Կարծում են, թե օրենք դարձավ,

որ ի հեճուկս հնի՝

Մուսաների կարիք չունեն

բանաստեղծները հիմի:

Մուսաները նրանց համար

խրտվիլակներ են անդուր,

Որ փակված են հին երգերի

տիեզերքի մեջ անդուռ:

...Քեզ հետ ապրել եւ հավատալ

կյանքի ուժին ու ոգուն,

չտրտնջալ ոչ ցավերից,

ոչ տանջանքից, ոչնչից,

լքե՜լ, լքե՜լ հաճույքները

փափկամեղկ ու մորմոքուն,

լինել քեզ հետ, քո թռչունը,

պղնձանալ քո շնչից:

Հիմա, որքան սիրտը կուզի,

Թող բիրտ սարսափը հռհռա,-

Հայկ Նահապետն աղեղնավոր

շողշողում է լեռան վրա:

Եվ սրտի մեջ ամեն հայի

քնած կաթիլն է թունդ եռում,

որ արձակի իբրեւ զրահ

իր ճառագայթը սեւեռուն:

 

Կանաչ դաշտերը փափուկ

թաթախված են լույսի մեջ,

մայրամուտի լույսի մեջ՝

ծիրանագույն շշուկով,

եւ բլուրները խոնարհ

ծվարել են հույսի մեջ,

որ ծփում է լանջն ի վար՝

անմահության պարզ շուքով:

 

Գետը դանդա՜ղ, համրա՜շարժ,

համրամրմու՜նջ, համրատե՜ս,

ներծծվում է վայելքով

տաք մարմընի մեջ հովտի,

հոսում է մեղմ, աստղերից

երկիր իջած լույսի պես

եւ բորբոքում է մարդու

պատրանքները սնոտի:

 

Եվ մի թռչուն անհայտից

մեխվում է պարզ օդի մեջ՝

ասես գիշերն օրվա դեմ

իր սեւ նետն է արձակում,

շուտով լույսը կհալվի,

կանհետանա գետի մեջ,

կմեծանա թռչունը՝

ծածկի հովիտը ծաղկուն:

 

Եվ իրոք որ՝ մի՞թե նա

պիտի ծածկի ամեն բան,

եւ մի տարտամ, անորոշ

անհայտության մատնի մեզ,

թե ոչ, Լույսը, հայտնի է,

միշտ գտնում է իր ճամփան՝

նա ներծծվում է բոլոր

մարմիններից, նյութից ներս:

 

Նա ներծծվում է բոլոր

մարմիններից, նյութից ներս,

հետո աշխարհ է գալիս՝

գոյացնելով ուրիշ լույս,

շնչում են տաք թրթիռով

ծաղիկները նուրբ ու հեզ

եւ աղոթք են մրմնջում

գագաթները երկնասույզ:

 

Հետո կրկին ամեն բան

դանդաղ մարում է, մարում,

այսինքն՝ լույսը դանդաղ

ներծծվում է նյութից ներս,

-Այս մի գիշերն էլ քնենք

էս օրհնված աշխարհում,

եւ սպասենք, թե մահը

երբ է վրա տալու մեզ:

 

 

Կեղեւվդ բաց արա

 

Բաց քո կեղեւը, ծա՛ռ,

Առ ինձ կեղեւիդ մեջ...

 

Անցան օրեր մեկ-մեկ,

Անցան օրեր զույգ-զույգ,

Ճաշակեցինք եւ սեր,

Եվ տառապանք, եւ սուգ:

 

Հոգնեցրին ինձ արդեն

Օրերը լայն ու նեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Մեղավոր ու անմեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Տխրությունն այս ցանցառ

Եվ կարոտներն այս խեղճ,

Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,

Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:

 

Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-

Այս անծաղիկ դարում

Ես կձուլվեմ քեզ հետ՝

Որպես փոքրիկ գարուն:

 

Որպես թաքուն թախիծ,

Տերեւներիդ խորքում

Ես կփայլեմ տխուր

Ու կմտնեմ խոր քուն:

 

Ու հողերը թե գան՝

Ինձ խլեն քո ձեռքից,

Ես կարթնանամ, ծառ իմ,

Կըորոտանք մեկից:

 

Ես կձգվեմ քեզ հետ,

Ես կճկվեմ քեզ հետ

Ու հողմերի ձեռքից

Ես կփրկվեմ քեզ հետ:

 

Ու մի թաքուն գիշեր,

Երբ բոլորը քնեն,

Ես քեզ կախարդական

Բառերը կըկրկընեմ.

 

Կերթանք կամաց-կամաց

Կելնենք թաքուն-թաքուն,

Ու քնի մեջ նրան

Կդարձընենք անքուն:

 

Նրա երազի մեջ

Կախարդական մի ծառ

Մարդկային ձեւ կառնի,

Կշնկշնկա կամաց

Եվ մարդկային լեզվով,

Որպես լեգենդ պայծառ,

Կարբառի նրան

Անհու՜ն, կորած մի սեր

Եվ մի կարոտ անծայր:

 

Հետո կամաց-կամաց,

Ցավով մեր շողշողուն,

Որպես կոփրած տեսլիք,

Մենք կթաղվենք հողում: