկասկած...

Վազվզում ենք մենք սեզերում,

Խոտերի մեջ խոնավ ու թաց:

 

Հետո նստում ուրախ ու գոհ,

Երեքնուկի թուփ ենք քաղում

Եվ այդ ծանոթ երեքնուկով

«Սիրում-սիրում» անվերջ խաղում:

 

Անուններում երեք հոգու

Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ

Քո անունն եմ ես միշտ պոկում,

Իսկ դու իմը` ո~չ մի անգամ:

 

Որքան անգամ եմ ես վանել

Տխուր մտքերն ինձնից հեռու

Եվ վախեցել եմ միտք անել,

Որ դու... որ դու ինձ չես սիրում:

 

Չէ~,ինձ չէիր, չէիր սիրում...

Թե չէ –ինչ է, բարդ էր այդքան

Գտնել երեք անուններում

Իմ անունը գեթ մեկ անգամ:

Բարեխոս եղիր իմ և իմ միջև

 

Օգնի~ր ինձ, Մարիա’մ,

Անաղարտ մնամ

Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,

Որ դժգոհություն բառով է կոչվում:

Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ:

Օգնի~ր ինձ Մարիա’մ,

Եվ ասեմ` ինչո’վ.

Բարեխոս եղիր ի’մ և ի~մ միջև,

Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Ես խռովել եմ նաև աշխարհից.

Ե’կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ,

Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին

Լիացա’ծ, ժպտո’ւն ու գո~հ աչքերով`

Հաղթելով և’ քաղցը, և’ պապակ փափագ:

Ուզում եմ ապրել անչար ու բարի`

Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…

Մի բու թառել է իմ զույգ աչքերին.

Թռցրո’ւ նրան:

Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.

Կորցրո’ւ այդ ձուն:

Ճանճեր են նստած ինձ վրա

Այնպե’ս,

Ինչպես քունջութը` կաթնահունց հացին:

Ճանճը քունջո’ւթ չէ.

Հացս չի~ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե~րսը նաև,

Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով:

Խաշխաշ չե~մ ուզում.

Կակա’չ դարձրու:

Ասում են, իբր, կապույտի վրա

Չեն նստում ճանճեր:

Լսում ես Մարիա’մ,

Ինձ ներս ու դրսից կապո~ւյտ հագցրու…

Ասում են, թե մի բան կա լոկ,

Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում՝

Գիտությունը տառապանքի…

Ու կսկիծն է տիրակալի հովեր առնում:

Ա՜խ, տեր Կսկիծ, հարկավոր չէ՜,

Բավակա՜ն է, տեր, ողորմյա՜:

Այս դժվարին գիտության մեջ հմտացել եմ ես շա՜տ վաղուց:

Ու չլիներ թե ինքնածին բարությունս,

Կարող էի ի՜նքս դառնալ

Ուսուցչապետն այն գիտության,

Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում:

Ա՜խ, տեր Կսկիծ,

Այսքանն արդեն բավակա՜ն է,

Էլ ավելին հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜…

Չե՜մ ուրանում.

Ես քո նախկին ու մշտական հպատակն եմ:

Ուրեմն այլևս ինչի՞ համար

Ուժը պորձել հպատակի հլու մեջքին:

Ինչի համա՜ր[, տեր, ողորմյա՜…

Եվ չափազանց զգույշ եմ ես,

Նույնիսկ վախկոտ.

Անջատումից եմ վախենում,

Երկյուղում եմ տվայտանքից չվտարվող,

Կարոտի սև արյունումից եմ սարսափում…

Ա՜խ, տեր Կսկիծ,

Քո բարձունքից ամենազոր

Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ.

-Դժվա՜ր բան է մարդ լինելը,

Դժվար է, տեր:

Ամբողջ կյանքում

Ես եղել եմ ազնիվ, ինչպես խաղալիքը:

Ուրեմն ին՞ձ էլ պետք է ջարդել

Խաղալիքի նման: Ինչու՞:

Հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜…

Չէ՞ որ նույնիսկ ավերվելուց հետո

Վանքը վանք է կոչվում

Եվ կամուրջը՝ կամուրջ կրկին:

Ուրեմն ինչու՞ զուր ուջ փորձել:

Չէ՞ որ, տեր իմ, փորձը մեկի

Մյուսի համար շատ հաճախ է փորձանք դառնում:

Հարկավոր չէ՜, տեր, ողորմյա՜…

Կրկին ասեմ՞,

Որ չափազանց զգույշ եմ ես

Նույնիսկ վախկոտ:

Վախենում եմ

Մինչև անգամ հայելու մեջ ինձ նայելուց.

Կարեկցանքից վատթար բան է միշտ հարուցում

Իմ ժպիտը

Ա՜խ, տեր Կսկիծ,

Քո բարձունքից ամենազոր

Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ.

-Անտանելի՜- ահե՜ղ բան է,

Երբ խղճում է մարդ ինքն իրեն:

Արավել քան բավական է հենց այսքանը:

Իսկ ավելին հարկավոր չէ՜,

Տեր, ողորմյա՜…

Երբ կսկիծն է արդեն դարնում անտանելի,

Ասում են, թե մոտենում է նրա վերջը:

Զուր են ասում:

Սուտ են ասում:

Ճիշտ կասեին,

Եթե իրոք մենք անձնապես ու մեն-մենակ սովորեինք

Գիտությունը տառապանքի:

Բայց մենք, կարծեմ, միասին ենք այդ սովորում

Մի վիթխարի լսարանում,

Որտեղ… սերն է դասախոսում… մնջախաղով՝

Խուլ-համրերի համար կարծես:

Եվ չի օգնի "տեր ողորմյա"-ն:

Մնում է, որ դու ինդզ սիրես,

Ես քեզ սիրեմ,

Մենք թե իրար, թե մեզ սիրենք՝

Ընդդեմ այս խուլ տառապանքի,

Կույր կսկիծի,

Համր ցավի.

Սիրենք իրար… հավիտենից հավիտյանս,

Եվ թող նույնիսկ չգտնվի գոնե մեկը,

Որ բարությամբ "ամե՜ն" ասի:

Ոչ "ողորմյա",

Ոչ էլ "ամեն":

Բավակա՜ն է:

Հարկավոր չէ…

 

 

Գլխապտույտ

 

 

Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար,

Եվ իմ միա~կը` ճակատագրով...

 

 

 

Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ,

մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,

որ իմ տարիքում

Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:

Իսկ ինչպե՞ս ես դու:

Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի,

Որքան տեսել եմ:

եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,

Քանի որ չկաս

Դո°ւ –

Իմ վերջի~նը` թյուրիմացաբար,

Եվ իմ միա~կը` ճակատագրով:

 

 

 

Իմ շրթունքներից

Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ`

Մի գունդուգծի°կ,

Բառերի մի պա~րս,

Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:

Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`

Թող թռչեն սիրո°վ,

Մի°միայն սիրով

Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,

Որի մեջ կա գոլ անապատային,

Ավազների սողք ու մտապատրանք:

Մի՞թե քո հեռվից`

Քո անտառների խոնավ օդի մեջ,

Անվերջ չես լսում խոսքերս չասված:

Իսկ թե լսում ես խոսքերս չասված`

Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,

Որ, թվում է ինձ,պիտի որ զգան

Սրբորեն հղի դեռահաս կանայք,

Որոնցից մեկին,

Մի°միայն մեկին

Կարողանայի~ մտովին ասել.

«Դու~-

իմ վերջի~նը` թյուրիմացաբար,

Եվ իմ միա~կը` ճակատագրով»:

 

 

 

Քիչ ենք օգտվել մենք բարությունից:

Եվ դրանից չէ՞ ,որ հետզհետե

Բարին եմ դառնում,

Եվ այնքա~ն բարի,

Որ խղճում եմ ես .... մենակությանն էլ:

Նա էլ է տանջվել ու հոգնել:Մեղք է:

Եկ ամեն մեկս բացենք մեր փեղկը,

Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,

Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ...այնտեղ,

Ուր հանդիպում են այգն ու գիշերը:

Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-

ես ի~նչ իմանամ:Գուցե գիտես դո՞ւ,

«Դու°-

իմ վերջի~նը` թյուրիմացաբար,

Եվ իմ միա~կը` ճակատագրով»

 

 

 

 

Ու ձյուն է գալիս,

Ինչ –որ ջե~րմ մի ձյուն.

Հյուսիսն է հղում հարավին ողջույն:

Եվ ձյան մեջ ինչ –որ բուրմունք կա գարնան,

Հեռավո~ր մի բան,

Մի հիշողությո°ւն,

Որի բարությամբ հոգեբուժական

Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,

ինչպես չի մեռնում ,բայց չի ապրում

Սերս-

իմ վերջի~նը` թյուրիմացաբար,

Բայց և միա~կս` ճակատագրով:

 

 

Արի° ինքներս մեզնից բարձրանանք`

Թույլ տանք արարքների ինքնաժխտումի.

Փոխադարձաբար իրար նեղացնենք

Ու վիրավորենք փոխադարձաբար,

Որ... կարոտն ինքը հածտվի իրեն հետ,

Ու տառապանքը ինքն իրեն ներ,

Ես էլ հավատամ,որ դու չես եղել

Ո°չ իմ միակը` ճակատագրո~վ,

Ո°չ իմ վերջինը ` թյուրիմացաբա~ր...

Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»:

 

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,

Դու էլ հիշի՛ր,

Որ երբ իզուր հարց չեն տալիս՝

Սուտ պատասխան չե՜ն ստանում:

Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա ,

Այլ մտածիր,

Թե ջրհորի մութ խորության չափման համար

Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

 

Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ

Քո ուզածից շա՜տ ավելին:

 

Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,

Իսկ դու լսի՛’ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:

Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,

Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

 

Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,

Եսª մի հմուտ աշխարհագետ,

Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ

Բազմախոստում տեղանքը քո:

Ու խոսում է մեջս կրկին

Մոլի ոգին հետազոտման.

Ուզում եմ քեզ անգիր անել,

Մտքով գծել քարտեզը քո, -

Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:

Եվ առավել լավ չէ՞ արդյոք,

Որ մարդու ո՜տքը սայթաքի,

Քան թե լեզո՛ւն:

Ուրեմն արի ոչ թե խոսենք,

Այլ մտովին քայլենք առաջ

Այս անծանոթ ճանապարհով,

Մինչև հասնենք հան•րվանի՝

Հեքիաթական ինչ-որ մի տեղ,

Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,

Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,

Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,

Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝

Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,

Այլ կծկվո՜ւմ,

Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,

Դառնալով համ մեր բերանում,

Մեր լարաթափ ջղերի մեջ,

Շփոթահար մեր դեմքերին…

 

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.

«Սիրո՞ւմ ես ինձ»:

Ե՛ս քեզ հարցնեմ՝

Պատասխանիդ չսպասելով,

Այլ օգնելով, որ ստանաս

Նախկին տեսքդ աստվածուհու,

Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,

Որ դեռ չուներ գծված քարտեզ:

Եվ իմ հարցին ի պատասխան

Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.

