ԵՐԳ ԵՐԳՈՑ

 

Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի,

Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:

Քմայապաշտ ծաղի՜կ մ'արդյոք ցընորքի,

Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.

Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի:

Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու

Եթերային անրջանքին է հանգույն.

ՈՒ քու կարմի'րըդ Պենկալյան վարդերու

... Երազամած կարմըրության պես տժգույն.

Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:

Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:

Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը'մպես.

Շունչըդ գինով է հովերու պես գարնան,

Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես...

Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:

Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,

ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո'ր,

Ավելի քաղցր է Քանանու գինիեն...

Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,

Թե լո'ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:

Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.

Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,

ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,

Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ...

Հրաշագո'... ո՜հ, քու իրանդ բյուրեղե:

Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր

Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,

Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,

Մինչև առտու պիտի հալեր արցունքով...

Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:

Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն

Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.

ՈՒ անութիդ որոշ ծալքերը նորեն

Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս...

Քու մե'ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:

Տժգույն աղջի'կ, հյուսիսայգի աչքերով,

Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ

Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով...

Ո'չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,

Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

Երբեմնի Դշխոս երևեցավ ինծի,

 

Վար քաշեց դեմքես թևերս պղնձի.

 

,,Կ'արտասվե՞ս, Ասպետ,,- Ո'չ, հեծկլտացի:

 

 

 

Ինչո՞ւ եկեր ես նորեն խռովել զիս,

 

Ղրկեր եմ արդեն զինվորներն Հույսիս,

 

,,Գիտե՞ս ուր,, ըսավ: -Ո'չ, հեծկլտացի:

 

 

 

Սուրացին, նետերն արձակելով վես,

 

Արևուն դեմ, օ'րն անիծելուն պես,

 

,,Կը դառնա՞ն,, ըսավ: -Ո'չ, հեծկլտացի:

 

 

 

Ահա մինակ եմ, անզեն, հուսահատ,

 

Ու ահա դեմս ես, ուշ է արդեն, վա'տ,

 

,,Սիրե զիս,, ըսավ: -Ո'չ, հեծկլտացի:

 

.

Սիրո աղբյուր

 

Ահա՛ կուգամ երջանկության ակերեն,

Արյունըս դեռ երազորեն կը հեւա

Ու արցունքներ արտեւանունքըս կ'այրեն։

 

Աղբյո՜ւր, աղբյո՜ւր, ի՜նչ հըրճվանքով տենդագին

Երկարեցի թըշվառ շրթներըս ակիդ

Ու ի՜նչ սիրով ըմպեցի ջո՛ւրըդ անգին։

 

... Ոհ, կուզեի մընալ հավետ ակիդ քով,

Նիհար ճակատս կռթնցընել քու քարիդ.

Թաղվիլ ջուրիդ երջանկությա՜ն պատանքով։

 

Ու կուզեի հալիլ կուրծքիդ մեջ անհետ,

Լույծ մարմնույդ մեջ կաթի՛լ մ'ըլլալ, կե՛տ մ'ըլլալ,

Երգե՜լ, հեւա՜լ, քեզի նըման, քեզի հետ։

 

Ի՜նչ մոգություն կար մարմինիդ մեջ համակ,

Ի՜նչ կ'ըսեին ալիքներըդ վազելով,

Ու ի՜նչ հմայք կար փրփուրիդ մեջ ճերմակ։

 

Շրթունքս դեռ քեզ կը փնտռեն տենդագին,

Ու հըրատապ այտերես վար մեղմորեն

Դողդըղալով կը սահի ցո՛ղը կյանքին...

Ահա կուգամ երջանկության ակերեն։

ԶԱՆԳԱԿՆԵ՜Ր, ԶԱՆԳԱԿՆԵ՜Ր...

 

Զանգակնե՜ր, բարի՜, բարի՜ զանգակներ,

Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն,

Խօսք ելլել կ'ուզէ արիւնը վազուն…

Կը լռէ՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ։

...

