ԱՀԱՎՈՐ ԲԱՆ ՄԸ ԱՅՆՏԵՂ...

 

 

Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ...

ԴըԺոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմըւիլ...

Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երէկ կ՛ապրէր, կ՛ոգորէր,

Միտքը լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին,

Կը բարձրանար ճահիճէն ուր խըրած էր ատենօք,

Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին,

Ամպերուն մէջ կը կարծէր... եւ ահա՛ ճիշտ այդ պահուն

Ոսոխ աստուած մը անշուշտ՝ որ դարանած կը դիտէր՝

Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի,

Ոտքի հանեց բովանդակ Հըրէշութիւնը ի քուն ՝

Մեծ օձերու, վագրերու, շաքալներու դէմքերով,

Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ

Անոր վիզին, աչքերուն, եւ իր Ժանիքը մըխեց

Ճիշտ ուղեղին մէջ անոր ՝ զոր արիւնին հետ ահա՛

Ան կը լըզէ հեշտագին, ան կը ծըծէ՜ ըզգըլխած...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ.

Կ՛սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ունէր եւ շընորհ,

Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք,

Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ա՛հ ո՜րքան,

Եւ այդ ազգը մերինն էր, եւ կ՛սպաննե՜ն զայն հիմա,

Զայն կ՛սպաննեն... Օգնութի՛ւն, ա՜հ, օգնութի՜ւն,

օգնութի՜ւն...

Քու հիշատակդ այս գիշեր

 

 

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե․

Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր

Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,

Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

 

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,

Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես

Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,

Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

 

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,

Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,

Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

 

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչաթ զիս հարուստ,

Այնչափ բարի, երջանիկ․․․ որ գթությամբ մը անհուն

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն․․․։

Քեզմե ոչինչ

 

 

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․

Քեզմե միայն խաղաղություն, լռություն,

Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝

Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

 

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,

Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,

Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,

Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

 

― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,

Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,

Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

 

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ

Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,

Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։

Եկեղեցին Հայկական

 

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,

Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորհուրդ , մութ ու լոյս ,

Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,

Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ' է ծըփուն . . :

 

Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,

ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,

Իր սեղանէն մխացող , գուլայ - գուլայ խունկերով ,

Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . :

 

Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին

Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին

Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ

Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :

 

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ' ռ բանուած,

Որուն ետեւ , սըկիհին մէջ, կ' իջնէ ի՛նքը Աստուած,

Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ

Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ :

 

Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ

Նաւահանգիստ մ' է խաղաղ , ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,

ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝

Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ :

 

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի

Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.

Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն

Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . .

Մեր լեզուն

 

 

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։ —

 

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,

Հղկել են այն դարեր, որպես մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,

Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

 

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —

Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

 

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն

Այլևս չի կարող լինել պատյան

Ո ՛չ Տերյանի բառբառը նվագուն,

Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

 

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ

Թումանյանի բառբառը գեղջկական, —

Բայց նա կգա — լեզուն այս երքաթյա բերքի

Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ…

Անունդ

 

 

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես

Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․

Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,

Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։

 

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ

Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․

Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,

Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։

 

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․

Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝

Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․

Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։

 

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.

Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,

Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝

Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։

Աղվորները

 

 

Աղվորն ա՜ն է հավիտյան, որ անցավ օր մը քովեդ

Եվ աչվընե՛րըդ օծեց,― աստվածային այցելո՛ւ,―

Գեղեցկությամբ մը, որուն ա՛լ չդարձար նայելու,

Եվ չուզեցիր հանդիպել անոր անգամ մըն ալ գեթ․․․

 

Աղվորն ան է տակավին,― հավիտյանե հավիտյան,―

Որ նայվածքիդ արևին տակ կմեծնար համրորեն,

Որ զերթ ծաղիկ մ՚օրորվող գարնան անուշ հովերեն,

Երբ մեկնեցար՝ մտքիս մեջ մնաց միշտ թարմ, մի՜շտ

բուրյան․․․

 