«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:

Իսկ դու օգնում ես հագնվել:

Դու ուրի՛շ ես:

Սիրո՜ւմ եմ քեզ»…

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

 

Չգիտեմ ի՞նչ անեմ

Պատեպատ եմ զարկվում:

Հազար բան եմ տնտղում` կույրի նման,

Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին

Պատեպատ եմ զարկվում:

Չգիտերմ` ի՞նչ անեմ:

Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս

Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:

Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ

Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար

Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`

Ճակատս սեղմելով մտածում եմ,

Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային

Ճաղի արանքներից լուռ հածում է

Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,

Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.

Թո՛ղ որ ապրեն ազատ,

Ո՞ւմ են վնաս տվել:

Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,

Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին

Փակցված հայտերը և ազդերը բազում

Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն

Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`

Մի թատրոնի

Կամ թե

Մի համերգի տոմսով...

 

“Երբ ժամանկ լինի” ասելով չէ՞ր,

Որ անցավ մեր կյանքը ,

Մինչդեռ այս վայրկյանիս`

Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...

Եվ իմ ներսի ձայնը

Խաղաղությամբ մի բութ

Սկսում ե ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,

Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`

Նախրապանի նման կամ հովվի պես.

Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,

Թե անտեր են իրենք:

“Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,

Նո՛ւյնպես գործ է:

Բայց ես հո չեմ կարող

Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:

Ուրի՛շ գործ եմ ուզում:

Իսկ ի՞նչ:

Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

 

Պատացել է մութը արդեն վաղուց:

Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`

“Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ

Եվ “Առավոտ լուսո”:

Սա էլ գործ է, հարկա՛վ,

Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,

Իմ ուժից վե՜ր մի գործ:

Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,

Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,

Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից

Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

 

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,

Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում

Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `

Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...

Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ

Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

 

Ես իրար եմ զարկում նրանց ամուր

Ու թողնում եմ այդպես.

Թող կո՛խ բռնեն

Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:

Իսկ ոտներըս,

Խանդո՜տ այս ոտներըս,

Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`

Հավանաբար, թաքուն մտածելով,

Թե դրանից աչքիս կբարձրանա

Նաև իրե՛նց հարգը ...

 

Նո՛ւյն վայրկյանին

 

 

Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ

Բեռնամեքենայով ձիեր էին տանում,

Հասկանո՞ւմ եք, այո՛,

Չե՞ք հասկանում:

Այո՛, ձիե՜ր`

Նրա՛նց

Որ բյուրավոր դարեր

Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,

Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,

Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,

Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:

Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա

Այս քո փռշտացող մեքենայի համար,

Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր

Փոխադրականդ է փոխադըրում...

 

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,

Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,

Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա

Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,

Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...

Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:

Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

 

Եվ իմ ներսում ,

Որտեղ պարապությունն արդեն

Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`

Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,

Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-

Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,

Վրնջում են ձիե՜ր,

Խրխնջում են ձիե՜ր,

Դոփո՛ւմ,

Բերաններից կրա՜կ թափում

Ձիե՜ր...

Ձիե՜ր,

Այսքան ձիե՞ր...

 

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,

Ինձ կտրում են փափուկ մահճակալից,

Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,

Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:

Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,

Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,

Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,

Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Դոփո՜ղ,

Բերաններից կրա՜կ թապող

Ձիե՛ր...

ՄԵՌՆԵԼ

 

 

Եթե մեռնել...

Թող որ մեռնեմ

հուր-կայծակից

Միանգամից,

մի վայրկյանում,

հանկարծակի,

Այնքան արդար,

խղճիս ձայնին միշտ ունկընդիր,

Որ համաձայն բիբլիական հին լեգենդին

Հանգիստ անցնեմ եւ ասեղի նեղլիկ ծակից...

Եթե մեռնել...

Թող սպանվեմ,

թող կործանվեմ

Այնպես ապրած եւ բան արած,

Որ նորածին մանուկների տեսքով նորից

վերածնվեմ

Իմ անունով կնքեն նրանց...

Եթե գամվել

փարոսի պես,

Արնաքամվել

հերոսի պես,

Ու քրքրվելª

դրոշի պես...

Եթե մեռնել...

Բայց առայժմ ապրե°լ է պետք

Խաղալիք սարքողը

 

Ես կարող էի ամեն տեղ լինել

Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.

«Չե՛մ ուզում» և կամ «ուզում եմ»:

Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ

ՈՒ չեմ էլ լինում,

Իսկ ուր լինում եմ՝

Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:

Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»

Եվ իմ չասածը թողնում ամենքին,

Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:

ՈՒ երբ հասկանան,

Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝

Այլևս չասել չեմ կարողանա

ՈՒ կասեմ.

-Գիտե՞ք,

Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող

Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:

 

...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,

Ինչպես որ մարդու գլխում շարժվում է

Միտքը ճյուղավոր,

Եվ ցերեկային ամպած երկնքից

Ներքև են թափվում

Աստղերի պաղ-պաղ կաղապարները,

Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:

Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:

Եվ ով ինձ հարցնի. «Ին՞չ արժի» ես ինձ

Լուռ կասեմ «Չասե՜ս»,

Իսկ ի պատասխան հարցնողի հարցի

Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:

Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,

Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,

Որ կար մի աղջիկ...

Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,

Ինձ հավատացեք այնքան, որքան որ

Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում

Աշխարհի տարբեր լրագրերին:

Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ

Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասե՛ս»:

Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր,

«Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,

Թե ես քայլում եմ ծովի վրայով»...

Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,

Տա՜ք կաղապարը:

ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,

Տա՜ք կաղապարով:

 

Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ

Լուռ կասեմ. «Ասա՛»:

«Դատա՜րկ բան,- կասեմ,-

Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...

 

Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.

Այդ իմպեսների մասին են ասում,

Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:

 

Եվ ամեն անգամ

Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,

Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,

Որ հարց չէ բնավ,

Այլ պատասխան է իմ լռին հարցին:

Իսկ ամեն անգամ

Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,

Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,

Եվ ասում եմ. «Հա՛»:

Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:

Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,

Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,

ՈՒ...հասկանում եմ, որ ես չե՜մ կարող

(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)

Լոկ մի՛ բան սարքել՝

Ա՛յն միայն,

Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:

Լոկ ա՛յդ չի սարքվում,

Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ

Ջանում են սարքել

Անունով աստծո՛ւ,

Տիրակալների հրամաններո՛վ,

Պարանո՛վ,

Որ լոկ իր պնդությունն է որոշում

Մարդկանց պարանոցներին.

Զենքո՛վ,

Որ մարդկանց կրծքերի վրա

ՈՒսուցանում է կետադըրություն:

Սարքո՜ւմ են այսպես:

Դարե՜ր շարունակ:

Անդուլ սարքում են ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,

ՈՒրեմն նաև չի՛ կարող քանդվել:

Սարքո՜ւմ են:

Իսկ ես ումի՞ց եմ պակաս:

Եվ...վճռվա՜ծ է.

Ե՛ս էլ այսուհետ

Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:

 

ՈՒ պիտի ծախե՛մ,

Ծախեմ ամենո՜ւր՝

ՈՒր կամենում են թե չեն կամենում.

Խաչմերուկներո՛ւմ

ՈՒ խանութների դռների՛ առջև,

Մայթերի՛ վրա

Եվ արձանների պատվանդանների՛ն,

Թե՛ գրքերի մեջ,

Թե՛ ամբիոններից:

ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,

Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,

Այլ՝ այն խաղալիք աղջիկը:

Եվ նա կասի ոչ այլ ինչ,

Քան հենց իր գինը.

«Դատա՜րկ բան,- կասի,-

Ընդամե՜նն արժի մի...անցած մի կյա՜նք»...

 

...ՈՒ պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,

Շա՜տ հարստանամ իմ առևտրով:

Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,

Որ...համերգի տոմս առնեմ ու...

...Գնամ Բեթհովեն լսեմ,

Եվ ինձ էլ թվա,

Թե ես քայլում եմ ծովի վրայով...

Իսկ թե այդ պահին

Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում,

Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ,

Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,

Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,

Ինչպես որ մարդու

Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,

Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած

Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն

Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,

Որ կարճ կոչվում են «տերև»...

 

ՈՒ տուն գնալիս

Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բա՛րև»,

Ես ի պատասխան կասեմ «Ի՞նչ արժի»:

Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,

Որոնց անունը չգիտեմ իրոք,

Իբրև պատասխան ես կասեմ.

«Չունե՜մ ձեր կաղապարը»:

 

Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.

Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,

ՈՒմ իրենք խելառ են հաշվում:

Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՛նչ լինելը:

Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:

Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»:

Սակայն խաղալիք սարքող վարպետը

Ի՛մ իսկ բերանից,

Ի՛մ իսկ բերանով

Արդեն կբոռա՜ ու կկըրկընի՛

Հնավաճառի ելևէջումով.

«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...

Ագահության գինը

 

ԵՎ պե՞ետք է արդյոք

Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչո՞ւ

...Ու ես ծխում եմ,

Որ ծխի տեսքով

Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,

Ջանում գոհանալ իմ ունեցածով,

Որ շա՜տ է այնքան:

Մի՞թե, տե՜ր աստված, շատ չէ իսկապես:

Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,

Կախված ճոճվում են

Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:

Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,

Կախված ճոճվում են

Կարկատանները մեր ծվատ հոգու...

Ես չեմ կամենում, որ իմ պատրանքը փոխվի պատանքի

ԵՎ հետո ծվա՜տ կախվի աշխարհի կեռերից փշոտ:

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Ու քեզ հետ նաև ... անհնարինը`

Ա՛յն գոհությունը,

Ում չի հանդուրժում մեր գոյությունը:

Ուրմեն ի՞նչ անել,

Ինպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և ...

... Էլ չուզենալ

Ոչի՜նչ ավելի.

Սեփական իղձը դավաճանի պես,

Գամել չորս մեխով,

Սեփական ցավին

Չորստապակ մեղր քսել ու կլլել`

Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,

Սեփական մտքից

կտրել ուղղանկյուն մի քառակուսի

Ու վրան գրել սեփական արյամբ,

"ԵՂԱԾՆ ԷԼ ՇԱՏ Է"

Գրել ու մեխել սեփական ափին,

ԵՎ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`

Դասը չիմացող աշակերտի պես...

 

Ավելացվել է 2 րոպե անց

Նամակ

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը..."

 

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաև ... մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...

 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

Հագուստով ծնվածը

 

Գործս թողած՝

Ես քեզ համար

Ես հագուստներ եմ հորինում,

Որովհետև ես չգիտեմ,

Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:

Եվ գարունը՝

Այս նոր ու հին

Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,

Ի´մ պատվերով ու քե´զ համար

Ճորտուհու պես

Անձեռագործ կերպասներ է ձեռագործում

ՈՒ դիպակներ զանազան ու զարմազանան,

Եվ թվում է թե ընկել եմ

Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր

Ինչպես... ինչպես դեղատունը:

Եվ թվում է,

Թե քեզ համար շոր ընտրելը

Հեշտ է այնքա´ն

Որքան լեցուն դեղատնից

Սովորական դեղ խնդրելը,

Հե՜շտ ու դյուրին՝

Իր սեփական ազգանունը ասելու չափ:

Բայց... քիչ հետո հասկանում եմ,

Որ դա հեշտ է,

Ինչպես մարդու երկու աչքում

Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ :

Փորձե՞լ ես դու:

Հապա փորձի՜ր...