Արդեօ՞ք, ձեր միստիկ հագագն արոյրէ,

Ուր կեղեւ՜ պատեց աղօթքի փոշին,

Եւ ուր կ'երազէ՜ր խունկի գոլորշին,

Յեղակարծ ցաւէն՝ անզօ՜ր կը լռէ՞:

 

Ո՛չ։ Ձեր դարաւոր հոգին պղնձի-

- Որ շա՜տ, շա՜տ յաճախ տեսեր է Բարին,

Յաղթուած Չարէն- այժմ իր բարբառին

Ու իր Աստծուն վրայ կը կասկածի…

 

Ա՜խ, որովհետեւ տեսաք ձեր բարձրէն,

Հաւատաւորներ հազարով, բիւրով,

Ինկած հեթանոս տապարով, բիրով-

Ձեր ոտքերուն տակ, երկիւղածօրէն…

 

Ու ձեր գմբեթէն դիտեցիք անձայն,

Թէ ինչպէս խնկոտ տաճարներու մէջ՝

Որբ, կին, ծերունի, բոցերով անշէջ,

Իրենց Աստծուն գահին զոհուեցան:

 

Բայց… գիտէք նաեւ, թէ մեր դարաւոր

Դիակներու բուրգը ամպերէն անցաւ,

Ու մեր արիւնի ժահրէն նեխեցաւ

Սրբութիւններու ծոյլ գունտն երկնաւոր…

 

Արդ՝ ո՞ւր էք, չքնաղ խոստումներ Խաչին,

Եղբայրութեան զուր բարբառներ, ո՞ւր էք,

Կրակ կը փսխէ հողն ամենուրէք,

Գետերն արիւնով, դիակո՜վ կ'ուռչին…

 

Ու կ'իյնայ այն, որ կը ծնկէ ահով,

Զի թուրն աւելի արդար է Խաչէն,

Զի կեանքն անոնց է միայն, որ քաջ են,

Անոնց, որ կ'ապրին ուրիշի մահով…

 

Որովհետեւ դեռ հեռու է օրն այն,

Երբ գայլն ու գառնուկ սիրով արածին…

Թէ ապրիլ կ'ուզէ գառը նորածին ՝

Պէտք է իր ակռան սրէ լռելեայն…

 

Լուռ էք, զանգակնե՜ր, Աստուած է մեռեր։

Գոյժ տուէք վաղուան, զի հասկը մեռաւ.

Գոյժ տուք հայուն, զի ազգը մեռաւ:

Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…

 

Ինչպէ՜ս կ'ուզէի ես ձեր պարանին

Կախուիլ ու ցնցել երկաթ բազուկով.

Անոնք, որ ինկան բիւրով, քովէ քով,

Ձեր ղօղանջին հետ՝ լալու պէտք ունին…

 

Հոգիիս հազար խուլ զանգակներով

Գոռացէք զանգեր ու կատաղօրէն

Գահավիժեցէք ձեր երկաթ թառէն,

Ուրկէ միայն լալ գիտցաք դարերով…:

 

ՊՈՌՆԻԿԸ

Գ.Զոհրապին

 

Կես-գիշերե վերջ մըն էր,խոնավ գիշեր մ՚անձրեւի,

Լապտերին թաց լույսին տակ կանգներ էիր տրտմովի.

Ջուրը կ՚երգեր մայթին վրա,հոս-հոն վազքն էր կառքերուն.

... Կ՚սպասեի՜ր դուն այդ ա՛փ մը հողիդ շուրջ դեգերուն:

 

Բռնի ժպիտ մը կուլար աչերուդ խո՛րը ծավի,

Ներկված լիրբ շրթներուդ վրա պրկումը կար ցավի,

Ու անառակ չըփակիդ զույգ սահանքին տակ սիրուն

Ցայտքը չիկար այդ գիշեր ցայգազըվարճ կիրքերուն:

 

Կ՚սպասեիր դուն պատրա՜ստ ու համակե՜րպ ու հըլու՜,

Առա՛նց սիրո,ընտրության՝ նվիրվելու համար կո՜ւյր

Այն բարեհա՜ճ Արուին,որ հաց ուներ քեզ տալու...

 

Գութի,կիրքի պես տարտամ բոց մ՚զգացի սրտես ներս

Ու թերեւ՜ըս այդ գիշեր նվիրվեի քեզի,Քո՜ւյր,

Եթե կաթիլ մը արցունք չըսառեցներ իմ այտերս...

Կես-գիշերե վերջ մըն էր,խոնավ գիշեր մ՚անձրեւի...