Եվ աղվո՛րը,― դուն գիտե՜ս օրհնյալ անունը անոր,―

Անիկա՛ է, որ կարծես պիտի կրնար քեզ սիրել,

Որ սերդ անշուշտ գուշակեց ու սպակեց ակընկոր,

Որուն սակայն լավ է, որ չուզեցիր սիրտը խռովել․․․

Աղվորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմիջեն

Անցան, գացի՜ն ու հիմա քեզ հեռուեն կկանչեն․․․։

Իմ վերջին սերս․․․

 

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,

Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա

Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան

Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․

 

Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,

Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,

Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր

Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․

 

Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ

Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն,

Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․

Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,

Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,

Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս

 

Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:

Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`

Խորհելով պայծառ արևին անցյալ,

Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:

Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

 

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա' ...

Ամեն գիշեր վերը, հո'ն, Արագածի գլխուն վրա

Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,

Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:

Զանի վառեց ու կախեց հո'ն, մեզ համար, հավիտյան...

Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,

Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,

Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...

Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,

Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին

Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...

Այդպես և ե'ս, ո'վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ

Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

ՎԵՐՋԻՆ ՄՐՄՈՒՆՋՔ

 

Յիշատակներ գունդագունդ կը խուԺեն վրաս այս գիշեր...

Ինչ որ եղաւ ու չեղաւ կ՛անցնի մտքիս առջեւէն՝

Արեւահատ, սովահար տղոց նման լուսեղէն,

Որոնց ես մահը տեսայ ու կը լսեմ ճիչը դեռ...։

 

Իմ ամբողջ կեանքս այս գիշեր. իր յոյսերով, յուշերով՝

Իր վարդերուն յոյսերով, իր յուշերով փուշերուն,

Կը գրաւէ սիրտս անսէր, կ՛ողողէ աչքս անքուն,

Մինչեւ կոկորդս ան կ՛ելլէ իբրեւ աղի, լեղի ծով...։

 

Ա՜հ, լաւագոյն է չըլլալ եւ լաւագոյն է հիմայ

Դադրիլ այլեւս ըլլալէ ու երթալ հոն ուր չըկայ

Ոչ ըսպասում, ոչ պատրանք, ոչ անցեալ, ոչ ապաքայ...։

 

Ալ հիմայ պէտք է, հոգիս, պատրաստըւիլ լռության,

Չաւաղելով, չողբալով, եւ մոռնալով յավիտեան

Գալարատանջ երգելու այս սփոփանքն ալ ունայն...։

Հազարներու մեջեն

 

Հազարներու մեջեն մեկն, եղար այն մեկը այսօր,

Զոր զգայի թե սիրել անհունորեն կ'ըրնայի,

Նայվածքդ այնքա՜ն էր անուշ, ժպիտդ այնքա՜ն էր աղվոր,

Որ բխվեցավ հանկարծ հույսն հոգիիս մեջ ամայի...

 

Մազերդ էին ծոծրակիդ վրա ուղիղ կտրված,

Ինչպես մազերն Սփինքսին, և դեմքիդ գույնը ուներ

Հախճապակվո մը ազնիվ, ու թարթիչներդ աղվաբաց

Կը հուսեին այտերուդ վրա լուսնի ճաճանչներ...

 

Ոտքի ելար ու հանկարծ սիրտս թռավ կուրծքիս տակ,

Հասակդ ինչքա՜ն էր ճկուն, ինչքա՜ն փափուկ ու հարուստ,

Կ'երթար քայլվածքդ ալ՝ ինչպես կուտա երազ մը փախուստ...

 

ՈՒ հեռացար, շա՛տ անուշ, շա՜տ գեղեցիկ, շա՜տ հստակ.

Մթընցնելով, պարպելով սրահն ամբողջ քեզի հետ,

Շնորհներուդ բազմությամբ լեցընելով զիս հավետ