ՈՒ հիմա քեզ հագցնելու գործս թողած՝

Մտածում եմ՝

Որ կան կանայք

Եվ աղջիկներ կան աշխարհում ,

Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է

Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից...

Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ՝

Մերկ են քայլում նրանք կարծես:

Իսկ դո՜ւ...

ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու:

Դու ծնվել ես

Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ...

Սո սեփական ստվերն անգամ

Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝

Խորհրդապաշտ թիկնոցի պես...

Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք

Քեզ չի հասնում,

Իսկ հասնելիս՝

Քեզ դիպչելով ընկրկում է

ՈՒ վնասում

Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,

Իրե´ն գցում իր իսկ աչքից...

ՈՒրի՜շ ես դու:

Քոպեսներին սիրում են լոկ,

Միա´յն սիրում:

Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝

Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ:

 

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ

 

 

Ո՜Ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած,

Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ ան ընկնում.

Դրա համար էլ չեն ներում նրանց:

 

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք,

Հասարակ հորից ու մորից ծնված՝

Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,

Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

 

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,

որ նախընտրում էր քնել տակառում:

Սերում են նրանք և ա՛յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

 

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանային հոգին են ծախում,

Միայն թե անեն մտածածն իրենց,

Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:

 

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքին հակառակ:

 

Արքաների հետ խոսում են «դու»-ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է չե՛ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի: հետ:

 

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է օրենքից դուրս:

Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ:

ԱՊՐԵԼ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը.

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ դու ինքդ էլ չզգաս քո սեփական մանրությունը:

Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,

Թե ինքըդ քեզ արհամարհես

ու համառես

քեզ հետ վիճի՛,

քեզ չզիջի՛.

Համբերատար քեզ հետ խոսի՜

հակառակո՛ւմ քեզ համոզի

ինքը… հզոր Հանրությունը…

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպես ապրել,

Որ ուրիշի խինդով խնդաս,

Ու ուրիշի ցնծությունով

Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

 

Լինես, մնաս ամենքի հետ,

Նրանց կամքին հպատակվես,

«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,

Նրանց ցավով լուռ տապակվես:

 

Տրվես նրանց լույսի նման

Եվ չխաբվես հույսի նման:

Արշալույսի նման բացվես

նրա՛նց համար,

Վերջալույսի նման բոցվես

նրա՛նց համար:

Թե լաց լինես՝ նրանց համար,

Թե բաց լինես՝ նրանց համար,

Թե հա՜ց լինես՝ նրանց համար՝

հոգևոր հա՛ց,

Քեզ նրանցով կյանքում զինես

Եվ նրանցով կյանքում լինես

ոգևորվա՜ծ:

Եվ նրանցով կյանքում լինես

թույլ կամ ուժեղ,

Եվ նրանցով կյանքում լինես

բույլ կամ մժեղ,

Թշվառ՝ ինչպես անապաստան,

Հարուստ ինչպես լայն տափաստան…

 

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,

Որ նրանց հետ մթնես-ամպես

Եվ նրանց հետ շանթարձակվես.

Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,

Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.

Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝

Ինչպես նամակ և կամ բացիկ…

 

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,

Կյանքդ խառնել նրանց կյանքին,

Տառապանքդ՝ տառապանքին,

Ջնքդ՝ ջանքին,

Ցանքդ՝ ցանքին,

Եվ ենթարկվել նրանց կամքին,

Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-

Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս,-

Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,

Նկատում ենք մատղաշներին,

Որոնք մեզ չեն նկատում.

Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,

Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պառթկուն ու կրակված…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս.-

Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,

Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակ են դարձել.

Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,

Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր- տնասեր…

 

Ծերանում ենք, Պարու՛ր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜.-

Մե՛կ օր խմում

Եվ երկու՛օր արդեն խումար ենք ընկնում,

Մե՛կ ժամ քայլում

Եվ երկու՛ ժամ խոսում դրա օգուտից

Կամ վնասից,

Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,

Կարծես մի մեծ գյուտ ենք արել

Կամ հերքում ենք մի հին գյուտ.

Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր

Հոլովվում են ու խոնարհվում ավելի շատ և նույնիսկ

Առավել քիչ դժգոհությամբ,

Քան թե թաքուն պարծանքով…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս.-

Թափառելու ժամ չի մնում,

Չենք հասցնում ձանձրանալ.

Քիչ ենք թախծում մենք անառիթ,

Շատ ենք տխրում առիթով.

Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,

Շատ ենք խորհում, քիչ քնում,

Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ

Եվ ուզում է մեր քրքրված ջղերն իրար կպցնել…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս,

Ծերանում ենք, սակայն կարծես

Դարձյա՛լ խանքի չենք գալիս.-

Դեռ հիմա ՜ էլ զարմանում ենք.

Դեռ կարո՜ղ ենք զարմանալ

Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,

Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբր անենք աշխարհում.

Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ- որ կերպ.

Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից

Դոն- Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.

Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,

Առաջվա՛ պես… առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով…

 

 

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,

Սակայն… խելքի չե՜նք գալիս…

Սուրճի գավաթի դիմաց

 

Դու մի հորինված էակ ես գուցե

Ու հանդիպել ես ինձ մտքումըս լոկ:

Բայց իրական ես, ինչպես բուրմունքը

Հողի',

Վարունգի',

Խոտի',

Մատիտի':

Եվ ես ուզում եմ, որ շրջապատես

Ինձ ա'յդ բույրով,

Լոկ ա'յդ բույրով`

Հողի',

Վարունգի',

Խոտի',

Մտիտի'`

Բույրով մանկության,

Բույրով մաքրության…

 

Ի~նչ զարմանալի աչքեր ունես դու.

Կարծես թե լինեն երկվորյակ լճեր

Հին հրաբխի զույգ խառնարանում:

 

Ի~նչ հրաշագործ նայվածք ունես դու,

Ինչի նայում ես` քե~զ ես նկարում:

 

Ծոծրակդ կարծես մթին անտառի բացատ է գողտրիկ,

Ուր սփռված են միայն հասմիկներ:

 

Մազերիդ բույրից

Հին աստվածներն են հարություն առնում

Դանբարանում իրենց`

Ռունգերում իմ տաք:

 

Քնքշորեն ասված ամեն խոսքը քո

Եթեր է ճամփում ռադիոալիքներ,

Որոնց կարող է ամե~ն ոք որսալ,

Ով երջանկության տառերը գիտի:

 

Քո նայվածքի հետ

Ինքըդ քեզանից զատվում- անջատվում,

Շարժանակարի ժապավենի պես,

Որ… հազարնե~րը հիանան` ձրի':

 

…Հազարի~ նման մի աղջիկ ես դու,

Ում գտել եմ ես` մեկըս հազարից,

Եվ հիմա `

Քեզանից աստծո~ւ չափ հեռու,

Նստած եմ ահա տխուր- երջանիկ

Ու դեռ փակ կրծքիդ տաք կաղապարով`

Ճերմակ գավաթով, սև սուրճ ես խմում,

Որ անքնությունն իր բույնը հյուսի

Լարված ջղերիս մերկ ծառի վրա:

 

Ու եթե մեկը սուրճով բախտ բացեր,

Ապա կարող էր գուշակել անսուտ,

Որ ես ինքնակամ ու սիրահոժար

Մնացած կյանքիս կեսը կտայի,

Միայն տեսնեի գրկիդ… թուխ մանուկ,

Ինչպես որ քեզ ես իմ գրկում տեսել…

Չգիտեմ կա էստեղ թե ոչ, սակայն գրեմ լավ՞ (շատ-շատ եմ սիրում)

 

Նամակ

 

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը..."

 

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաև ... մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...

 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ... 

Սուլամիթա Ֆրիդբերգի նամակը Սևակին

«Ղողանջ Հիշատակի» գրքից

 

Թանկագին իմ Սատանի Ճուտ

 

Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն ... Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է ... Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես ...

 

Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն ... Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը ...

 

Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ ...

 

Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը ... միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով ...

 

Շատ ցավալի է ... Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի ... Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց ... Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի ...

 

Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:

 

Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր ... կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» ... Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ժանապարհներով դեպի ինձ:

 

Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի ... Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիթներ ... Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս ... Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:

 

Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:

Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:

 

 

ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ

 

 

Ես նախանձում եմ նրանց բոլորին,

Ովքեր ապրում են հավատով խորին,

Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,

Ում դեմ են ելնում, ում համար փայլում,

Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,

Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,

Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,

Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...

 

 

Բարի նախանձով նրան եմ հիշում,

Ով չի մոլորվում անթափանց մուժում,

Ով չի վհատվում երկար վերելքից,

Չի հուսահատվում վայրի տարերքից,

Ով ստի հանդեպ բերան չի փակում,

Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,

Չի նայում կյանքին իբրև բոստանի,

Որտեղից պիտի չաղ բաժին տանի...

 

 

Ես նախանձում եմ նրան, վերջապես,

Անհուն նախանձով նրան եմ հիշում,

Ով հոգում չունի նախանձի նշույլ.

Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին

(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,

Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...

Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,

Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,

Անբանն Է միայն նրան նախանաձում...

 

 

Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—

Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի

ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻ

 

Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա

Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,

Անծանոթ օտար մի կնոջ նման

Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:

 

Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ

Ձեռքով մղելով ականջիդ ետև,

Մարմարե վիզըդ ափերով շփում

ՈՒ ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:

 

Հարդարում ես դու հագուստըդ այրող,

Որ գրկում է քեզ սիրահարի պես:

Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,

Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:

 

Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,

Կրնկիդ վրա պտույտ ես տալիս

ՈՒ նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-

Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:

 

Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,

Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...

Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,

Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:

 

Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.

Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,

Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին

Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ

Առանց խոսքերի իր սիրտն է բանում...

ՍԻՐՏ ԻՄ

 

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,

Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:

Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,

Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,

Չեմ ուզում թեթև քամին տատանի

Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ

Անցած ու չանցած վերքերն անհամար

Կտցահարել են փայտփորի նման,

Դարձել են փչակ, ուր բուն են գտել

Հիշողություններ, երազներ մեռած...

Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ

Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,

Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,

Օտար տների կտուրն ես հանում,

Մտցընում օտար այգի ու պարտեզ:

Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:

Դու մոռանում ես, որ իմ տարիքում

Չիր չեն գողանում օտար տանիքում,

Օտար ծառերին չեն գցում քարեր...

Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:

Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,

Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

ԵՐԱԶՈԻՄ ԵՄ

 

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցնեմ

Ու Հետս առած՝ ղաչաղ դառած՝ թեզ թռցնեմ

Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,

Եվ ինչ ուզես՝ գտնեմ անգամ քարի~ տակից.

Թե սոված ես`

Կերակըրեմ եղնիկների համեղ մսով,

Թե ծարավ ես՝

Քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,

Թե դրսում ես՝

Պալատ դառնամ հանկարծակի,

Թե մրսում ես՝

Կրակ խլեմ և կայծակից,

Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,

Խարույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,

Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ...