 

Հավիտենական հեքիաթը

 

Ահավասիկ, որ կ'ըղձամ քեզ՝ անդադրո՜ւմ

Չար, վիրավոր ու անիծված ու տրտո՛ւմ․

Ահավասիկ, որ կը սիրեմ ես քեզի․․․

 

Ո՞վ քու ստվերդ պտըտցուց իմ հոգվույս

Անարձագանք դամբաններուն մեջ անհո՜ւյս

Ու երդմնեցուց, որ դեռ սիրեմ ես քեզի․․․

 

... Ապրի՞լ ահեղ ճակատագրին միշտ հլու,

Մեռնի՞լ առանց վայրկյան մը քովդ ըլլալու,

Ըսե ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի․․․

 

Թող այս գիշեր հոգիիս մեջ երգ մ'ըլլա,

Ինչ փույթ, թե չար, թող այդ երգը քուկդ ըլլա,

Որովհետև, Քո՛ւյր, կը սիրեմ ես քեզի․․․

 

Ահա հոգիս շիրիմներեն փակ ու չար,

Ահա հոգիս, զոր դուն սիրել չը զիջար․

Ահա հոգիս, որ կը սիրե դեռ քեզի․․․

 

Ոտներուդ տակ կոխոտե ու հետո ալ,

Ինչո՞ւ քայլերդ համբուրե՜լ, գուրգուրա՜լ,

Ինչո՞ւ մահվան սև բաժակեդ սեր մուրալ։

 

Ների՜ր ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի։

ԳԻՆՈՎ ՍԵՐ

Ձոնված՝

Mlle Yanni Apell-ին

 

Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես.

Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր.

... Միսթիքական խնկումներով թունավոր

Դուն մսեղեն խենթեցընող տաճարն ես.

Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես:

 

Սեւ մազերովդ սիրե՛ զիս, գգվե զիս,

Անոնց խորհուրդը պատմե ինձ առանձին,

Որովհետեւ անոնք հոգիս կապեցին,

Իրենց ցանցին մեջ կապտեցին իմ հոգիս.

Սեւ մազերովըդ սիրե՛ զիս, գըգվե՛ զիս:

 

Թաց աչքերդ վըրա՛ս հառե տրտմապես,

Անոնց թո՛ւյնը ներարկե ինձ մեղմորեն,

Որովհետեւ քու աչքերըդ աղվոր են,

Խորհրդավոր անտառներուն շուքին պես.

Թաց աչքերըդ վըրա՛ս հառե տրտմապես:

 

Տըղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա,

Հանգչեցուր զիս, ու այտերըս կրակե

Քու ձյունեղեն բազուկներուդ մեջ գրկե,

Ու թող մարմինդ մարմնիս վրա սարսռա.

Տըղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա:

 

Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին,

Ու կլայննա արտասուքի շիթ մը տաք

Իմ մթաստվեր թարթիչներուս շուքին տակ.

Անոնց վրա դուն ցո՛ղը դիր համբույրին,

Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին:

 

Բազուկներըդ կգալարվին, կդառնան,

Տենչին կըրակը նայվածքդ կթովե,

Որովհետեւ քու մութ հոգիդ գինով է,

Սիրախտավոր գիշերներուն պես գարնան…

Բազուկներըդ կգալարվին, կդառնան:

 

Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա.

Շըրթներուս վրա դիր շըրթունքնե՛րդ բոցե,

Մոռցի՛ր կյանքը, աղվոր աչքերդ ալ գոցե…

Ի՞նչ, կ՚՚արտասվե՞ս, ու հուզումեդ կդողա՞ս.

Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա…

 

.Անոնք գացի՜ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնաւոր,

Գացի՜ն նաւերը սիրոյս իմ աչքերուս առջևէն,

Ցըռուկնին վեր, դէպի մո՜ւթ եզերքները հեռաւոր,

Առագաստնե՛րը գինով մայրամուտի գաղջ հովէն։

Ու տեսայ որ, հինաւուրց դիցուհիի պէս աղուոր,

Իրենց ձիւնի անարատ սրբութեան մէջ համօրէն,

Թևերնին վեր, անծանօ՜թ ափունքներու ուխտաւո՜ր,

Անրջանքիս կարապնե՛րը սահեցան յամրօրէն․․․

Իրիկուն է: Կը դիտեմ ես լո՜յծ անհունը ջուրի.

Հովը լըռի...կ կը պատմէ ինծի յուշքեր երջանիկ,

Ու անպատո՜ւմ խորհուրդով անսահման ջո՛ւրը կ`ուռի։

Քար ու փրփուր ափին վրայ կը համբուրուին իմ առջիս․․․

Ես կը դիտեմ հեռաւոր հորիզոններն ուր լըռի՜կ

Գացին նաւե՛րը սիրոյս ու կարապներն անուրջիս:

Անոնք գացին խորհուրդո՛վ ու գաղտնիքով բեռնաւոր