Բայց ես հիմա այն պատանի տղան հո± չեմ։

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն։

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.

Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ

Ու նվագեմ։

Չնվագե~մ, այլ սար ու քա՛ր լացացընեմ։

Եթե ինչ֊ որ տեղդ է ցավում,

Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո~վ...

Մի հինավուրց քարանձավում,

Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,

Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ

Եվ բոլորր.., ե°ս վերծանեմ...

Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ

Եվ ի~նչ — գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...

Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ

Մթնոլորտը մեկ այլ օդով թարմ ացընեմ...

 

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,

Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,

Գրեմ վեպե՛ր,

Եվ ի~նչ վեպեր...

 

Հասակս աոած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,

Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

 

Ինձ թվում է, թե դեռ պիտի

Ես վերստին դաոնամ ջահել

Իբրև հայտնի մարմնամարզիկ,

Մրցանակներ անվերջ շահեմ.

Թե դեո պիտի չեմպիոն դաոնամ ես շախմատի

Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,

Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.

Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ`

Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,

Էլ չպիտի ուրիշներով տարվեմ —գերվեմ...

Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ...

 

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե±ն։

Եմ կարող եմ պատասխանել այդ հարցի°ն էլ.

— Միայն մեկը և - վերջինը..

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ

 

Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,

Մեր ազնըվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:

Անցյալին պարզված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված:

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին

Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:

Բարդելով վերքին վերք ու անարգանք,

Հեծության վրա մի նոր հեծություն՝

Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,

Խլել է մեզնից փառք ու մեծություն,

Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝

Մեր հո՛ղը, հո՛ղը,

Մեր սուրբ հայրենի՜ն:

Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:

Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,

Բայց և... դարավոր բնիկ վայրերի

Կորըստի լեղի կարո՜տն է քսել,

Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի

Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,

Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,

- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,

Մեր հայրենահամ անուշ բարբառով:

Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:

Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,

Հատել է ականջ ու ոտնաթաթեր,

Աչքեր է հանել դաշյունով իր սուր,

Կտրել է նաև արմատից լեզուն,

Եվ սակայն... իզու՜ր.

Չի՛ հատվել լեզուն,

Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...

Քե՛զ՝ մեր հայկական և արամական,

Չկարողացան քեզ խլել մեզնից,

Ո՛չ խարդավանքով արամեական,

Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,

Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,

Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,

Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,

Ո՜չ ճշմարտությամբ,

Ո՜չ էլ ստերով:

 

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:

Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,

Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,

Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,

Որ հազարամյա դաժան մարտերում

Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

 

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,

Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,

Ինչպես երկինքը երբեք չի փլվում:

Չե՜ս խլվի երբեք,

Չե՜ս փլվի երբեք,

Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

 

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից

(Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).

Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,

Այլև մասու՜նք ես,

Մասու՜նք ես մի սուրբ,

Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝

Դարերի խորքից դարերին հասած:

 

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:

Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:

Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,

Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,

Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,

Շատերի մեջ ես, բայց պետական ես,

Եվ դրանով իսկ դու պետքական ես

Այն պետությանը, որ վաղը պիտի

Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

Ես ուզում եմ՝

Եթե գերվել՝

ոչ թշնամուց,

այլ խելքհան աղջիկներից:

Եթե մերվել՝

ապա երբեք չթթվելով:

Եթե լարվել՝

ապա միայն ստեղծելիս:

Եթե ճարվել՝

ապա փրկել մահամերձին:

Եթե ներվել՝

էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ:

Եթե սիրվել՝

միայն մեկի՛ց և մե՜կ անգամ...

Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը:

Քո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜,

Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜,

Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն,

Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն:

Թե բարակել է հարկավոր՝

թող բարակի մե՛ջքը կանանց,

Թե տառակեր է հարկավոր՝

թող նա մնա մեզ անճանա՛չ:

Պատարագե՞լ է հարկավոր՝

համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի,

ո՛չ թե երգով դագաղ փակվի:

Կոտորակվե՞լ է հարկավոր՝

դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի,

ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի:

Ւ՞նչ, տրաքվե՜լ է հարկավոր.

թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը,

այն էլ եթե անորակ է,

ոչ թե արդար և մեղավոր

մեր մարդկային մոլորակը...

 

Ես ուզում եմ...

Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ...

ՕԴԱՀԱՆ ԶԱՆԳԻ ՏԱԿ

 

 

 

Ձմեռային ինչ–որ թռչուն

Երեկոյի մոտալուտն է օրհնաբարում հիմարաբար՝

Չիմանալով,

Որ վերահաս երեկոյից

Ամե՛ն անգամ քո զգլխիչ հոտն եմ առնում

ԵՎ որ բոլոր թռչունների կանչերի մեջ

Ես ջանում եմ միայն որսալ քո անունի վանկարկումը...

 

Ձյուն էր տեղում ամբողջ օրը,

Գուցե մի ձյուն համատարած–համազգային

Հեռվից հեռու

Մեզ իրար հետ մի ցանցի մեջ միացնելով։

ԵՎ լռությունն արդեն թրջված–ծանրացած է հիմա այնպես,

Ինչպես որ իմ կոշիկները,

Կամ թերևըս քո վերարկուն։

 

Ա՜խ, այս ծանր լռությունը։

Ասես մեկի հետաքրքիր ձեռքը հիմա

Այս վիթխարի լռությունն է թաքուն կործել

Կյանքի վրա և աշխարհի՝

Մեծ օդահան զահգի՛ նման.

Կամենում է կարծես փորձել,

Թե վիթխարի այդ օդահան զանգի ներքո

Մեր սիրտն ինչքա՞ն կդիմանա,

Ե՞րբ կճայթի...

Մութը, իբրև լակմուսյան թուղթ, լուլսն է ծծում,

Ձմեռային անտառն ասես պրկախտով է հիվանդացել։

Ինձանից դուրս

Ես փնտրում եմ ինչ–որ մի բան վստահելի,

Որից կառչել կարողանամ,

Ու չեմ գտնում ոչի՛նչ.

Չկա՜ս...

ԵՎ... փնչում եմ ակամայից,

Խուլ փնչում եմ ու հասկանում,

Թե ինչո՞ւ են թռչունները ճտտում այդպես։

Նրանք ճայթում կամ պայթում են

Այս օդահան զանգի ներքո։

Իմ փնչոցը

Այդ միևնույն ճայթումն է հենց՝

Նույն օդահան զանգի ներքո...

 

Փորձը կարծես ավարտվում է։

ԵՎ ազդարար քամին հիմա կսկսի տալ

Այդ ավարտի ազդանշանն ամենազդու՝

Պրկախտավոր այս անտառը վերածելով ընկնավորի,

Թպրտալով լուսամուտի ու դռան տակ,

Թպրտալով ձների մեջ՝

Ինքը նույնպես մի ընկնավոր...

Խավարն արդեն խորանարդում է ինքն իրեն

Եվ իր սևը խառնակելով ձյան ճերմակին՝

Ստանում է մի գորշություն,

ՈՒ տարածուն կյանքի՛, մարդկա՛նց,

Նույնիսկ մարդու շնչի՜ վրա։

Իսկ երբ նաև գորշանում է շունչը նույնիսկ՝

Սկսում են մարդիկ քնել,

Որ... գույնզգույն երազներով

Ներկեն կյանքի գորշությունը։

 

Իսկ ես քնել չեմ կամենում։

ԵՎ պտտվող Երկրի վրա,

Ինչպես հսկա խարտաքարի,

Հեսանվում է իմ գիշերը,

Որպեսզի միշտ սրված մնա զգացումը՝

Կտրատելով ա՛յն թաղանթը,

Որով սերը

Վերածվում է շրջանառու սովորության...

 

 

Պարույր Սևակ

3. Այո՛, ես կողմնակից եմ մեծ գաղափարներով հագեցած, ինտելեկտուալ կշիռ ունեցող բանաստեղծության, որով հեշտությամբ չպիտի մոռանանք, որ կենդանական աշխարհի ցուցակի մեջ մենք կոչվում ենք հոմո-սափիենս, մեծ բանական կենդանի ենք: Ինչքան էլ պոեզիան լինի հակոտնյա գիտություն, ինչքան էլ դա համարվի մարդու ոչ թե իմացական աշխարհի, այլ զգացմունքային աշխարհի արտահայտություն, այնուհանդերձ չպիտի մոռանանք, որ մեր զգացմունքն էլ բանական է, և մեր ամենաթաքուն, տակավին չըմբռնված հույզերի ու զգացմունքների մեջ մշտապես ներկա է մեր միտքը: Այս չափով էլ բանաստեղծության գաղափարայնությունը, բանաստեղծության մտավոր լիցքն ինձ համար ունի վճռական կշիռ: Վկա՝ համաշխարհային ողջ պոեզիան, այդ թվում նաև այն Սայաթ-Նովան, որով սկսեցինք մեր զրույցը: 200 տարվա ընթացքում մարդկությունը գաղափարապես զարգացել է այնպես, որ Սայաթ-Նովայի արտահայտած և պաշտպանած գաղափարների մի զգալի մասն այսօր մեզ համար հնացած են բացարձակապես, և այդ այն դեպքում, երբ նրա արտահայտած մարդկային հույզերն ու ապրումները, երբ նրա հոգեկան խռովքը լիապես թարգմանում է մեզ՝ XX դարի քաղաքացիներիս:

Ինտելեկտուալ պոեզիայի անունից խոսողները չպիտի մոռանան նաև այս հանգամանքը, որը, ճիշտն ասած, ոչ թե հանգամանք է, այլ արվեստի էությունն է: Ուրեմն, եթե ճիշտ է, որ այն ամենը, ինչ կարելի է գրել վեպով կամ օչերկով, բանաստեղծություն չէ, ապա ճիշտ է, որ պոեզիա չէ այն ամենը, ինչը կարելի է կարդալ այս կամ այն մենագրության, հոդվածի կամ գիտապոպուլյար շարադրանքի մեջ: Մի բան, որ այնքան նկատելի է, այսպես կոչված, ինտելեկտուալ պոեզիայի մեջ: Հիշեցնեմ, որ այն դարը (XVIII), որի ծնունդն էր Սայաթ-Նովան և որը մարդկության լավագույն դարերից մեկն է, բանականության և լուսավորիչների դարը, մեզ կտակելով անգնահատելի ժառանգություն, զարմանալիորեն շատ քիչ բան տվեց բանաստեղծության մեջ: Եկեք չվախենանք հիշելու այնպիսի վիթխարի մարդկանց, որպիսիք են, ասենք, Վոլտերն ու Լոմոնոսովը, իսկական գիգանտներ, որոնց պոեզիան իրենց վիթխարի գործունեության ամենաթույլ տեղն է: Բնական է, որ այսքանից հետո պոեզիայի ժանրերից ամենից մնայունը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային գրականությունը, բանաստեղծությունն է: Ահավասիկ, մի այնպիսի հանճար, ինչպիսին է Ֆիրդուսին՝ իր «Շահնամեով»: Մարդկային տիտանական աշխատանքի մի արդյունք և նրա կողքին՝ իր ժամանակակից Խայամը՝ իր փոքրիկ քառյակներով. մեզ համար` նրանցից հազար տարի հետո ապրողներիս համար, ո՞րն է ավելի մնայուն, կենդանի, ընթերցվող Ֆիրդուսու բազմահատոր «Շահնամե՞ն», թե՞ Խայամի փոքր հատորյակը: Ինչպես տեսնում ենք, պոեզիայի մնայունության մասին դատելիս ապագան զրկված է մեզ օգնելու հնարավորությունից: Ոչ մի մարգարե չի կարող ասել, թե ի՞նչ է լինելու 100 տարի հետո: Այստեղ մեր լավագույն խորհրդատուն կարող է լինել անցյալը, որը, կարծում եմ հազարավոր օրինակներով ապացուցում է զուտ լիրիկական և փիլիսոփայական բանաստեղծության առավելությունը պատմողականի և նկարագրականի հանդեպ:

 

 

4. Թվում է, թե այս հարցին պատասխանելը ամենից հեշտն է, որովհետև ես որոշակի նախասիրությունների բանաստեղծ եմ և անկարելի է, որ չունենամ իմ ամենից մոտիկ բանաստեղծները, բայց հարցի դժվարությունը կայանում է նրանում, որ ես դեղձ էլ եմ սիրում, խաղող էլ, մանդարին էլ: Ինձ շատ ու շատ կողմերով մոտիկ է, օրինակ, լիտվական բանաստեղծ Մեժելայտիսը, ռուս նորագույն բանաստեղծներից ամենից շատ հավանում եմ Անդրեյ Վոզնեսենսկուն: Մեժելայտիսի մեջ, օրինակ, ինձ դուր է գալիս նրա անկաշկանդությունն ու փիլիսոփայական այն հայացքը, որով նա նայում է կյանքին ու մարդուն:

Ես այսօր շատ երկար խոսեցի պոեզիայի այն տեսակի մասին, որը կապում եմ հոգի բառի հետ: Ինձ թվում է, որ այդ ուղղությամբ ամենից շատ տառապում և արդյունքի է հասնում Անդրեյ Վոզնեսենսկին:

Քաղաքակրթության ներկա էտապում մենք կանգնած ենք պարադոքսալ վիճակի առջև: Մի կողմից, երկրագունդն այնքան է փոքրացել, որ կարծես թե լինի իսկապես գլոբուս, կրճատվել են տարածությունները: Մոսկվայից Նյու Յորք գնալու և վերադառնալու վրա մենք ծախսում ենք ավելի քիչ ժամանակ, քան կծախսեին մեր հայրերը Մոսկվայից Լենինգրադ գնալու համար: Ռադիոն և հեռուստացույցը մայրցամաքները մոտեցրել են այնքան, որ կարծես թե դարձել են դրկիցներ: Ոչ մի ժամանակ մարդիկ այնքան կապված չեն եղել, որքան հիմա, բայց, մյուս կողմից, քաղաքակրթության նույն բարիքները մեզ գամել են մեր տներին՝ մեզ դարձնելով մի տեսակ մենատնտես: Աշխարհ տեսնելու փոխարեն մենք կարող ենք նայել կինոնկար, ըստ որում, մեր սեփական տանը, մեր սեփական հեռուստացույցի առջև:

Գնացք նստելու ու հարյուրավոր մարդկանց հետ կամա թե ակամա ծանոթանալու փոխարեն` մենք օգտվում ենք ինքնաթիռի ծառայությունից, որի մեջ իրար անուն հարցնելու ժամանակ էլ չենք գտնում: Այս չափով էլ մենք հետզհետե ավելի ենք առանձնանում մեր շրջապատից: Ստացվում է այնպես, որ ոչ մի ժամանակ մենք այնքան միասին չենք եղել և միաժամանակ՝ այնքան առանձնացած: Այսպիսի պայմաններում մեր հոգեկան տվայտանքների և մեր խորունկ խոհերի ու ապրումների լավագույն թարգմանը կարող է լինել մարդկային քաղաքակրթության ամենահին միջոցներից մեկը՝ պոեզիան: Բառերն էլ շատ գործածելուց մաշվում են, հաճախ նույնիսկ զրկվում են իրենց վսեմ նշանակությունից: Այդպիսի բառերից մեկն է՝ խաղաղություն: Բայց իսկապես էլ, մեր դարաշրջանում ավելի քան երբևէ, խաղաղությունը ձեռք է բերում ճակատագրական նշանակություն: Աշխարհի ամենամեծ նվաճողներն էլ անցյալ դարերում իրենց արծարծած պատերազմներով սպառնացել են երկրագնդի այս կամ այն մասին միայն: Մենք հիմա ապրում ենք մի այնպիսի, իսկապես էլ, անհանգիստ դարում, տեխնիկայի զարգացման այնպիսի մի փուլում, երբ պատերազմի վտանգը իսկապես էլ հավասարվում է մարդկության քաղաքակրթության կործանման վտանգին: Այստեղ է, որ մենք՝ բանաստեղծության սպասավորներս, ստանում ենք մի բոլորովին նոր պաշտոն: Իմ խորին համոզումով, բանաստեղծ և դիվանագետ հասկացությունները ոխերիմ թշնամիներ են: Բայց կա դիվանագիտության մի տեսակ, որն այդ յանուսյան բառին տալիս է սրբազան նշանակություն: Խոսքս հոգու դիվանագետների մասին է: Ինձ թվում է, որ մենք` այս անհանգիստ դարի բանաստեղծներս, մեր արվեստով պիտի կոտրենք հենց այդ դարը՝ վարելով հոգեկան մի բանակցություն, որի հիմնական նպատակն է ոչ թե թաքուն պատերազմ վարելը, մի բան, որ հատուկ է, այսպես կոչված, կլասիկ դիվանագիտությանը, այլ այդ պատերազմը հետաձգել այնպիսի մի անորոշ ժամանակով, որ հավիտյան է կոչվում: Հայտնի է, որ աստվածաշնչյան ժամանակներում, ինչպես նաև հին Հունաստանում կային հատուկ ամիսներ, երբ ամենակատաղի պատերազմն անգամ դադարում էր, ինչպես, օրինակ, ուխտագնացության և օլիմպիական խաղերի ժամանակ: Մենք՝ բանաստեղծներս, որ հավերժական ուխտավորներ ենք սիրո և բարության, մենք, որ դարավոր կրողներն ենք օլիմպիական ջահի, պիտի անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի տարին իր 12 ամիսներով դառնա խաղաղության:

Կա՞ ավելի վսեմ ծառայություն, քան ասածս: Չեմ կարող չավելացնել նաև, որ ինձ համար` իբրև մի ժողովրդի զավակի, որ թերևս ամենից շատ վտանգված ժողովուրդն է եղել դարերով, խաղաղությունը բառ չէ, այլ գոյության պայման:

 

ՙՙԳիտության աշխարհում՚՚ ամսագիր

Անծանոթներ ենք մենք իրար,

Եվ փողոցում հանդիպելիս

Ես չեմ տեսնում դեմքիդ վրա

Քո ժպիտը այն լուսերիզ,

Որով գիտես դու ողջունել

Ծանոթներին քո բախտավոր.

-Ես այդ թովիչ բախտը չունեմ,

Անծանո՛թ ենք և հեռավո~ր:

 

Բայց երբ հանկարծ այգում, մայթում

Հանդիպում ենք, ամեն անգամ

Կեռ թարթիչներդ ես դու թարթում

Ու նայում ես ինձ մի վայրկյան

Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր,

Եվ... հիշելով ինչ-որ մի բան

(Իբր մի բան ես ստուգում),

Պայուսակդ ես բացում-փակում:

 

 

Անծանոթ ենք իրար:Սակայն

Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,

Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան

Կանգ եմ առնում, որ իբր թե

Գլանակս վառեմ հանգած

(Գլանակս` վառվա~ծ արդեն)...

Առերևույթ սառն ու թեթև:

 

 

Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ,

Որով տենչանքն իմ չհանգած

Բորբոքվում է կրկին անգամ`

Գլանակիս կրակի պես,

Իսկ դու~,իսկ դո՛ւ... Փնտրու~մ ես դու,

Որոնու~մ ես ինչ –որ մի բան

(Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում)

Որոնում ես համառաբար,

 

Եվ... չես գտնում հավանաբար...

Պարույր Սևակ

2. Ինչպես հայտնի է, վերջին տարիներին պոեմի ժանրը առիթ տվեց լուրջ խոսակցությունների: Հիշենք թեկուզ այն բանավեճը, որ մղվեց «Լիտերատուրնայա գազետայի» էջերում, դա անկասկած ժամանակին էր և բնական: Պոեմն` իբրև ժանր, ինչ-որ չափով կապ ունի արձակի հետ: Եթե կարելի է ասել՝ նա մի տեսակ միջանկյալ օղակ է արձակի և պոեզիայի միջև: Համենայն դեպս, համաշխարհային գրականության նշանավոր պոեմների մեծ մասն այդ են ապացուցում: Բայց իմ խորին համոզումով ճշմարիտ պոեզիան ոչ միայն գրական սեռ է այդ բառի ՐՏՊ իմաստով, այլ նաև տՏս իմաստով: Պոեզիայի և պրոզայի տարբերությունը արտաքին չէ, այլ ներքին: Այսինքն պոեզիան պրոզայից տարբերվում է ոչ միայն այն բանով, որ գրվում է ոտանավորով և հանգավորումով, այլ ճշմարիտ պոեզիան պոեզիա է նաև առանց այդ հանգի ու չափի: Ինչպես գիտեք, հիմա մոդա է դարձել, կանայք էլ են շալվար հագնում, բայց դրանից, ինչպես հայտնի է, չի փոխվում նրանց սեռը: Նույնը կարելի է ասել նաև պոեզիայի մասին: Շալվար հագած որևէ օչերկ, որևէ վիպակային սյուժե չի կարող փոխել իր սեռը:

(Գրել «Անլռելի զանգակատան» մասին)

Այդ իմաստով էլ ես պոեզիա չեմ համարում այն ամենը, ինչ հնարավոր է գրել արձակով: Մանավանդ հիմա, երբ մենք ունենք դասական պոեզիայի մի այնպիսի հարստություն, մանավանդ հիմա, երբ ինքը արձակը հասել է մարդկային զգացումների և հոգեբանական նյուանսների արտահայտման այնպիսի նրբության ու խորության, երբ լրջորեն խոսվում է վեպի մահացման մասին, նստել և չափածո դարձնել մի սյուժե, որը ոչնչով չէր տուժի, եթե գրվեր արձակ, ես պարզապես համարում եմ անախրոնիզմ և աշխատանքի վատնում: Անձամբ ես` իբրև ընթերցող, մեծագույն դժվարությամբ եմ կարդում այն բոլոր պոեմները, որոնք պատմողական են և նկարագրական, ու ես` իբրև բանաստեղծ, նմանօրինակ պոեմները համարում եմ պարզապես շալվարավոր կանայք:

Գալով այն հարցին, թե բանաստեղծության ժանրերից որն եմ համարում մնայուն, ապա պետք է ասեմ, որ այս հարցի պատասխանն էլ ակամա կապվում է պոեմի ժանրի հետ: Գրականության պատմությունը ցույց է տալիս, որ ամենից շատ և ամենից շուտ հնանում է կոնկրետ սյուժեն: Սայաթ-Նովայից 600 տարի առաջ ապրում էր մի հայ, որին շատ բաներով կարող ենք համարել մեր նախահայր: Խոսքը Ներսես Շնորհալու մասին է: Նա լինելով հայ կաթողիկոս, միաժամանակ, մեծ բանաստեղծ էր, մեծ երգիչ, կոմպոզիտոր և երաժիշտ: Դարեր շարունակ նրա գլուխգործոցը համարվել է «Ողբ Եդեսիոյ» պոեմը, մի հսկայական գործ, որը գրվել է մեկ հանգով: Պոեմն ունի կոնկրետ սյուժե, գրվել է Եդեսիա հայկական քաղաքի կործանման առթիվ: Շնորհալուց մեզ հասել են նաև բազմաթիվ փոքրիկ բանաստեղծություններ, հոգևոր երգերի տեքստեր, որոնք ոչ իր ժամանակ, ոչ էլ հետագայում երբևէ չեն համարվել ու չեն էլ կարող համարվել գլուխգործոց: Բայց ահա այսօր մենք՝ Շնորհալու մեծ երկրպագուներս, միաբերան կարող ենք հաստատել, որ Շնորհալու գլուխգործոցը կարդում են միայն նրանք, ովքեր պիտի քննություն տան բանասիրական ֆակուլտետում: Ընթերցողի համար բնավ հետաքրքրական չէ, թե որտե՞ղ է այդ Եդեսիա քաղաքը, ե՞րբ է կործանվել, ինչու՞ է կործանվել: Կոնկրետ պատմական սյուժեն, հեռանալով մեզանից, դադարել է մեզ հետաքրքրելուց: Այդպես նաև այն բոլոր պոեմների հետ, որոնք կապված են եղել կոնկրետ պատմական, նկարագրական իրադարձությունների հետ՝ գրված Շնորհալու ժամանակներից մինչև կոլխոզշարժման ժամանակները: Մինչդեռ նույն Շնորհալու փոքրիկ երգերը այսօր բոլորիս աչքին թվում են մի-մի գլուխգործոց, որոնք երգվում են, անգիր արտասանվում, և իրենց թարմությունը, կասկած չունեմ, չեն կորցնելու այսուհետև: Դրանք ներբողներ են լույսի, դրանք հայցեր են, հոգու ճիչեր՝ ուղղված առ Աստված, որոնց այսօր մենք չենք հավատում, բայց չէ՞ որ հավատում ենք ինքներս մեզ: Այստեղ արդեն կարևորը ոչ թե հասցեատերն է, այլ հոգեկան այն ճիչը, որը երբեք չի հնանում ու չի հնանալու, քանի մենք մարդ ենք: Եվ քանի որ խոսքը հասավ հոգու մասին, ապա ես չեմ կարող չասել, որ իմ ըմբռնումով ժամանակակից բանաստեղծությունը բնորոշելու համար այսօր հոգի բառը ես համարում եմ վճռական: Դարեր շարունակ բանաստեղծությունը կապել են սրտին, համեմատել երգի հետ ու երգ էլ կոչել: Եվ ճիշտ են արել, բայց սրտից ու գլխից բացի մենք ունենք ևս մի բան, որ ժամադրավայրն է այդ երկուսի և կոչվում է հոգի կամ ոգի: Արդի բանաստեղծությունը ընդհանուր ուրվագծով (և ճիշտ բանաստեղծությունն առհասարակ և միշտ) վեր է սիրտ կոչվածից և ավելին է երգ կոչվածից: Սիրտ ունենալը քիչ է, սիրելի բարեկամներս, հարկավոր է նաև հոգի ունենալ: Եվ ասածս արտառոց նորություն մի՛ համարեք: Այս «նոր»ությունը շատ լավ հասկացել էին տակավին հին հնդիկներն ու քրիստոնյաները՝ մարդկային անմահությունը հեղյուսելով ոչ թե սրտի տեղափոխության, այլ հոգու այլակերպության վրա:

Մենք (բազմադարյան մարդկությունը) լի և առատ ենք սրտառուչ խոսքերով, ուրեմն և՝ մի քիչ էլ կուշտ ենք: Այժմ արդեն մենք առավել կարիք ունենք այդ հոգու դիալեկտիկային, ավելի, քան սրտալի զեղմանը, որը (այդ սրտի զեղումը) հիմքն է նախնական արվեստի, բայց ոչ երբեք՝ զարգացած արվեստի: Դրանով (սրտալի զեղմամբ) բանաստեղծությունը ոչ թե վերջանում է, այլ սկսվում է միայն, ինչպես որ երաժշտական ստեղծագործության մեջ էլ երգը երկուշաբթին է միայն, և ոչ թե շաբաթը:

Այդ պատճառով էլ արդի բանաստեղծության հիմնական տիպարը, երաժշտական տերմինով ասած, ես համարում եմ ոչ թե երգային մտածողությունը, այլ համանվագայինը (սիմֆոնիզմը): Ոչ թե մենաձայնությունը, այլ բազմաձայնությունը: Եվ սիմֆոնիզմ ու բազմաձայնություն ասելիս` ես չեմ ենթադրում անպատճառ սիմֆոնիա (պոեմ) կամ երգչախումբ (դրամատիկական պոեմ): Սիմֆոնիզմ և բազմաձայնություն՝ նույնիսկ 10-15 տողանոց բանաստեղծության մեջ: Ոչ թե մի երգ, որի եղանակը վերջանում է առաջին իսկ տնով (հետագա տների խոսքերն են փոխվում, իսկ եղանակն ու կրկներգը մնում են նույնը), այլ մի երգ, որի յուրաքանչյուր հաջորդ տունը նախորդ տան եղանակը փոփոխակում ու զարգանում է բոլորովին այլ ձևերով: Իսկ սիմֆոնիկ զարգացած երաժշտությունը ոչ թե բացառում, այլ ենթադրում է նաև այն, ինչ կոչվում է դիսոնանս, որ բանաստեղծության տիտղոսավոր և անտիտղոս գնահատողները հաճախ կոչում են «կոպիտ տեղեր» կամ «արձակայնություն»: Եկեք երաժիշտներին չծիծաղեցնենք մեզ վրա, դիսոնանսը երաժշտության ու երաժշտի թուլությունը չէ կամ անզորությունը, այլ ուժն է ու կարողությունը: Եվ անհամեստություն կհամարվի, եթե ասեմ, որ այսօրվա մարդը առավել բարդ կառուցվածք ունի, քան Դանեմարքայի արքայազնը: Այդ դեպքում արտահայտվեմ ավելի համեստ. մի՞թե մենք ավելի բարդ չենք, քան նույն այդ արքայազնի զրուցակիցները՝ գերեզմանափորը կամ խեղկատակը: Գոնե պիտի ամաչել այդ գերեզմանափորից ու խեղկատակից և 20-րդ դարի բանաստեղծությունը չըմբռնել իբրև խաղիկ-ջանգյուլումների բազմահարկություն: Խորալներ են ղողանջում մեր հոգում, իսկ մեզ ուզում են հաճույք պատճառել ճաշարանային նվագախմբով: Ռեքվիեմների կարիքն է մեզ տանջում, իսկ մեզ խորհուրդ են տալիս գնալ պարային հրապարակ: Սիմֆոնիաների են ծարավի մեր ականջները, իսկ մեր նույն այդ ականջները քաշում են հենց այդ պատճառով և, ականջներից քաշելով, ստիպում լսել հովվական այն շվին, որ ընդամենը երկու ծակ ունի՝ մեկի անունը՝ «հույզ», մյուսի անունը՝ «սիրտ»:

Վաղուց է եկել ժամանակը մտածող-մտավորական- իմացականությամբ լեցուն հերոսի՝ լինի դա քնարական հերոս, թե հերոս վեպ ու վիպակի: Ու եթե այդպես դատենք՝ արժե՞ արդյոք այնքան շատ խոսել ժողովրդական բանահյուսությունից օգտվելու, դա մշակելու-վերամշակելու անհրաժեշտության մասին: Բանահյուսությունն ունի իր անկրկնելի հմայքն ու հարստությունը: Եվ ամեն ազգի գրող էլ, ծնվելով ու մինչև մեռնելը, օգտվում է դրանից` ինչպես օդից: Բայց չմոռանանք նաև, որ բանահյուսությունն այլևս չի զարգանում, որովհետև չի կարողանում (անեկդոտները չհաշված): Ու եթե դեռ զարգացող բանահյուսություն կա, այդ էլ միայն հետամնաց ազգերի մեջ:

Արդ՝ հարաբերականության տեսության աղը ծամած, քվանտային տեսությունը համտեսած, կիբեռնետիկայով կոկորդը ողողած ընթերցողիս և ընթերցողիդ ինչպե՞ս պիտի հոգեպես գոհացնես քո ֆոլկլորային մտածելակերպով: Գրականությունը երգի ու պարի ազգային անսամբլ չէ, ոչ էլ համերգային դահլիճներում օր ու գիշեր ելույթ են ունենում նմանատիպ անսամբլները միայն:

Ինքնին հասկանալի է, որ եթե ես՝ իբրև ընթերցող, չեմ բավարարվում սրտառուչ զեղումներով և պահանջը ունեմ հոգեկան կերակուրի, ուրեմն և՝ չեմ կարող լրջորեն պոեմ համարել այն, ինչ կոչվում է կոնկրետ սյուժետային բանաստեղծություն: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե Վորոնեժ կամ մեկ այլ քաղաքում անձրևոտ թե արևոտ մի եղանակի ո՞վ էր քայլում, ու՞մ հանդիպեց և ինչո՞վ վերջացավ նրանց հանդիպումը: Հիշենք, որ պոեզիայի բազմադարյան սիմվոլը եղել է ոչ թե …-ը կամ կրիան, այլ պեգասը, որը միայն ձի չէր, այլև թևավոր ձի: Ուստի և` պոեզիան չի կարող լինել գետնատարած, գետնահուպ, նա պետք է լինի հրեղեն ձի, որը ոտները գետնին չի դիպցնում: Ուստի և` այլևս տարածականը չէ նրա մեծության չափանիշը, այլ մխվածք կամ սլացք. այլևս պետք է լինել ոչ թե երկրաչափ կամ աշխարհագրագետ, այլ երկրաբան կամ օդաչու, ոչ թե փռվել, լճանալ, այլ մտնել տուրբին՝ ջրի պես կամ գազի նման, հետազոտել մութը` լինի դա մթնոլորտ կամ ընդերք, միևնույն է: Այլ կերպ և մասամբ կրկնելով ասածը` պետք է մտնել ոգու ոլորտները, շահագործել հոգու հարստությունը: Այսինքն՝ նորից ու նորից հիշել, որ մեր մասնագիտության սիմվոլը հրեղեն ձին էր:

Այսքան կողմնակից լինելով ձիուն՝ հարկ եմ համարում նշել, որ ես ոխերիմ թշնամին եմ նրա մեկ հատկության: Ինչպես հայտնի է, նա ճանճեր քշելու համար անում է գլխի մի շարժում միայն, վերևից ներքև, որի թարգմանությունը մարդկային լեզվով կոչվում է՝ այո: Բանաստեղծն ամեն բան կարող է լինել, բայց ոչ բոլոր դեպքերում և բոլոր հարցերին այո պատասխանող: Իմ կարծիքով, դա ցինիզմի վատթարագույն տեսակն է:

 

 

Առանց քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,

Ու ես՝ նորից քեզնից բաժան:

Ժամացույցն է ինձ հետ տնքում,

Վայրկյանները թվում են ժամ:

Թվում է , թե անտես մի ձեռք,

Ծանր,ինչպես ձուլված կապար,

Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել

Ու ճմլում է անգթաբար:

Ու ցավում է...

Բայց սպասի՛ր,

Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:

Լավ է լինել և ցավաց սիրտ,

Բայց ոչ անսեր,անսեր-տրտում:

Չեմ գանգատվում:Քաղցր է այնպես

Դժվար սիրուդ խայտանքն զգալ,

Մութ բիբերիդ փայլով հարբել,

Հարբել - և էլ խելքի չգալ.

Զգալ,որ դու իմն ես հեռվում

Ցավով, սիրով, կարոտներով,

Որ նույն հրով դու ես վառվում,

Հովանում ես նույն հովերով.

Զգալ, որ ես տրվել եմ քեզ

Քո ցանկությանն իսկ հակառակ.

Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝

Եվ կենդանի սիրտը երբեք

Չդառնա լավ կամ վատ քառյակ...

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս,-

Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,

Նկատում ենք մատղաշներին,

Որոնք մեզ չեն նկատում.

Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,

Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պառթկուն ու կրակված…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս.-

Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,

Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակ են դարձել.

Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,

Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր- տնասեր…

 

Ծերանում ենք, Պարու՛ր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜.-

Մե՛կ օր խմում

Եվ երկու՛օր արդեն խումար ենք ընկնում,

Մե՛կ ժամ քայլում

Եվ երկու՛ ժամ խոսում դրա օգուտից

Կամ վնասից,

Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,

Կարծես մի մեծ գյուտ ենք արել

Կամ հերքում ենք մի հին գյուտ.

Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր

Հոլովվում են ու խոնարհվում ավելի շատ և նույնիսկ

Առավել քիչ դժգոհությամբ,

Քան թե թաքուն պարծանքով…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս.-

Թափառելու ժամ չի մնում,

Չենք հասցնում ձանձրանալ.

Քիչ ենք թախծում մենք անառիթ,

Շատ ենք տխրում առիթով.

Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,

Շատ ենք խորհում, քիչ քնում,

Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ

Եվ ուզում է մեր քրքրված ջղերն իրար կպցնել…

 

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս,

Ծերանում ենք, սակայն կարծես

Դարձյա՛լ խանքի չենք գալիս.-

Դեռ հիմա ՜ էլ զարմանում ենք.

Դեռ կարո՜ղ ենք զարմանալ

Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,

Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբր անենք աշխարհում.

Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ- որ կերպ.

Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից

Դոն- Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.

Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,

Առաջվա՛ պես… առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով…

 

 

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,

Սակայն… խելքի չե՜նք գալիս…

 

1. Իսկապես էլ, ես իմ թեկնածուական դիսերտացիայի նյութն ընտրել եմ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, և աշխատանքն սկսվեց այնպիսի ծավալով ու խորությամբ, որ ի պատասխան իմ հայցի, Գրական ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց այդ աշխատության դիմաց ինձ տալ բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Անգլիացի գրող Կիպրիները իր նշանավոր բանաստեղծություններից մեկում ասել է, որ Արևելքը Արևելք է, Արևմուտքը` Արևմուտք, և նրանք երբեք չեն հանդիպելու: Անգլիացի գրողի այս կարծիքը, հիմնականում սխալ լինելով, մի որոշ չափով նաև ճիշտ է: Եթե նկատի ունենանք այնպիսի անհատականությունների, որպիսին է Սայաթ-Նովան: Իսկապես էլ, եվրոպական գրականության մեջ դժվար թե հնարավոր լինի ցույց տալ այնպիսի մի բանաստեղծի, որը միաժամանակ ստեղծագործած լինի երեք լեզուներով և ստեղծագործած այնպես, որ համարվի այդ ժողովուրդների մեծ բանաստեղծ. միաժամանակ չմոռանանք, որ այդ անձը սքանչելի կոմպոզիտոր էր, երգիչ և երաժիշտ, որը ոչ միայն գրում էր, այլ իր գրածը եղանակավորում, երգում ու նվագակցում: Չենք կարող մեզ թույլ չտալ ասելու, որ երևի միայն Արևելքի շքեղ բնությունը կարող է նմանօրինակ «խաղ» խաղալ մեկի հետ: Ահա թե ով է Սայաթ-Նովան: Բայց, միաժամանակ, հարկ եմ համարում նշել մի հանգամանք, որը կարող է առերևույթ թվալ պարադոքսալ: Բանն այն է, որ ես` իբրև բանաստեղծ, իմ գրական առաջին իսկ քայլերից եղել եմ ոխերիմ թշնամի բանաստեղծության այն տեսակին, որ կոչվում է աշուղություն: Այսինքն` այն տեսակին, որի հիմնադիրը հայ, վրացական և ադրբեջանական գրականության մեջ եղել է Սայաթ-Նովան:

Աշուղություն ասելով` նախ պետք է հասկանալ դարեր առաջ ստեղծված, կանոնիզացված բանաստեղծական այնպիսի չափեր, որոնք պարտադրանքի ուժ ունեին, որոնք վաղուց դարձել էին կաղապար կամ կլիշե: Բանաստեղծական իմ խառնվածքով ես դեմ եմ ամեն տեսակ կաղապարվածության ու տրաֆարետի, ուստի և բնական է, որ իմ ողջ գործունեությամբ գիտակցաբար և անգիտակցաբար պետք է պայքարեի ու պայքարել եմ այդ կարգի բանաստեղծության դեմ: Ավելացնեմ ևս մեկ հանգամանք, որպեսզի մոտենամ պարադոքսը բացատրելուն:

Եթե աշուղությունը հասկանալի երևույթ էր XVI-XVIII, մինչև իսկ XIX դարերում, ապա անտանելի անախրոնիզմ է XX դարում, առավել ևս նրա երկրորդ կեսին: Այսպես դատելով` ես թշնամին եմ եղել ոչ թե Սայաթ-Նովային, այլ նրա ուշացած էպիգոններին: Մեր այսօրվա զրույցի ժամանակ ես առիթ կունենամ ևս մի այլ կողմից մոտենալու Սայաթ-Նովայի բանաստեղծական էությանը` կապված առհասարակ բանաստեղծության էության, մաշված բառով ասված` հավերժականության հետ, որտեղ սայաթնովականությունը կունենա ինձ համար ապացույցի մեծ ուժ: Բանն այն է, որ սայաթնովագիտությունը իր գոյության 120 տարիների ընթացքում զարգացել է մեծ մասամբ բանասիրական, աղբյուրագիտական ուղղությամբ: Եվ դա բնական է: Սայաթ-Նովայի` մեզ հասած եռալեզու բանաստեղծությունների ձեռագիր տետրակը գրված է հայերեն ու վրացերեն տառերով, ըստ որում` հաճախ խառը այբուբեններով, հայերեն բանաստեղծությունները` վրացական տառերով, իսկ ադրբեջանականը` հայերեն, դժվար կարդացվող մի ձեռագրով: Սայաթ-Նովայի բառապաշարը լեցուն է ոչ միայն հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, այսօր արդեն անգործածելի և անհասկանալի բառերով, այլ նաև արաբական, պարսկական և թուրքական այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնց մեկնաբանությունը շատ ու շատ կողմերով այսօր էլ լրիվ պարզաբանված չի, ու եթե ավելացնենք, որ Սայաթ-Նովայի մասին քիչ թե շատ լրիվ գաղափար կազմելու համար հարկավոր է թարգմանել նրա մի լեզվով գրված բանաստեղծությունները մեկ այլ լեզվի, ապա հասկանալի կդառնա, թե ինչու է սայաթնովագիտությունը իր ողջ պատմության ընթացքում զարգացել մեծ մասամբ բանասիրական և աղբյուրագիտական ուղղությամբ: Հասկանալի է, միաժամանակ, որ որքան էլ անհրաժեշտ եղած լինի այդ աղբյուրագիտական և բանասիրական աշխատանքը, որևէ գրողի ճիշտ գնահատությունը հնարավոր պետք է լինի միայն գրականագիտական բարձունքից նայելիս: Անարդար կլիներ ասել, թե մինչև այսօր այդ դիրքերից չի դիտվել բանաստեղծը, բայց և անարդար չի լինի ասել, որ այդ կարգի փորձերը չեն էլ բարձրացել փորձ լինելու աստիճանից: Իմ աշխատանքը նախ և առաջ կրել է հենց այդ գրականագիտական բնույթը: Սայաթ-Նովան ունեցել է ողբերգական կյանք, այդ ողբերգությունը խորանում է նաև նրանով, որ մենք այդ արտակարգ մարդու կյանքի մասին ունենք շատ քիչ տեղեկություններ: Մինչև հիմա էլ հայտնի չէ նույնիսկ այնպիսի մի հասարակ բան, թե երբ է ծնվել նա: Իմ ուսումնասիրության ընթացքում, բնավ էլ նպատակ չունենալով նորից խրվելու բանասիրության մեջ, ես ստիպված եղա իմ աշխատանքի մեկ երրորդը նորից դարձնել բանասիրական և այդտեղ, ինչպես թվում է ինձ, հասա որոշակի արդյունքի, հատկապես Սայաթ-Նովայի ծննդյան թվականը որոշելու ուղղությամբ:

Սայաթ-Նովայի խաղերը լեցուն են բազմաթիվ ծածկագրություններով, որոնց մի աննշան մասն է միայն մինչև հիմա լուծվել: Ինձ թվում է, որ ինձ հաջողվեց վերականգնել նրա այդ կարգի ծածկագրություններից մի ամբողջ շարք և դրանով իսկ ապացուցել, որ Սայաթ-Նովան ծնված պետք է լինի 1722 թվականին: Այդ ծածկագրությունների վերականգնումը միաժամանակ պարզեց, թե ով է եղել Սայաթ-Նովայի առեղծվածային սիրո օբյեկտը, ե՞րբ են նրան երկրորդ անգամ վտարել վրաց արքունիքից և այլն:

Աշուղությունն, իմ հաշիվներով, պիտի որ ծագած լինի 14-րդ դարում: Մինչև Սայաթ-Նովան անդրկովկասյան իրականության մեջ անպայման պետք է եղած լինեն աշուղներ, բայց, դե, նրանցից մեզ համարյա բան չի հասել: Աշուղները, իբրև օրենք, գրել են թուրքերեն լեզվով: Մեզ հայտնի են 400-ից ավել հայ աշուղների անուններ, որոնք բոլորն էլ, ըստ ընդունված անգիր օրենքի, գրել են թուրքերեն: Իբրև այդպիսին, նա մեր դարավոր գրականության հազվադեպ նորարարներից մեկն է: Իր և իր ժամանակակիցների վկայությամբ, նրանից առաջ ոչ ոք չի գրել նաև վրացերեն: Նա առաջինն էր, որ Վրաստանում հիմք դրեց աշուղության և ստեղծեց մի ամբողջ դպրոց: Բայց Սայաթ-Նովայի նորարարությունը սրանով չի վերջանում: Անհրաժեշտ է ասել, որ աշուղները, իբրև ժողովրդական երգիչներ, ավելի շատ քարոզիչ են, քան արվեստագետ, ավելի շատ դաստիարակ, քան բանաստեղծ: Նրանք ոչ այնքան խոսում էին իրենց անձնականի մասին, որքան կատարում էին իրենց ունկնդիրների պահանջը: Բավական է նշել մի հանգամանք, որ ասածս ապացուցված համարվի. բազմաթիվ են այն աշուղները, որոնք ի ծնե եղել են կույր, ուրեմն և՝ գաղափար իսկ չեն ունեցել ոչ բնության, ոչ էլ կանացի գեղեցկության մասին, մարդիկ, որոնք, բնականաբար, չեն կարող ունենալ և չունեն էլ երջանիկ կյանք, բայց նրանց երգերի գերակշիռ մեծամասնությունը այլ բան չէր, քան բնության, կնոջ գեղեցկության գովքը և խնջույքի ու ուրախության երգերը: Սա արդեն ցույց է տալիս, որ նրանք իսկապես ոչ այնքան խոսում են իրենց անունից, որքան կատարում իրենց մասնագիտությունը, այն, ինչ Մայակովսկին կոչում էր սոցիալական պատվեր: Եվ ահա Սայաթ-Նովան այն առաջին աշուղն է, որ շարունակելով իր մասնագիտությունը, կատարելով այդ սոցիալական պատվերը, խոսեց իր անունից, իր անձնականը դարձրեց իր մասնագիտության նյութ և դրանով իսկ մնալով աշուղ՝ դարձավ ճշմարիտ բանաստեղծ:

 

 

Աշնանային վալս

 

Մի մոռացկոտ անձրև

Ու մի երկչոտ քամի

Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝

Բնա՛վ չհարցնելով կամքն աշխարհի,

Ու գործի են անցել.

Շաղ են տալիս... տաղտուկ։

Տերևները կրկին գործադուլ են անում,

Եվ ծառերի կանաչ գործարաններն արդեն

Էլ չեն արտադրում ո՛չ թթվածին,

Ո՛չ էլ դեղին շրշյուն,-

Հե՜րն անիծած։

 

Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ

Երազում է հիմա հնավաճառ միայն։

Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ

Խուժեր սենյակ.

«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»...

 

Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,

Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝

Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,

Եվ ձևերի՛ց ամեն

Եվ մտքերի՛ց բոլոր...

 

Օդը հաստանում է մառախուղով,

Ու մշուշով երկինքն է ցածրանում.

Որ բարակի թելը համբերության

Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի։

 

Եվ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում,

Եվ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,

Ամե՜ն ինչից զզված,

Զզված նաև մեզնի՛ց։

Եվ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,

Ինչպես ամեն ծառից` կենտ-կենտ տերև,

Ինչպես ջրհորդանից՝ անձրևաջուր կեղտոտ,

Քիվից՝ պղտոր կաթիլ,

Տտիպ տաղտուկ՝ հոգուց...

Կաթո՜ւկ-կաթո՜ւ-կաթո՜ւկ,-

Հե՛րն անիծած...

 

Այս մոռացկոտ անձրևն ու այս երկչոտ քամին,

Տխրությունն այս բարակ և տաղտուկն այս պարարտ,

Նաև վատն ու հոռին

Պարազույգ են կազմել

Ու պարում են-պարո՜ւմ -պարո՜ւմ հիմա

Մեր փողոցու՛մ,

Տա՛նը,

Մեր սենյակո՛ւմ նեղլիկ։

 

Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,

Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,

Նույնն է պարում կյա՛նքը,

Նույնն է պարում մի՛տքը։

Այս ի՜նչ խենթություն է,-

Հե՛րն անիծած...

 

Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք։

(Ձանձրույթ առնող չկա.

Մենք ամենքս ենք ծախող)

Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ

Ու պտըտվենք մե՛նք էլ,

Մե՛նք էլ պարենք

Խենթացնող այս վալսը` խենթի նման,

Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՛ւմ,-

Ի՜նչ ուզում է լինի.

Հե՜րն անիծած...

 

 

Ձեր դռան զանգի առաջ

 

Ես կոճակն եմ սեղմում.

-«Բո՜րբ»,- զնգում է զանգը,

Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ «բոսո՜ր»։

 

Սպասում եմ։ Մի պահ։

Մի պա՞հ։ Թե՞ ողջ մի կյանք,

Որ նման չէ, ավա՜ղ, հոսող ջրի կյանքին։

Սպասում եմ և՝ «մո՜ւթ»-

Ձայնը ետ է դառնում

Եվ չակերտի նման ինձ իր մեջ է առնում։

 

Դու չե՞ս վերադարձել։

Սուտ է ուրեմն, այո՞,

Թե կա մի վեցերորդ ինչ-որ զգայարան։

Սուտ է ուրեմն, այո՞, մանկությունից ծանոթ

«Սիրտս վկայում է» այն խոսքը, որ գուցե

Մարդկայինն է բոլոր խոսքերի մեջ մարդկանց...

 

Ու կոճակն եմ սեղմում՝ կոկորդի՛ պես,

Եվ այդ խեղճ կոկորդը խռխռում է խռպոտ։

«Գո՜րշ»,- սողում է ձայնը՝ հորանջի՛ պես՝ դանդա՜ղ։

 

Սպասում եմ։ Մի պա՞հ։ Թե՞ բովանդակ մի կյանք,

Որ խաչվում է քո տան սանդուղքների գլխին,

Խաչվում՝ պաշտամունքի չարժանացած։

Սպասում եմ և՝ «սև՜»,

Ձայնը գույնի փոխված՝

Կրկին ետ է դառնում

Եվ ինձ առնում

Իր սև շրջագծում մահազդային...

 

Դու տա՜ նը չես։ Պա՛րզ է։ Դու չե՜ս վերադարձել.

Որբ ես թողել և՛ ինձ,

Ե՛վ մի ամբողջ քաղաք,

Եվ հերքել ես մի բան, որ հաստատել է պետք.

Ա՛յն, որ կա վեցերո՜րդ զգայարան,

Եվ որ մարդկանց «սիրտը վկայում է» իրո՛ք։

 

Ու կոճակն եմ սեղմում.

«Սե՜ր»,- ճչում է զանգը,

Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ «կարո՜տ»...

 

Սպասե՞լ եմ։ Որքա՞ն...

...Ու երբ վերջին անգամ

Բթամատս նորից կոճակին եմ դնում՝

«Բո՜րբ»,- հնչում է անվերջ, ղողանջում է կրկին,

 

Եվ այդ «բորբ»-ի հուժկու արձագանքը («բոսո՜ր»)

Արդեն լուսաբացի կիսաքնում

«Բարի լույս» է հնչում բոլո՜ր կանանց համար,

Որոնց ես չեմ սիրում, որովհետև

Քեզ եմ սիրում նույնիսկ ա՛յն ժամանակ,

Երբ որ իմ դեմ դուռըդ բաց չի լինում։

 

 

Զղջում

 

Ճաշակած մայրական գգվանքի հետ կարոտի լեղին,

Մարմնական հանգստի հետ` հոգու խռովք,

Թույլ տուր այսօր, քույր իմ, դարձնել քեզ արնոտ կառափնատեղի,

Եվ ինձ մորթել այնտեղ մեղանչման ու զղջման անագորույն սրով...

 

Քանզի դու էիր միայն` հասկացար ապրումներս խելագար,

Անկումներս` թռիչքից առաջ, դժգոհ հայացքս` թռիչքից հետո.

Տեսար միտքս_գայլի պես անկուշտ, գայլի պես ագահ,

Լսեցիր տիրական ճախրանքը ոգուս, որ զարկվում է լոկ հանճարի նետով:

 

Քանզի դու էիր` անսարսուռ իջար հոգուս վիհերն ի վար,

Հոգուս անհունները_մռայլ, ահալի, անհատակ,

Ուր լպրծուն են ծերպերը, քարանձավներն_ամայի, քարափները_խավար,

Ուր պատահմամբ ընկածին կյանքս թվում էր անմիտ և երգս` անախորժ կատակ:

 

...Սակայն դու անհատակ վիհերից այդ ելնելով անելարան,

Երջանիկ և գոհ ժպիտով մի, որ հատուկ է գանձեր պեղող մարդուն,

Հասկացար, որ հրաշք էր կյանքս_անհունորեն հարուստ և գերառատ...

Տեսար այնտեղ արարիչներ_երկնող, արքաներ_անթագակիր և դևեր_մշտարթուն:

 

Ըմբոշխնեցիր ցավով` անդառնալի հաճույքի հետ միասին,

Քաղցր ու դառն շիճուկներն իմ` սրբագործված արյունիս մեջ.

Սերս հավերժորեն խոստումնալից և վայրկենապես խաբուսիկ,

Հոգիս, որպես հավերժ մատյան և մարմինս` նրան գրքակալ...

 

Չխնդացիր, երբ հիվանդ էի հոգով` առանց պատճառի և անցավ,

Չլքեցիր, երբ լքեցի քեզ-անգետ քո հոգուն, քո լույսին կույր,

Եվ խոստումի ու սիրո, և դրժման ու լքման մեջ ինձ հասկացար,

Կեղտով ապական հոգիս դիտելով` անբիծ ու մաքուր...

 

Եվ հիմա ես, անցած անվերադարձ ճանապարհի կեսից

Ետ նայելով, քույր իմ, ի՞նչ խոսքերով արդյոք արդարացում հայցեմ,

Երբ սերըս–սուրհանդակ՝ անհանգրվան անցել

Եվ իր հետ տարել է սրտիդ մերձենալու անկրկնելի հասցեն,..

 

1942